Ռուբիկոն

Մաքս Պիկարդ . Ատոմականացումը ժամանակակից արվեստում

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Միասնություն մասնատվածության վրա

Ես չեմ կարծում, որ նկարիչն այսօր պետք է այնպես նկարի, իբր նա մեր ժամանակաշրջանում չի ապրում, իբր երկու համաշխարհային պատերազմները և նրանց սարսափը չեն եղել, իսկ այսօրվա մեկուսացումը և հուսահատությունը մանրուքներ են: Մարդն այսօր չի կարող նկարել այնպես, ինչպես մեկ ու կես հարյուրամյակ առաջ` Կասպար Դավիդ Ֆրիդրիխը, Ռունգեն, Վալդմյուլլերը. նկարիչը պետք է նկարի ճշմարիտը, այսօրվա մարդու և նրա իրերի ճշմարիտ վիճակը:

Ճշմարտությանն է պատկանում նաև հետևյալը. աշխարհն այսօր ատոմականացված է, սակայն ոչ այնպես, ինչպես այն նկարվում է այսօր շատ նկարիչների կողմից: Դեռևս կան ամբողջական բաներ` ծնունդ, մահ, սեր, բնություն:

Թեպետ հենց ծնունդը, մահը, սերը, հաճախ թվում է, թե այլևս մեր աշխարհում չեն, այլ լոկ նրա կողքին` կարծես մի կղզու վրա: Արդեն իսկ բնության հավերժական բաներն են անհանգիստ` գարունը, ամառը, աշունը, ձմեռը, գիշերն ու ցերեկը. ինչպես կենդանիներն են անհանգիստ լինում երկրաշարժից առաջ, այնպես էլ բնության երևույթներն են անհանգիստ: Այլևս վստահություն չկա տարվա եղանակների միջև: Գարնան պատառիկները թռչում են դեպի ձմեռ, ձմեռն իր կտորն է նետում ամռան մեջ, ամեն ինչ տակնուվրա է լինում տարվա ընթացքում, տարվա ոչ մի եղանակ այլևս չի վստահում մյուսին:

Այդուհանդերձ, իրականությունն այնքան էլ ատոմականացված չէ, ինչպես այսօր այն նկարում են շատ նկարիչներ: Քանզի մարդը դեռ ի վիճակի է իրերի մասնատվածությունը իբրև միասնություն տեսնելու, նա ընկալում է ոչ թե սոսկ ամեն մի առանձին մասնատումն ինքնին, – նա տեսնում է դրանք որոշակի կապի մեջ` մի մասնատված իրը մյուսին պատկանող. նրան ամենևին չի հաջողվի մասնատումը պատկերել որևէ նկարում, եթե նախապես մտքում որպես մի միասնություն դա չի միավորել:

Եվ մարդն ինքը, ներքուստ մասնատված, դեռ առկա է իբրև ամբողջական չմասնատված կերպար. ներքին մասնատումը տեղի է ունենում ամբողջական կերպարում, այդ կերպարը ընդգրկում է մասնատումը. նա ավելի զորեղ է քան մասնատումը: Ինչ-որ սպասողական, հանգիստ, համբերատար բան կա մարդկային կերպարում. նրա նկատմամբ ներքին մասնատման անհանգստությունը կարծես առկա չէ, (իսկ ամբողջակա՞ն է արդյոք դեռ կերպարը. Դոստոևսկին ասում է` մարդը կորցնում է իր արտաքին կերպարը, երբ դադարում է հավատալ Աստծուն): Աստծո կողմից արարված մարդու ձևը գերակայում է մասնատման վրա, որ մարդն ինքն է ստեղծել իր ներսում:

Մարդը երկրագնդի վրա հայտնվել է որոշակի խզումի հետևանքով, այդ խզումի պատճառով, որ վերապրի այն: Այդ խզումն այսօր մարդուն գրեթե ամբողջովին կոտրել է, կտոր-կտոր արել, գրեթե ատոմականացրել: Մի հարյուրամյակի ընթացքում մարդու կողմից այլևս ուշադրության չարժանացած խզումը, մարդու միջոցով սողոսկել է արտաքին աշխարհ` կոտրելով այդ աշխարհը. խզումն այժմ նրա առջև է, որ նա տեսնի այն, ապրի դրա հետ, սակայն դրա դեմ, դրան վերապրի որպես ամբողջական մեկը, որ ամբողջովին արարված է Աստծո կողմից: Չի եղել երբևէ այնպիսի մի ժամանակաշրջան, երբ մարդն իր առաջադրանքն այդքան քիչ փնտրած լիներ, ինչպես այսօր. այսինքն` անմիջականորեն իր առջև հայտնված ատոմականացման նկատմամբ իրեն ամբողջական դրսևորեր:

Նկարչի նկարում պետք է առկա լինի ինչպես մարդու և նրա շուրջ գտնվող իրերի կործանումը, այնպես էլ հաղթանակը կործանման հանդեպ կամ առնվազն` հաղթանակի հնարավորությունը: Նկարիչն այսպիսով չպետք է արհեստականորեն, էպիգոնի նման համակցի մասնատված իրերը. իսկ եթե նա իրերը մասնատված է նկարում, ապա այդ կտորներից պետք է զգացվի, որ աշխարհում դեռ առկա է նաև ամբողջը, և որ այդ կտորները կան լոկ այն պատճառով, որ երբևէ եղել է ամբողջը, և որ դրանք պետք է վերաբերեն ամբողջին (ինչպես Բրեյգելի, Բոսխի մոտ). իսկ երբ որևէ մեկը նկարում է ամբողջը, ապա այն պետք է մասերի համար դողա, մեկուսացումից ձգի դրանք դեպի իրեն:*

Փրկությունը

Ինչպե՞ս կարող է մարդը նորից ամբողջական դառնալ, որ նորից կարողանա նկարել ամբողջը: Վիլհելմ Հաուզենշտայնը իր «Ի՞նչ է նշանակում ժամանակակից արվեստ» աշխատությունում հարցնում է` չպե՞տք է արդյոք արվեստագետն այսօր իր գործիքները միառժանամակ ցած դնի պարզապես ձեռքերը ծալելու համար: Թերևս միայն Վիլհելմ Հաուզենշտայնի նման միանգամայն լրջախոհ մարդը, որն իր գոյությամբ ներկա է այս հարցադրումի ամեն մի բառի մեջ, կարող էր դնել այս հարցը իր և ուրիշների առջև:

Նույն աշխատության մեջ նա մեջբերում է նաև իմ պատասխանը. այն միտքը, որ նկարիչները միառժամանակ պետք է դադարեն նկարել, դուրս է գալիս հնարավորի, ենթադրելիի սահմաններից: Այդ տեսակ հրաժարում կարելի էր թերևս միայն միջնադարից պահանջել, բայց այդ անհամեմատ ավելի ուժեղ դարաշրջանից ևս դա գրեթե անհնար է, չէ՞ որ այդպիսի հրաժարում նույնիսկ սրբից չէր կարելի սպասել, որովհետև նա համենայն դեպս այնտեղ, ուր պիտի օրինակ ծառայեր, իրեն չէր դնի այնպիսի ինքնազսպման մեջ, որը գերազանցում է նորմալ մարդկային ճիգը:

Այսօր չկա նաև այն աշխարհը, որում տեղ ունեն ինքնաօտարումը, հրաժարումը, ճգնավորությունը. անհատական ինքնաօտարումը հասկանալի կլիներ միայն այդ պարագայում, այլապես սոսկ ինքնանպատակ դառնալով` այն վտանգված է մեկուսանալու և ժեստի վերածվելու:

Այսպիսով, ինչպե՞ս կարող է մարդը նորից ամբողջական դառնալ, որ կարողանա նկարել ամբողջը:

Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե մարդը քրիստոնեությունը դարձնի իր էության կենտրոնը: Դա իհարկե չի նշանակում, որ նկարիչը պետք է քրիստոնեական թեմաներ նկարի. ամենևին ոչ: Քանի որ հենց քրիստոնեականը պետք է նրան ահռելի մի բան թվա, սարսափեցնող և մխիթարող` միաժամանակ, կարծես ինչ-որ չշոշափվող մի բան, բայց որից ողորմածաբար շոշափվում են. նա պետք է դրա նկատմամբ միաժամանակ սարսափ և հարգանք ունենա, որ ունեցել են Ալտամիրայի քարանձավների մարդիկ իրենց առարկաների հանդեպ. նրա համար խիզախություն պետք է լինի քրիստոնեականը նկարելը և ոչ թե ինքնըստինքյան հասկանալի մի բան: Հենց այն նկարչությանը, որն այսօր զբաղված է քրիստոնեական թեմաներով, պակասում է նումինոզի հանդեպ երկրպագող այդ սարսուռը, և այդ պատճառով էլ այն այդքան քիչ արժեք ունի:

Քրիստոնեականը, սակայն, Deux ex machina** չէ, որ ներկայացման վերջում ամեն ինչ հաշտեցնում է և խաղաղ ելք է ընձեռում: Յուրաքանչյուր մեքենա (machina), յուրաքանչյուր ատոմականացում դադարում է, կարծես անհետանում այն ահռելիության առջև, որ Աստված մարդ է դարձել մարդկանց համար: Մասնատված թե ամբողջական, ամենաին- տենսիվ տեխնիկայի դինամիկա կամ միանգամայն պասիվ հայեցողություն` ոչինչ այլևս կարծես գոյություն չունենա այդ ահռելի իրադարձության առջև:

Մարդն ինքը, որ համարձակվում է առկա լինել այդ ահռելի փաստի դեմ, ամեն մարդ, ամեն իր դրա առջև կարծես չկա և միաժամանակ, ասես առաջին անգամ, այսինքն` ամբողջական կա: Մենք նորից սկզբում ենք. և քանի որ Քրիստոսը ամեն ակնթարթ նորից մարդ է դառնում, մենք էլ ամեն ակնթարթ նորից սկզբում ենք և ամեն ակնթարթ` նորից ամբողջական:

Կարդալ նաև

Արվեստ Հայաստանի ճարտարապետության պատմության շուրջ Հայնց Թիրշ Հայկական ճարտարապետական հուշարձանները մեզ են հասել հրաշալի ավարտունությամբ: Նրանց մեծ խտությունը հետազոտողներին գայթակղում է տրվելու ոճահամեմատական վերլուծությունների և մնալու այն գիտակցության, թե դրանով ինչ-որ էական բան է արվել: Պետք է կասկածել,… Արվեստ Հատվածներ «Գրվածքներ և նամակներ» գրքից Ալբրեխտ Դյուրեր … Թող Աստված զորացնի մեզ մեր բարի գործերում և թող լուսավորի մեր հակառակորդներին, խեղճուկրակ կույր մարդկանց, որ չկործանվեն իրենց կուրության մեջ: Ապավինենք Աստծուն: Եվ ով իր փնտրտուքի մեջ իմ օգնությանը դիմել ցանկանա, նշանակում է այս արվեստի… Արվեստ Սա ծխամորճ չէ Միշել Ֆուկո Ահա երկու ծխամորճ Առաջին տարբերակը` կարծեմ 1926 թվականինը, խնամքով նկարված ծխամորճ է, իսկ ներքևում (գրված կանոնավոր, փութաջան, արհեստական ձեռագրով` աշակերտական ձեռագրով, որի նմանը կարելի է գտնել որպես նմուշ, դպրոցական տետրերի վերևում, կամ էլ`…