Գիրք, որին սպասում էինք վաղուց
Պողոս Հայթայան
20-րդ դարի հայ մեծագույն արվեստագետներից մեկի` Երվանդ Քոչարի ճակատագիրը մնայուն հաղթանակներով և դրամատիկ իրադարձություններով է բնութագրվում: Տարիներ շարունակ, տոտալիտար համակարգի մեղքով նրա կյանքի և ստեղծագործության տարբեր շրջանների իրական բովանդակությունը անծանոթ է մնացել արվեստասեր հասարակայնությանը, որի պատճառով նրա մեծ ժառանգության հավաքական պատկերը չի ամբողջականացել մեկ ընդհանուր ժողովածուում: Նույնիսկ Մաեստրոյին մոտ կանգնած մարդկանց դժվարամատչելի էին նրա փարիզյան շրջանի խոշոր նվաճումները, որոնք վերջին հաշվով այդպես էլ համաշխարհային արդի արվեստի բնական գործընթացի մեջ մտնելու բախտ չունեցան, չմտան մասնագիտական հանրագիտարաններ, չգրվեցին նրա արվեստին արժանի մենագրություններ: Չէ՞ որ կային բազում վավերագրեր, որոնց մեջ Ե. Քոչարի անունը դրված է Պիկասսոյի, Լեժեի, Մատիսի, Կանդինսկու կողքին` ցուցահանդեսներ, կատալոգներ, մանիֆեստներ, ուր արժանորեն նշված է նրա անունը: Մեղավորներ փնտրելու ժամանակը վաղուց անցել է, դրանց կարելի է մեկառմեկ նշել, գտնել ճիշտ կամ սխալ պատճառաբանություններ, ուշացած խոստովանություններ, սակայն մի բան հաստատ է. ամենամեծ մեղքը մերն է ու ինչ-որ տեղ ժամանակինը:
Վերջապես այդ ծանր պարտականությունը իր վրա վերցրեց (չունենալով պետական որևէ հովանավորություն) վաստակաշատ արվեստաբան, ժամանակակից արվեստի թանգարանի և Մանկական գեղագիտական կենտրոնի հիմնադիր-տնօրեն, Մաեստրոյի մերձավորագույն բարեկամ, նրա արվեստի գիտակ Հենրիկ Իգիթյանը, որը կատարեց նաև «60-ականների» իր մի շարք գործընկերների վաղեմի բարոյական պարտքը:
Մաեստրոյի լոկ գոյությունը այդ շրջանում արդեն երևույթ էր: Նրա արվեստանոցը դարձել էր նորերի համար հոգևոր հենարան, նորին ու նորագույնին հաղորդակցվելու անփոխարինելի դպրոց: Այստեղ գալիս էին բոլոր մասնագիտությունների մարդիկ` գրող, ֆիզիկոս, մաթեմատիկոս, իհարկե գերակշռողը նորը փնտրող կերպարվեստագետներն էին` տարբեր տարիքի ու վաստակի:
Ստեղծվել է բարձրաճաշակ, աշխարհին ներկայանալի գիրք-ալբոմ, հրաշալի առաջաբանով (Հ. Իգիթյան), գեղարվեստական պատշաճ ձևավորումով (Վ. Քոչար), կյանքի և սեղծագործության համառոտ ժամանակագրությունով (Լ. Մարտիրոսյան-Քոչար), պոլիգրաֆիական բարձր կատարմամբ («Տիգրան Մեծ» հրատարակչություն, տնօրեն` Վ. Մարկոսյան):
Գրքում առաջին անգամ թարգմանաբար տպված են ֆրանսիական մամուլում 10-30-ականներին տպագըրված հիացական հոդվածները Ե. Քոչարի արվեստի և մասնավորապես նրա ձևակերպած «Քանդակագործությունը տարածության մեջ» հանրահայտ մեթոդի մասին:
Առաջաբանում գրքի հեղինակը անթաքույց վրդովմունքով արձանագրում է. «Համոթ մեզ` Քոչարի մասին վավերագրական լիարժեք ոչ մի կինոնկար, մենագրություն, ալբոմ չկա, թեև կյանքից նա հեռացել է 1979-ին, երբ Հայաստանում կային և բավականաչափ միջոցներ և տեխնիկա: Դա վկայում է մեր անտարբերությունն ու անփութությունը, և ոչ միայն այդ, նրա մասին հոդված հրատարակելու ցանկացած փորձ խափանվում էր, ձեռագիրն այնքան էին կրճատում, որ հրապարակումն անիմաստ էր դառնում»:
Վարպետի թիֆլիսյան, մոսկովյան, փարիզյան և երևանյան շրջանների ստեղծագործությունները արվեստաբանի կողմից ներկայացվում են անկաշկանդ և իմաստալից շարադրմամբ, վեր հանվում Քոչար ֆենոմենի մի շարք հատկանշական գծերը, նշվում նրա բացառիկ ընդունակությունները դեռևս պատանեկան տարիներից սկսյալ: Վաղ շրջանի գեղանկարչական որակները պարզապես ապշեցնող են. «Քոչարը միանգամից հասունացավ, նույնիսկ նրա ամենավաղ գործերում մանկության և մանկական անմիջականության հետք անգամ չկա: Իսկ այնպիսի կտավներ, ինչպիսիք են «Թասով նատյուրմորտ», «Գրքով աղջիկը», «Կշռաքարերով նատյուրմորտը», որոնք 19-ամյա պատանու կողմից նկարվել են 1918- ին, առ այսօր պահվում են Տրետյակովյան պատկերասրահում, Ս. Պետերբուրգի ռուսական թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում»: Իսկ այս շրջանի «Տղայի դիմանկարի» մասին հետագայում ֆրանսիական մամուլը պիտի գրեր. «Քսան տարեկանում Քոչարն ստեղծեց տղայի զարմանալի դիմանկար: Ըստ էության մի պատանի ուրիշ պատանու է նկարել… Քոչարի հանճարը հասկանալու համար պետք է շրջել կտավը: Դա վուշե գործվածք է` կոպիտ կարկատաններով և այդ խախուտ հենքի վրա պատկերված է սովալլուկ, հյուծված մի պատանի… նկարը մտքի հաղթանակն է անշարժ նյութի հանդեպ: Այս ստեղծագործությունը հավատի վավերագիր է»: Նույն ֆրանսիական մամուլը նկատի ունենալով վերոնշյալ դիմանկարը, արձանագրում է. «Նա նախորդեց Ալբերտո Ջակոմետտիի, Ֆրանսիս Գրոբերի, Կաֆկայի և Սարտրի միզերաբլիզմին»: Վերջապես նույն տարիքում ստեղծած «De profundis» («Ի խորոց սրտի») խոհափիլիսոփայական երկը բացառիկ տաղանդի և հասունության վկայական է, որը պատիվ կբերեր ուղածդ մեծ նկարչի:
Չնայած դրան, այդ տարիքում նրան Թիֆլիսում վստահել էին նույնիսկ դասավանդել. դեռ այդ ժամանակվանից հանդես է գալիս զեկուցումներով, մանիֆեստ գրում նոր արվեստի մասին, ծանակում ամեն հետադիմականը: Գավառը նրան փոքր է գալիս և նա ձգտում է Եվրոպա` տեսնել Վենետիկի, Հռոմի, Ֆլորենցիայի, Փարիզի թանգարանները: Եվ 1923-ին երկար ուղևորությունից հետո հաստատվում է Փարիզում, քաղաք, որին փափագել էր շատ վաղուց: Այս տարիներին նրա ստեղծած «Հարությունը», «Վահան Թեքեյանի դիմանկարը», «Տեսիլք. Քրիստոսը և Մագդաղենացին», «Ընտանիք, սերունդներ» և այլ բազմաթիվ գործեր իրենց բացառիկ գեղարվեստական հատկանիշներով և նորարական ձգտումներով արժանի տեղ են գրավում հանրահայտ նկարիչների կողքին: Արդեն 1924-ին, ընդամենը 25-ամյա Քոչարի մասին Մեծն Ավետիք Իսահակյանը պիտի գրեր. «Անսահման ուրախ ենք, որ փարիզյան քաոսում դու փայլեցիր իբրև աստղ… դա հպարտություն է մեզ համար, ազգային հպարտություն»:
Ե. Քոչարի փարիզյան շրջանի առաջին 5-6 տարիների գործերը բնորոշվում են բարձր դասականության և արդիական մտածողության (հատկապես կուբիզմի) բարդ, ինքնատիպ համադրմամբ, ուր ձևառնական և խոհափիլիսոփայական մտադրույթները դուրս են բերվում առավել լայն տարածաժամանակային հարթություններ: Արդի արվեստի մեծ նվաճումների և նրանց հեղինակների հարևանությամբ դեռ երեսունը չբոլորած հայ արվեստագետը ոչ միայն արժանապատվորեն ներկայացնում է իր արվեստը, այլև «իզմերի» քաոսում անում հայտնության հավասար մի բան` գեղանկարչության ու քանդակագործության համադրումը տարածաժամանակային չորրորդ չափման` ժամանակի ներգրավումը արվեստի ստեղծագործության մեջ: Ըստ Քոչարի, պատկերման այս ունիվերսալ մեթոդը առավել քան կարող էր արտահայտել աշխարհի արդիականացման տենդագին դինամիկան, ուր հոգեկան և հոգեվերլուծական նորագույն ուղղությունները լայնքով ու խորքով կարող էին վերապատկերել մարդ-բնություն-ժամանակ-տիեզերք հարաբերությունները:
Հաջողությունն իր հետ բերում է առաջին դժվարությունները: Ակնդրենք Հ. Իգիթյանին. «Կյանքը հիասքանչ Փարիզում հիշեցնում էր, որ ամեն ինչի համար պետք է վճարել: Մի բան ակնհայտ դարձավ. արվեստն ու առևտուրը սերտորեն փոխկապակցված են… Այս առումով բավական ուսանելի են աշխարհի առավել հեղինակավոր պատկերասրահներից մեկի` «Էֆֆոր Մոդեռնի» տիրոջ` խոշոր կոլեկցիոներ Լեոն Ռոզենբերգի և Քոչարի փոխհարաբերությունները: Ծանոթանալով երիտասարդ Քոչարի հետ, մխիթարում էր նրան. «Մի վհատվեք, համառորեն աշխատեցեք, հաջողությունն ուղեկցում է միայն արժանավորներին, ովքեր տոկուն են և համբերատար իրենց աշխատանքում: Ճանապարհի սկիզբը միշտ էլ անպտուղ է լինում, բայց իմացեք, որ դա միայն ձեր ճակատագիրը չէ, այլ իրավմամբ տաղանդավոր նորարարների» (1929 թ.): Մի ուրիշ նամակում նա հիշեցնում է, որ Սեզանը, Վան Գոգը, Ռենուարը, Մոնեն միայն հիսուն տարեկանում են հասել փառքի»: