Մաքս Պիկարդ . Ատոմականացումը ժամանակակից արվեստում
Մաքս Պիկարդ
Այդ պատճառով էլ զանազան Մուսաների և այլ պաշտոնների բարձրացրած աղմուկը օբյեկտիվության հասնելու համար զուր է և անօգուտ` բարձունքներ նվաճելու առումով, քանզի օբյեկտիվությանը միայն օբյեկտներն են պատկանում, վերջիններս, սակայն, նոր ժամանակներին մասամբ պակասում են, մասամբ էլ ձուլվել-կորել են Ես-ում:
Ժան Պոլ
Ընկերոջս` Բեննո Ռայֆենբերգին
Նկարների ասպեկտը
Երբ ամիսներ առաջ ցուցահանդեսներից մեկում կուբիստական, աբստրակտ, սյուրռեալիստական նկարներ տեսա, ինձ թվաց, թե այդ նկարները նկարվել են ոչ թե այս երկրի վրա, այս երկրի իրերի հետ ապրող մարդկանց կողմից, այլ այնպիսի էակների, որոնք երկրից և նրա իրերից անջատ, փորձել են հիշողությամբ նորից պատկերացնել երկիրը և նրա իրերը, սակայն նրանց սոսկ հաջողվել է հիշողությունից կորզել այդ առարկաներից ինչ-որ կտորներ, ծվեններ, երբեմն նաև ինչ-որ բզկտված մարդկային ֆիգուր: Դրանք բոլոր առարկաների հիմքում ընկած նախապատկերին վերաբերող առարկայական պատկերներ չէին, այլ` ոչ մի բանի հետ կապ չունեցող պատահական երևույթներ: Շրջանակի մեջ դրված շտրիխների, շրջանների, երկրաչափական սեգմենտների նմանօրինակ խուրձը կարծես ամենևին չէր մնալու այդպես, այլ հաջորդ պահին կալեյդոսկոպի պես փոխվելու էր նոր համակցության, որը նորից սոսկ փոփոխություն էր ակնկալելու: Այդպիսի նկարում կեցություն (Da-sein), տևողություն չկա: Վճիռ կայացնելով որևէ օբյեկտ վերցնող և այն Արարչի հետ առնչվող կարգի մեջ դնող մարդն անհետացել է:
Արդյո՞ք մարդու ինքնավարությունն այսօր այդքան զորեղ է, հենց իրեն` մարդուն գերազանցող ու վարակիչ, որ նրա ստեղծած իրերը ևս, տվյալ դեպքում` շտրիխները, բծերը, իրերի մասերը նկարներում, դառնում են ինքնավար` այլևս չհոգալով մարդու մասին:
Պատկերը, սակայն, իրավունք չունի ուրվականի նման հայտնվելու և անհետանալու` նորից հայտնվելու և կրկին անհետանալու համար, այլ պետք է որոշակի կարգավորության կայուն մաս լինի: Քանզի իրերն իրենք են ուզում ազատվել հազարավոր հնարավորությունների անհանգստությունից և վտանգից, որոնց ենթակայության տակ են ընկած, և Արարչի հետ միասնական մարդու ոգու միջոցով նաև մասնակցել այդ միասնության պաշտպանությանը: «Պատկեր և ճշմարտություն» կարևոր հոդվածում Հանս Սեդլմայերն ասում է, որ այնտեղ, ուր այդ կապերը կտրված են, հաճախ միայն ցուցահանդեսի կատալոգի ցանկից ենք տեղեկանում, թե նկարն ինչի մասին է, սակայն այդ բնորոշումները հուսալի չեն:
Նույն հոդվածում Սեդլմայերը նկարների այդ տեսակը անվանում է դիվային, սակայն ինձ թվում է` դիվայինը ենթադրում է այնպիսի մտադրություն և լրջություն, ըստ որի աշխարհն իրոք կարգավորությունից պետք է բերվի անկարգության. դիվայինն այստեղ առկա է սոսկ ակնթարթի պատրանքում, հաջորդ ակնթարթին հավանաբար հրեշտակային պատրանքի վերածվելով, թերևս միայն հայտնվելով և կրկին անհետանալով. տեղին չեն ո՛չ դիվայինը, ո՛չ էլ հրեշտակայինը: Յուրաքանչյուր բովանդակություն այլասերվում է այնպես, որ սոսկ ակնթարթը լցնելուն ծառայի:
Նկար և առարկա
Ժամանակակից արվեստին վերաբերող մի աշխատության մեջ ասվում է. այսօր ամեն ինչ ակնթարթային է, և իրերի կերպարանքը տրոհվում է այսօր. դա ընդհանրապես մեր ժամանակների միտումն է, և արվեստագետը պետք է աջակցի այդ տրոհումին, արագացնի այն` իր ստեղծագործություններում իրերն է՛լ ավելի տրոհված ու մասնատված պատկերելով, քան նրանք իրականում կան, – դա նշանակում է` արվեստագետն ապրել է այդ ժամանակաշրջանում:
Այս փաստարկը նման է հետևյալին. եթե մեկն ասեր, որ միայն այն բանի համար է մասնակցել հիտլերյան ռեժիմին, որպեսզի իրեն և ուրիշներին ապացուցի, թե վերապրել է հիտլերյան ռեժիմի ժամանակաշրջանը. սակայն վերապրել որևէ ժամանակաշրջան կարելի է նաև դրան դեմ լինելով:
Այդ աշխատության մեջ գրված է նաև, որ այսօրվա մարդն ունի «նիստավորված գիտակցություն», այսինքն` գիտակցության մեջ իրը դրսևորվում է ոչ թե իր հիմնական ձևով, այլ միաժամանակ զանազան ձևային ասպեկտներով` իրականության շրջապտույտին համապատասխան, որը մի իրը միաժամանակ տարբեր ասպեկտներից է նետում մեզ: Արվեստի բզկտված ձևն այսպիսով համապատասխանում է բզկտված իրականությանն ու գիտակցության բզկտված տեսակին:
Սակայն մատնանշելով այս համապատասխանությունը` ոչ թե ճշմարտություն են ասում, այլ պարզապես ամրագրում են այն: Իսկ մարդու խնդիրը ոչ թե իրականության յուրաքանչյուր խառնաշփոթ գրանցելու մեջ է, այլ այն կարգավորելու: Գիտակցության հարաբերությունը իրականությանը ճշմարիտ է միայն այն դեպքում, երբ գիտակցությունն իրականությունը ճանաչում է որպես արարչակարգի մաս կամ թափոն: Միայն այդ դեպքում է գիտակցությունը դադարում սոսկ գրանցող սարք լինելուց` դառնալով ճշմարտության ֆունկցիա:
Ինքնըստինքյան հասկանալի է, որ արվեստագետը մասնակից է իր ժամանակին հենց այն պատճառով, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում այդ ժամանակաշրջանում, տեղի է ունենում նաև իր համար, նա պետք է պատասխանի դրան իր արվեստով և, պատասխանելով դրան, կրի պատասխանատվություն: Դա տեղի է ունենում այն բանի շնորհիվ, որ «շահագործման» մեջ իրենց էությունը անորոշացրած և տկարացած իրերին նա նորից ամբողջականություն է տալիս կամ նրանցում բացահայտում է այդ ամբողջականությունը կորցնելու վիշտը. իսկ այսօրվա ատոմականացնող պատկերման արվեստագետը տրոհվող իրերը ցուցադրում է ոչ թե վշտահար, այլ ցնծալով, այնպես, կարծես իրերն իրենց լավ են զգում ավերումի մեջ. արվեստագետը ցնծում է` ավերումի այդ հաճելի վիճակում դրանց ձեռք գցելու համար: Նա մոռացել է, որ իր առաջադրանքն է եղել` «գործածված» օբյեկտն իր հայացքի ներքո նորից կազդուրելը, նրան իր ողջ էությունը վերադարձնելը (իսկ այդ ողջ էությանը կարող է նաև պատկանել այն վախը, որ օբյեկտը կարող է վերանալ). օբյեկտը պետք է արվեստագետի միջոցով նորից ինքն իրեն վերադառնա. «գործածության» մեջ նա կորցրել է իրեն ուրիշների և ուրիշի առնչությամբ:
Երբեմն ինձ թվում է, որ աբստրակտ արվեստագետը ևս ուզում է գործածությունից դուրս բերել կեղեքված օբյեկտը, դրա համար էլ նա դեֆորմացնում է այն` կարծես ուզենալով օբյեկտն այդպիսով անգործածելի դարձնել: Դա կլիներ ընդվզում, օրինական ընդվզում, սակայն չէր լինի օբյեկտի ազատագրում և հարցի լուծում:
Ամբողջականացնող, առողջացնող բան է ճառագում այն նկարից, որում իրերը արվեստագետի միջոցով ետ են ստանում ամբողջականությունը կամ երբ նրանք նրա միջոցով նվեր են ստանում իրենց ավերման մասին վիշտը: Աշխարհը ծաղկում է, ծավալվում, աճում. հակառակ դեպքում` այն թառամում է: Քանզի ինչ-որ սպառող բան կա մասնատման երևույթի մեջ. սպառող` մասնատված օբյեկտի սահմաններից դուրս (այդ մասնատման վերջը ատոմային ռումբն է, որն ընդհանրապես չմասնատված ոչինչ այլևս իր կողքին չի հանդուրժում):
Մասնատված առարկաները
Չինացի որևէ նկարչի նկարում առարկայի որևէ հատվածից, օրինակ` ծաղկած փոքրիկ մի ճյուղից, զգացվում է ողջ ծառն ու գարունը. ծաղկած այդ ճյուղը անտեսանելիորեն նկարված ողջ ծառի տեսանելի դարձած մասն է. ծաղկած ճյուղը պարփակված է անտեսանելիորեն նկարված ամբողջի ողջ տարածությամբ. չես համարձակվի այդ «դատարկ» տարածության մեջ մեկ այլ բան ևս ավելացնել, նույնիսկ չես համարձակվի այդտեղ կարգին նայել` այնքան շատ է այդ տարածությունը պատկանում անտեսանելի ծառին. ինչ-որ ամոթխածություն է գալիս այդ անտեսանելի ծառից, և այդ ամոթխածությունը ամենագեղեցիկ բանն է չինական նկարում: