Ռուբիկոն

Թոմաս Հոբս. Պատկերացման մասին

Հրապարակվել է
26 հոկտեմբերի 2022

Ներկայացնում ենք մեկ գլուխ անգլիացի փիլիսոփա, գրող, հասարակական դաշինքի տեսության հեղինակ Թոմաս Հոբսի (1588-1679) «Լևիաթան» գրքից:

Աղբյուրը՝ Thomas Hobbes, Leviathan or The Matter, Forme and Power of a Commonwealth Ecclesiasticall and Civil, 1651.

1.

Այն, որ դադարի մեջ գտնվող ցանկացած իր հավերժորեն կմնա դադարի մեջ, քանի դեռ մեկ ուրիշ իր չի շարժել նրան, ճշմարիտ է և կասկածի ենթակա չէ: Սակայն մենք չենք կարող ասել շարժվող իրի մասին, որ այն հավերժորեն կմնա շարժման մեջ, եթե մեկ ուրիշ իր չկանգնեցնի նրան՝ չնայած երկու դեպքերում էլ հիմքը նույնն է (այն է՝ ոչ մի իր չի կարող լինել իր փոփոխության պատճառը): Չէ՞ որ մարդիկ իրենցով են դատում ոչ միայն մյուս մարդկանց, այլև բոլոր մյուս առարկաների մասին, և քանի որ շարժումից հետո նրանք զգում են ցավ ու հոգնածություն, ենթադրում են, որ յուրաքանչյուր իր հոգնում է շարժումից և ինքնակամ փնտրում է հանգիստ, ընդ որում հազիվ թե կարծում են` իբր հանգստանալու այդպիսի ցանկությունը, որը հայտնաբերում են իրենց մեջ, գուցե իր հերթին շարժում է: Այստեղից է ծագում սխոլաստների այն կարծիքը, որ ծանր մարմինները ցած են ընկնում հանգստի և սեփական բնությունն իրենց համար ամենապատշաճ տեղում պահելու ցանկությունից՝ այդկերպ անհեթեթորեն անշունչ իրերին վերագրելով հակում և իմացություն առ այն, ինչը օգտակար է նրանց պահպանման համար (մի իմացություն, որը գերազանցում է մարդու իմացությունները):

2.

Եթե մարմինը սկսում է շարժվել, այն շարժման մեջ կլինի (մինչև որևէ այլ բան չխոչընդոտի նրան) հավերժորեն, և եթե որևէ բան խոչընդոտի նրան, այն դադար կառնի ոչ թե անմիջապես, այլ ժամանակի ընթացքում և աստիճանաբար: Եվ ինչպես ջրի ալիքները քամու հանդարտվելուց հետո շարունակում են երկար ժամանակ խաղալ, այնպես էլ շարժումը, որն առաջանում է մարդու ներքին օրգաններում, երբ վերջինս տեսնում է արթմնի, երբ երազ է տեսնում ևն, շարունակվում է նաև հետո: Քանզի, երբ առարկան հեռանում է կամ աչքը՝ փակվում, մենք դեռ մտապահում ենք տեսած առարկայի պատկերը՝ թեև ավելի աղոտ, քան երբ տեսնում ենք այն: Սա այն է, ինչ հռոմեացիները անվանում են պատկերացում (imagination)՝ տեսողության արդյունքում առաջացած պատկերից՝ կիրառելով այդ բառը, թեև ոչ ճիշտ, նաև բոլոր մյուս զգայությունների համար: Սակայն հույներն այն անվանում են պատրանք (fancy), որը նշանակում է երևույթ (appearance) և ճշգրտորեն համապատասխանում է բոլոր զգայություններին: Ուստի,ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄԸ ոչ այլ ինչ է, քան թուլացած զգայություն և բնորոշ է մարդկանց և ուրիշ շատ կենդանի էակներին թե՛ երազի, թե՛ արթմնի ժամանակ: 

3.

Արթուն վիճակում գտնվող մարդկանց մոտ զգայության թուլացումը ոչ թե զգայության մեջ առաջացած շարժման թուլացումն է, այլ դրա աղոտանալը, այդպես արևի լույսը խավարեցնում է աստղերի լույսը, մինչդեռ աստղերը գիշերվանից ոչ պակաս ցերեկը ևս գործադրում են իրենց այն հատկությունները, որոնց շնորհիվ տեսանելի են: Բայց, քանի որ բազմաթիվ գրգիռներից, որոնք մեր աչքերը, ականջները և մյուս օրգանները ստանում են արտաքին մարմիններից, զգայելի է միայն գերիշխողը, ուստի արևի լույսի՝ գերիշխող լինելու պատճառով աստղերի ազդեցությունը չենք զգում: Եվ այսկերպ, երբ որևէ առարկա հեռացվում է մեր տեսողության դաշտից, իսկ նրա՝ մեզ վրա թողած տպավորությունը մնում է, ապա մյուս՝ ավելի մոտ գտնվող և մեզ վրա ազդող առարկաների պատճառով, նախորդ առարկայի պատկերացումը աղոտանում և թուլանում է, ինչպես մարդու ձայնը՝ ցերեկվա աղմուկի մեջ: Այս ամենից հետևում է, որ ինչքան ձգվում է ժամանակը՝ սկսած այն պահից, երբ տեսել կամ զգացել ենք տվյալ առարկան, այնքան թուլանում է նրա պատկերացումը: Քանի որ մարդու մարմնի շարունակական փոփոխությունը ժամանակի ընթացքում քայքայում է զգայության մեջ շարժվող մասերը: Ուստի ժամանակի և տեղի հեռավորությունը միևնույն ազդեցությունն ունի մեզ վրա: Եվ ինչպես մեծ հեռավորության վրա դիտված իրերը մեզ երևում են կիսախավարում, և նրանց փոքրիկ դրվագները զանազանելի չեն, և ինչպես ձայներն են թուլանում և հնչում անհոդաբաշխ, այնպես էլ ժամանակի հետ անցյալի վերաբերյալ մեր պատկերացումը թուլանում է, և մենք մոռանում ենք (օրինակ) մեր տեսած քաղաքների շատ առանձին փողոցներ կամ իրադարձությունների շատ առանձին հանգամանքներ: Այս թուլացող զգայությունը բուն իրը (նկատի ունեմ հենց տեսիլքը) ներկայացնելիս մենք անվանում ենք, ինչպես արդեն նշեցի, պատկերացում: Սակայն, երբ ուզում ենք նշել թուլացման փաստը, և որ զգայությունը տկարացել, հնացել և դարձել է անցյալ, այն կոչվում է հիշողություն: Այսպիսով պատկերացումը և հիշողությունը ունեն նույն նշանակությունը, որը զանազան դիտարկումներից կախված ստանում է տարբեր անվանումներ:

4. Հիշողություն

Հարուստ հիշողությունը կամ շատ իրերի հիշողությունը կոչվում է փորձ: Քանի որ մենք պատկերացում ունենք զուտ նախկինում ամբողջապես կամ մաս-մաս տարբեր ժամանակամիջոցներում զգայությամբ ընկալված իրերի մասին, ապա առաջինը (որը ամբողջ առարկան մտապահելն է, ինչպես այն ներկայացած է զգայությանը) կոչվում է պարզ պատկերացում, այսպես օրինակ, երբ մեկը պատկերացնում է որևէ մարդ կամ ձի, որին տեսել էր նախկինում: Մյուս բարդ պատկերացումն այն է, երբ ինչ-որ ժամանակ տեսած մարդուն և մեկ ուրիշ ժամանակ տեսած ձիուն մեր մտքում պատկերացնում ենք իբրև Կենտավրոս: Այսպես, երբ մարդը համադրում է սեփական անձի պատկերը մեկ ուրիշ մարդու գործողությունների պատկերի հետ, օրինակ, երբ իրեն Հերակլես կամ Ալեքսանդր է պատկերացնում (ինչը հաճախ է պատահում վեպերով տարված ընթերցասեր մարդկանց հետ), մենք գործ ունենք բարդ պատկերացման հետ, որն ավելի ճշգրտորեն կարող ենք կոչել մտքի հնարանք: Մարդկանց մոտ առաջանում են նաև այլ բնույթի պատկերացումներ, (թեև արթմնի), որոնք նրանք ունենում են զգայության վրա գործած  մեծ տպավորություններից: Օրինակ, երբ ակնդետ նայում ենք արևին, արևի պատկերի տպավորությունը երկար ժամանակ մնում է մեր աչքի առաջ, նմանապես, երկար ժամանակ և ջանասիրաբար երկրաչափական մարմինների հետ աշխատող մարդը անգամ խավարում (թեև արթուն) մտապահում է գծերի և անկյունների պատկերները: Այս տեսակ տեսիլքը չունի հատուկ անվանում, քանի որ սա մի բան է, որը սովորաբար դուրս է մնում մարդկանց քննարկումների շրջանակից:

5. Երազներ

            Քնածների պատկերացումները կոչվում են երազներ: Սրանք ևս (ինչպես բոլոր մյուս պատկերացումները) նախկինում ամբողջապես կամ հատվածաբար եղել են զգայության մեջ: Զգայության մեջ ուղեղն ու նյարդերը՝ զգայության անհրաժեշտ օրգանները, քնի ժամանակ այնքան են ընդարմանում, որ դրանք հեշտ չէ շարժել արտաքին առարկաների գործողությամբ, ուստի քնի ժամանակ պատկերացումները, ինչպես նաև երազները հավանական են զուտ այնքանով, որքանով դրանք բխում են մարդու մարմնի ներքին մասերի գրգռումից: Այդ ներքին մասերը խռովվելիս, ուղեղի և այլ օրգանների հետ ունեցած իրենց կապի շնորհիվ, վերջիններիս պահում են շարժման մեջ, որի արդյունքում նախկինում այնտեղ առաջացած պատկերացումները հայտնվում են այնպես, ասես մարդն արթուն է: Եվ քանի որ զգայության օրգաններն այժմ այնքան ընդարմացած են, որ չկա որևէ նոր առարկա, որը կարող է տիրապետել և աղոտացնել այդ պատկերացումները ավելի ուժեղ տպավորությամբ, կարող ենք ենթադրել, որ երազները պետք է որ ավելի վառ լինեն զգայության այսպիսի անշարժության մեջ, քան մեր արթմնի պատկերացումները: Այստեղից հանգում ենք այն մտքին, որ դժվար, իսկ որոշ պատկերացումների դեպքում անհնար է ճշգրտորեն տարբերակել զգայությունն ու երազը: Ինչ վերաբերում է ինձ, ապա հաշվի առնելով, որ երազներում ես ո՛չ հաճախ, ո՛չ էլ պարբերաբար չեմ մտածում նույն անձանց, վայրերի, առարկաների ու գործողությունների մասին, որոնց մասին մտածում եմ արթուն ժամանակ և չեմ հիշում, որ երազում ունեցած լինեմ հետևողական մտքերի այդպիսի երկար շղթա, ինչպես ուրիշ ժամանակ և նաև հաշվի առնելով, որ արթուն ժամանակ հաճախ նկատում եմ երազներիս անհեթեթությունը, այն դեպքում, երբ երազում երբեք չեմ մտածում արթուն ժամանակ ունեցած մտքերիս անհեթեթ լինելու մասին, ուստի լիովին համոզված եմ, որ արթուն լինելով՝ գիտեմ՝ երազում չեմ, թեև երազում ինձ թվում է, թե արթուն եմ:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Պետեր Սլոտերդայկ. Դերրիդա և Թոմաս Ման Ներկայացնում ենք մեկ գլուխ գերմանացի փիլիսոփա, Կալսռուեյի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Պետեր Սլոտերդայկի (ծնվ. 1947) «Դերրիդա. եգիպտացի» գրքից: Աղբյուրը՝ Peter Sloterdijk, Derrida, ein Ägypter. Über das Problem der jüdischen Pyramide, Suhrkamp, Frankfurt… Փիլիսոփայություն Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի դասախոսությունների նորահայտ սղագրերը Աղբյուրը՝ The Guardian Գերմանացի փիլիսոփա Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի կենսագիրը հայտնաբերել է նախկինում անհայտ դասախոսությունների ծավալուն նյութ, որը կարող է փոխել արևմտյան փիլիսոփայության առաջատար դեմքերից մեկի շուրջ ձևավորված ընկալումները։ Փիլիսոփայի ավելի… Փիլիսոփայություն Պետեր Սլոտերդայկ. Զիգմունդ Ֆրոյդ և Դերրիդա Ստորև ներկայացնում ենք մեկ գլուխ գերմանացի փիլիսոփա, Կալսռուեյի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Պետեր Սլոտերդայկի (ծնվ. 1947) «Դերրիդա. եգիպտացի» գրքից: Աղբյուրը՝ Peter Sloterdijk, Derrida, ein Ägypter. Über das Problem der jüdischen Pyramide, Suhrkamp,…