Մաքս Պիկարդ . Ատոմականացումը ժամանակակից արվեստում
Մոդեռն նկարում չկա ոչինչ, բացի մասից, և այդ մասը իրենից բացի ուրիշ ոչնչի չի վերաբերում, (այստեղից էլ` նրա անմխիթարությունը), դրա համար էլ առանց ամոթխածության նրա շուրջ, նրա վրա են նետում ուրիշ մասեր, ուրիշ տրոհված բաներ. մասը պաշտպանված չէ ամբողջով: Ես ասացի, որ այդպիսի մասը ոչնչի չի վերաբերում: Նույնիսկ իր սեփական կոտրտվածությանը. նույնիսկ այն գործողությանը, որից առաջացել է այդ կոտրտվածությունը: Թերևս մարդկային կլիներ վշտի զգացումը այդ կոտրտվածությունից. ոչ, այստեղ զուտ կոտրտվածն է, ինչպես գերեզմանն առանց գերեզմանաքարի, ինչպես մահը` առանց նախորդած կյանքի:
Այդպես մասնատվածը ընդհանրապես ոչինչ չի ասում այն առարկայի էության մասին, որին նա երբևէ պատկանել է. մասնատումն այստեղ ավտոնոմ է դառնում և խոսում է միայն ինքն իր մասին. մասնատման եղանակների, մասնատման ծրագրի մասին. այդպիսին է նաև այդ նկարչությունը` մասնատման ծրագրի նման մի բան: Այն ինչ-որ բան է ասում նման բան ձեռնարկած մարդու մասին, սակայն իրապես այլևս ոչ թե մարդու, այլ սոսկ դեռ մարդու հնարավորության մասին. այն մարդու, որն ավելի շատ սոսկ հնարավորություն է, քան մարդ:
Եթե մասնատումը սահմանափակվեր միայն գիտության մեթոդով և առօրյա կյանքի կերպով, ապա երևի թե շարունակ բախվելով միայն ինքն իրեն` վախենար իր համար և, սթափվելով, նորից վերադառնար ամբողջին: Սակայն. չէ՞ որ արվեստն էլ է մասնատված, և մասնատումը «վերին մակարդակում» կարծես արդարացնում է մասնատումը գիտության մեջ և կյանքում` կեղծ մի երկինք ստեղծելով մյուս մասնատման վրա, ծածկելով, օրինականացնելով այն:
Այսօրվա աշխարհն ու նկարը
Մասնատված իրեր պատկերող նկարը ոչ թե նկար է, այլ սոսկ ատոմականացված իրականության մի տարածք. դրանք մասնատված իրեր են, որ նկարի շրջանակից ներս են թափանցել` մի պահ այդպիսով հանդուրժվելով իբրև «նկար», հաջորդ պահին կրկին գահավիժելով համընդհանուր մասնատման մեջ: Ես ասացի` դա ամենևին էլ նկար չի, քանզի այստեղ առկա չի ոչինչ. սա կարծես միայն պա- տահական ի հայտ գալ ու անհետանալ է համընդհանուր մասնատման մեջ:
Սա ամենևին չի նշանակում, թե նախընտրելի է հնաոճ էպիգոնալ նկարչությունը: Ո՛չ. միայն թվում է, թե առարկաներն այս նկարներում ամբողջական տեսք ունեն. դրանք կարծես միայն պատահականորեն են ամբողջական. համընդհանուր մասնատման մեծ հորձանուտում մի վարիացիայի պատահականությամբ մասնատվածը մի պահ հանդիպել է թվացյալ ամբողջին. սոսկ մետաղալարերով, մեխանիզմներով, պրոթեզներով արհեստականորեն իրար միացված ամբողջի տեսք ունի այն: Մասնատման այդ հորձանուտի պոտենցիալն այնքան մեծ է, որ այսօր ընդհանրապես ամեն բան թվում է, թե այդ հորձանուտի արդյունք է: Վտանգ կա, որ այդ հորձանուտի հետ ոչ մի կապ չունեցող իսկական ամբողջը ինչ-որ մեկին կարող է նույնպես սոսկ այդ հորձանուտի արդյունք թվալ: Մարդկանց շփոթության հիմնական պատճառն է սա այսօր:
Իրավունք չունենք նաև ասելու, որ այսօրվա ատոմականացված արվեստը սոսկ սկիզբ է, որ այն դեռ զարգանալու է` հասնելով կատարելության. այդպես չի կարելի ասել, քանզի այն, ինչ ատոմականացված է, այնքան պարզորոշ է մեր առջև կանգնած, որ կարևորը հենց այդ է և ոչ թե այն, ինչ հավանաբար կարող է սպասվել: Մեր առջև առկայից մենք իրավունք չունենք փախչելու դեպի ինչ-որ ապագա հնարավորություններ: Իսկ ներկայի այս ակներևությունն այնքան ուժգին է, որ այն կարծես սոսկ օբյեկտից չի, որ գալիս է. սա մի ակներևություն է, որը գերազանցում է այն, ինչ կարող է ակներև դարձնել օբյեկտը` սոսկ ելնելով իրենից, ելնելով Երկրից: Սա այն ակներևությունն է, որ այնկողմնայինի, Երկնքի կամ Դժոխքի կրակն է կրում իրենում:
Հայդեգգերն ասել է, որ այսօրվա աբստրակտ նկարչությունը ոչ մի կապ չունի նախկին իմաստով արվեստի հետ. այն մատնանշում է մի բան, որի մասին մենք ամենևին դեռ չգիտենք, թե դա ինչ է և որպես ինչ է առկա. այսինքն` մարգարեականություն է վերագրում դրան: Արվեստն իրոք կարող է մարգարեական ուժ ունենալ, որովհետև իրական նկարում դրական մի բան կա, որ դուրս է գալիս պատկերված օբյեկտի ներկայից այն կողմ: Սակայն աբստրակտ նկարների դեպքում կա ոչ թե դրական, այլ բացասական բան. ինչ-որ կծկվող մի բան, շարունակ կծկվող մի բան կա այս նկարներում: Եթե նրանք ուժ ունենային իրենցից այն կողմ տարածվելու, ապա կցուցանեին ոչ թե առաջ, այլ ետ` այն առարկան, որից վերացարկվել են:
Փորձել են նաև վերացական արվեստի` օբյեկտից հեռու լինելու հանգամանքը օրինականացնել պրիմիտիվ արվեստի օբյեկտից հեռու լինելու հանգամանքով:
Սակայն, պրիմիտիվ արվեստագետը ամոթխածությունից է իրեն հեռու պահում օբյեկտից, և հենց ամոթխածության խավարում է նա ուղի գտնում դեպի առարկայի մութ ընդերքը:
Իսկ աբստրակտ արվեստագետն, ընդհակառակը, իրեն հեռու է պահում առարկայից, որովհետև բանի տեղ չի դնում այն, դրա համար էլ դեֆորմացնում է. առարկայի ներքինը ոչ թե առարկայից է վերցնում, այլ ինքն է թելադրում նրա ներքինը: Օբյեկտից հեռու լինելն` այստեղ, օբյեկտից հեռու լինելն` այնտեղ. որևէ դարաշրջանի սկիզբն ու վերջը նման են իրար (Ջան Բատիստա Վիկո). սկիզբը ի հայտ է գալիս չձևավորված, չափազուրկ` լիության պատճառով, վերջը` դատարկության:
Ասել են նաև, որ այդ ատոմականացված նկարչությունը կապված է նոր ֆիզիկայի և մաթեմատիկայի, «կորացած տարածության» (այդպես է կարծում Ֆրանկաստելը) կամ չորրորդ չափման հետ (Մորիս Ռեյնալն է այդպես ենթադրում), հետևաբար այդ արվեստագետներն առանց իմանալու այդ մասին, կապված են եղել նոր բացվող աշխարհի հետ: Բայց ինձ թվում է, որ եթե նկարչի անգիտակցականը այնքան է խորանում և այնքան տարածվում, որ հասնում է կորացած տարածությանն ու չորրորդ չափումին, ապա նա այդ շտրիխներով, շրջանի սեգմենտներով և իրերի կտորներով շատ բան չի վեր հանել խորքերից և շատ բան չի բերել հեռուներից: Դա նման է սպիրիտիստական փորձերին. եթե ոգիները մեզ ուրիշ ոչինչ չեն կարող ցուցադրել մի քիչ սպիտակավուն, բրդանման պլազմայից բացի, ապա նրանք մեզ շատ չեն հուզում:
Մարդն արարված է երրորդ չափման համար: Թեպետ ծննդյան և մահվան, հավանաբար նաև սիրո ժամանակ նա հպվում է մեկ այլ, ավելի բարձր չափման, սակայն այդ նոր չափումը ի զորու է նրա համար բոլորովին այլ բան լինել միայն այն դեպքում, եթե նա կյանքը ապրել է իրեն պատկանող երրորդ չափման օրենքների համաձայն. այդպես լիացած կյանքի եզրերին և միայն դրանց միջոցով նա այնուհետև բախվում է նոր չափման սահմաններին:
Նկարն ու հասարակությունը
Արվեստագետին պետք է արդեն իսկ կասկածելի թվար այն հայտարարությունը, թե իբր համընդհանուր մասնատումն այսօր պահանջում է նաև ձևի մասնատում նկարչության մեջ: Ժամանակին, երբ դարաշրջանի էությունը արվեստում ադեկվատ էր դրսևորվում, այս համապատասխանությունը չէր պահանջվում որպես ծրագիր, այն պարզապես առկա էր, առկա էր, որովհետև դարաշրջանի մի մեծ էության սուբստանցը ամենուրեք առարկաներ, շերտեր էր փնտրում, որտեղ նա կարող էր տարածվել. լիությունից էր նա տարածվում: Այսօր դրա տարածումը կատարվում է աղքատությունից` որևէ ծրագրի թելադրանքով, որովհետև այնտեղ, ուր ծրագիրը ոչինչ չի թելադրում, ամեն ինչ ընդհանրապես դատարկվում է: