Ռուբիկոն

Հայաստանի ճարտարապետության պատմության շուրջ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Հայնց Թիրշ

Հայկական ճարտարապետական հուշարձանները մեզ են հասել հրաշալի ավարտունությամբ: Նրանց մեծ խտությունը հետազոտողներին գայթակղում է տրվելու ոճահամեմատական վերլուծությունների և մնալու այն գիտակցության, թե դրանով ինչ-որ էական բան է արվել: Պետք է կասկածել, թե դա այդպես է: Հենց այն պատճառով, որ 19-րդ դարը մեզ շատ է զրկել ձևերի համեմատությամբ չտարվելու համար անհրաժեշտ հողից: Քանզի տարվելով համեմատությամբ` մենք տեսադաշտից կորցնում ենք առանձնահատուկը: Առանձնահատուկը տարբերելու կարողությունը բավարար զարգացում չի ստանում: Առանց այդ կարողության բնութագրականը հեշտությամբ կկորչի, այն դեպքում, երբ դա է հետազոտության կորիզը:

Հոգևոր գիտությունները 19-րդ դարի ընթացքում զրկվել են սեփական, իրենց հարիր մեթոդից: Դրանք հեղեղվել են բնական գիտությունների մեթոդներով: Դրանից ի վեր հոգևոր գիտությունները ենթարկվել են բնագիտական հետազոտության սկզբունքներին, առանց խորհելու, թե դրանով սեփական գիտական կեցությունը որքանով են իրենց խորթացնում: Օրինակ, 19-րդ դարի սկզբի Բավարիայի գիտությունների թագավորական ակադեմիայի զեկուցումներն ուսումնասիրելիս երևում է, որ պատմական հետազոտությունը դեռևս չէր տուժել գտածոյական հնագիտության հնաբանության խիստ վկայակոչումից: Գիտուններն իրենց դրույթները զարգացնում էին համընդգրկուն մեծ գաղափարներից: Նրանք նաև առանց պեղումներով երևան հանված գտածո ապացույցների գտան, որպես հոգևոր գիտություն, ոչ միայն վարկածներից կախված լինելու երաշխիքը:

Մինչ այդ գոյություն է ունեցել ապահովության մեկ այլ ձև, հետազոտող ոգու ինտենսիվ ջանքի մեկ այլ կերպ, լայն կողմնորոշման և պատասխանատվության մեկ այլ եղանակ: Այն ժամանակ ամենևին էլ պակաս գիտական չէին, իսկ մասնագիտական մեթոդիկայում ինքնիշխան էին: Դեռևս կենդանի էր երկու Հումբոլդների մաքրագործող ազդեցությունը: Մասից` ամբողջի, իսկ ամբողջից մասի հնարավորությունների մասին եզրահանգելու ընդունակությունները միտք էին կրում, ավելի ոգեղեն էին և ոչ մի դեպքում չէին որոշվում ոճական համեմատություններով: Ոճական համեմատություններ, իհարկե, միշտ էլ արվում էին, բայց չունեին այն գերակշռությունը, որ այնուհետև կոչված էր դուրս մղելու հետազոտողի` պատասխանատվությունը գիտակցող մտարվեստը: Հոգևոր գիտություններում երևան էր գալիս ճշմարտության մեկ այլ տեսակ: Հիմնականում եկեղեցական ճարտարապետություն հանդիսացող Հայկական ճարտարապետական արվեստի պարագայում դժվարությունն իսկույն ներկայանում է իր ամբողջությամբ: Քանզի քրիստոնեության ըմբռնումը կորցնելուց հետո այլևս չեն կարողանում գլուխ հանել նաև քրիստոնեության այդ կառուցված վկայություններից: Ձեռքի տակ են հայկական քրիստոնեության ստեղծած ձևերը, բայց այլևս կորսված է այդ կառույցներում դրսևորվող բովանդակությունը: Եվ քանի որ այդ ըմբռնման կորուստն աշխարհի մասշտաբով է կորուստ, ուստի ձևերի համեմատությամբ անհնար է հասնել հասկացողության: Կրոնի ըմբռնման վերաձեռքբերումն է որոշ չափով Հայկական ճարտարապետական հուշարձանների հետազոտման նախադրյալը:

Քանի որ գոյություն ունի մեր դարերի մի տեսակ ընդհանուր կորուստ, ուստի և հարկ է առանձին-առանձին փորձել աննշմար ճամփաներով հասնել գործի ողջ առնչակցության հասկացողությանը: Թող այս ուրվագծային շարադրանքը իր համեստ նպաստը բերի այդ գործին: Դա չի դիպչում հնագետների տանջալից և միաժամանակ նաև վաստակաշատ աշխատանքին: Նրանք անփոխարինելի բան են անում` եղածը վեր հանելով, փրկելով և պահպանելով, այնպես որ, գոնե այնքան բան է ակնառու մնում, որքան ընդհանրապես դեռ կարելի է պեղել և իմանալ: Այդ ջանքերն անշփոթելի մեծ երախտիքներ են, առանց որոնց հնագիտությունն ընդհանրապես չէր կարողանա այլևս առաջ շարժվել: Այնպես որ, պետք չէ կարծել, թե այստեղ ես ինչինչ առարկություն եմ ուզում անել: Դա անհնար է: Իմ առարկությունը, ինչպես նկատելի է, ուղղված է բոլորովին այլ բանի:

Մեր առնչությամբ կրոնի վերագտնումը չի կարող մտածվել ո՛չ կրոնի ապամիթոսականացումից, ո՛չ էլ` Հիսուսի կյանքի հետազոտությունից կախվածության մեջ: Կարևորը, սակայն, մինչ օրս որպես հաստատ մնացած փաստերի համակցումները չեն: Կարևորն այն իմպուլսի փաստն է, ինչի մասին է խոսքը: Քանզի ողջ քրիստոնյա աշխարհում քրիստոնեական վկայությունների ետևում ակներևաբար թաքնված է այդ իմպուլսը: Կարելի է Ռանքեի պես գրել աշխարհի պատմություն և անտեսել քրիստոնեության իմպուլսը` կարծելով իբր այն չկա: Ուշադիր ընթերցողը կնկատի, որ Ռանքեի այդ աշխարհի պատմությունը հաշմված պատմություն է, որովհետև աշխարհի պատմությունն ըստ էության անհնար է հղանալ առանց ճառագող իմպուլսների: Առանց շարժիչի ավտոմեքենան օգտագործման ենթակա ավտոմեքենա չէ: Ահա և հռչակավոր պատմաբան Ռանքեն փայլուն նմուշն է այն բանի, թե ինչպես կարելի է գիտականորեն անբասիր ու անպարսավ կերպով գործի անցնել, բայց չշոշափել կարևորագույնը, որից և ամեն ինչ սկսվում է:

Այսպիսով, այստեղ չպետք է դրվի այն խնդիրը, թե նախ պետք է փաստարկել այդ կրոնի առկայության օգտին: Ես ինձ թույլ եմ տալիս մտքերս ձևակերպել այն ժամանակների համար, երբ այլևս չպետք է բանավիճել կրոնի լինել-չլինելու մասին, ինչպես այն երևութացել է քրիստոնեության մեջ: Իր ազդեցությամբ կրոնն ինքը կփաստարկի իր օգտին, որովհետև իր ազդեցության մեջ անկախ է գիտության կողմից ճանաչվելուց: Մարդ ստիպված է լինելու խորհել, թե ինչ է նշանակելու գիտության համար այդ իմպուլսներից անկախ մնալ, որոնց առկայությունը նա մերժում է, ասես կարելի է տրամաբանական եզրահանգումներով լուծել այն, ինչն իր բուն էությամբ չի տրվում տրամաբանությանը: Մենք դեռ շատ թռուցիկ փորձ ունենք այն բանի վերաբերյալ, թե ինչ դուրս կգա բնագիտությունից, եթե լիովին անջատվի հոգևոր կյանքից և այդ կյանքը համարի երևակայություն: Հայկական ճարտարապետական հուշարձանների գնահատման համար այս խնդիրը որպես երկրորդական նախ հանգիստ պետք է մի կողմ դնել և հենվել մեծ ավանդույթների հին հոգևոր հիմքերին:

Եթե այսուհետ թույլատրվի մի կողմ դնել այն, ինչ ներկայիս գիտական քննադատության մեջ չի կարող իր ավարտին հասցվել, ապա ճարտարապետների ելակետային ապրումների հիման վրա անմիջապես կարելի է անցնել ճարտարապետական հուշարձանների առաջին արժևորմանը: Սովորական բան է դարձել ռոմանական կառույցներն ամենուրեք համեմատել իրար հետ: Բայց այդ համեմատումները չեն հասնում իմպուլսացած տարբերակման ամբողջ ընդգրկույթին: Քանի դեռ տարբերակումը հնագիտական կողմնորոշում ունի, չպետք է սպասել, թե ինչ-որ բան դուրս կգա: Քանզի ավելի շատ կարևոր են գաղափարները, որ նիրհում են բուն օբյեկտներում, ինչպես դրանցում ներգաղտնավորված գաղափարները: Գյոթեն մի անգամ դա անվանել է բացահայտ գաղտնիք: Իհարկե հենց ոճական համեմատությունն է կամենում ընկնել այդ գաղտնիքների հետքի վրա: Բայց քանի որ համընդհանուր համարում ունեցող օրենք է` նույնը նույնով է ճանաչվում, – գրեթե անհնար է ճարտարապետական ձևերի լեզուն վերլուծելով` հասնել ներքին գաղափարներին: Անհրաժեշտ է սկզբից ևեթ գաղափարներով մերձենալ կառույցներին, որպեսզի այնուհետև տրված հարցերի համար գաղափարները պատասխանեն գաղափարներին: Հակառակ դեպքում ամեն անգամ պատասխանն անբավարար է լինելու: Այստեղ կիրառելի մեծ հարց-գաղափարներից է ռոմանական ճարտարապետական ոճի տարբերակման հարց-գաղափարը` այդ ոճն ստեղծող, այն շարժող և կենդանացնող հիմունքային գաղափարների առումով: Քանզի սկզբում չկար որևէ հայեցակարգ, թե այդ ճարտարապետական ոճն ինչ զարգացում պիտի ունենա. կարող էր լինել միայն նրան անմիջական ակնթարթից դեպի զարգացում մղող իմպուլսը: Այստեղ ինչոր սկզբնակետ դնելու համար նախնական, ընդամենը թռուցիկ դիտարկումը, երևան է հանում մոտ քառակի իմպուլսացում, որին ստորև կանդրադառնանք ուրվագծի տեսքով: Բայց այդ քառակին պետք է ընդունել իբրև ամբողջ և որպես ամբողջ դնել ռոմանական ճարտարապետական ոճի ճարտարապետական իմպուլսի հիմքում: Եվ կարելի է տեսնել, թե դրանով ինչպես է գիտակցվում էական մի հարստություն, որ օգտակար է դառնում եվրոպական ռոմանիկայի ամբողջի պարզեցման համար: Այսպիսով ոչինչ իրար չի հակադրվելու, այլ ընդհակառակը` 4 երևութաձևերի համակցումը պետք է մատնանշի ռոմանական ոճի հարստությունը: Հակիրճության համար հրաժարվում ենք բազում հնարավոր վկայակոչումներից:

Կարդալ նաև

Արվեստ Մաքս Պիկարդ . Ատոմականացումը ժամանակակից արվեստում Մաքս Պիկարդ Այդ պատճառով էլ զանազան Մուսաների և այլ պաշտոնների բարձրացրած աղմուկը օբյեկտիվության հասնելու համար զուր է և անօգուտ` բարձունքներ նվաճելու առումով, քանզի օբյեկտիվությանը միայն օբյեկտներն են պատկանում, վերջիններս, սակայն, նոր ժամանակներին մասամբ… Արվեստ Հատվածներ «Գրվածքներ և նամակներ» գրքից Ալբրեխտ Դյուրեր … Թող Աստված զորացնի մեզ մեր բարի գործերում և թող լուսավորի մեր հակառակորդներին, խեղճուկրակ կույր մարդկանց, որ չկործանվեն իրենց կուրության մեջ: Ապավինենք Աստծուն: Եվ ով իր փնտրտուքի մեջ իմ օգնությանը դիմել ցանկանա, նշանակում է այս արվեստի… Արվեստ Սա ծխամորճ չէ Միշել Ֆուկո Ահա երկու ծխամորճ Առաջին տարբերակը` կարծեմ 1926 թվականինը, խնամքով նկարված ծխամորճ է, իսկ ներքևում (գրված կանոնավոր, փութաջան, արհեստական ձեռագրով` աշակերտական ձեռագրով, որի նմանը կարելի է գտնել որպես նմուշ, դպրոցական տետրերի վերևում, կամ էլ`…