Ռուբիկոն

Homo Trickster կամ էսթետիզմի ծուղակները

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Այնուամենայնիվ, ե՞րբ հասունացավ Մհերի մոտ աշխարհը լքելու որոշումը: Այդ հարցի պատասխանն է, որ փորձում ենք գտնել պատումի տեքստում և անսպասելիորեն հավաստիանում, որ աշխարհից բացակայությունը Փոքր Մհերի գոյության հիմնական կերպն է եղել ի սկզբանե: Նա չի լքել աշխարհը, նա ուղղակի երբեք ներկա չի եղել նրանում: Քանի որ հորից զրկված լինելը, հայրական հեղինակությամբ հաստված օրենքից, ապահով և հաստատուն կարգից զուրկ, ուրեմն նաև տնից և աշխարհից դուրս գոյություն ունենալ է նշանակում:

Մհերն աշխարհ է գալիս հոր բացակայությամբ և ինքնուրույն ձեռնարկած նրա առաջին գործողությունը հորը փնտրելն է: Հոր և որդու մենամարտն էլ ոչ թե առօրեական աշխարհում, այլ արտաքին ոլորտներում է տեղի ունենում. համենայն դեպս նրանց բաժանելու Արմաղանի փորձերն ապարդյուն են անցնում, անհրաժեշտ է լինում Գաբրիել հրեշտակի գերբնական միջամտությունը: Դավթի արտասանած անեծքը գործում է որպես օրինազանցի դեմ ուղղված բանադրություն, որով Մհերն օրենքից դուրս է հայտարարվում: Նա դուրս է շպրտված տոհմից, տնից, աշխարհից: Վիրավորանքից ըռըկած, Կապուտկողում ազափ աղջիկների ու լաճերի շրջապատում յոթ տարվա նռան գինի խմող Մհերը գտնվում է մշտական մոռացության, փաստորեն պայմանական մահի վիճակում. այդ են հաստատում նաև հաջորդ դրվագում տեղ գտած վեճը նրա մեռած կամ չմեռած լինելու մասին և կարծեցյալ գերեզմանի որոնումները: Ծնողների վրա իր ծիսական լացն ավարտելուց հետո Մհերը տենդագին ակտիվիզմի երկու փուլ է ապրում. նա ավերում է Խլաթը` առնելով Դավթի արյան վրեժը, և ամուսնանում է Պաճիկ թագավորի դստեր, գեղեցկուհի Գոհար խաթունի հետ: Այդ երկու գործողությունն էլ զուրկ են իրական բովանդակությունից: Դավթի մահվան իսկական մեղավորի, Չմշկիկ Սուլթանի աղջկա սրտաճաք լինելուց հետո վրեժի մյուս բոլոր գործողությունները կարող էին միայն էքստենսիվ շարունակություն ունենալ. դրանով է բացատրվում խլաթյան էպիզոդում Մհերի դրսևորած արտակարգ դաժանությունը, ոչնչացնելով մինարեթի ծայրին թառած միակ կատվին և անգթորեն սպանելով վերջին կենդանի մնացած պառավին,60 նա փորձում է քանակական ավելացմամբ շարունակել այն, ինչն ըստ էության վաղուց ավարտված է: Նույն անհուսության կնիքն է կրում նաև Մհերի սիրահարության և ամուսնության քնարական, անտիկ զուգորդություններով փայլող դրվագը, անժառանգության անեծքն ի չիք է դարձնում որևէ հեռանկար:

Սա ավելին է, քան որբությունը, որն, ինչպես ասվել է, այս կամ այն չափով բնութագրական է ասքում հիշատակվող բոլոր սերունդների համար: Հայտնի է, որ արդեն տոհմի հիմնադիրները, Սանասարն ու Բաղդասարը, ջրից սերած լինելով, Բաղդադում եղած ժամանակ բիճ են հորջորջվել: Մորենական պապի, հայոց Գագիկ թագավորի երկիրը ժառանգելուց հրաժարվելով, նրանք առավելապես շեշտել են իրենց առանձնությունը և նոր, Սասնա տան, ուրեմն և նոր կարգի հիմնադիր են դարձել: Մհերի ճյուղն սկսվում է Սանասարի մահվամբ անտերա- ցած Սասնա համար կառավարող գտնելու մտահոգության արտահայտությամբ:61 Հայրական գուրզի ծանրությունից «ճողված» Վերգոյի հրաժարվելուց հետո, երկրի խնամակալությունը հանձն է առնում այրի Դեղձունը, մինչ կմեծանար-կհասներ Մհերը, որպես հոր կողմից հաստատված կարգի պահապան և երաշխավոր: Մհերից հետո պատանի Դավիթը վերահաստատում է Մսրա ներխուժման պատճառով վերստին կասկածի տակ դրված օրինական կարգը: Այս առումով վերցրած, սասունցիների դյուցազներգությունը նաև որբության հաղթահարման պատմություն է: Փոքր Մհերի բանադրությունը անհնարին է դարձնում այս գծի շարունակությունը: Եվ դա հավասարապես վերաբերում է ինչպես հայրական օրենքի պահպանմանը, այնպես էլ նորի հաստատմանը:

Ամուսնությունից հետո էլ Մհերն անտուն է և բացակա: Սասունը նրա տունը չի դառնում, «եկավ տուն Գոհարի մոտ», բայց Պաճիկ քաղաքն էլ ընկալվում է միայն որպես ժամանակավոր կացարան: Սեփական հարկի տակ դյուցազնի ներկայությունը զուտ խորհրդանշական է. այն ապահովում է նրա շեմքին թշնամիներին ի ցույց դրված հսկայական գուրզը: Կինը` Գոհարը, Պաճիկ քաղաքում, հորեղբայր Հովանը Սասունում մեռնում են Մհերի բացակայության ժամանակ:

Սասնա տան բոլոր մեռյալների համար քառասուն պատարագ մատուցելով` Մհերն ավարտում է աշխարհի հետ իր կապը: Մնացյալը, ճանապարհի պատրաստություն է:

«Տեսավ, ոտքեր չեն դադրի վեր հողին.

Դարձավ գնաց վեր մոր գերեզմանին…» 62

Ծնողների կրկնակ-արձագանքը, չնայած հուզական իր լիցքին, անդրդվելի է.

«Բոլ է ման գաս վեր աշխրքին,

Բոլ է ման գաս…

Քո տեղ Ագռավու քարն է,

Աշխարք ավերի, մեկ էլ շինվի,

Որ գետին քո ձիու առաջ դիմանա,

Աշխարք քոնն է:»63

Հոր գերեզմանից վերջին անգամ լսված այս խոսքում հայրական անեծքն անսպասելիորեն կերպափոխվում է հորդոր-հանձնարարության` պահպանելով, սակայն, բանադրության ողջ խստությունը: Եվ քանի որ նզովքն արձակված չէ, տարակուսանքը, տանջալից և սևեռուն, հանգիստ չի տալիս լսողին. այնուամենայնիվ, ի՞նչ է մեզ սպասում անմահ անժառանգին խոստացած այդ գալիք աշխարհում: Ժամանակն է հարց տանք մեզ վերջապես, արդյո՞ք մենք իսկապես հասկանում ենք բանադրության այս բանաձևի ողջ սասռազդու անխուսափելիությունը: Անմահ, քանի որ անժառա՞նգ: Իրողություն, որով հոր անմահությունը վերածվում է չծնված ժա- ռանգներին փոխարինելու կոչված սուռոգատի: Թե՞ անժառանգ, քանի որ անմահ: Այսինքն, իրավիճակ, ուր անժառանգությունը Մհերի անմահության գինն է, նրա` մահից, ուրեմն նաև կյանքից հրաժարվելու գինը: Եթե անիմաստ չէ գնոստիկներին վերագրվող այն ինտուիցիան, որով մահը նույնացվում է կյանք շնորհող և նորից իր գիրկն ընդունող Հայր-աստծո հետ, ապա իր անմահությամբ նաև աստվածային կարգից դուրս դրված Մհերը կրկնակի որբ է: Այդ է վկայում հրեշտակների հետ նրա մենամարտի խորհրդավոր դրվագը:

«Դարձավ աստծուց խնդրեց, 

Որ կամ կռիվ մի տա իրեն, 

Կամ իրեն ամանաթ առնի:

Աստված յոթ ձիավոր հրեշտակ ճամբեց

Հետ Մհերի կռվելու:

Կես օրվնե չուր իրիկուն կռվան, 

Մհեր Թուր Կեծակին կը թալեր, 

Հրեշտակներուն չէր բռնի.

Ձիու ոտ չէր դադրի վեր հողին, 

Հող առջև թուլացեր էր,

Չէր դադրի առջև Մհերին»:64

Ծանոթ այս տողերում չնկատվածը Աստծո շարունակական խուսափումն է, այն կրկնակի մերժումը, որ հաջորդում է Մհերի խնդրանք-պահանջին: Այս միտքը հիմնավորման կարիք ունի, քանի որ առաջին հայացքից թվում է, որ Մհերի երկու փափագն էլ բավարարված է, նա արժանանում է սրբազան կռվի և ապաստան ստանում Ագռավաքարում: Բայց հենց այդ կրկնակի բավարարումն է, որ կասկածի տեղիք է տալիս: Քանի որ Մհերի խնդրանքն այլընտրանքի իմաստ ունի. նա ցանկանում է կամ կռվով ապացուցել իր արդար լինելը, կամ Տիրոջ ողորմած կամքով ձերբազատվել հայրական անեծքի ծանրությունից: Վաստակած ապացույցն ու բարեհոգի ողորմածությունը բացառում են միմյանց. կոնյունկցիան նրանց միջև անհնար է: Բևեռների համատեղումը վկայում է կեղծիքի մասին: Եվ կեղծիքն առկա է: Հրեշտակների հայտնվելն ինքնին նշան է այն բանի, որ Մհերին «ամանաթ առնելու», այսինքն բանադրությունը վերացնելու, մահ շնորհելով իր գիրկն ընդունելու խնդրանքը մերժված է: Բայց ուշադիր ընթերցողը նկատում է, որ մենամարտն էլ մենամարտի նման չէ. իրականում միայն պայքարի նմանակում է տեղի ունենում, Մհերի հարվածները «չեն բռնում» հրեշտակներին, իսկ վերջիններս ձեռնպահ են որևէ գործողությունից: Սրբազան մարտն անկատար է մնում: Տեղի ունեցածը ոչ թե կռիվ է, այլ կռվի անհնարինության ցուցադրական ներկայացում:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Հերմենևտիկայի ծագումը Վիլհելմ Դիլթայ Ավելի վաղ գրված մի աշխատության մեջ ես քննարկել եմ անհատականացման կերպավորումը մարդկային աշխարհում իր այն ձևով, որով այն իրագործվում է արվեստում, հատկապես պոեզիայում: Այժմ առաջ է գալիս առանձին անձնավորությունների, դրանով իսկ‚ ընդհանրապես… Փիլիսոփայություն Միշել Ֆուկո Զրույց Մադլեն Շապսալի հետ – Դուք երեսունութ տարեկան եք: Դուք այս սերնդի ամենաերիտասարդ փիլիսոփաներից մեկն եք: Ձեր վերջին գիրքը` «Բառերը և իրերը», փորձում է քննել այն, ինչ քսան տարի ի վեր ամբողջապես փոխվել է մտածողության բնագավառում: Այսպես օրինակ, Ձեր… Փիլիսոփայություն Բառի մոգականությունը (հատվածներ գրքից) Պավել Ֆլորենսկի I. Մենք վարժվել ենք բառը դիտել իբրև իմաստի դրսևորում և այն ճշտորեն նույնացնում ենք իմաստի հետ: Սակայն միաժամանակ հաճախ մոռանում ենք բառի` հենց իբրև իմաստի դրսևորման մասին, մինչդեռ վերը նշված նույնացմանը զուգահեռ հնարավոր է և մեկ այլ…