Ռուբիկոն

Արվեստի սահմանները

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Անդրե Ժիդ

Տիկնայք և Պարոնայք*,

Եթե եկել եմ այստեղ խոսելու արվեստի սահմանների մասին, նախապես համոզված եղեք, բնավ ոչ այն պատճառով, որ այդ սահմանները ընդարձակելու կամ նեղացնելու որևէ մտադրություն ունեմ այս զրույցի ընթացքում: Եվ եթե տվյալ վերնագիրը կթվա բավականաչափ ընդհանուր, վստահեցնում եմ՝ իմ հանդգնությունը ամենևին դրա ընտրության մեջ չէ, այլ՝ նկարիչների մասին խոսելու:

Մենք այլևս չենք ապրում այն ժամանակներում, երբ Ռուոյի արվեստանոցի մի քանի դուրսպրծուկներ կարող էին Գոթիեի հետ կրկնել՝ ut pictura poesis (պոեզիան որպես գեղանկարչություն –  Հորատիուս): Բայց եթե այսօր գրագետները հասկացել են գրիչը վրձնի նման իրենց ծառայեցնելու հավակնության վտանգը կամ առնվազն անհեթեթությունը, ապա նկարիչներն իրենց հերթին պակաս չեն հասկացել, որ ut poesis pictura-ն գեղանկարչությունը որպես պոեզիա) կլինի առավել ևս կործանարար տեսություն իրենց համար: Բարեբախտաբար գրականությունն ու գեղանկարչությունը տարանջատված են, և ես այստեղ չեմ եկել դժգոհելու, ընդհակառակը: Նախապես ընդունենք, որ ես ոչինչ չեմ հասկանում ձեր արհեստից, դուք՝ իմ: Դուք մշակում եք ձեր պարտեզը, մենք՝ մերը: Երբեմն մի քիչ հարևանություն ենք անում: Ահա ամենը:

Այնուամենայնիվ, եթե այսօր ինձ բարեկամաբար հրավիրել եք զրույցի և եթե ինքս էլ ուրախությամբ հանձն եմ առել, ապա ամենևին ոչ բարիդրացիական մղումներից ելնելով: Մենք այն սակավաթիվ ընտրյալներն ենք, որոնք գիտակցում են, թե վայել չէ, որ միևնույն երկրի արվեստագետները, որոնցից յուրաքանչյուրը տարված է իր արվեստով, չճանաչեն միմյանց, որ գրական և գեղանկարչական մաս- նավոր հարցերից վեր կան առավել ընդհանուր, գեղագիտական այնպիսի հարցեր (որոնք, օրինակ, լուծելուց հետո Պուսսենին եղբայրացրին Ռասինի հետ), որոնց առջև մենք միասին կարող ենք մի պահ մոռանալ, պարոնայք, թե դուք նկարիչներ եք, իսկ ես՝ գրչի մշակ, որպեսզի ավելի լավ հիշենք, որ չնայած մեր արհեստների խիստ տարբերությանը, թե՛ մեկս և թե՛ մյուսս արվեստագետ ենք:

Ահա ինչու այսօր ձեր առջև նման ընդհանրությունների քննարկումը ամենևին չեմ համարում հանդգնություն, այլ ընդհակառակը, համեստ մտավախություն, քանզի չունեմ յուրաքանչյուր թեմային անհրաժեշտ խիստ մասնագիտական գիտակություն:

Մի քանի օր առաջ, «Պոզիտիվ փիլիսոփայության դասընթացը» ավելի շուտ թերթելիս, քան կարդալիս, ինձ զարմանք պատճառեց մի հետաքրքիր հատված: Խոսքը վերաբերում է գիտության ջատագովությանը: Օգյուստ Կոնտը համամիտ է դրան և գովաբանում է ըստ հարկի. քիչ՝ անցյալը, ավելի շատ՝ ներկան, գրեթե անվերջ՝ ապագան:

Ասում եմ՝ «գրեթե»՝ ունենալով հիպերբոլի հանդեպ ողջամիտ երկյուղ և մտահոգություն ճշգրտության նկատմամբ, քանզի Կոնտը անորոշ կերպով ուրվագծելուց հետո, թե ապագան ինչ կարող է ակնկալել ու պահանջել գիտությունից, անմիջապես ավելացնում է, որ այդ ակնկալիքներն ու պահանջները կարող են լինել անվերջ: Գրեթե դյուրին է, գրում է նա (սա՝ մոտավորապես, քանզի մեջբերում եմ հիշողությամբ), այժմվանից կանխատեսել սահմանները և մատնանշել, թե ինչ բնագավառներ կմնան նրա համար մեկընդմիշտ փակ. հայտնի է, օրինակ, որ գիտությունը երբեք չի հասնի… Գիտե՞ք ինչ օրինակ է բերում, որ երբեք չի հասնի լուսատուների քիմիական բաղադրությանը: Մեկ սերունդ անց, սպեկտրալ անալիզը առանց աղմուկ աղաղակի պարզապես տեր դարձավ այդ նույն լուսատուներին, և գիտությունը անցավ նշված սահմանը: Պոզիտիվիստի այդ էջից, որտեղ հակառակ ամեն ինչի ես ավելի շատ հիանալու, քան հեգնելու բան գտա, այս զրույցի խորագրի ու գաղափարի հետ մեկտեղ ծնունդ առավ ինքս իմ նկատմամբ առավել մեծ անվստահություն՝ իբրև արտասովոր նախազգուշացում, որ մարդկային բանականության ուժով սահմանները նախապես որոշարկելու հավանականությունը խելահեղություն է, իր տեսակի մեջ նույնքան ամբարտավան խելահեղություն, որքան այդ ուժի ապագա դրսևորումները նախօրոք կանխատեսելու, ուրվագծելու, անվերջ համարելու հավակնությունը:

Անդադար նորացող միջոցները գիտնականներին թույլ են տալիս նորանոր ներդրումներ ու ճշգրտումներ անել: Յուրաքանչյուր նոր հայտնագործություն իր հերթին ծառայում է իբրև միջոց: Հենց սրանից ելնելով, և քանի որ յուրաքանչյուր նոր դրսևորում այսպես գումարվում է նախորդին, յուրաքանչյուր հին դրսևորում միախառնվում, տարրալուծվում է այնպես, որ նրա առանձին մասերը երբեք չեն դիտվում որպես ամենավերջին հաղթանակ, կարելի է ասել (սա գրեթե նույնաբանություն է), որ գիտության սահմանները շարունակ ընդարձակվում են իր առաջընթացի համաձայն: Հարց է ծագում. մինչև ու՞ր կգնա գիտությունը:

Արվեստում այս հարցը առաջադրվում է բոլորովին այլ կերպ: «Առաջընթաց» բառը այստեղ կորցնում է ամեն իմաստ, և ինչպես իր ժամանակին գրել է Էնգրը, չես կարող սառնասրտորեն ասել և լսել, որ «արդի սերունդը հրճվում է՝ տեսնելով Վերածննդի ժամանակաշրջանից մինչև մեր օրերը գեղանկարչության ունեցած հսկայական առաջադիմությունը»: Ուրեմն խնդիրն այլևս ոչ թե այն է, թե մինչև ուր կգնան գեղանկարչությունը, երաժշտությունը, գրականությունը, այլ առավել անորոշ մի հարցադրում՝ ուր են գնում դրանք. և այս հարցում ավելի քիչ համարձակություն ես հանդես բերում պատասխանելու համար:

Արժանավոր արվեստագետի պարագայում խոսքն այլևս ոչ թե երեկվա արվեստի վրա հենվելու կամ սահմանները ընդարձակելու մասին է՝ առավել հեռու գնալու համար, այլ արվեստի իմաստը փոխելու, իր ջանքերով մի նոր ուղղություն ստեղծելու: Ու թեև, դրան հակառակ, անցյալի արվեստագետների ստեղծագործությունները պահպանում են իրենց լիակատար արժեքը այն աստիճան, որ այդ արվեստագետներից յուրաքանչյուրը ամեն անգամ ասես գրեթե վերաստեղծում է, կարծես նորից է բնորոշում իր արվեստը, ամեն մի նոր հանճար, թվում է, սկզբում դեգերում է՝ այնքան վճռականորեն է նա թիկունք դարձնում ուրիշներին: Թվում է, յուրաքանչյուր նոր հանճար դարձյալ քննության առարկա է դարձնում արվեստի խնդիրը: Յոհան  Սեբաստիան Բախից հետո տիրում էր մի մտայնություն. «Այսպիսին է երաժշտությունը»: Գալիս է մի Մոցարտ, մի Բեթհովեն, որոնցից հետո ասում են. «Ահա քեզ երաժշտություն», միայն թե, արդեն կանխակալորեն տրամադրված, չմտածեն. «Ի՞նչ է երաժշտությունը» և վերջապես հասկանան, որ երաժշտությունը ո՛չ Բախն է, ո՛չ Մոցարտը, ո՛չ Բեթհովենը, որ նրանցից յուրաքանչյուրը կկարողանա միայն իր սահմանները տալ, որ երաժշտությունն իր գոյությունը շարունակելու համար պետք է անդադար լինի այլ բան, քան եղել է նրանց միջոցով:

Եվ սակայն ոմանք թերագնահատելով և ընդունելով, թե հանճարեղ արվեստագետին այլևս ոչինչ չի մնացել փորձելու, թե նա իրենով մատնանշում է ուղղությունը, ասես առաջնորդում է (բայց ըստ էության առաջնորդում է լոկ ինքն իրեն) և կանգնում է նրա եռանդի առջև, ով ուղեկցում է իրեն, ինչպես դերասանի խաղին՝ բեմական մթնոլորտը, կարծում են, թե հանձին նրա բացահայտել են գեղեցիկի ինչ-որ գաղտնիք, որևէ բաղադրատոմս կամ ավելի շուտ մտածում են, թե վարպետի հաջողությունը իրենց ազատելու է ճիգ ու ջանք թափելուց և մեկ անգամ վարպետի հայտնաբերածից հետո այլևս որոնումների կարիք չկա: Նրանք իրոք չեն նմանակում վերջինիս, համենայն դեպս խուսափում են, սակայն հետևում են նրա ուղղությանը: Սա այն հզոր հորձանքն է, որ նրանց նետում է արվեսագետի բացած ակոսի մեջ: Դեռ ավելին, երբ վարպետը լռում է նրանցից առաջ, վերջիններս իրենց խելահեղությունը խիզախության տեղ դնելով՝ մտածում են, թե գերազանցել են նրան, նրանից ավելի հեռու գնացել, իսկ մեծագույն խոչընդոտը, որին բախվում են, դարձյալ մնում է մյուս կողմից փորձելը: Նրանց միջոցով վարպետի առաջադրած ձևը դառնում է բանաձև, և այլևս ոչ մի ներքին անհրաժեշտությամբ այն չի հիմնավորվում: Նրանց միջոցով և հենց նրանց վրա է իջնում գիշերը, մինչդեռ իրենք այդ մասին չեն էլ կասկածում, քանզի վերջալույսից շլացած նրանց աչքերը մթագնող մայրամուտի փոխարեն դեռևս տեսնում են լուսատուին այն դեպքում, երբ նրանց ետևում արդեն, արվեստի մյուս բևեռում բարձրանում է մի նոր շողարձակ արև:

Կարդալ նաև

Արվեստ Ասույթներ Ջինո Դե Դոմինիցիս Նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Ջինո Դե Դոմինիցիսը ծնվել է Անկոնայում 1947 թվականին: Նրա ստեղծագործությունը ետպատերազմյան շրջանից ի վեր բացարձակապես զերծ է այլազան գեղարվեստական ազդեցություններից: Առաջին անգամ ցուցադրվել է 1966 թվականին,… Արվեստ Կանդինսկի և Պիկասսո – երկու հակապատկեր Դիտեր Ռուդլոֆ Նկարել Սուրբ Ոգու շնչով Նկարիչ, դերասան և գրող Լոթար Շրայերը 1921-ից մինչև 1923թ. աշխատում էր Վայմարում որպես Bauhaus-ի ձևի վարպետ (Formmeister): Նա “Sturm”-ի և “Bauhaus”-ի մասին իր հիշողություններում, «Իկոնա» հատկանշական խորագրի ներքո, պատմում… Արվեստ Մերկ պատը Վասիլի Կանդինսկի «Ռուսսոն ասել է՝ գեղեցիկ է այն, ինչը չկա: Դա չի նշանակում, որ գեղեցիկ է միայն այն, ինչ գոյություն չունի: Գեղեցիկը գոյություն ունի, բայց չկա, քանզի այն երևութանում է, որ անհետանա, որ կենդանացնե՛նք, վերակենդանացնենք մեր հոգիները, բայց այն…