Homo Trickster կամ էսթետիզմի ծուղակները
Բայց մեր homo trickster-ի համար ոչինչ ավելի օտար և անցանկալի լինել չի կարող, քան հեղափոխությունը: Նրան դուր է գալիս լիբերալ մոդելը, միայն թե նա կուզեր այն էլ ավելի լիբերալ տեսնել, այն աստիճան ազատական, որ ազատականության և ոչ ազատականության սահմանները վերանային նրանում: Նա ոչ թե նոր (ինչպիսին էլ այդ նորը լինի) իրավակարգ է ցանկանում, այլ եղած կարգի շրջանակներում մշտական ՙխաղի՚, նորանոր բա- ցառությունների, իմաստային շեղումների, փոխակերպումների, փոխատեղումների, մեկնաբանությունների և վերամեկնաբանությունների անսահման ազատություն: Իդեալականը նրա համար պիտի լիներ իրավապահպան և իրավաստեղծ բռնությունների համատեղումը քաղաքական իշխանության միևնույն կառույցի շրջանակներում:
Օրենք, որի համար արտակարգ դրությունը ոչ թե բացառություն է, այլ ինքնին հասկանալի և մշտապես կիրառվող նորմ. օրենք, որ մշտականհնարավորություն է ընձեռում ներազդելու և իրեն ցանկալի ձևով ուղղորդելու, ահա homo trickster-ի մեծագույն երազանքը:
Եվ բենյամինյան մոդելը տալիս է նրան այդ հնարավորությունը: Բենյամինը մատնանշում է ժամանակակից պետության անքակտելի մասը կազմող այն հիմնարկությունը, որում իրավաստեղծ և իրավապահպան բռնությունների տարանջատումը վերառնված է. դա ոստիկանությունն է: Եթե իրավաստեղծ բռնությունը պարտավոր է նորանոր հաղթանակներ տանել, իսկ իրավապահպանը ենթակա է իր առջև նոր նպատակներ չդնելու սահմանափակմանը, ապա ոստիկանությունն այդ երկու պայմաններից էլ ազատագրված է, – նշում է մտածողը:102 Այն իրավաստեղծ է, քանի որ նրա բնութագրական գործառույթը ոչ թե օրենքի, այլ այս կամ այն հրահանգի տարածումն է, որ նա իրականացնում է իրավական լինելու հավակնությամբ, և միևնույն ժամանակ իրավապահպան է, քանի որ հենց այդ նպատակի, առկա կարգը պաշտպանելու համար է իշխանության տրամադրության տակ գտնվում: Ճիշտ չէ, որ ոստիկանական բռնության նպատակները նույնական են մնացած իրավունքի հետ: Ոստիկանության «իրավունքն» ավելի շուտ խորհրդանշում է այն կետը, որում պետությունը, սեփական անզորության կամ ամեն մի իրավակարգում առկա ինչ-ինչ ներքին փոխառնչությունների պատճառով, այլևս ի վիճակի չէ իրավական ձևերով երաշխավորել այն գործնական նպատակները, որոնք ցանկանում է նվաճել ամեն գնով: Եվ ոս- տիկանությունը միջամտում է «հանուն անվտանգության» բազմաթիվ դեպքերում, որոնց իրավական կարգավիճակը հստակեցված չէ: Նրա իշխանությունը զուրկ է որոշակի դիմագծից, ինչպես և նրա մշտապես անըմբռնելի, համատարած, ուրվականային հայտնությունները քաղաքակիրթ պետության կյանքում:103
Ստորացուցիչը նման պաշտոնական ատյանում միայն այն պատճառով է քչերի կողմից գիտակցվում, որ նրա իրավասությունները հազվադեպ են բավարար լինում առավել կոպիտ միջամտությունների համար:104 Եվ դա նշանակում է, որ ոստիկանական բռնությունը մնում է լուսանցքային ինչպես միապետական, այնպես էլ ժողովրդավարական պետությունների անցուդարձում:
Բայց սխեման մշակված է, և homo trickster-ին մնում է կյանքով լցնել այն` տեղակայելով իրավաստեղծ և իրավապահպան բռնությունները միավորող մեխանիզմը թրիքստերյան սոցիումի կիզակետում: Ընդ որում, բոլորովին պարտադիր չէ, որ այդ միավորումը բացառապես ոստիկանական բնույթ ունենա: Դա նույնիսկ հակացուցված է homo trickster-ին, քանի որ նա պարտավոր է հետևողական լինել սեփական անհետևողականության մեջ և օգտագործել ազդեցության անխտիր բոլոր, պետական կամ ոչ պետական, ծառայական կամ կենցաղային այն միջոցները, որոնք ապահովում են բռնության վերոհիշյալ երկու տեսակների միաձուլումը և երաշխավորում օրենքի մշտական վերաձևումը բազմաթիվ բևեռներից արձակվող օրենքանման հրահանգների հիման վրա:
Բացառության հաղթանակն օրենքի նկատմամբ հանգեցնում է արտակարգ իրավիճակի առօրեականացմանը: Սրանով էլ ազդարարվում է թրիքստերյան հասարակության վերջնական ձևավորումը և homo trickster-ի բերկրալից ինքնահաստատումը:
1993 – 24.11.2002
02.08.2003, Երևան
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Որպեսզի երկիրը մնա երկիր, արցունքի հովիտ, այո՛, բայց ոչ աղբանոց: Թ. Մանն.
Օրենքը
Էսթետիզմի հաղթահարումը մեր կյանքի էթիկական հիմքերի վերաիմաստավորում է պահանջում: Որ կանտյան անվերապահ հրամայականի դասական մոդելն այստեղ կիրառելի չէ, համոզվել ենք բազմիցս: Homo trickster-ի դիվային էսթետիզմը պարզապես անտեսում է այն: Մեր նպատակը, սակայն, ոչ թե բուն էսթետիկական կենսակերպի վերառումն է, այլ ելքի որոնումը թրիքստերյան հասարակության այն շարքային բնակիչների համար, որոնք իրենց կամքից անկախ հայտնվել են էսթետիզմի ծուղակում: Քսաներորդ դարի դիալեկտիկական ծուղակներին քաջածանոթ և ժամանակի էթիկական ինքնագիտակցության ներքին հակասականությունը մարմնավորող Թ. Ադոռնոն դառնությամբ արձանագրել է. «Իրականությունը մեր օրերում այնպիսի ահռելի իշխանություն է ձեռք բերել, այն մարդուց այնպիսի բացառիկ ճարպկություն, շարժունակություն և հարմարվողականություն է պահանջում, որ ընդհանուր սկզբունքների հիման վրա իրականացվող որևէ գործունեություն ուղղակի անհնարին է դառնում …նույնիսկ ազնիվ, կարգին մարդ լինելու պարզ պահանջը մարդու մոտ անխուսափելիորեն բողոքի զգացում է առաջացնում»:105
Ի՞նչ է հնարավոր անել նման պարագաներում:
Երևի ընդունել, որ ողջ ճակատով տարվող, ֆրոնտալ պաշտպանությունը չի գործում այլևս: Հետարդիական ժամանակաշրջանում խրամատներ չեն լինում: Բարոյականությունն ինքնին էսթետիզացվել է և յուրաքանչյուրի մասնավոր գործը դարձել: Թրիքստերն ամենուր է. նա հրավիրում է միանալ իր օրեցօր հզորացող բանակին և զարմանում է, որ խաղից ցաքուցիր դուրս մնացածները մինչ այժմ դեռ չեն գիտակցել, որ «հարազատությունը», «եղբայրությունը», «մարդկությունը», վերջապես «ազգային շահը» մեծապես բարձր են օրենքի տառից, որն, իր հերթին վերցրած, օրենք էլ չէ փաստորեն, քանի որ կազմված է բազում բացառությունների անորսալի խաղից:
Բայց նրանք, որ դեռ հավատում են, որ յուրաքանչյուր բացառության մեջ, այսինքն ամեն մի առանձին վերցված դեպքում սևը սկզբունքորեն տարբերելի է սպիտակից, ստիպված են լինելու պայքարի ճակատը նաև առանձին դեպքերի վրա տարածել և գուցե մի անգամ ևս մտածել նույն Ադոռնոյի հետևյալ խոսքերի վրա.
«Ճշմարիտ կյանքն այսօր հնարավոր է միայն որպես ոչ ճշմարիտ կյանքի մերկացվող ձևերին ցույց տրվող դիմադրություն»:106
Ծանոթագրություններ
1 Այս տողերը գրվել են 1994-ին, երբ փորձում էի երևանյան մի գիտաժողովում ներկայացված զեկուցմանս հատվածական գրառումները շարադիր տեքստի վերածել: Արտաքին պատճառների բերումով այդ գործն անավարտ մնաց, իսկ անցած տարիներն ավելի խճճեցին կացությունը, մի կողմից, խորացնելով կյանքի երկու տարբեր հատվածներում ապրվածի ու մտածվածի միջև եղած վիհը, մյուսից, առավել սրելով ասելիքին վերջապես հստակ ձևակերպում տալու և դրանով իսկ մտքի տարածությունը հաջորդ քայլի համար ազատելու հրամայականը: Առաջարկվող տեքստն, այսպիսով, ստեղծվել է կրկնակի, մյութոսի և վերլուծության, անցյալի և ներկայի, լարման դաշտում: