Homo Trickster կամ էսթետիզմի ծուղակները
Ձանձրույթը, չմահանալը, անընդհատություն է ոչինչի ներսում:71 Այն դիվային է:72 Քանի որ դիվայինն «անազնիվ ինքնախաբեությունն է», «անազատությունը, որն ուզում է ինքն իր մեջ պարփակվել»:73
Այն ոչինչ չի հասունացնում:
Անազատությունը Մհերի մեջ է. ինքն իր մեջ պարփակված Մհերը մնում է բրածո, ռելիկտ, ֆոսիլ:
Դրվագ Բ.
Թրիքստերի ապոթեոզը
Չկա նորմ, որ կիրառելի լինի քաոսի նկատմամբ: Պետք է կարգ հաստատվի, որ իրավակարգն իմաստ ունենա: Կ. Շմիտ
Եթե ճիշտ է, որ Մհերը մեր ազգային խորհրդանիշն է, ապա տեղին է հարց տալ, թե ի՞նչ կնշանակի մի ողջ ազգի համար աշխարհից նեղանալը: Նեղանալ, նշանակում է լքել աշխարհը, ընդհատել նրանում սեփական հոգևոր ներկայությունը և, քանի որ ժողովրդական մարմինը շարունակում է կյանքում իր առկայությունը, գոյատևել երկփեղկված, որպես խռովյալ ոգի և ոգեզուրկ մարմին:
Ճակատագրական երկճեղկվածության այս վիճակն օրինակելի ձևով նկարագրել է Կաֆկան` մեզ հասցնելով ճշմարտությունը Սանչո Պանսայի մասին: Սանչոյին հաջողվել էր, ասպետական վեպերի օգնությամբ, իրենից շեղել իր սեփական դևի ուշադրությունը, որին նա հետո Դոն Կիխոտ էր անվանել: Վերջինս ցնորամիտ արարքներ է գործել` թափառելով աշխարհով մեկ, իսկ Սանչո Պանսան, պատասխանատվության զգացումից դրդված, ուղեկցել է Դոն Կիխոտին իր դեգերումներում մինչ նրա օրերի վերջը:74 Պարաբոլի իմաստը թափանցիկ է. իրականությունից կտրված վերացական բանականությունը ոչ միայն անօգնական է, այլև վտանգավոր, եթե դուրս է մնում կենցաղային ողջամտության հսկողությունից: Մեր դեպքում, սակայն, հակառակն է տեղի ունեցել. տեսակի կազմորոշ ինքնությունը հրաժարական է տվել` թույլ տալով, որ կենցաղային ողջամտությունն իր անխառն տեսքով թափառի աշխարհով մեկ առանց օրենսդիր բանականության զսպող վերահսկողության:
Փոքր Մհերի լույս աշխարհը լքելուց հետո մեր ժողովրդի գոյության կերպն այլևս ապրելը չէ, գոյատևելն է: Վերջինիս կարևորագույն դրսևորումն անմիջականությունն է. չէ՞ որ գոյատևողն այսուհետ կյանքն ինքն է, իր լերկ` իմպուլսիվ-սպոնտան, զգայական-կենսաբանական որակի մեջ վերցված: Լերկ կյանքը երևան է գալիս այն ժամանակ, երբ օրենքի խարխլումն ու այլասերումը հասնում են մի սահմանի, ուր բովանդակազուրկ օրենքն այլևս հնարավոր չէ տարբերել բուն կյանքից, որին այն կոչված էր կարգավորելու: Սրանով դադարում է իրավունքի իշխանությունը կենդանի էակի նկատմամբ, որը փաստորեն դուրս է շպրտվում կայուն և վստահելի իրավակարգի շրջանակներից և ի բաց է դրվում բոլոր վտանգներին ընդառաջ:75
Որևե մեկի նկատմամբ օրենքի առկախումը, նրա գործողության բացառությունը ազդում է որպես բանադրություն:76 Բանադրված լինելը, պարզապես օրենքից դուրս դրվել և անուշադրության մատնվել չի նշանակում: Բանադրվածն օրենքի կողմից լքված է, նա հայտնվել է այն շեմին, ուր կյանքը և իրավունքը, արտաքինը և ներքինը տարրալուծված են:
Փոքր Մհերի բանադրության մասին խոսել ենք մանրամասն: Եվ ո՞վ կարող է ժխտել, որ նրան վիճակված ճակատագրի մեջ յուրահատուկ վեհություն կա: Այդպիսի բանադրությունը հավերժության հետ առնչության պատրանք է ստեղծում և դրանով իսկ «վսեմ» է: Վեհն ու վսեմն էլ, ինչպես հայտնի է,
էսթետիկական կատեգորիաներ են. նրանք մեզանում գեղագիտական նուրբ ապրումների անհաղթահարելի հակումներ են արթնացնում:
Բայց այժմ մեր խոսքը մնացողաց մասին է: Այն լերկ կյանքի մասին, որ թողնված է ուրիշների ողորմածությանը և բոլորի համար բաց է, արձակ: Մի կերպ գոյատևելը պարտադրված է նրան որպես ապրելու միակ հնարավոր ձև: Ոչ մեկի և ոչինչի վրա հույս չդնելը, միայն և միայն սեփական ուժերին ապավինելը նրա ճակատագիրն է: Դրանով իսկ զուտ գոյատևման և բանադրության անեծքի միջև անխուսափելի կապ է երևակվում: Այն պարզորոշ տեսնել է տալիս, որ բանադրության խարազանը ոչ այնքան ապահով Ագռավաքարում պատսպարված Մհերին է վերաբերվում, որքան նրա բացակայությամբ որբացած-լքված ժողովրդին, որի անպաշտպանությունը` ի-բաց-դրվածությունը, Մհերի փակվելուց հետո բացարձակ բնույթ է կրում: Դրա համար էլ ժողովրդական կյանքի հետմհերյան շրջանը այլ բան չէ, քան գոյատևման մաքառում իր զուտ ձևի մեջ վերցրած:
Գոյատևելը, որքան էլ դա առաջին հայացքից անսպասելի թվա, նույնպես էսթետիկական ֆենոմեն է: Եվ ոչ միայն արդեն հիշատակված ինքնաբուխ անմիջականության պատճառով, որով իրականացվում են գոյատևողի կենսական մղումները,77 այլև շնորհիվ այն բանի, որ էապես աղերսված է էսթետիկական կենսակերպի մյուս հիմնարար հատկությանը, աշխարհի նկատմամբ իրոնիկ դիստանցավորման երևույթին: Գիտենք, որ վերջինս պատկանում է ռոմանտիզմի հարացույցին, ուր դիտարկվում է որպես գեղարվեստական հանճարի ստեղծագործական անկրկնելիության, ինչպես և նրա ինքնամփոփ միայնության դրսևորում: Բայց հայտնի է նաև, որ սոցիալական հարաբերությունների ասպարեզում նույն այդ կեցվածքը վկայում է սեփական հասարակությունից զուրկ և որևէ այլ հանրության մինչև վերջ չպատկանող մարդկանց մարգինալ վիճակի մասին: Հենց իր անպաշտպանության և լքվածության շնորհիվ է, որ սուբյեկտը հեգնական ապահովության հեռավորություն է պահպանում աշխարհում տեղի ունեցող ցանկացած անցքի նկատմամբ:78 Նրա բոլոր պարտականություններն իր սեփական անձին են վերաբերում: Աշխարհի հանդեպ իր ձեռքերն ազատ են; գոյատևումն այս պարագայում նույն struggle for life-ն է դարվինյան իմաստով: Եվ եթե Նիցշեյի գերմարդը, իրենից դուրս գոյություն ունեցող «արժեքների» նկատմամբ իր անտարբերությունը որպես իշխանության կամք է իմաստավորում, ապա հայը ստեղծել է բոլոր «արժեքների» նկատմամբ հանդուրժողականության վրա խարսխված յուրահատուկ մի կենսակերպ, որն աշխարհի հանդեպ խոր անտարբերության գուցե թե ոչ նվազ աստիճան է խորհրդանշում:
Հանդուրժողականության և անտարբերության այս երկիմաստ խաղը մենք գտնում ենք հայ մտքի ազատականությանը նպաստած այնպիսի նշանավոր գործիչների մոտ, ինչպիսիք են տասնյոթերորդ դարում ապրած մադրասցի վաճառական Պետրոս Օսկանը և Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար աբբահայրը: Առաջինն ահռելի նվիրատվություններ է արել ամենատարբեր կրոնական հիմնարկների, հայ առաքելական եկեղեցուն, կաթոլիկ եկեղեցուն, մահմեդական մզկիթին,79 երկրորդը, կաթոլիկ Հռոմի ենթակայության ներքո գործելով, «առանց կասկածի ստվեր իսկ ունենալու», լիովին ընդունել է հայ առաքելական եկեղեցու ուղղափառությունը, նրա արարողակարգային և կանոնական լեգիտիմությունը:80 Երևի թե կոռեկտ չէր լինի այս երկու նշանավոր այրերի «հոգևոր անտարբերության» մասին խոսելը, բայց «իրոնիկ դիստանցավորումն» այստեղ ակնհայտ է:
Սահմանադիր օրենքի կողմից լքված լերկ կյանքի լուսանցքային դրությունը մեզանում առաջ է բերել հոգեկան յուրահատուկ մի խառնվածք, որի կրող- ներին «շնորքով մարդ» ենք հորջորջում: Բառօգտագործումն ինքնին գլխիվայր է շրջում ավանդական մտածողության հիմքերը, չէ՞ որ նախկինում «շնորք» ասելով, աստծո շնորհն են հասկացել, տաղանդը, հոգևոր օժտվածությունը, ստեղծագործական ունակությունը: Այսօր նկատի ունենք …այդ ամենի անվերապահ բացասումը կենցաղային հարմարվողականության դիրքերից: