Homo Trickster կամ էսթետիզմի ծուղակները
«…Քած է եղել: Իմ արջը քած է եղել…»:
Հակառակորդի այս անհասանելիությունն անսպասելիորեն միավորում է աշխարհում իրենց տեղը փնտրող և չգտնող երկու թափառականների, Փոքր Մհերին և երկրաչափ Կ–ին: Բաց դռների հետևում պահ մտած օրենքի վերաբերյալ կաֆկյան ըմբռնումը կտրում-անցնում է նրանց բաժանող մի քանի հազար կիլոմետրն ու հազար տարին, ձևավորելու համար այն տարօրինակ պոլիտեքստը, որով հաստատ- ված են օրենքի սահմանին հասածների ճակատագրերը.
«Մարդը, որ ճանապարհ ընկնելիս ամենայն պատրաստություն էր տեսել, իր ունեցած ամեն արժեքավոր բան տալիս է դռնապահին կաշառելուհամար: Սա թեև բոլորն ընդունում է, բայց ասում է. – Վերցնում եմ, որ չկարծես, թե հնար կար, ձեռքիցդ բաց ես թողել»:65
Չկայացած մենամարտից հետո Մհերն այլևս խնդրելու բան չունի. ողորմածություն չէ նրա հայցածը, «այլ իր իրավունքը»: Ժայռի ճեղքվելը սեփական արդարության չափանիշ կարգելով` նա փաստորեն ինքնուրույն որոշում է ընդունում: Դա փոքրիկ մի ապստամբություն է, որից սկիզբ է առնում հայերիս`դիցաբանական համառությամբ վերարտադրվող «բարոյական հաղթանակների» անվերջանալի շարանը: Հաղթանակներ, որ մենք մշտապես տանում ենք ղալբացած հողի և չար աշխարհի նկատմամբ: Ագռավաքարում Մհերին հանդիպած հովիվը մեզ է հասցրել Սասնա տան վերջին շառավղի վերադառնալու պայմանը, նրա «բուսաբանական հանձնարարականը»:66 Բայց իրերի գոյություն ունեցող կարգի փոխարեն առաջարկված այդ ալտերնատիվ պրոյեկտն այնուամենայնիվ հնարավորություն չի տալիս պարզելու, արդյո՞ք միայն պտուղների չափսերին է վերաբերվում Մհերի ակնկալիքը, ավերված և նորից շինված աշխարհից:
Վերջին պարբերությունը մասխարայական երանգներով ավարտել հանդգնած հեղինակն իհարկե հասկանում է, թե ինչ փորձության է ենթարկում լուրջ հետազոտողի իր հեղինակությունը: Ուսյալ ընթերցողն անպայման կհիշեցնի նրան, որ աշխարհի ավերվելը և շինվելը ընդհանուր նորոգության իմաստ ունեցող տարածված դիցույթ է, մեզ հասած առնվազն Հերակլիտեսի ժամանակներից, ցորենն ու մասուրը գալիք արդար աշխարհը խորհրդանշող փոխաբերություններ են, որ հանդիպում են նույնիսկ զուլուների առասպելներում,67 իսկ աշխարհին ժողովրդական էպոսում տրված «չար» գնահատականը վերաբերում է նախ և առաջ այն արտաքին, աշխարհաքաղաքական և ներքին, սոցիալական ճնշումներին, որոնց ենթարկվում էր բազմաչարչար հայ ժողովուրդը հիշյալ դարերում: Հեղինակը տրամաբանական է համարում բերված փաստարկները և պատրաստ է անվերապահորեն ընդունել դրանք, հենց որ համապատասխան հիմքեր գտնի էպոսի տեքստում:
Բանն այն է, սակայն, որ արտաքին և ներքին ճնշումների վարկածն իր համոզիչ հիմնավորումը չի գտնում ավանդության մեջ: Եթե աշխարհի «չար» լինելը արտաքին ճնշումներով բացատրվեր, ապա ժայռում փակվելու շատ ավելի մեծ հիմքեր պիտի ունենար Դավիթը, որը ստիպված էր մշտական և կատաղի պայքար մղել Մսրա Մելիքի էքսպանսիոնիզմի դեմ: Սասնեցիների մտքով չի անցել կասեցնել-առկախել իրենց առօրյա գոյությունը նույնիսկ Դավթի մանկության օրոք, երբ երկիրը հեծում էր թշնամու պարտադրած կեղեքիչ կարգի ներքո: Ձենով Հովանն ու Քեռի Թորոսը հանդուրժել են այն` դիտարկելով որպես անխուսափելի և օրինաչափ տրվածություն: Պատահական չէ, որ Մելիքի հարկահավաքներին դուրս շպրտած և այդպիսով կարգը խախտել համարձակված Դավիթը նրանց կողմից «ծուռ» է հորջորջվում: Ուրեմն և Փոքր Մհերը, որ հեշտությամբ ջարդ ու փշուր էր արել Կոզբադնի թոռներին և կանխարգելիչ հարված հասցրել Խլաթին, բացառելով Չմշկիկ Սուլթանի հնարավոր68 ագրեսիան, ոչ մի հիմք չուներ վախենալու արտաքին թշնամուց և այդ պատճառով սրտնեղելու աշխարհից:
Ներքին հարստահարողներից Մհերի վրդովված լինելու հանգամանքն առկա է որոշ մեկնություններում, սակայն վերջիններս առնչվում են ոչ թե էպոսի տեքստին, այլ նրա շուրջը բնական ձևով գոյացած բանաստեղծաբանումներին, որոնցից ամենանշանավորն, ըստ երևույթին, Ա. Իսահակյանի «Սասմա Մհեր»պոեմն է:
Ճիշտ չէր լինի, իհարկե, շրջանցել Մհերի ճյուղում առկա մատնության թեման: Չմոռանանք, սակայն, որ նենգությունների և մանր խաբեությունների այդ մոտիվը, որն էպոսում ավանդաբար կապվում է հոգևորականության հետ, խոսում է ավելի շուտ բարքերի ընդհանուր անկման մասին, որից չեն խուսափել ոչ միայն ծուռ տերտերները, այլև նրանց կողմից սպասարկվող Սասնա տերերը:
Ուրեմն, խնդրի լուծումն այլ կրտրվածքում պետք է փնտրվի: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ քննարկվող երկու ֆենոմենները, ղալբացած հողը և չար աշխարհն էպոսի տեքստում էապես տարբեր գործառույթներ ունեն: Եթե աշխարհի չարությունը միայն ասքի վերջերգում մեկ անգամ հնչած բարոյախրատական գնահատական է, որն անմիջական ազդեցություն չունի նկարագրված իրողությունների վրա, ապա հողի ղալբ, այսինքն կեղծված, անիսկական լինելը փաստական գործոն է, որը ֆիզիկապես անհնարին է դարձնում Մհերի ներկայությունն աշխարհում: Մհերի հուսահատության իրական ազդակն այն աղետալի խճողումն է, որն անմիջականորեն աղերսվում է սեփական տոհմում առկա հարաբերություններին, կամ առավել ճշգրիտ, տոհմական այդ հարաբերությունների այլասերմանը և ընդհատմանը: Այդ քայքայումը գնալով ահագնացող չափսեր է ընդունում ոչ միայն դրսի ճյուղերում, Մսրում և Խլաթում, այլև ներսում, բուն Սասնա տանը: Հայրական կարգը վերահաստատել չկարողացած և նոր կարգ չստեղծած Մհերի հեռանալու պատճառը ո՛չ թե աշխարհում գործող օրենքի անկատարությունն է, նրա չարությունն ու անարդարությունը, այլ սեփական սոցիումի կենսագործունեությունը կարգավորող և աշխարհի հետ նրա հարաբերություններն ապահովող որևէ օրենքի իսպառ բացակայությունը:
Քանի որ արդար օրենք չունենալը միայն անարդարություն է նշանակում, իսկ որևէ օրենք չունենալը, քաոս: Առաջինը տանելի է, բայց երկրորդը, ո՛չ:
Այդ դեպքում, սակայն, հասկանալի չէ, թե ինչու՞ է չարության և ղալբության մեղադրանքի սլաքը դեպի արտաքին աշխարհը ուղղվում: Նաև մեր մեղքը չէ, որ այս պարտադրված հարցումով նորից հառնում-ասպարեզ է գալիս Մհերի պաթոլոգիական խուսափողականության, նրա նեղացած էսկապիզմի մի կողմ դրված թեման:
Նեղանալ էպոսում, որ մյութոս է, նշանակում է լքել առօրյան հանուն հավերժության: Սակայն հավերժութունը մյութոսի համահարթ շրջանակներում պոզիտիվ սկզբունք չէ. այն ոչ «այնկողմնային» է, ոչ «այսկողմնային»: Դա ուղղակի բացակայություն է ժամանակայինի ոլորտից: Սրանով էլ Սասնա էպոսը տարբերվում է Լուսավորչի վարքից, որի ծանրության կենտրոնը ոչ թե ժայռում սրբի բանտված լինելն է, այլ այնտեղից նրա դուրս գալը: Գրիգորը Վիրապում էլ մնացել էր հսկող69 : Դրա շնորհիվ նա կարողացել է պատռել հավերժական շրջապտույտի շղթան և ընդհատել հեթանոսական առասպելի հոռի անվերջությունը: Այնինչ Մհերն առկա է ժայռում, բայց ներկա չէ այն իմաստով, որով ասված է. արթուն պետք է լինի մեկը:70 Նա արթուն չէ արդեն իսկ այն պատճառով, որ նրա հավերժական գոյությունն Ագռավաքարում անբովանդակ է, ձանձրալի, ինչպես ձանձրալի էին նրա թափառումներն առասպելական տարածքներում: