Ռուբիկոն

Homo Trickster կամ էսթետիզմի ծուղակները

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Երևույթը չի վկայում մեր ազգային անկրկնելիության մասին և հանդիպում է ամենուրեք: Նրա դասական դրսևորումներից է իսպանական պիկարոն, տասնվեցերորդ դարի տնտեսապես քայքայվող Իսպանիայի հասարակության մեջ առաջ եկած մի խավ, որի շուրջը ստեղծվել է խաբեբաների մասին վեպի գրական ժանրը:81 Անարդար հասարակության ճնշման դեմ ըմբոստացած, իրեն շրջապատի նկատմամբ որևէ պարտականությունից ազատ համարող մանր խաբեբաների այդ տեսակը տարբեր երկրներում տարբեր անուններ է ստացել. ռուսները նման մարդկանց плут կամ пройдоха են ասում, գերմանացիք, Schelme կամ Schurke, անգլիացիք, swindler, imposter կամ rouge, և միայն մենք է, որ հաջողացրել ենք այդ յուրահատուկ կենսակերպը ոչ միայն միանշանակ դրական բառով նշանակել, այլև հա- սարակական ամբողջի հիմքում ընկած կազմորոշ սկզբունքի վերածել:82

Բազմապիսի անվանումների տակ հանդես եկող «շնորքով մարդը» մեկ միասնական և դարերի խորքը գնացող արմատ ունի: Դա «trickster»-ն է, «հնարներ բանեցնողը», որը տեսական ազգաբանության մեջ հայտնի է որպես դիցաբանական «մշակութային հերոսի»` կենցաղայինի ոլորտն իջեցված դիվային զավեշտային կրկնակ: Հայտնի է, որ դիցաբանության զարգացման վաղ շրջաններում ամենալուրջ խնդիրներում հաջողության հասնելու համար խորամանկ հնարների կիրառումը վերագրվել է հենց իրենց, մշակութային հերոսներին, քանի որ նախ- նադարյան գիտակցությունը հստակ տարբերություն չեր տեսնում խելքի և խորամանկության, նաև կա- խարդության միջև: Ավելի ուշ թրիքստերն անջատվել է մշակութային հերոսից` ձեռք բերելով ինքնուրույն, կոմիկական դիցաբանական ֆիգուրի կարգավիճակ:

Թրիքստերը հաճախ է դիմում խաբեության, ասոցիալ գործողությունների, խախտում ամենախիստ տաբուները և, հենց իր խորամանկության և նենգության շնորհիվ, հասնում հաջողության: Որոշ հետազոտողներ (Կ. Լևի-Ստրոսը մասնավորապես) թրիքստերին վերին և ստորին աշխարհների միջև գործող միջնորդի, մեդիատորի դեր են վերագրում:83

Այստեղ արդեն խոսքը ոչ միայն կարգը խախտելու, այլև տարբեր կարգերի միջև փոխարինաբար գործելու ունակության մասին է, մանավանդ որ մշակութային հերոս-դեմիուրգի և թրիքստերի միավորումն արտահայտում է կարգավորման ենթակա սոցիումի ապակազմակերպ, քաոսային վիճակը:84

Այսպիսին է ավանդական մյութոսի այն պարարտ հողը, որի վրա աճել և ձևավորվել է ժամանակի համար տիպական դարձած «շնորքով մարդու» առանձնահատուկ տեսակը, որի նաիրյան մարմնավորումը բացառիկ տեղ է գրավում տարբեր ժամանակների հնարքներ բանացնողների նշանավոր շարքում:

Թրիքստերին չի կարելի շփոթել իր շահն օրենքի սահմաններում հետապնդող գործարարի հետ. շնորքով մարդն օրենքի ճեղքերում է բնակվում: Նա ավելի շատ գործ ունի բացառության հետ, ոչ թե օրենքի: Նրա որոշումները սպոնտան են և իրավիճակային:

Այս գործելակերպն անմիջականորեն զուգահեռվում է էսթետիզմի հանճարեղ անհատի, բացառությունից բացառություն շարժվող ինքնաբուխ կամայականության հետ: Դրանում էլ հենց ամբողջանումէ թրիքստերյան գոյակերպի համար բնութագրական գուցե ամենակարևոր կազմորոշիչը, բացառության գերակայությունը որևէ կայուն սկզբունքի նկատմամբ:

Օրենքի նկատմամբ բացառության գերակայության ընդունումն աշխարհընկալման յուրահատուկ և ինքնուրույն տեսակ է: Այն գործնականում վերառում է էսթետիզմի հոլովույթում գտնվող բոլոր մյուս հատկությունները և հիմք է ծառայում սոցիալական այն առանձնահատուկ ֆենոմենի ձևավորման համար, որը մենք կանվանենք homo trickster: Homo trickster- ը կարող է դիտարկվել որպես էսթետիկական կենսակերպի զարգացման և հետագա բյուրեղացման արդյունք, որպես էսթետիզմի վերջնական և սկզբունքային դիրքորոշման ինքնահաստատում:

Այստեղ հեղինակը նորից պահանջ է զգում մի պահ դադար առնելու և ուշադիր քննելու ձևավորվող տեքստի խրթին հյուսվածքը: Նա անհրաժեշտ է համարում պարզաբանել իր մոտեցումը, քանի որ կանխատեսում է որդեգրած մեթոդաբանության թյուրըմբռնման և դրա հետ կապված խճողումների վտանգը և արդեն ակնկալում հնարավոր ընդդիմախոսի դժգոհությունը.

– Մեթոդաբանական ելակետներն անշուշտ խախուտ են: Առաջին հերթին` հենց «էսթետիզմի» հասկացությունն ինքը, որի սահմանումը հեղինակն այդպես էլ չի տվել` բավարարվելով երևույթի առանձին «բնորոշումներով»: Բայց բնորոշումները վերացական են և մեկնաբանության այնպիսի ազատութուն են ընձեռում, որ միևնույն հասկացությունը հավասարապես կիրառելի է դառնում ամենատարբեր առարկաների և նույնիսկ առարկայական բնագավառների նկատմամբ: Դրությունը ոչ միայն չի փրկում, այլև վատթարացնում է հընթացս խաղի մեջ մտցված «homo trickster» հավակնոտ տերմինը: Հանճարեղ բանաստեղծի և կոռուպացված պաշտոնյայի, դիցաբանական հերոսի և մանր խաբեբայի կենսակերպերը հավասարապես ծածկվում են էսթետիկական գոյաձևը խորհրդանշող այդ դատարկ պիտակով, ինչը և հիմնավորված կասկած է առաջացնում նրա մեթոդաբանական արժեքի վերաբերյալ: Ուրեմն, կա՛մ բնորոշումներն են անհաջող ընտրված և ի վիճակի չեն բավարար ճշգրտությամբ սահմանազատել հետազոտման առարկան, կա՛մ էլ հեղինակն ինքն է տուրք տալիս հեգնական դիստանցավորման խոտելի հնարին` մշատապես փոխս գցելով դիտարկման տեսանկյունները, շեղելով հեռանկարները և անորսալիորեն հարաբերականացնելով ուսումնասիրության օբյեկտիվ պատկերը:

Ենթադրյալ ընդդիմախոսի փաստարկներն իսկապես կարող էին մտահոգություն առաջացնել, եթե խնդիրը սեռի և տեսակի հարաբերության միջոցով երևույթը սահմանելը լիներ, իսկ Նիցշեյի, Կաֆկայի կամ հայոց էպոսի տեքստերից քաղված դրվագներն օգտագործված լինեին ընդհանուրին ստորոգված մասնավոր դեպքերի ձևով, որպես օրինակներ, որ կոչված են լուսաբանելու կամ հիմնավորելու տե- սական դրույթը: Սակայն հեղինակը կիսում է «Նեգատիվ դիալեկտիկա»-ն ստեղծողի անվստահությունն օրինակների նկատմամբ. նա էլ Ադոռնոյի պես հավատացած է, որ օրինակները շատ բան պարզաբանել, առավել ևս ապացուցել չեն կարող: Ընթերցողի ներկայությամբ հյուսվող այս շարադրանքի հենքը կազմած պատմություններն օրինակներ չեն. դրանք սահմանադիր մոդելներ են, որոնցում ի հայտ է գալիս բանն ինքը: Մտային այդ կառույցներների փոխակերպումները ցուցադրում են երևույթի ներքին տրամաբանությունը, նրա որակների փոփոխականությունը և հոսունությունը: Ուսումնասիրությունը պետք է համապատասխանի իր վերնագրին. սա ծուղակների հետազոտություն է, իսկ ծուղակները գոյանում են ոչ թե երևույթի բազմակողմանիության, այլ այդ բազմակողմանիությամբ պայմանավորված անսպասելի տրանսֆորմացիաների, անցումների և փոխակերպումների զարկերակումը ժամանակին չնկատելու պատճառով:

Հեղինակն առանձին վճռականությամբ է հրավիրում ընթերցողի ուշադրությունն այդ հանգամանքի վրա, քանզի չէր ցանկանա, որ հետազոտվող օբյեկտի համալիր բնույթի ցուցադրումն ընկալվեր որպես նրա սահմանների տարրալուծում կամ առարկայի տարբեր նիստերի, տեսանկյունների հարաբերականացում: Որովհետև ոչինչ այնքան օտար չէ հեղինակի ոգուն, որքան մերօրյա թրիքստերի «հաստատ չես կարա ասես» ցնծալից հայտարարությունը: Հեղինակը հակառակ դրան համոզված է, որ լիովին հնարավոր է հետազոտել տեղի ունեցող փոխակերպումները և ցույց տալ, ուրեմն և հաստատ ասել, թե երբ և ինչ պարագաներում է, որ ռոմանտիկական հանճարը քաղաքական լծակների պահանջ է զգում, խարտյաշ նիցշեականը մանր վաշխառուի է վեր ածվում, դղյակի նվիրյալ պաշտոնյան օրենքն արձակուրդ է ուղարկում, իսկ ինքնավստահ հերոսն անիծյալ է դառնում և բանադրվում` տանուլ տալով ու ձեռքից բաց թողնելով քայքայվող հանրային կարգը: Եվ գիտելիքն այն մասին, որ այս ամենը փոխկապակցված է էսթետիզմի միևնույն հարացույցի շրջանակներում, ոչ թե խանգարում է, այլ օգնում այդ միստիֆիկացված տիեզերական գրասենյակի ապամոգականացմանը:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Հերմենևտիկայի ծագումը Վիլհելմ Դիլթայ Ավելի վաղ գրված մի աշխատության մեջ ես քննարկել եմ անհատականացման կերպավորումը մարդկային աշխարհում իր այն ձևով, որով այն իրագործվում է արվեստում, հատկապես պոեզիայում: Այժմ առաջ է գալիս առանձին անձնավորությունների, դրանով իսկ‚ ընդհանրապես… Փիլիսոփայություն Միշել Ֆուկո Զրույց Մադլեն Շապսալի հետ – Դուք երեսունութ տարեկան եք: Դուք այս սերնդի ամենաերիտասարդ փիլիսոփաներից մեկն եք: Ձեր վերջին գիրքը` «Բառերը և իրերը», փորձում է քննել այն, ինչ քսան տարի ի վեր ամբողջապես փոխվել է մտածողության բնագավառում: Այսպես օրինակ, Ձեր… Փիլիսոփայություն Բառի մոգականությունը (հատվածներ գրքից) Պավել Ֆլորենսկի I. Մենք վարժվել ենք բառը դիտել իբրև իմաստի դրսևորում և այն ճշտորեն նույնացնում ենք իմաստի հետ: Սակայն միաժամանակ հաճախ մոռանում ենք բառի` հենց իբրև իմաստի դրսևորման մասին, մինչդեռ վերը նշված նույնացմանը զուգահեռ հնարավոր է և մեկ այլ…