Homo Trickster կամ էսթետիզմի ծուղակները
Ինձ թվում է, սակայն, որ Կաֆկան ասել է հենց այն, ինչ ասել է: Նա պատմում է մի մարդու մասին, որ նախնական պայմանավորվածության համաձայն դղյակին ենթակա գյուղ է ժամանել երկրաչափի պաշտոնը զբաղեցնելու և բախվել է դժվարությունների, որոնց հաղթահարման համար ահռելի ջանքեր է գործադրում: Ահա ողջ կառույցը:
Կաֆկան շատ ավելի ռեալիստ է, քան դա կարող է թվալ առաջին հայացքից27, և նրա երկերը ոչ թե փոխաբերություններից են կազմված, այլ կառույցներից: Ճիշտ կլիներ, ուրեմն, որ մեր հարցերը ոչ թե դրանց ետևում իբր թաքնված իմաստներին աղերսվեին, այլ այդ կառույցներին բնորոշ հատկություններին: Հատկությունը, որն առավել լրիվ է բնութագրում «Դղյակում» նկարագրված վարչական մեխանիզմի բուն էությունը, նրա խուսափողականությունն է:
Չմոռանանք, որ ակտիվ, նույնիսկ հարձակողական կեցվածքը վեպում երկրաչափին է պատկանում:28 Դղյակը, դրան հակառակ, ագրեսիվ չէ նույնիսկ իր վանողականության մեջ: «Ո՞վ պիտի համարձակվեր Ձեզ դուրս շպրտել, պարոն երկրաչափ, – ասաց գյուղապետը, – …Ոչ ոք Ձեզ չիպահում այստեղ, բայց դա, համաձայնեք, դուրս շպրտել չէ»:29 Երբեմն կարող է նույնիսկ թվալ, որ գրասենյակը Կ-ի օգտին գործելու որոշակի պատրաստակամություն է ցուցաբերում: «Բայց նրանով, որ պաշտոնյաները, հենց սկզբից ի վեր, ոչ էական բաներում, – իսկ ավելիի մասին խոսք չէր եղել առայժմ, – Կ-ին լայնորեն ընդառաջ էին գնում, նրանից խլվում էր փոքրիկ, հեշտ հաղթանակների հնարավորությունը և այդ հնարավորության հետ մեկտեղ` նրա հետ կապված բավարարությունն ու վերջինից ծագող հիմնավորված ինքնավստահությունը ապագայի շատ ավելի մեծ պայքարների հանդեպ»:30
Եթե երկրաչափն աստվածամարտիկ Հակոբի փորձն ունենար, նա անմիջապես կնկատեր ծուղակը և կարող էր Ռ. Մ. Ռիլկեի հետ միասին արձանագրել.
«Այն, ինչ մենք հաղթում ենք, փոքր է. մեզ փոքրացնում է հաջողելը»:31
Բայց բիբլիական Հակոբին մեծ հակառակորդ էր տրված` աստվածային մի հրեշտակ, «որն այդքան հաճախ խուսափում է մարտից»: Իսկ դա նշանակում է, որ հրեշտակին մարտահրավեր նետելու իրավունքն ամեն մեկի վերապահված չէ, և նրա հետ մենամարտի արժանանալն ինքնին շնորհ է:32 Հասկանալի է, որ հաղթանակի մասին նման դեպքերում խոսելն էլ ավելորդ է:33
Ուրեմն մենք էլ, եթե կասկածի տակ ենք դնում Բրոդի մեկնությունը, պետք է նաև հիշենք, որ մրցակցությունից խուսափելն ինքնին դեռ չի հակասում գրասենյակի իշխանության այնկողմնայնության մասին վարկածին: Այն կարող է հաջողությամբ մեկնաբանվել նաև տրանսցենդենտ կոնցեպտի շրջանակներում` որպես մենամարտ փնտրող հերոսի անարժանության ախտանշան:
Այլ բան է, որ նույն հանգամանքը չի խոսում նաև վարչական ատյանի աստվածային բնույթի օգտին: Այդ երևույթն, առանձին վերցրած, չեզոք է գրասենյակի կարգավիճակը որոշելու առումով: Իսկ որ անվնաս ձևացող խուսափողականությունը կարող է ամենաանմաքուր պարագաներում ի հայտ գալ և իր մեջ խորին վտանգներ պարունակել, մեզ վաղուց է հայտնի.
«Զնգոցով գնաց ասպետը, խփեց և խրվեց Ակչուկոյունլու հոտի մեջ և ելնել չկարեցավ բրդի փափուկ նեղվածքից, և նրա զրահը բրդի մեջ չէրզնգում»:34
«– Պատահել է չէ՞, ես շատ եմ լսել` բռնել ու բաց չեն թողել ձվերը ու հաղթել են: Բայց ինձ համար չկային: Ձեռս գցում էի` չկային:
– Լավ, բա էդ ո՞նց կպատահի, որ արջը ձու չունենա:
– …Քած է եղել: Իմ արջը քած է եղել…»: 35
Մաթևոսյանական արձակն, այսպիսով, գալիս է վկայելու, որ հակառակորդի խուսափողականությունը հաճախ ոչ թե հերոսի որակներով` նրա արժանի կամ անարժան լինելով է պայմանավորված լինում, այլ դիմակայողի կազմորոշ հատկություններով: Մեջբերված տեքստերում դա անթիվ ոչխարների բրդի խեղդող նեղվածքն է կամ նախա- հարձակ արջի էգ լինելը: Եվ քանի որ մենք չենք մոռացել, որ մեր հետազոտության առարկան գրա- սենյակն ինքն է (ոչ երկրաչափը), ուրեմն վարչական ապարատի այդ մշտական խուսանավումի պատճառը հենց իր կառուցվածքում է պետք որոնել: Վեպի տեսքստն այդ հնարավորությունը տալիս է: Ահա նույն հինգերորդ գլխից քաղված այն նախադասություն- բանալին, որ պարզաբանող լույս է սփռում մեզ հետաքրքրող հարցի վրա.
«Ոչ մի տեղ դեռևս չէր տեսել Կ –ն ծառայությունն ու կյանքը միահյուսված այնպես, որ երբեմն կարող էր թվալ, թե ծառայությունն ու կյանքն իրենցտեղերը փոխել են»: 36
Իսկապես, ծառայության և կյանքի միահյուսվածությունը կարմիր թելով անցնում է Կաֆկայի ողջ ստեղծագործության միջով: Այն ակնհայտ է արդեն «Դատավարության» մեջ նկարագրված դատական ատյանի տրավերսիվ իջեցման հնարներում. կենցաղային անցուդարձով լեցուն սենյակներում տեղի ունեցող ծառայական գործողություններ, մինչ պաշտոնական դատավարության վրա մասնավոր մարդկանց միջոցով Յոզեֆ Կ-ի ազդելու հուսահատ փորձերը: Անսպասելիորեն վրա հասած դատավճռի կատարումն ինքնին ներկայանում է որպես ծառայականի և մասնավորի աղաղակող խառշփոթ. Կ-ն մորթվում է գիշերով, անհայտ ավազակակերպ դանակավորների ձեռքով, «շան նման»:37 Կատարվածի մասին ենթագիտակցական վերհուշը շարունակում է պայմանավորել նաև երկրաչափ Կ-ի հոգեվիճակը «Դղյակում»: Նա վախենում է, որ «ծառայական ատյանը, մնալով ինչպես միշտ մեղմ և ընկերական, որքան էլ սեփական կամքին հակառակ, բայց ինչ-որ անհայտ պաշտոնական կարգի անունից, գալու է մի օր իրեն ճանապարհից սրբելու»:38 Պաշտոնականի և մասնավոր-կենցաղայինի սերտաճումն ի հայտ է գալիս նաև դղյակի ծառայողների հետ հաղորդակցվելու փորձերի ընթացքում: Պաշտոնյաները, նույնիսկ համեմատաբար նշանակալից, այնքան անհասանելի չեն, ինչպես դա թվում է առաջին հայացքից: Այլ բան է, որ նրանց հետ շփումները կամ պատրանքային են, կամ էլ տեղի են ունենում մասնավոր հողի վրա: Վերջիններիս նշանակությունը պաշտոնականից անհամեմատ մեծ է, ինչպես օրինակ մեծ է երկրաչափ Կ-ի պաշտոնյա Կլամմից ստացված անպաշտոն նամակի արժեքը39 , սակայն գործի պաշտոնական ընթացքին նրանք չեն օգնում:
Այսպիսին է դղյակի ծառայական կառույցի հիմնական հատկությունը: Ծառայականը և մասնավոր-կենցաղայինը միմյանցով մշտապես փոխարինելու, զրուցակցին շիտակ կողմի փոխարեն աստառը դեմ տալու, բանական, հետևաբար տարանջատող և հստակեցնող փաստարկներն իրական համատեքստից հանելով չքմեղանալու այս ունակությունն է, որ կատարյալ է դարձնում գրասենյակի խուսափողականությունը, որն այդպիսով գոյաբանական, այսինքն, սահմանադիր նշանակություն է ձեռք բերում: Այն կարող է բնութագրվել որպես իրականության տարբեր ոլորտների յուրահատուկ համահարթում:
Բայց այդ վերջին ձևակերպումն այլ բան չէ, քան դիցաբանական մտածողության դասական սահմանումներից մեկը, որով արձանագրվում է նրանում միևնույն հարթության վրա բնության և մշակույթի լուսապատկերված լինելու հիմնարար իրողությունը:40 Նույնը վերաբերում է նաև մշակույթի և ներքին բնության, մարդու ներքնաշխարհի հարաբերությանը:41 Բնականի, մշակութայինի և սուբյեկտիվ-հոգեբանականի այդ հարատև խաղն արխաիկ մտածողության մեջ բացատրվում է վերջինիս կոնկրետիզմով, դիցաբանական միտքը մշտապես հառված է աշխարհի մակերեսին և իր ընկալումներն համակարգում է զուգահեռականության և հակադրության տեսանկյուններից ելնելով: Իսկ նույնությունների ու տարբերությունների մեկ համատարած ցանցի ձևով ընկալված աշխարհը միաժամանակ կլոր է և փուչ (Կ. Լևի-Ստրոս):42