Ռուբիկոն

Արվեստի սահմանները

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Ճշմարտությունը (այսինքն՝ հնարավորությունը) միշտ գտնվում է հանճարի այս, բայց ոչ երբեք այն կողմում:

Իսկ ինչպիսի՞ն է այն տարածքը, որ իր սահմանները շոշափելու գնացող հանճարը թողնում է իր ետևում, այն աշխարհը, որը պիտի ելակետ լինի յուրաքանչյուրի համար, ո՞րն է գլուխգործոցների ընդհանուր վայրը, երբևէ չզբաղեցրած դաշտը:

Այստեղ պիտի ներողություն խնդրեմ, պարոնայք, որ ձեզ ներկայացնելու եմ ոչ այլ ինչ, քան շատ սովորական ու պարզ բան: Իսկ ինչու՞ չափից դուրս մտածված ընդհանուր բաները պիտի չլինեն այդքան պարզ ու հայտնի: Եվ եթե այնուհանդերձ համարձակվում եմ կրկնել, ապա սոսկ այն պատճառով, որ արվեստում, ըստ իս, հարկ է, որ յուրաքանչյուր նոր սերունդ իր առջև վերստին դնի խնդիրը, որ երբեք չընդունի նախանցյալ օրվա կամ երեկվա բերած պատրաստի լուծումները և բնավ չմոռանա, որ անցյալի արվեստագետները, որոնցով հիանում է, հենց նրանք են, ովքեր իրենք են սկզբում տառապանքով ու տքնանքով լուծումներ փնտրել: Լեսսինգի «Լաոկոոնը» այն գործն է, որ պետք է երեսուն տարին մեկ հաստատել կամ մերժել: Մեծ դարաշրջաններին միշտ բնորոշ է անհուն պայծառատեսությունը: Թվում է, այդ խորաթափանցությունը դեռևս պակասում է մեզ: Հաճախ, մեր ունեցածին չափազանց սիրահարված՝ մենք կորցնում ենք մեր պակասների ու թերությունների սուր զգացողությունը: Եվ այսօր, ավա՜ղ, ես տեսնում եմ ավելի շատ արվեստագետ, քան արվեստի գործ, քանզի կորել է ստեղծագործության նկատմամբ եղած ճաշակը, և շատ անգամ արվեստագետը կարծում է, թե բավականաչափ բան է արել իր գեղանկարչությամբ կամ բանաստեղծություններով, երբ ցույց է տվել, որ ինքը արվեստագետ է՝ բանականության, մտքի, կամքի մասնաբաժինը, մի խոսքով՝ կառուցվածքը համարելով արհամարհելի ու չնչին: Արգահատելի արժեզրկումը, որի մեջ մեծ արհեստավորների միջակության շնորհիվ հայտնվել է այն, ինչը կոչում էին և այժմ ոչ առանց ժպիտի չեն համարձակվում կոչել «մեծ ժանրեր», պատճառ է դարձել, որ նկարիչներն այլևս սիրտ չանեն նկարներ ստեղծել, իսկ գրողները չկարողանան ավելի քան մեկ տարի իրենց մտքում պահել մի սյուժե, և գրականության, նկարչության, երաժշտության մեջ հաղթանակի իմպրեսիոնիզմը, պատեհապաշտ պոեզիան:

Այն չեզոք տարածքը, դեպի ուր կտրուկ շրջադարձ անելով միշտ պիտի դառնանք նորից ու նորից, շատ լավ գիտեք, պարոնայք, պարզապես Բնությունն է… Ուրեմն ես նույնպես խոսելու եմ դեպի բնությունը հանրահայտ այս վերադարձի մասին, որը ոմանց կարծիքով թվում է ամեն արվեստի միակ գաղտնիքը, և սրանով արդեն համարվում է ամեն ինչ ասված …

Վերադարձ դեպի բնություն … Սակայն դա ի՞նչ է նշանակում: Դեպի էլ ու՞ր կարելի է դառնալ: Ինքդ քեզնից դուրս ի՞նչ կարող ես գտնել, եթե ոչ շարունակական և համատարած բնություն: Բայց և ուրիշ ի՞նչ կգտնես քո մեջ, եթե ոչ դարձյալ բնություն:

Դեպի բնություն իսկական վերադարձը վերջնական վերադարձ է դեպի տարրը, դեպի մահ: Սակայն քանի դեռ մարդուն մնում է դույզն ձգտումը առ կյանքը, ինքնադրսևորման աննշան պահանջը, մի՞թե դրա դեմ պայքարելու, արվեստագետի պարագայում՝ բնությանը հակադրվելու և ինքնահաստատվելու համար չէ դա:

Ինչպե՞ս, ինչու՞ չըմբռնել, որ այս երկու «բնական» արտաքինը և ներքինը հակադրվում են իրար, և ըստ այս մեկի ձևավորվում է և իրազեկվում այն մյուսը: Այս բնական ներքինը արդյոք պակա՞ս արժեքավոր է, քան մյուսը, և մի՞թե նրան մերժվելու է այդ իրավունքը կամ ժխտվելու է այն ուժը առանց որի այլևս չի լինում արվեստի գործ, թե՞ կարծում են, որ ամեն արվեստ լինելու է սոսկ ռեալիզմ: Չափից դուրս ծայրահեղորեն ձևակերպված այս կարծիքը, հույս ունեմ, ոչ ոք չի պաշտպանի: Բայց չէ՞ որ այս տեսակետից են ելնում, երբ ասում են, թե արվեստագետը պիտի բացակա լինի իր գործի մեջ, թե առարկայացումը արվեստի նախապայմաններից մեկն է. այնպես որ, եթե հնարավոր լիներ հասնելու այս առաջարկված նպատա- կակետին՝ տրված երկից բացառելով ամեն անհատականություն, մի ստեղծագործությունը կտարբերվեր մյուսից լոկ ներկայացրած սյուժեով, և արվեստագետը վերջապես կգոհանար՝ անմահություն ապահովելով դատարկ ու անկարևոր դեպքերին, միայն թե ընտրություն կատարեր, որքան էլ անցանկալի լիներ պատահական բաներ հավերժացնելը: Սակայն ընտրության ո՞ր իրավունքով դա պիտի աներ: Եվ արդյո՞ք «մեկնաբանություն» չի կոչվում նաև հետագայում արված առավել նուրբ, առավել մանրակրկիտ ընտրությունը, որը «սյուժեի» ընտրության նման գալիս է մատնանշելու եթե ոչ իմ կամքը, ապա գոնե իմ նախընտրանքը ….

Չե՞ք ենթադրում արդյոք, թե հարկ է ընդունել, որ հենց այս ընտրությունը, սկզբում բնազդական, իսկ հետո նաև կամային այս նախապատվությունը արվեստի իսկ հաստատումն է, այն արվեստի, որ ամենևին բնության մեջ չէ, բնական չէ, արվեստ, որ լոկ արվեստագետն է պարտադրում բնությանը և պարտադրում է տքնանքով ու տառապանքով:

Սակայն այստեղ մտցնենք ևս մի ճշգրտում:

Հիմա բավական չէ ասել, ինչպես դա արվում է առհասարակ, թե արվեստի գործը մարդկային խառնվածքի միջով դիտված բնության մի կտոր է: Այս ճշմարտանման բանաձևի մեջ չեն մտնում ո՛չ արվեստագետի ինտելեկտը, ո՛չ կամքը: Ուրեմն այն չի կարող ինձ բավարարել:

Արվեստի երկը կամայածին ստեղծագործություն է: Այն մտքի գործ է: Քանզի նա պիտի իր մեջ գտնի իր ինքնաբավությունը, նպատակը, կատարյալ հիմնավորումը. կազմելով մեկ ամբողջություն՝ նա պիտի առանձնանա և ասես դրվի տարածության ու ժամանակից դուրս, բավարար և բավարարող ներդաշնակության մեջ: Գեղանկարը ավարտվում է շրջանակով ամենևին ոչ այն պատճառով, որ շրջանակված է, այլ ընդհակառակը, շրջանակը կա, որովհետև հենց այդտեղ է ավարտվում նկարը: Եվ այդ շրջանակը կա ոչ միայն ընդգծելու համար այդ ավարտը, այլև առավել ակնառու դարձնելու առանձնացումը:

Բնության մեջ ոչինչ չի կարող առանձնանալ, ոչ էլ ընդհատվել, ամեն ինչ շարունակվում է: Մարդը կարող է այնտեղ փորձել ինչ-որ բան, ծնունդ տալ գեղեցկության:

Բնությունն անմիջապես դառնում է տեր ու տիրական և տնօրինում է այն: Ահա և իսկապես իմ հիշատակած հակադրությունը: Այստեղ մարդը ենթարկվում է բնությանը:

Արվեստի գործում, ընդհակառակը, նա իրեն է ենթարկում բնությունը: «Մարդը ենթադրում է, Աստված տնօրինում»,— ասում են մեզ: Սա ճշմարիտ է բնության պարագայում: Սակայն ես կեզրափակեմ իմ մատնանշած հակադրությունը ասելով՝ արվեստի գործում, ընդհակառակը, Աստված ենթադրում է, մարդը տնօրինում: Եվ արվեստի գործ ստեղծելու յուրաքանչյուր հավակնորդ, որը չի գիտակցում սա, ամեն ինչ է, բայց ոչ արվեստագետ:

Բաժանեք նախադասությունը երկու մասի, որպես հավատամք ընդունեք բանաձևի երկու մասերից մեկը, և դուք կունենաք արվեստի երկու մեծ աղանդ, որոնք դարձյալ ու դարձյալ բախվելու են իրար՝ չփորձելով հասկանալ, որ հենց իրենց միությունից ու փոխզիջումներից միայն կարող է արվեստ ծնվել:

Աստված ենթադրում է. սա նատուրալիզմն է, առարկայացումը, կոչեք ինչպես կուզեք:

Կարդալ նաև

Արվեստ Ասույթներ Ջինո Դե Դոմինիցիս Նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Ջինո Դե Դոմինիցիսը ծնվել է Անկոնայում 1947 թվականին: Նրա ստեղծագործությունը ետպատերազմյան շրջանից ի վեր բացարձակապես զերծ է այլազան գեղարվեստական ազդեցություններից: Առաջին անգամ ցուցադրվել է 1966 թվականին,… Արվեստ Կանդինսկի և Պիկասսո – երկու հակապատկեր Դիտեր Ռուդլոֆ Նկարել Սուրբ Ոգու շնչով Նկարիչ, դերասան և գրող Լոթար Շրայերը 1921-ից մինչև 1923թ. աշխատում էր Վայմարում որպես Bauhaus-ի ձևի վարպետ (Formmeister): Նա “Sturm”-ի և “Bauhaus”-ի մասին իր հիշողություններում, «Իկոնա» հատկանշական խորագրի ներքո, պատմում… Արվեստ Մերկ պատը Վասիլի Կանդինսկի «Ռուսսոն ասել է՝ գեղեցիկ է այն, ինչը չկա: Դա չի նշանակում, որ գեղեցիկ է միայն այն, ինչ գոյություն չունի: Գեղեցիկը գոյություն ունի, բայց չկա, քանզի այն երևութանում է, որ անհետանա, որ կենդանացնե՛նք, վերակենդանացնենք մեր հոգիները, բայց այն…