Ռուբիկոն

Անանուն գրիչ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Վարդան Ֆերեշեթյան

618-րդ ձեռագիրը (մութ, իսկ դրսից լուսաշող ու մամռոտ այրեր, փշեր, կապտաբիլ մի անծանոթ ու փոքր ծաղիկ, մողեսներ, մորեխներ, տատասկներ) արտագրելիս դու արթնացար, ձեռքդ դեռ շարժվում էր թևաբեկ թռչնի նվաղկոտ սարսուռներով, բայց բառերն այլևս չէին ծաղկում շուրթերիդ վրա (դառնահամը թմրած ու գոլ ջրի հետ կլլելով զգացիր, որ դա վերջն է և կամ թե վերջինը, այսինքն՝ 618-ը, 13-ը 19-ի վրա մագաղաթյա աստիճանաբար խունա­ցող մի թերթ), եթե երբևէ գրելու լինեն «կյանքն ու գործը», ախ այդ շեղբով թրատված միաձույլ բառա­կապակցությունը, որ պրկում է երիկամունքդ կամ մարմնիդ այլ մի մաս, եղինջով դաղելու պես, հոգ չէ…

Ձեռքը դեռ շարժվում էր.

«Ավաղ, ճրագ չեմ գտնում, որ գրեմ, ձմեռ և մութ է, այսօր եղավ մի փոքր լույս։

Ավաղ և եղուկ ինձ, թե որքան է տառապանքս.

Ձմեռ է և մութ, կատարյալ չարը թափեց թանաքը, և ինձ խավար եղավ»։

Արծաթակազմ, նկարակերտ, մարգարիտներով ըն­դելուզված, դաստառակներով պատված և զարդա­հյուս բեհեզե շապիկների մեջ դրված գրքեր։

Ձեռքդ դեռ շարժվում էր, երբ ճմլկոտելով աչքերս տրորեցի, պրկվեցի (տանջալիորեն փորձելով այս հազարամյա համասփյուռ քնից արթնություն քամել) ու ակնդետ նայեցի վիրավոր թռչնի նվաղկոտ սար­սուռներով ուրվառկախ ձեռքիդ…

Իսկ քիչ անց դոնդողանման հորանջոցի միջից արթ­նացավ նորակառույց շենքի 9-րդ հարկի բնակիչ ճաղատ ու գնդլիկ պրոֆեսոր Հովսեփ Պառնասյանը, ում ներքնազգեստն անգամ անվանատառերով էր, որպեսզի մի օր հանկարծ ինքն իրեն չկորցնի, բացեց (ծիծաղելիորեն հանդիսակենտրոնացած ու հողակիպ հայացքով) 618-րդ թղթապանակը, որտեղ գրիչներին նվիրված իր գրառումներն էին, և սկսեց բարձրաձայն ընթերցել՝ կապտականաչամոխրավուն նորակառույցների, բեռնատարների, արտաթո­րանքի, պաստառների, ընտրությունների վայնասունի, առնետների, դեպուտատների, սեղանիկների, զորակոչի, հաշմանդամների բժժանքի, հմայիլների, շնչահավատների, շների ու ալարկոտ-անգույն կատուների խառնիճաղանճ ժխորի միջից լսվում էին միայն ածականները, «վաստակաշատ, քրտնաջան անդուլ, անգնահատելի, ազգանվեր, ազգապահ­պան, ազգաշեն…»։

Այս ամենին եթե հավելենք միջնադարյան գրիչների կամ անանուն գրչի մի քանի ինքնապարսավ, ամե­նակուլ փոշու մեջ դժգունած մակդիր՝ «անհմուտ, ապիկար, եղկելի, թերավարժ, անարվեստ, ազա­զուն, ծույլ, մատենադեդև, չքին, սխալագիր, սուտա­նուն, փծուն և այլն», ստանում ենք 70-ամյա Հովսեփ Պառնասյանի լիակատար կենսագրությունը, որպես պարզունակ ու խառնափնթոր թվաբանական խնդրի հանրահաշիվ։

Իսկ ձեռքդ վիրավոր թռչնի նվաղկոտ սարսուռներով դեռ տարուբերվում էր միջոցի ու եղկածուփ ստվե­րայնության մեջ, և չորցած սինամահավքի փետուրը արջնամառ մթության մեջ կայծոռիկի պես մի տեղ պեծկլտում էր. «Իղձցք բաղձացեալքն ցանկալեացն զկամս նաւելոցն ի նաւահանգիստն հասուցանել խնդութիւն է խաղաղութեամբ», այսինքն թե. «Նա­վարկողների բուռն ու բաղձալի իղձն է խաղա­ղությամբ հասնել նավահանգիստ»։

Մոռացանք ասել, որ հենց այդ լուսաշող այգաբա­ցին, երբ ծեր պրոֆեսորն ընդմիջեց իր հուզաթաթավ ընթերցանությունը և բառերը օսլայած սպիտակե­ղենի նման օտար և անհաղորդ դեռ թրթռում էին ժանգոտ ձայնալարերի վրա, նրա 70-ամյա հոբե­լյանն էր, իսկ նա դեռ չգիտեր էլ, որ արդեն ակադե­միկոս է, և իրեն անանուն գրիչ էր զգում և հուզմուն­քից քիչ էր մնում սիրտ պայթեր՝ այս ազգադավ, ազգուրաց և ազգամոռ ժողովրդի համար…

Հովսեփ Պառնասյանը մեկն էր նրանցից, ում կյան­քում, բացի ծննդյան օրից, ոչ մի անակնկալ չէր եղել և ում գոյությունը մեր ժպիտն էր համայն աշխարհին և ում ապրած օրերն ու վաստակը կարելի էր գրավ դնել Ազգային բանկում և հետո դեռ երկար սիգապանծ ու անհոգ ապրել։ Քառասուն գրքի (կներեք՝ տպված) հեղինակ և դեռ ինչքան անտիպ, վկա՝ գրիչներին նվիրված 618-րդ թղթապանակը, որն այժմ հուզմուն­քից դողդողացող ձեռքերով թերթում էր բազկաթոռին թիկնած («գրիչ» ասելով մենք այժմ հասկանում ենք ծայրը կամ գրչակոթը ծայրի հետ միասին, իսկ հնում «գրիչ» ասելով հասկանում էին այն անձնավորությունը, որը գրում, ընդօրինակում էր ձեռագրերը)։

Կարծում եմ, ես չէ, որ պետք է թվեմ պրոֆեսոր (արդեն ակադեմիկոս) Պառնասյանի անուրանալի արժանիքները, քանի որ դրանով մեծ վիրավորանք հասցրած կլինեմ ահա աստիճաններով հևասպառ բարձրացող՝ մշակութային տեղեկատվության լրագրուհի Ադելաիդա Մանուկյանին՝ հայոց բարոյակա­նության Մորզեի այբուբենին։

Ակադեմիայում՝ գիտության այդ վեհաշուք կաճառում, իրարանցում էր՝ պատրաստվում էին Հովսեփ Պառ­նասյանի 70-ամյա շնորհանդեսին, խոհարարներ, բանասերներ, հավաքարարուհիներ, վիմագիրներ, մատենագիրներ, բանվորներ, 160 «քեռիներից» 17-ը, պատմաբաններ, դեպուտատներ, բանաստեղծներ ի«նվել էին մեկտեղ և սպասում էին… Իսկ Ակադեմիան (որի մասին 20-ականներին անհայտ, սակայն ոչ անանուն գրիչներից մեկը գրում էր. «Պարսիկների ահարկու գրոհների դեմ Հելլադան պարզեց իր Պղատոնյան Ակադեմոսը։ Սանձեց հելլենական հոգու կատաղած ձին, ալիքների վրա ձեթ ածեց ու կյանքի վրա ցոլացրեց իդեաների արևային հմայքը, ով չի իմանում, որ Պղատոնի ամեն մի նախադասության տակ, չնայած սոկրատյան սրած դանակին, ալեկոծվում էր էլևսինյան խորհուրդների անհանգիստ ոգին։ Այն ոգին, որ Ալեքսանդրյան շրջանում, Փիլոնի դպրոցի հետ, հորդում է անզուսպ գետի նման ու նոր իմացականության տակ հոգեղինության անտառներ հրդեհում») այժմ լռանիստ ու ծանրակշիռ, քաղաքա­ցիական քամահրանքով ու անտարբերությամբ հայում էր աղբարկղերի մեջ խրված խորշոմած, սովալլուկ պառավներին, շներին, կատուներին, առնետներին, ընտրարշավի տանկերին, բետոնապատ ծաղիկներին կամ ծաղկապատ բետոններին (ազգային գրաֆֆիտիի դպրոցը), սեղանիկներին և էլ ուր աչքը կտրեր։

Իսկ ձեռքը դեռ շարժվում էր…

Ահա՛ նայիր ու տես, վիշապն այլևս սարսափազդու քանզի դու վերագտել ես հայացքիդ ուժը, դու հասկանում ես սինամահավքի լեզուն, դու գիտես ունկնդրել տերևների շրշյունը, և ջրվեժն այլևս հոսում է քո մեջ, և քո միջի ձուկ-լռությունն անխոնջ խայտում է հոսանքն ի վեր, և անտառի մենանոցի խաչքարը ժպտում է քեզ՝ ինքնամփոփ և արևառ ճգնակյացի նման, և արմտիք ուտող անապատականների ես հանդիպում, վերծանում ես անանուն գրչի՝ սյունագիր, կետագիր, գրակետագիր, օղակետագիր, գավազանագիր, թվանշանագիր, ճիրանագիր, փոխարինագիր, գումարգիր, եռագիր, աղվանագիր, շրջագիր, վանկագիր, հունագիր, թալիսմանագիր և մնացյալ ամենայն ծածկագրերը, հետո մի տեղ պառկում ու երազ ես տեսնում, որ ձեռքը շարժվում է…

Իսկ Ակադեմիայի նիստերի գաղտնի սյունազարդ դահլիճում կամ ավելի ճիշտ՝ գաղտնի նիստերի սյունազարդ դահլիճում շնորհանդեսն արդեն սկսվել էր։ Պատերին Հովսեփ Պառնասյանի «վարք սրբոցը»՝ մանկությունից մինչև ձեռագրերի վրա կքած ծերունազարդ հոբելյարը։ Հետո մանկության ընկեր, ակադեմիկոս-վիրաբույժ՝ 618 վիրահատության «հեղինակ» (որոնցից 18-ը՝ հաջող) Վռամ Աթարբեկյանի բացման խոսքը։ Հետո «պառնասական» բանաստեղծ Տիրան Ներթափանցյանի «Հևընծայում» պոեմը։ Եվ այդպես շարունակ…