Ռուբիկոն

Homo Trickster կամ էսթետիզմի ծուղակները

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Այս համոզմունքով էլ հեղինակը վերսկսում է homo trickster բներևույթի և նրա գոյության պայմանների հետ կապված հակասությունների հետագա քննությունը:

Առաջին հարցը, որ ծագում է այդ կապակցությամբ, ավելի քան բնական է. ի՞նչ հնարավորություններ է բացում մեզ համար նոր արհեստական եզրի ներմուծումը. ի՞նչ բովանդակություն է պարունակում իր մեջ այդ homo trickster-ը, որն արտահայտելի չէր մինչ այդ կիրառվող բազմաթիվ բանաձևումների, այդ թվում նաև «պարզապես» թրիքստերի վաղուց արմատավորված հասկացության միջոցով: Թրիքստերի և homo trickster-ի տարբերակման հիմքում ընկած է նույն տրամաբանությունը, որով առաջնորդվել է Մ. Վեբերը` առաջ քաշելով հարստացման ձգտման և կապիտալիզմի արմատական տարբերության մասին իր հայտնի թեզը: Առաջինն, ինչպես հիշում ենք, մարդուս ունիվերսալ որակների թվին է պատկանում և իր դրսևորումն է գտնում բոլոր ժողովուրդների մոտ և բոլոր ժամանակներում,85  այնինչ երկրորդը հասարակարգ է, որի գոյատևումն ու կայուն ինքնավերարտադրությունն ապահովվում են համակարգաստեղծ հստակ կանոնների առկայության շնորհիվ:

«Homo trickster» հասկացության ներմուծմամբ մենք արձանագրում ենք, որ խոսքն այսուհետև ոչ թե մարդկային բնավորության, այլ հասարակության մասին է լինելու: Մենք փաստորեն պարտավորվում ենք ճանաչել թրիքստերյան սոցիալական մոդելի ինքնուրույն կարգավիճակը և ընդունում ենք, մի կողմից, թրիքստերյան կենսակերպը հիմնավորող անհակասական գաղափարաբանության հնարավորությունը, մյուսից, այնպիսի սոցիալական մեխանիզմների գոյությունը, որոնք ի վիճակի են ապահովելու վերջինիս վրա հիմնված ամբողջական հասարակական կառույցի բնականոն կենսագործունեությունը:

Թրիքստերյան հասարակության գոյության հնարավորությունն ապահովող այս պայմաններն առաջին հայացքից անիրականալի են թվում, քանի որ նույնիսկ մակերեսային անդրադարձն ի հայտ է բերում նրա կանխադրույթների ներքին հակասականությունը: Կասկածելի է արդեն իսկ homo trickster-ի նկատմամբ կիրառված «էսթետիզմի սկզբունքային դիրքորոշում» արտահայտությունը: Ինչպե՞ս կարող է homo trickster-ն սկզբունքային դիրքորոշում որդեգրել, եթե վաղուց ի վեր հայտնի է, որ էսթետիկական կենսակերպն, ի հակադրություն էթիկականի, բնորոշվում է որպես հրաժարում որևէ հանձնառությունից և դրդում է մարդուն, մերժելով ամեն մի որոշակիություն, իր համար բաց պահել բոլոր հնարավորությունները: Մյուս կողմից, սակայն, չենք էլ կարող ժխտել, որ բացառությունն օրենք կարգելը և կյանքի անմիջականությունը միակ ելակետ ճանաչելն ինքնին սկզբունքային դիրքորոշումներ են, որ աներկբա և բախտորոշ էքզիստենցիալ վճիռ են ենթադրում: Եվ քանի որ կայուն կենսական սկզբունքի ընտրությունն էթիկական ակտ է, այն անխուսափելի հակասության մեջ է մտնում զուտ էսթետիկական հարացույցի հետ:

Այսպես, սովորական թրիքստերից դեպի homo trickster կատարվող անցումը նկարագրելիս, հանդիպում ենք էսթետիզմի հայտնի պարադոքսին, որի վերաբերյալ փիլիսոփայական բանավեճը սկսվել է դեռևս անցյալ դարում, Ս. Կիրկեգորի «կենսական փուլերի» տեսության հրապարակումով: Նույն այդ տեսության բազմաթիվ իրարամերժ մեկնաբանությունների ձևով այն տևում է մինչ օրս: Խնդիրը խրթին և իսկապես անլուծելի ապորիայի տեսք է ստանում հատկապես այն ժամանակ, երբ նրա արմատը փնտրում են նաիվ և դիվային էսթետիզմի հակադրության մեջ:86 Դիվային էսթետիզմի կազմորոշ ատաղձը կազմող չար կամքը կրքոտ միանշանակ, ուրեմն և «սկզբունքային» վերաբերմունք է դրսևորում էթիկականի նկատմամբ և ինքն էլ դրա շնորհիվ եթե ոչ էթիկական կարգավիճակ, ապա գոնե որոշակի էթիկական երանգավորում է ձեռք բերում: Այդպիսի էսթետիզմի մասին Նիցշեն պիտի ասեր, որ այն չար է, բայց բարուց և չարից անդին չէ: Այնինչ Կիրկեգորի վաղ շրջանի գլուխգործոց «Կամ-կամ»-ի հետևողական վերծանումը մեկ այլ պատկեր է ի հայտ բերում:87 Էթիկի և էսթետիկի դիրքորոշումներում առկա փոխադարձ աղերսների զարկերակումը նկարագրող և «պատառիկների» համադրման սկզբունքով կառուցված այդ երկը վկայում է, որ կիրկեգորյան էսթետիկը հակված չէ ռիգորիստական միանշանակությամբ մերժելու այն ամենն, ինչ առնչվում է բարոյագիտական տեսակետին: Եվ այստեղ նա հետևողական է. որևէ ռիգորիզմ անհամատեղելի կլիներ էսթետիկի հեգնական դիստանցավորմամբ պայմանավորված անտարբերության հետ: Ուրեմն, վերջինս ոչ միայն չի մերժում, այլ մեծագույն պատրաստակամությամբ ստանձնում է նաև էթիկի դերակատարումը, որքանով որ այն ներկայանում է որպես հնարավոր էսթետիկական դիրքորորոշումներից մեկը:88 Նա երբեք չի մոռանում, որ նույնիսկ կանգնած ժամացույցի սլաքներն օրը երկու անգամ ճիշտ դիրքում են հայտնվում: Հենց սրանով էլ էսթետիկը նպաստում է բարոյական տեսակետի խարխլմանը և փլուզմանը`փայլուն օգտագործելով «կատակը լրջությամբ, իսկ լրջությունը կատակով սպանելու» հայտնի իրոնիկ հնարը: Զարմանալի չէ, որ էթիկական դիրքորոշումը կիրկեգորյան մտքի հոլովույթում ի վերջո կորցնում է իր սուբստանցիոնալ կարգավիճակը և նույնիսկ ինքնուրույն կենսափուլ, ստադիում կոչվելու իրավունքը: Այն սկսում է դիտարկվել որպես կոնֆի- նիում, այսինքն սահմանամերձ տարածք, անցումային մի կատեգորիա, որը կոչված է միմյանց կապելու էսթետիկականի և կրոնականի հիմնարար, բացառության վրա հիմնված ոլորտները:89 Չէ՞ որ նաև Տիրոջ ուղիներն են անիմանալի, և Աստծո ամեն մի գործողություն ներկայանում է որպես նրա բացարձակ կամքի ունիկալ, անկանխատեսելիև ստեղծագործական դրսևորում:90

Կիրկեգորյան մտքի այդ յուրահատուկ շարժն արմատական նշանակություն ունի, քանի որ ցույց է տալիս, թե ինչ պայմաններում է հնարավոր դառնում էսթետիզմի ամբողջական և անհակասական աշխարհայացքը: Այստեղ ոչ թե բացառությունն է հանդես գալիս որպես օրենքի մասնավոր դեպք, այլ օրենքը` բացառության:

Բայց նույնիսկ աստվածային կամքն էսթետիզացնող այս կառույցն ինքնին չէր կարող բավարար հիմք ծառայել թրիքստերյան սոցիումի համար, քանի որ նրանում կանխադրված սուբյեկտը դեռևս ենթակա է իրենից դուրս և անկախ գործող գերագույն սկզբուն- քի ազդեցությանը, եթե նույնիսկ վերջինս հանդես է գալիս աստվածային կամայականության ձևով: Դեպի homo trickster-ն առաջնորդող հաջորդ քայլը Նիցշեի ազդարարած աստծո մահն էր լինելու: Աստծո դատարկ տեղը զավթել փորձող «գերմարդկանց» էքզիստենցիալ տոտալիտարիզմի, նրանց հետագա մանրացման, տիրաժավորման մասին արդեն խոսել ենք:

Ակնհայտ է, սակայն, որ այս չափազանց ռադիկալ լուծումը հայոց թրիքստերի համար ընդունելի լինել չէր կարող: Էլ ու՞ր կմնար նրա հռչակավոր հանդուրժողականությունը: Նա մերժելու էր արևմտյան անաստված «անհոգևորության»91 այս ծայրահեղական դրսևորումը նույնպիսի անկեղծ վրդովմունքով, որով, իհարկե, դատապարտելու էր նաև կիրկեգորյան իրոնիկ, մասխարա-աստծո գաղափարը: Քանի որ մեր թրիքստերը տնավարի բաներ է սիրում և դրա համար էլ այնպիսի հասկանալի աստված է գերադասում, որը կհամապատասխաներ «արդարության», «մարդկայնության», նաև «ախպերության» իր սեփական պատկերացումներին: Նա կողմնակից է փափուկ լուծումների:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Հերմենևտիկայի ծագումը Վիլհելմ Դիլթայ Ավելի վաղ գրված մի աշխատության մեջ ես քննարկել եմ անհատականացման կերպավորումը մարդկային աշխարհում իր այն ձևով, որով այն իրագործվում է արվեստում, հատկապես պոեզիայում: Այժմ առաջ է գալիս առանձին անձնավորությունների, դրանով իսկ‚ ընդհանրապես… Փիլիսոփայություն Միշել Ֆուկո Զրույց Մադլեն Շապսալի հետ – Դուք երեսունութ տարեկան եք: Դուք այս սերնդի ամենաերիտասարդ փիլիսոփաներից մեկն եք: Ձեր վերջին գիրքը` «Բառերը և իրերը», փորձում է քննել այն, ինչ քսան տարի ի վեր ամբողջապես փոխվել է մտածողության բնագավառում: Այսպես օրինակ, Ձեր… Փիլիսոփայություն Բառի մոգականությունը (հատվածներ գրքից) Պավել Ֆլորենսկի I. Մենք վարժվել ենք բառը դիտել իբրև իմաստի դրսևորում և այն ճշտորեն նույնացնում ենք իմաստի հետ: Սակայն միաժամանակ հաճախ մոռանում ենք բառի` հենց իբրև իմաստի դրսևորման մասին, մինչդեռ վերը նշված նույնացմանը զուգահեռ հնարավոր է և մեկ այլ…