Ռուբիկոն

Մաքս Պիկարդ . Ատոմականացումը ժամանակակից արվեստում

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Մասնատման հաղթահարումը

Ժամանակակից արվեստի պաշտպաններն ասում են, որ արվեստագետը պետք է մասնատման մեթոդի միջոցով ցույց տա, որ ընկալել է համընդհանուր մասնատումը: Սակայն արվեստում խոսքը ոչ թե ինչ-որ բան ընկալելու և ամրագրելու մասին է, այլ նաև այն հաղթահարելու: Մասնատումը պետք է հաղթահարվի արվեստում: Դա չի կարող կատարվել իրականության մեջ տեղի ունեցող մասնատման հետ մրցակցելու շնորհիվ: Որովհետև մասնատման շարժիչը իրականության մեջ միշտ ավելի զորեղ է լինելու, քան արվեստում. սոսկ մասնատված իրականության կցորդ է կարծես այդ արվեստը. այն կորցրել է իր ողջ ինքնավարությունը: Իսկ մասնատվածության այդ նկարներն այսպիսի տեսք ունեն` ասես ստեղծված են ոչ թե մարդու, այլ հենց այդ մասնատված իրականության, մասնատման մեքենայի կողմից:

Կան ամերիկյան գրասենյակային մեքենաներ. սեղմում ես կոճակը և ինչ-որ ճեղքից լուսանկար է հայտնվում` դրան կցված նկարագրությամբ. մի սղագրուհի, որ խոսում և գրում է անգլերեն, իսպա- ներեն, հոլանդերեն, սղագրում է անգլերեն և ֆրանսերեն, ինչպես որ ցանկանա` սեղմելով կոճակը: Որևէ նպատակի համար ցանկալի յուրաքանչյուր անձ հասանելի է այս մեքենայի միջոցով. նման մի մեքենայով, կարծես կարելի է արվեստ էլ ստանալ` պարզապես համապատասխան կոճակը սեղմելով:

Մասնատումը կարող է հաղթահարվել ոչ թե իրեն նույնական մի բանով, այսինքն` մասնատմամբ, այլ միանգամայն ուրիշ բանով: Օրփեոսը անդրշիրիմյան աշխարհը հաղթեց ոչ թե նրանով, որ ինքն էլ դարձավ մութ կամ է՛լ ավելի մութ, քան անդրշիրիմյան աշխարհն է` մթին քարանձավ բերելով Էվրիդիկեին: Նա հաղթեց մթությանը բոլորովին այլ բանով` բացառապես լուսեղեն երգով:

Ժամանակակից արվեստի պաշտպանը կասի, որ նա ամենևին չի ուզում ճնշել մասնատումը, որ այն իր համար ավելի շուտ բացահայտում է իրերի ճշմարիտ էությունը, – հիշենք միայն, թե որքան հեռու է գնացել ֆիզիկան մասնատումով, ատոմականացումով, – ու հենց այդ պատճառով էլ արվեստը պետք է իբր որդեգրի այդ մեթոդը: Ինձ թվում է, որ չի կարելի ասել, թե գիտությունը այդպիսով հասել է որևէ իրի ճիշտ տեղին, «միջուկին», եթե այդ «միջուկով» ի վերջո հասնում են երկրագնդի կործանմանը: Իսկ հնարավոր չէ՞ արդյոք, որ հենց այդ իրերն են այսօր հիմարացնում մարդկանց, որ իրերն իրենց ճշմարիտ էությունը թաքցնում են և էքսպերիմենտի համար մարդկանց են նետում իրենց այն մասնատված մասը, որ ամենևին ոչինչ չի նշանակում նրանց համար, որպեսզի մարդիկ հասնեն այնտեղ, ուր հասել են` ատոմային ռումբին. ատոմային ռումբը ոչ թե մարդու հայտնագործությունն է, այլ վրեժն է ետ քաշվող, խոշտանգված իրերի:

Աբստրակտ արվեստի նախորդները

Անցյալ տարվա ամռանը Ցյուրիխում եղա մի ցուցահանդեսում` «1900-ի շուրջ», «Յուգենդշթիլի» ժամանակաշրջանի արվեստը: Սա ատոմականացված արվեստի նախորդն է կամ ավելի ճիշտ` արվեստում իրենց շունչը փչած մասնատված իրերի նախավերջը:

Գալլեի սկահակներում կամ գրքերի նկարազարդումներում տերևներն ու ծաղիկները շատ երկար ցողունների վրա ձգվում են դեպի վեր կամ ցած. այնուհետև տերևներն ու ծաղիկները սեղմվում են, ասես տպված, սոսնձված լինեն, կարծես նրանք կանգուն չէին մնա, եթե ամուր սեղմված չլինեին. կամ կանգուն են պլակատի պես, ինչպես Բըրդսլիի գծանկարները. կարծես կործանման դատապարտված իրերը, վերջից առաջ փորձում են պլակատային հստակությամբ մեկ անգամ ևս լինել առկա: Հենրի վան դեր Վելդեից մի գրասեղան, որն իր երկու ծայրերում` աջից և ձախից, ոլորվում է և դուրս մղվում. սա կարծես մատերիայի ընդվզում լինի, առարկայի ընդվզում, որ ըմբոստանում է նախքան կործանվելը: Սրանք առարկաների ջղաձգումներն են իրենց վերջից առաջ, նրանց ըմբոստացումը` իրենց կործանման, մասնատման դեմ:

Այս վերջին ջղաձգումին հաջորդում է կործանումը, մասնատումը` ֆուտուրիզմը, սիմուլտանիզմն ու աբստրակտ արվեստը, որ կարծես հիշողության մեջ առնվազն մասնատված իրերը նկարելու, մասնատվածը ինվենտարիզացնելու մի փորձ լինի: Սարսափեցնողը «Յուգենդշթիլից» դեպի ատոմականացված արվեստ տանող շարժման հետևողականությունն է, կամ ավելի շուտ դրա ուղղագծությունը: Սարսափեցնող է, որ ատոմականացված արվեստը հաշվարկելի էր: Այդպես առաջանում է միայն խղճուկը, թույլը, այն, ինչ լիառատ չի, որը զերծ է իրական արվեստի բնութագրից` ապշեցուցիչից:

Թափանցելի մարդը

Հաճախ ասում են, թե իբր երիտասարդ և ավագ սերնդի տարբերությունն է, որ վերջինիս խանգարում է հասկանալ ժամանակակից նկարչությունը: Բայց առհասարակ կարելի է արդյո՞ք դեռ խոսել սերունդների հակադրության մասին այսօր, երբ երիտասարդն իրեն ծեր է ներկայացնում, իսկ ծերը` երիտասարդ, երբ տարիքները սեռերի նման կարծես խառնվել են իրար:

Չի կարելի նաև ասել, թե այսօր ինչ-որ մեկը չի հասկանում ժամանակակից արվեստը ավագ սերնդին պատկանելու պատճառով. չի կարելի նման բան ասել մի ժամանակաշրջանում, երբ ընդհանրապես ամեն ինչ հասկանում են, մի ժամանակաշրջանում, որ բնութագրվում է նրանով, որ ամեն ինչ հասկանում են: Մարդն այսօր թափանցելի է ամեն ինչի նկատմամբ. չափազանց թափանցելի: Նա ընդունում է նեգրական պլաստիկան, միաժամանակ` իններորդ դարի իռլանդական քրիստոնեական Codex Cenanensis-ից կենդանական և բուսական ձևերը, Թուլուզ-Լոտրեկին, ինչպես նաև բավարական ժողովրդական արվեստը, Կարպաչիոյին և մոդեռնիստներին. բոլորին միասին: Նա ամեն ինչ է ընդունում, որովհետև ներքին անընդհատություն չունի. նրա մեջ մտնող ոչինչ նրան չի պարտավորեցնում կամ որևէ հետևանք չունի նրա համար. նա կարող է ամեն ինչ ընդունել, որովհետև ամեն բան լոկ հանկարծակի հայտնվում և նորից անհետանում է. ներքին ոչ մի պատմություն չունի նա:

Ի դեպ. թանգարաններում, ուր մարդիկ բազմաթիվ նկարներ են տեսնում, նկարները հայտնվում են նրանց առջև և նորից անհետանում. չկա ներքին հաջորդականություն, ներքին աշխարհ, որում նկարները կարող են գործել: Իսկ մարդու առջև գտնվող նկարները նրանից պատասխան են պահանջում. մարդը, որը զգում է, թե պատասխան պետք է տա, բայց ընկրկում է, զգում է, որ ինչ-որ բան բաց է թողնում, որի հետևանքով էլ նա նյարդայնանում է: Թանգարանների այցելուները մեծ մասամբ շփոթված տպավորություն են թողնում, նրանք շփոթվում են բազմաթիվ նկարներից:

Գեղեցիկ նկարներն այսօր

Մասնատման նկարչության մեջ թերևս կան նաև գեղեցիկ նկարներ, – այո, սակայն գրեթե միշտ այն պարզ պատճառով, որ մասնատվածների միջև առկա հարաբերությունների հազարավոր հնարավորություններից կա նաև գեղեցկության հնարավորությունը. գեղեցկությունն այստեղ սոսկ վիճակագրության հարց է. դա ոչ թե այն գեղեցկությունն է, որ իրերի ճշմարտությունը պարուրող փայլն է, այլ պատահական համակցության գեղեցկությունը, որը մնայուն չէ: Իսկական գեղեցկությունն այնպիսին է, որ այն մի պլյուս է այն իրի համար, որում նա երևում է. այն տարածվում է այդ իրից այն կողմ. վերջինս կարող է անհետանալ. մեկ ուրիշը կարող է այդ գեղեցկության ներքո հայտնվել, դա ևս գեղեցիկ կլինի: Իսկապես գեղեցիկը գեղեցկացնում է նաև իրենից դուրս գտնվող ուրիշին. իսկապես գեղեցիկը բեղմնավորող է:

Կարդալ նաև

Արվեստ Հայաստանի ճարտարապետության պատմության շուրջ Հայնց Թիրշ Հայկական ճարտարապետական հուշարձանները մեզ են հասել հրաշալի ավարտունությամբ: Նրանց մեծ խտությունը հետազոտողներին գայթակղում է տրվելու ոճահամեմատական վերլուծությունների և մնալու այն գիտակցության, թե դրանով ինչ-որ էական բան է արվել: Պետք է կասկածել,… Արվեստ Հատվածներ «Գրվածքներ և նամակներ» գրքից Ալբրեխտ Դյուրեր … Թող Աստված զորացնի մեզ մեր բարի գործերում և թող լուսավորի մեր հակառակորդներին, խեղճուկրակ կույր մարդկանց, որ չկործանվեն իրենց կուրության մեջ: Ապավինենք Աստծուն: Եվ ով իր փնտրտուքի մեջ իմ օգնությանը դիմել ցանկանա, նշանակում է այս արվեստի… Արվեստ Սա ծխամորճ չէ Միշել Ֆուկո Ահա երկու ծխամորճ Առաջին տարբերակը` կարծեմ 1926 թվականինը, խնամքով նկարված ծխամորճ է, իսկ ներքևում (գրված կանոնավոր, փութաջան, արհեստական ձեռագրով` աշակերտական ձեռագրով, որի նմանը կարելի է գտնել որպես նմուշ, դպրոցական տետրերի վերևում, կամ էլ`…