Մաքս Պիկարդ . Ատոմականացումը ժամանակակից արվեստում
Կա որոշակի տարբերություն, արդյո՞ք որևէ դարաշրջանի ֆիզիոգնոմիան միասնական է, որովհետև ինչ-որ գաղափար թափանցում է տվյալ դարաշրջանի բոլոր երևույթների մեջ, թե՞ ամեն ինչի համանմանությունը պայմանավորված է լինում համապատասխանաբար ամեն ինչի տրոհումով: Մեկը` համանմանություն է որևէ գաղափարի բեղմնավորող լիությամբ, մյուսը` մեխանիկական համահավասարեցում է կործանման նույնականությամբ:
Երբեք այսքան շատ չեն բանավիճել նկարների շուրջ, որքան այսօր. և երբևէ նկարներն այդքան քիչ ազդեցություն չեն ունեցել մարդու հոգու և ոգու, հասարակության, տնտեսության, պետության վրա: Դա վերաբերում է ոչ միայն ժամանակակից նկարներին, այլ այսօր նկարներին ընդհանրապես: Տնտեսությունը, հասարակությունը, պետությունն ու կրթությունը միանգամայն շահով են պայմանավորված: «Նույնիսկ երկնքի և երկրի միջև ընկած տարածությունը սոսկ լուսավոր հոր լինի ասես, որ ծառայում է ինքնաթիռների թռչելուն: Ջուրն ու կրակը, տարրերը ներքաշվել են շահի աշխարհը և նշմարվում են միայն այնքանով, որ մաս են կազմում շահի այդ աշխարհում. նրանք ինքնին այլևս գոյություն չունեն»: (Մաքս Պիկարդ. «Լռության աշխարհը»)
Ամեն ինչ որոշվում է ելնելով շահից. սակայն նկարները «սուրբ անշահավետություններ են»: Եվ իրենց «սուրբ անշահավետությամբ» անպիտան այդ նկարները առնվազն պետք է ծառայեն իբրև բանավեճի առարկա: Տրոհված հասարակությունը նկարներում, նկարների մասին խոսակցություններում միջոց է գտնում ընդհանրականության համար. բայց դրա կեղծ ընդհանրականություն է. բանավիճում են նկարների մասին` ուրեմն ինչ-որ ընդհանուր բան ունեն. բանավեճ ունեն նկարների մասին` ուրեմն այլևս մեկուսացված չեն: Նկարները ծառայում են որպես հասարակությանը միավորող կեղծ միջոց. դրանք ընկել են սոցիոլոգիական կա- տեգորիայի մակարդակի:
Միջնադարում վարպետների նկարների մասին գրեթե չէին խոսում. նկարներն իրենք էին խոսում: Նրանցում պարզորոշ էր այն, ինչ ամենուր էր առկա, միայն ավելի պակաս տեսանելի. այդ իսկ պատճառով դրանք բնավ այդքան աչքի չէին ընկնում, ինչպես այսօրվա նկարները, որովհետև այն, ինչ երևում էր նրանցում, անտեսանելիորեն առկա էր մարդկանց բոլոր կարգերում: Այնտեղ, ուր նրանք հայտնվում էին, խտանում էր միայն այն, ինչը սովորաբար ամենուր ցրված էր: Նկարները նաև ավելի քիչ էին նայվում, քան այսօր. նկարներն էին նայում մարդկանց: Նկարների աչքերը նայում էին մարդկանց, իսկ մարդիկ դրանց առջև խոնարհում էին իրենց հայացքները:
Անհրաժեշտ է, որ կրոնը մոտ լինի մարդկային կարգերին` հասարակությանը, պետությանը, կրթութ- յանը. նա պետք է իր էությամբ լցնի այդ կարգերի ամենանպատակայինը: Կրոնականում կա մի սուրբ աննպատակություն, սրբագույն աննպատակություն, որ կրկին նորացնում է նպատակի շնորհիվ մաշված կարգերին. այդ սրբագույն աննպատակայինը նա անընդհատ դուրս է հանում նպատակայինի մեխանիկականությունից` բերելով այն մի նոր սկզբնակետի: Եվ եթե հասարակությունը, պետությունը, կրթությունն ու մյուս կարգերը կապ- ված են կրոնի սուրբ աննպատակայնության հետ, ապա այդ կարգերը ևս, քանի որ սուրբ աննպատակայինը նրանց մեջ է, կարող են միանալ արվեստի հետ, և արվեստն ու մարդկային կարգերն այլևս իրարից մեկուսացված չեն լինի:
Նկար և ժամանակ
Ատոմականացված իրերը նկարներում ամենևին այստեղ չեն, ժամանակը, որ պետք է նրանց պատկաներ, նրանցում չէ, ժամանակը փշրվել է, ինչպես ձևն է փշրվել. իրերը չեն սլանում նույնիսկ ժամանակի միջով, նրանք նման են ժամանակի և տարածության վրայից սուրող բաների, ասես «թռչող ափսեների»: Սակայն յուրաքանչյուր իր ժամանակ է ուզում, ժամանակի մեջ ընթացք է ուզում ունենալ. դրանով է պայմանավորված նրա էությունը: Եվ նույնիսկ եթե մարդը իր առջև գտնվող իրին չի ցանկանում ժամանակ, այսինքն` սեր տրամադրել, ապա իրն է մարդուն ժամանակ բերում, նա մարդուն կարծես այն ժամանակն է բերում, որում նա գոյացել է և որ դեռ ունի նա իր առջև այլ կայացման համար. իրը մարդու համար նաև ժամանակ է արտադրում, ելնելով իրենից` նա օգնում է մարդուն ժամանակ ունենալ:
Նկարը, որում ժամանակ կա, շարունակվում է, այն ապագա ունի. դա նկարին սպասողականություն է տալիս. այդպիսի նկարում կա հույս, դրա հետ մեկ- տեղ` մխիթարություն, երանություն: Ատոմականացված նկարներում, ընդհակառակը, ժամանակը դուրս է մղված, այլևս ոչինչ չի կարող պատահել, մնացել է սոսկ ակնթարթը, որում իրերը խեղված են կամ կոտրատված. այդ ակնթարթում ամեն ինչ պատահել է և շարունակ պատահում է. ատոմականացումը, – սա է նկարներին այդքան ձանձրալի դարձնում. մի ակնթարթի այդ նույնականությունը: Այնտեղ, ուր ժամանակ չկա, չկա նաև սեր. Աստված սիրուց է իր որդուն ուղարկել ժամանակի մեջ: Այդ իսկ պատճառով սերն ու ժամանակը միշտ պատկանում են իրար:
Սակայն հենց այն, որ իրերն այս նկարներում դուրս են հանված ժամանակից, որ նրանցում ժամանակը կտրված է և որ նրանք այդ պատճառով կարծես ժամանակից և տարածությունից դուրս են, հենց դա էլ նրանց մոգականություն է տալիս. բայց դա ոչ թե գերիրականն է, այլ` գերոչինչը. դա կեղծ մոգություն է:
Շագալի նկարներից մեկում կով է նկարված, որի փորում տեսնում ենք հորթին, որով հղի է կովը: Ժամանակն այստեղ դուրս է հանված. կովն ու հորթը մատուցվում են մարդուն նախքան հորթի իրոք աշխարհ գալը: Ինչ-որ վախճանաբանական (Eschatologisches) բան կա այստեղ: Կարծես ժամանակ այստեղ այլևս չի եղել, որ հորթը դանդաղ ծնվի ժամանակի մեջ. ամեն ինչ միասին շուտափույթ նետում են դիտողի առջև: Նկարը կարծես մի կտոր լինի երազից. աշխարհում, ուր ժամանակ այլևս չկա, իրերը փախչում են դեպի երազ, նրանց նետում են երազի մեջ. այդտեղ` երազում, ամեն ինչ միաժամանակ կարող է կողք-կողքի լինել, ժամանակն այլևս անհրաժեշտ չէ, որ մեկը հաջորդի մյուսին: Նկարիչն այստեղ դուրս մղված ժամանակից իրերը մարդու համար դեպի երազ տանելով փրկողն է:
Կոնրադ Վիտցի «Փրկության վճիռը» նկարում Աստվածամայրն իր սրտի տեղում կրում է դեռ չծնված, փոքր նկարված երեխա Հիսուսին: Արդյո՞ք այստեղ ևս, ինչպես Շագալի մոտ, այլևս ժամանակ չկա, որ չծնվածը ծնվի: – Ո՛չ: Կոնրադ Վիտցի մոտ ողջ, չբաժանված ժամանակն է. նրանում ամեն ինչ կողք-կողքի է. ծնունդը, գոյությունը (Da-sein) և մահը. կարող էր նաև այդ ամենի հետ մեկտեղ նրա սրտում նկարված լիներ Քրիստոսը խաչի վրա: Շագալի մոտ կողք-կողքի են լոկ տարբեր ժամանակ կատարվելիք բաները, որովհետև դրանք իրար մեջ են խցկած, ժամանակը արմատախիլ է արված, ամեն ինչ իրար վրա է ընկնում, ժամանակն այլևս չի արժևորվում, նույնիսկ չի էլ գործածվում: Կոնրադ Վիտցի նկարում ողջ անբաժան ժամանակի միջոցով մարդու համար մշտապես ժամանակ է ստեղծվում` մարդկային ժամանակ. նկարից դեպի մարդը ժամանակ է հոսում, և ոչ միայն այդ. բաժանված մարդկային ժամանակը մի ակնթարթում, սակայն հավերժության ակնթարթում, նորից ամբողջական է դառնում այս նկարի առջև: