Արվեստի սահմանները
Մարդը տնօրինում է. սա ապրիորիզմն է, իդեալիզմը …
Աստված ենթադրում է, մարդը տնօրինում. սա արվեստի գործն է:
Ամեն նոր, կեղծ «դպրոցի» պարագայում ինչու՞ պիտի բանաձևի մասերի այս անհեթեթ անհամատեղելիությունը փրկությունը տեսնի երկու մասերից բացառապես մեկի պաշտամունքի մեջ:
Մարդը ենթադրում է՝ սա երեկ, այսօր՝ Աստված ենթադրում է… Երբեմն կարծես մոռանում են, որ արվեստագետը տնօրինելու բոլոր իրավունքներն ունի, և մերթընդմերթ նա պիտի տնօրինի այն, ինչ ենթադրում է բնությունը:
Եթե քիչ առաջ ես խոսում էի արվեստագետի՝ որպես բնությանը հակադրվողի մասին և ասես արվեստի գործի մեջ նախ և առաջ տեսնում էի հաստատում, արդյո՞ք հիմա անհատապաշտությունը փառաբանելու համար էր դա, և արդյո՞ք մենք մի ծայրահեղությունից ելնելով դեպի մյուսը չենք աճապարում: Ի՞նչ է արվեստագետ հակաանհատը: Թող նա իր «համոզմունքները» թողնի ուրիշներին: Դրանք նրա վրա չափազանց թանկ են նստում և սոսկալի խեղաթյուրում են նրան: Արվեստագետը ո՛չ այս ճամբարից է, ո՛չ մյուս: Նա կոնֆլիկտի կիզակետում է:
Արվեստը չափադրող երևույթ է: Անշուշտ, սրանով չեմ ուզում ասել, թե արվեստի ամենաավարտուն գործը կլիներ այն երկը, որը հավասարաչափ հեռավորություն կպահպաներ իդեալիզմի և ռեալիզմի միջև: Բնավ ոչ: Արվեստագետը կարող է մոտենալ այդ երկու բևեռներից մեկին, որքան թույլ կտա իր համարձակությունը, սակայն պայմանով, որ աչքաթող չանի նաև մյուսը. մի ոստյուն ևս՝ և նա կկորցնի ոտքի տակի հողը:
«Մարդու մեծությունը երևում է,– ասում էր Պասկալը,– ոչ թե մի ծայրակետում լինելուց, այլ երկու ծայրակետերը միաժամանակ շոշափելուց և դրանց միջև եղած տարածությունը լցնելուց»:
Արվեստի սահմանները, որ իսկույն ևեթ հրաժարվում էինք որոնելուց, այն աստիճան պահանջում էինք, որ դրանք լինեն արտաքին, այդ սահմանները, պարոնա՛յք, որոնք ո՛չ խոչընդոտ են, ո՛չ մարտահրավեր, մենք բացահայտում ենք իբրև համակ ներքին սահմաններ: Դրանք ընդլայնման սահմաններն են:
Դա լարման բարձրակետն է, որը անցնելուց հետո ստեղծագործությունն անմիջապես տեղի է տալիս և կազմալուծվում, ասես երբևէ չի էլ ստեղծվել: Սահմանները արվեստագետի մեջ են միայն. երանի նրան, ով իր մեջ ընդլայնում է, ընդարձակում դրանք, ով, ինչպես կբաղձար արվեստագետներից յուրաքանչյուրը, հնարավորին չափ ենթարկում է իրեն հնարավորին չափ բնականը:
Տիկնայք և Պարոնայք,
Եթե հանդգնեցի կրկնել, չնայած արդեն գիտեիք այդ ամենը, պատճառն այն է, որ դուք՝ այս մասին մտածողներդ, խիստ փոքրաթիվ եք, իսկ կեղծ արվեստագետներն ու հերետիկոսները մեծ թիվ են կազմում:
Ամառ, 1901 թ.
* Այս խորագրով հայտարարված զեկուցումը պատրաստվել էր Անկախ արվեստագետների 1901 թ. ցուցահանդեսի համար: Ի մեծ ափսոսանք ինձ, ինչ-որ խոչընդոտ խանգարեց այն կարդալու: Այստեղ պարզապես ներկայացնում եմ դրա ուրվագիծը:
Ֆրանսերենից թարգմանությունը՝ Արուս Բոյաջյանի
André Gide, “Prétextes” Paris, 1995