Ռուբիկոն

Գիրք, որին սպասում էինք վաղուց

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

«Քոչարը 20-րդ դարի վարպետների հետ ցուցադրվում էր ամենապատվավոր ցուցահանդեսներում, նրա մասին հոդվածներ էին հրապարակվում մասնագիտական առավել ճանաչված ամսագրերում ու լրագրերում, գրում էին այնպիսի խոշոր դեմքեր, ինչպիսիք էին Մորիս Ռեյնալը, Մաքսիմիլիան Գոթիեն, Վալդեմար Ժորժը… Նրա ստեղծագործությունները ձեռք էր բերում ու ցուցադրում Լեոն Ռոզենբերգը, բայց Քոչարը դարձյալ անհանգիստ էր, ինչ-որ բան այնպես չէր, նա չէր կարողանում համակերպվել բիզնեսի կանոններին և հասկանալ, որ ավելի հաջողակ գործընկերներն իրենից տարիքով մեծ էին և շուկայում կարողացել էին կայուն տեղ գրավել իր` Փարիզ գալուց շատ ավելի առաջ», – գրում է Հ. Իգիթյանը: Խաղի կանոնները դաժան էին, հատկապես արվեստի աշխարհում: Ընդհանրապես, հայ արվեստի մեծերի անտեսումն ու շրջանցումը սովորական երևույթ էր, որը շարունակվում է մինչև օրս (կերպարվեստի խոշոր հրատարակություններում մեր մեծերին տեսնելը գրեթե անկարելի է «հմուտ»` կարող եք կարդալ նաև հրեա խմբագիրների շնորհիվ), այն խորը արմատներ ունի, որի պատճառները մինչև օրս էլ մենք անտեսում ենք:

20-ականների վերջին 30-ականների սկզբին Քոչարի ստեղծած հոյակապ գործերը նվաճումների և հայտնագործությունների շրջափուլ էին և բարենպաստ պայմանների դեպքում կարող էին պատվավոր տեղ գրավել աշխարհի առաջնակարգ թանգարաններում (բացառություն է կազմում Փարիզի Պոմպիդու կենտրոնը): Այդ տեղը մեր կարծիքով հանիրավի կողոպտված է և նախախնամությունը չար կատակ է խաղացել Մաեստրոյի հետ: Վկայու թյուններ` որքան ուզեք: 1936-ին դարի խոշորագույն նկարիչների թվում (Բեն Նիքոլսոն, Ալեքսանդր Կոլդեր, Խուան Միրո, Ռոբեր Դելոնե, Վասիլի Կանդինսկի, Ֆրանսիս Պիկապիա, Սոնյա Դելոնե…) Քոչարը ստորագրում է «Դիմանսիոնականների մանիֆեստը», որի մեջ մասնավորապես նշված է. «…Դիմանսիոնականության հիմքում ընկած են եվրոպական մտքի նորագույն գաղափարները տարածության և ժամանակի մասին, որոնք հայտնի են մասնավորապես Այնշտայնի տեսությունից, ինչպես նաև մեր դարաշրջանի տեխնիկայի վերջին նվաճումները… և արվեստում եղած նախկին բոլոր սահմանափակումներն ու սահմանները վերանում են… այս ֆենոմենը մենք անվանում ենք դիմանսիոնականություն»: Մանիֆեստի մասնակիցները առանձին-առանձին սեղմ ձևակերպում են իրենց գաղափարները: Քոչարը մասնավորապես ազդարարում է. «Թևավոր մարդ. նկարչություն տարածության մեջ: Իմ ամենամեծ գոհացումն այն է, որ կարողացա օդափոխել Էվկլիդեսի ուղեղը. բաց քանդակագործություն»: Վարպետի իմաստուն կանխատեսումներն ապացուցվեցին հետագա տասնամյակներում` ընդհուպ մինչև տիեզերագնացության նվաճումները:

Ահա թե ինչ է գրում 1966-ին Փարիզում կազմակերպված Քոչարի անհատական ցուցահանդեսի մասին հանրահայտ ֆրանսիացի արվեստաբան և Մաեստրոյի արվեստի լավագույն գիտակ Վալդեմար Ժորժը. «Քոչարի նկարչությունը տարածության մեջ ժամանակակից արվեստի մեծագույն նվաճումն է` ինչպես Կոստանտին Բրանկուզիի, Ժան Արպի մաքուր ձևերը, Պաբլո Պիկասսոյի և Բրաքի թեթև կառուցվածքները` ալիքավոր ստվարաթղթից ու սոսնձված թղթից, Ռոբեր և Սոնյա Դելոնեների բազմագույն ռելիեֆները, Կոլդերի շարժվող ձևերը… բայց Քոչարն այդ արտահայտման եղանակներին տուրք չի տալիս, ավելի շուտ նա այդ արվեստը ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ԲԱՆԱԼԻ Է ՀԱՆՁՆՈՒՄ ՄԵԶ: Քոչարի նկարչությունը տարածության մեջ փոխզիջում չէ:

Դա ինքնավար արվեստ է` իրեն հատուկ բառապաշարով և շարահյուսությամբ… Նկարչությունը տարածության մեջ քանդում է քանդակագործության և միահարթ գեղանկարչության սահմանները, վերանայում ընկալման կանոնները և նոր տեսանելիակերպ է ստեղծում: Այն նոր ուղի է բացում նկարիչների և քանդակագործների առաջ: Նա իր բարձրության և ցնորատեսության դարի աստիճանի վրա է: Ժամանակն է, որ Քոչարին հատուցենք այն տուրքը, որի իրավունքը նվաճել է նա»: Այս մտքերը ասվում են տարիներ անց, այն գիտակցությամբ, որ մեծ արվեստագետը չգնահատվեց ըստ արժանվույն: Սակայն իր կյանքի ամենադրամատիկ և անհեթեթ շրջանը դեռ առջևում էր, երբ հայրենակարոտ արվեստագետը վճռեց վերադառնալ Հայրենիք, մասնակից դառնալ նրա նոր վերաշինությանը: Սակայն ընտրել էր մի թվական, որի միայն արտաբերումն անգամ սարսուռ է առաջացնում մարդուս գիտակցության մեջ: Թվում է, ինչ կա որ, ամեն մի նորմալ մարդ հայրենիքով է հզոր, նամանավանդ արվեստագետի մեծությունը չափվում է Հայրենիք-ժողովուրդ սրբազան գաղափարներով, քանզի նա այդ գաղափարների կարևոր մասնիկն է և դրա խտացումը:

Ե. Քոչարին նվիրված գիրք-ալբոմի առաջաբանի վերջին` երևանյան շրջանը առանց հուզմունքի և հոգեկան ցնցումների հմարավոր չէ ընթերցել: Դա նաև պայմանավորված է նրանով, որ Հ. Իգիթյանը ինչ-որ շրջանից սկսած համատեղ ապրեց այդ կենսագրությունը. միջնորդված չէին Մաեստրոյի կյանքի այս կամ այն ելևէջները արվեստաբանի համար, նամանավանդ շատ ու շատ դեպքեր տեղի են ունեցել իր կյանքի օրերում: Այդ տողերն ապրված են և կենդանի շունչ ունեն: Նա գրում է. «Նրա կյանքի հաջորդականության մեջ տրամաբանություն փնտրելն անիմաստ է. նրանում անբացատրելի շատ բան կա. Փարիզ ընկնելու ձգտումը միանգամայն բնական էր… Կորցնելով դստերն ու առաջին կնոջը` Վարդենիին, որոնք մահացան թոքախտից, երկար տառապանքներից ու զրկանքներից հետո Քոչարը սկսեց կամաց- կամաց ոտքի կանգնել, գնալով մեծանում էր համբավը, խոշորագույն հեղինակությունները ընդունում էին նրա արվեստը… Եվ վերջապես նրա կողքին էր հմայիչ Մելինեն, որ ընտանեկան ծանր ողբերգու- թյունից հետո կրկին ոգեշնչել էր նրան: Ու հակառակ այդ ամենին` նրա մեջ գնալով ամրապնդվում էր Երևան մեկնելու հաստատ որոշումը: Ի՞նչ է դա: Լիակատար անտեղյակությո՞ւն: Բացառվում է: Ծայրաստիճան միամտությո՞ւն և դյուրահավատությո՞ւն:

Բնորոշ չէ: Սոցիալիստական հասարակության շինարարության գործին մասնակցելու անզուսպ ձգտո՞ւմ: Նա միշտ էլ քաղաքականությունից հեռու է եղել: Կարոտա՞խտ: Երևանում երբեք չի ապրել:

Բանն այն չէր, որ Քոչարը մեկնեց Փարիզից, այլ այն, որ նա ընդմիշտ զրկվեց այնտեղ վերադառնալու հնարավորությունից: Դա ոչ միայն Քոչարի, այլ ցմահ բանտարկության դատապարտված միլիոնավոր մարդկանց ողբերգությունն էր: Ակամա մտածում ես մեծ ողբերգակ Վահրամ Փափազյանի բացականչությունն իր հոբելյանական երեկոյի ժամանակ.

«Աղաչում եմ, թողեք մեկնեմ Լոնդոն` Շեքսպիրյան փառատոնին, ես այնտեղ չեմ մնա, կվերադառնամ»: Հասկանալի է, նրան թույլ չտվեցին…: Ներողություն խնդրելով ընթերցողից երկարաշունչ մեջբերման համար, պետք է ավելացնել. 36 և 37 նզովյալ թվերը 20-րդ դարի ստալինյան բռնակալության այն վերին նիշերն էին, երբ մարդկային արժանապատվությունն ու տառապանքը դժոխային հարթության վրա դրվեցին և իբր 15 թ. եղեռնագործությունը քիչ էր մեր ժողովրդի համար, բիրտ տոտալիտարիզմը կատարելության հասցրեց ոճիրը մարդու և մարդկության հանդեպ: Ե. Քոչարը «համտեսեց» բոլոր այդ դաժանությունները, սակայն ամենանողկալին արվեստագետ գործընկերների պահվածքն էր, ծանր պիտակներ կպցնելու նրանց վարպետությունը: Ե. Քոչարն էլ, ինչպես միշտ, «հակա» էր ու ֆորմալիստ, որի տակ պետք էր հասկանալ ընդամենը նոր և ազատ մտածողություն: Եվ այսպիսի մթնոլորտում մեծ արվեստագետը գտավ «երկխոսության» այն ընդունելի տարբերակը, որը ժամանակին հորջորջվում էր սոց. ռեալիզմ ձևակերպումով: Սակայն բարձր դասականության և մեծ ռեալիզմին հավատավոր արվեստագետի համար ոճական գաղտնիքներ չկային, դրանք արյան բաղադրություն էին դեռ պատանեկության շրջանից: Մարդկայնորեն բնական է, որ այս ընթացքում, ծանր միջավայրում վարպետն ունեցավ վայրէջքներ և անկումներ, «պատվիրատուի» ճաշակը բավարարող կասկածելի գործեր ստեղծեց, սակայն ներքին զսպվածությամբ և ճակատագրի հարվածները դիմագրավելով փորձեց հարմարվել տեղական պայմաններին: Ժողովրդի ոգին արտահայտող խորհրդանիշերը նրա համար դարձան ստեղծագործության ոգեշնչման աղբյուր: Այն ինչ ժողովրդինն էր և նրանից էր ծնունդ առել, պահեց մաքուր և անեղծ, գիտակցելով, որ դրանք չէր կարելի «ֆորմալ» փորձությունների ենթարկել:

Մաեստրոյի հայաստանյան շրջանի բազում և բազմակերպ հորինվածքները ժամանակի հետ գալարվելով դարձել են 20-րդ դարի հայ արվեստի նվաճումներ: Առաջին գործը, որ կատարեց` Հայաստանում «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումներն էին, որը նրան պատվիրեց Հովսեփ Օրբելին, էպոսի 1000-ամյակի տոնակատարությունների շրջանում: Այս փայլուն գրաֆիկական թերթերը վկայեցին վարպետի ոչ միայն հայոց պատմության խորը իմացությունը, այլև գտան դրա պատկերման բացառիկ համապատասխան ձևամիջոցները: Ոգեշնչված այս թեմայով, նա ստեղծեց մեր ժողովրդի հոգեկերտվածքը արտահայտող Դավթի արձանը, Վարդան Մամիկոնյանը, Զվարթնոցի արծիվը, գեղանկարչության ասպարեզում ընդհանրական, ծրագրային հանդիսացող հոգեցունց «Պատերազմը», հրաշալի երփնագիր և գրաֆիկական թերթեր, «քանդակագեղանկարչությունը տարածության մեջ» սկզբունքով արված հիանալի գործեր:

Բարձր կոչումներն ու տառապանքները արտացոլում են վարպետի կյանքի և արվեստի լուսավոր և հակադիր կողմերը, մի բան, որ նախախնամությունն էր սահմանել նրան ի վերուստ:

Հ. Իգիթյանի հավաքական բնութագրումներով էլ ավարտենք մեր խոսքը. «Մաեստրոն հավերժական հուշարձաններ է թողել ի հիշատակ, նույնքան հավերժական, որքան և աշխարհին Քոչար պարգևած ժողովուրդը, իսկ մենք, նրա ժամանակակիցները, փորձում ենք մեր համեստ ներդրումն ունենալ մեծ Քոչարի կենսագրության շարունակության մեջ: Թող նրա արվեստի լույսը մշտապես վառվի եկող սերունդների համար` շարունակ հիշեցնելով արվեստի ուղիների անվերջության և նրա հավատավոր ճամփորդներից մեկի մասին»:

Կարդալ նաև

Արվեստ Մոնդրիան և Մալևիչ. արևելք-արևմուտք հակադրության հաղթահարումը Դիտեր Ռուդլոֆ Ինչպես որ Եվրոպան աշխարհագրապես դեպի արևմուտք միտվածության մեջ ավելի ու ավելի է դիֆերենցվում և անհատականանում, բյուրեղանում կոշտ ձևերում, իսկ դեպի արևելք ընդհակառակը, ավելի ու ավելի է ինտեգրացվում, աստիճանաբար տարրալուծում բոլոր ֆիքսված ձևերն ու… Արվեստ Արվեստի իմաստը Անդրեյ Բելի Ռուսական սիմվոլիզմի մեծ գաղափարախոս, բանաստեղծ, արձակագիր ու մտածող Անդրեյ Բելիի «Արվեստի իմաստը» հոդվածը գրվել է 1909 թվականի սեպտեմբերին, հեղինակի վկայությամբ՝ Մոսկվայում, Պետերբուրգում և Կիևում կարդացած դասախոսությունների հիման վրա: Հոդվածը… Արվեստ Պիկասսոյի ստեղծագործությունը ծածկագրված օրագիր է՝ մեջը լիքը սուտ Ջոն Ռիչարդսոն Ջոն Ռիչարդսոն, 74 տարեկան, կազմում է Պիկասսոյի երբևէ գրված ամենամանրամասն և ամենաճշգրիտ կենսագրականը: Իր գրքի և արվեստագետի հետ իր հանդիպումների մասին է պատմում նա Նյու Յորքում ART-ի խմբագիր Ալֆրեդ Վելթիի հետ զրույցի ժամանակ: ART Պարոն…