Ռուբիկոն

Մաքս Պիկարդ . Ատոմականացումը ժամանակակից արվեստում

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Այդ քրիստոնեականն այսպիսով չի խաղարկվում իբրև ոսկե միջին (juste – milieu) քահանաների հովանավորության ներքո, ինչը հարթեցնում և մեղմացնում է, առհասարակ նախքան մեղմացնողի հայտնվելը: Հավատալ այսօր նշանակում է հավատալ անդունդի վրայով, քանզի յուրաքանչյուր ակնթարթ արտաքինի և ներքինի ահռելի դինամիկայով մարդուց պոկվում է հավատը, և ամեն ակնթարթ պետք է նորից նվաճվի. այն չկա երբեք պատրաստի, պետք է միշտ միայն նվաճվի: Ես մի անգամ ասել եմ. բանաստեղծել նշանակում է ինքդ քո ներսում անդունդի վրայով ճախրել. բանաստեղծել նշանակում է սեփական երգով ինքդ քո ներսում անդունդը նվաճել, այն ննջեցնել. երգելով քնեցնել: Հավատ անդունդի վրա – արվեստ անդունդի վրա. անդունդի վրա երկուսն էլ իրար հետ կապված են, երկուսն էլ իրար են պատկանում. ոչ թե անդունդի միջոցով (քանի որ նրանում չկա ոչ մի կապակցում, այլ միայն` մի անցք). և այսպես, ոչ թե անդունդի միջոցով, այլ դրա վրայով:

Կարո՞ղ է արդյոք առանձին մարդը տևականորեն փրկվել: Ինձ թվում է, որ ներքինը, երբ այն նորից ամբողջական է, կարիք ունի նաև արտաքին ամբողջական աշխարհի, որը կհամապատասխանի ներքինին. արտաքին ամբողջական իրերի աշխարհի: Միայն այդ դեպքում է ներքին ամբողջությունը վստահաբար առկա, քանզի մարդը չի կարող միշտ իրեն հսկել, որ ամբողջական մնա. նա շնչակտուր կլինի, անքուն ու գերարթուն. և նույնիսկ եթե նա դրան դիմանա, կընկնի այնպիսի մի ներքին վիճակի մեջ, որը կխզի նրա հարաբերությունը արտաքին աշխարհի հետ: Մի ամբողջ աշխարհ պետք է պատրաստ լինի նաև արտաքինում, որում պահվում են ամբողջի նկարները, եթե մարդն ինքը կորցնում է իրեն իր ամբողջից: Արտաքին աշխարհի ամբողջի առջև մարդը նորից վերադառնում է իր ներքին ամբողջին: Արտաքին ամբողջական աշխարհը երաշխավորում է ներքին աշխարհը և հակառակը: Այդպիսի ամբողջական արտաքին աշխարհի առկայությունը կախված է ոչ թե առանձին մարդուց, այլ որևէ սրբից կամ անմիջականորեն ողորմածությունից:

*Մի օրինակ ֆիզիոգնոմիկայից. Շտեֆան Գեորգեի դեմքը ամբողջական է, դա հին հռենոսյան գյուղացու դեմք է, սակայն այնպիսի տպավորություն է թողնում, թե կարծես միայն էպիգոնալ ձևով է ամբողջ, չափազանց լավ մշակված մոդելի համաձայն արված մի կրկնություն: Դրան հակառակ, Կառլ Կռաուզի դեմքը նույնպես ամբողջական է, սակայն ոչ թե պատճենող համաչափության միջոցներով, այլ ամբողջական է իր սեփական արդիական բզկտվածության և հուսահատության մեջ. իսկ բզկտվածը պետք է ծառայի կարգավորվածը, ամբողջը վերականգնելուն: Կառլ Կռաուզի դեմքը ամբողջի տեսանելի հաղթանակն է տեսանելի կործանման հանդեպ:

**(լատ.) – փոխաբերական իմաստով` խառնաշփոթ իրադրության անկանխատեսելի հանգուցալուծում:

Գերմաներենից թարգմանությունը` Արա Գուրզադյանի

Max Picard «Die Atomisierung in der modernen Kunst»

Կարդալ նաև

Արվեստ Հայաստանի ճարտարապետության պատմության շուրջ Հայնց Թիրշ Հայկական ճարտարապետական հուշարձանները մեզ են հասել հրաշալի ավարտունությամբ: Նրանց մեծ խտությունը հետազոտողներին գայթակղում է տրվելու ոճահամեմատական վերլուծությունների և մնալու այն գիտակցության, թե դրանով ինչ-որ էական բան է արվել: Պետք է կասկածել,… Արվեստ Հատվածներ «Գրվածքներ և նամակներ» գրքից Ալբրեխտ Դյուրեր … Թող Աստված զորացնի մեզ մեր բարի գործերում և թող լուսավորի մեր հակառակորդներին, խեղճուկրակ կույր մարդկանց, որ չկործանվեն իրենց կուրության մեջ: Ապավինենք Աստծուն: Եվ ով իր փնտրտուքի մեջ իմ օգնությանը դիմել ցանկանա, նշանակում է այս արվեստի… Արվեստ Սա ծխամորճ չէ Միշել Ֆուկո Ահա երկու ծխամորճ Առաջին տարբերակը` կարծեմ 1926 թվականինը, խնամքով նկարված ծխամորճ է, իսկ ներքևում (գրված կանոնավոր, փութաջան, արհեստական ձեռագրով` աշակերտական ձեռագրով, որի նմանը կարելի է գտնել որպես նմուշ, դպրոցական տետրերի վերևում, կամ էլ`…