Ռուբիկոն

Անանուն գրիչ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Հետո արդեն՝ Եզնիկ Կողբացի փողոցի «Եղծ աղանդոց» ռեստորանում, որի ճակատին, չգիտես ինչու, դաջված էին Եղիշեի նշանավոր խոսքերը, Պառ­նասյանին նվիրված գինեձոնն ու խրախը։ Ումպ-ումպ ըմպած կոնյակը և նռան գինին, մանկու­թյան ընկերը, ակադեմիկոսի կոչումը, «տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի», գործընկերների անատամ ժպիտը, վաղամեռիկ կինը … ամեն ինչ խառնվել էր իրար։

Իսկ քիչ գինովցած և շառագունած այտերով, ակնո­ցը քթածայրին՝ գիտական աթեիզմի, այժմ աստվա­ծաբանության դոկտոր և կրոնի պատմության դասա­խոս Ներսես Աստվածատրյանին թևանցուկ Ադելաիդա Մանուկյանը պատի տակ կեցած ազգային տարազով նվագախմբի տխրամած երաժշտության ներքո հարցազրույց էր վարում.

-Պարոն Պառնասյան, իսկ ի՞նչ կասեիք մեր երիտասարդության մասին։

-Կկամենայի, որ այն լինի առավել ժուժկալ, հա­մեստ, խոհուն, զուսպ և ամբողջովին ծառայի ազ­գային գաղափարախոսությանը (ծափահարություն­ներ, հիացական բացականչություններ, գրկախառ­նումներ, կենացներ և այլն)։

Ակնոցի տակից պեծկլտացող հիացիկ հայացքը և հաջորդ հարցը.

-Իսկ ի՞նչ նվեր եք պատրաստում հայ ընթերցողին։

-Այժմ տպագրության եմ պատրաստում անանուն գրիչներին նվիրված իմ ստվարածավալ աշխատու­թյունը, որը բազում անքուն գիշերներ և աչքի լույս է խլել ինձանից, չէ՞ որ ինքս էլ մի անանուն գրիչ եմ։ Մութ, իսկ դրսից լուսաշող ու մամռոտ այրեր, փշեր, կապտաբիլ մի անծանոթ ու փոքր ծաղիկ, մողեսներ, մորեխներ, տատասկներ…

Երբ անանուն գրչի ամենակրտսեր աշակերտ պարմանի Ներսեսիկը մտավ ուսուցչի այրը, ձեռքն այլևս չէր շարժվում, խցի բոլոր անկյուններում կիսագոց, փակ, բաց՝ 167 ձեռագիր մատյաններ էին (ահա մի քանիսը՝ Մամբրե Վերածնողի ճառերը, Թեոդորոս Քռթենավորի ներբողները, Հովհան Ոսկեբերանի «Հովհաննու հայտնության մեկնությունը», Եփրեմ Խուրի Ասորու «Աղոթգիրքը», Թովմա Ակվինացու «Summa theologika»–ն…) և գրակալի վրա դրված 618-րդ անավարտ մատյանը՝ Դավիթ անա­նունի «Քերականությունը», որ պարմանի Ներսեսիկը պիտի ավարտեր՝ հեռու և անդնդախոր ձորից ջուր բերելով, արմտիք ուտելով, գարեհատ ու կորեկհաց կլլելով և լուսանցքում գրելով.

Կերայ զդառնիճն, զի ոչ էր լեղի,

քան զաղքատութիւն,

Շալակովս բարձի զաղն, զի ոչ էր ծանր,

քան զաղքատութիւն։

Հետո զարհուրիկ ու սքանչելի, մենավոր ու աստղա­լից գիշերները, չորցած սիզախոտերի մեջ խշրտացող օձերը, խարույկի միջից պեծկլտացող գայլի աչքերը, լուսանցազարդերը, առավոտյան ցողը, դպրեվանքի իր առաջին դասերը, կարդացված է «Սերմնացանի առակը» ըստ Մատթեոսի, երգված է «Որք զարդարեցին» շարականը, հետո տամուկ, բայց պայծառ անդորրն այս այրի, ուր տարիները խաղացկուն ու թելիկ-թելիկ անցան, ծածկագրերի միջով՝ վերառաքումը դեպի գմբեթը, անայլայլ թափանցիկությունը այս ամենը պսակազարդող երկնքի, մշկենի բույրը պատերի՝ խստամբեր այս տղեկների թավալգլոր հույզերն ու ձայնի նուրբ ծյուրանքը պարեգոտող, պատերի դրսում՝ բարկ և ուշագնաց ծաղիկները, կորյունները, նախշազարդերը, արքաները, խաչերը, խաչքարերը, աղոթք­ները, հետո նորեն ահա այս այրը, ձեռքը, որ դեռ շարժվում է՝ «Ի դէմս Հոգվւոյն Սրբոյ», իր աղոթքը՝ դամբանախույզ ծիածանումը այս գորշ քաղաքի գլխին, ուր ահա Վռամշապուհ արքայի պողոտան հատելով՝ Մաշտոց փողոցի «Արա Գեղեցիկ» կոմի­սիոնի կողքով անայլայլ, բայց օրորուն քայլքով բարձրանում էր Հովսեփ Պառնասյանը, «որպես քնքուշ մութի թև», տանկերի, գիշերային հիշոցների, կարգախոսների, «մայրության և գեղեցկության» միամսյակի, կոոպերատիվ «Վիշտ»–ի, չարիք դար­ձած լավ ծառա, բայց վատ տանուտեր հրդեհի, սար­դոստայնի հանգույն ողջ քաղաքը պատած աղբի և իր մեջ անվերջորեն քլթքլթացող փսխուքի միջով վերջապես հասավ իր նորակառույց բարձրահարկի 9-րդ հարկում տեղադրված համեստ կահավորված խուցը, հողաթափերը քստքստացնելով մանրաքայլ գնաց արտաքնոց, ապա բազմեց բազկաթոռին, մեղմիվ շոյեց իր 618-րդ թղթապանակը, դարձրեց էջը և սկսեց կարդալ. «Հայ մատենագրության ասպարե­զում գրագետ մարդկանց և ոչ մի խավ գուցե այնքան մեծ գրական վաստակ չունի, որքան հայ երախ­տավոր գրիչների խավը։

Պետք է ասել, որ գրիչները բացառիկ ակնածանք են ունեցել իրենց ուսուցիչների նկատմամբ, նրանք հարգալիր երախտագիտությամբ են հիշում իրենց դաստիարակներին, որպես «հոգևոր ծնողների»։ Հետո նա ծիծաղելիորեն հանդիսակենտրոնացած ու հողակիպ հայացքով փռվեց թախտին ու աներազ քնով ընկավ Մորփեոսի գիրկը։ Պատուհանը բաց էր մնացել, և անապաստան քամին լուսնալույսի միջով թերթում էր 618-րդ թղթապանակի էջերը, որի հավելվածում Անանուն գրչի պատճենահանված 618-րդ ձեռագիրն էր, և ահա էջերից մեկում՝ լուսանցքից դուրս, ուսուցչին կորցրած պարմանի Ներսեսիկի ոտանավորը.

Դեռ տղա եմ ես աշխարհի

Եւ սևացեալ մեղօք ի լի,

Ես եմ ի մէջ ծով աշխարհի,

Վախեմ սաստիկ քամի լինի՝

Զիս մէջ ծովուս կորուսանի։