Ռուբիկոն

Մաքս Պիկարդ . Ատոմականացումը ժամանակակից արվեստում

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Օրինակ, Պիկասսոյի նկարները երկնագույն շրջանից, սակայն երբեմն-երբեմն նաև այլ շրջաններից. այստեղ այն գեղեցկությունն է, որն անդունդից է դուրս նետվում. ամեն ինչ անդունդում է. մի կտոր գեղեցկությունը նույնպես. և կարող է վեր սլանալ. սա ոչ թե արարումի ընդերքից դուրս բերված, ոչ թե առարկային պատկանող, այլ նախաարարումի անդունդից եկող գեղեցկություն է` չպատսպարված պատառոտվածության մեջ: Նույնն է նաև Հայդեգգերի ճշմարտությունների պարագայում, որոնք նույնպես ծագում են ոչ թե արարումի ընդերքից, այլ անդունդից. գուժում են այդտեղից, նույնպես աշխարհ փնտրելով, ոչինչ չունենալով, այդ իսկ պատճառով էլ ոչ մեկի մոտ չմնալով` հպվել-անցնելով:

Պիկասսոն ավելի շատ նկարչական գաղափարներ ունի, քան, օրինակ, Բեատո Անջելիկոն կամ Պուսսենը: Սակայն այդ նկարիչներն իրենց ունեցած մեկ գաղափարով թափանցել են իրենց առջև առկա աշխարհը` աշխարհը գաղափարի տեսանելի մաս դարձնելով. աշխարհն ավելի պարզորոշ է դառնում այդպես: Այն դեպքում, երբ Պիկասսոն էքսպերիմենտներ է անում հազարավոր գաղափարներով` ապացուցելու համար, որ աշխարհ այլևս չկա, կան միայն բեկորներ դրանից:

Այդպես է նաև փիլիսոփայության մեջ. Սարտրը ավելի շատ գաղափարներ ունի, քան Պլատոնը, Կանտը, Լայբնիցը: Սրանք լոկ մի քանի գաղափարներ ունեին. սակայն Պլատոնը մեն-մի գաղափարով աշխարհն այնքան թափանցիկ ու ճախրող էր դարձնում, որ աստվածները կարող էին այնտեղ ապրել, առանց նկատելու, որ մարդկային մի գաղափարով կառուցված աշխարհում են ապրում: Սարտրը հազարավոր լույսերով ուրվականի պես շրջում է Ոչնչի եզրին, և այդ լույսերի յուրաքանչյուր շարժումից լայնանում է Ոչնչի եզրը. Ոչինչը ավելի է մեծանում:

Շագալի նկարները, Կլեեի որոշ նկարներ կամ Ֆրանց Մարկի «Կապույտ ձիերը» կարծես կախարդական նկարներ լինեն, նրանք ինձ դուր են գալիս որպես կախարդական նկարներ. դրանք քաոսային գունավոր երազ են իրականության անգույն քաոսի վրա. մի աշխարհ է կործանվել, որի ավերակների, կտորտանքների վրա դեռ շրջում է երազը ուրվականի պես. սակայն ուրվականը չի գործում, նա պարզապես ուրվականի պես շրջում է Իրականության վրա, միայնակ, ինքն իր համար: Բայց ինչպիսի՞ իրականություն, ինչպիսի՞ զորեղ իրականություն է փշրվել, որ նկարիչների ուրվականային երազները կարող են այդքան գեղեցիկ լինել: Երբեմն թվում է, թե այս փայլը նոր երկինքն է նոր երկրի, որը դեռ չկա:

Փայլ կա նրանց մեջ, կախարդական մի փայլ, սակայն կախարդական այդ փայլը չի ազդում ավերակային իրականության վրա, չի հրապուրում նրան իրենով, դա կախարդական փայլ է ինքն իր համար, և դա է պատճառը, որ երբեմն շատ գեղեցիկ այդ նկարներին այն տալիս է լոկ պատահականի տեսանելիություն, կախարդողի մեկ այլ շարժում` և գունավոր որվականներն իրենք նորից կդառնան ավերակային իրականության մի մասը: Այդ պատճառով էլ այդ գեղեցիկը պատահական է, ինչպես ես արդեն ասացի:

Պաուլ Կլեեի շատ գծանկարներ և նկարներ իրոք գեղեցիկ են. գեղեցիկ են այն երաժշտականությամբ, որ նրանցում կա: Երաժշտականություն` նշանակում է, որ նրանք իրենց գծերից և գունային հարթություններից այն կողմ կապի մեջ են մեկ այլ ոլորտի հետ ևս, և հենց այն, որ նրանք մանևրում են ոչ սոսկ իրենցում և իրենց հետ, երբեմն նրանց գեղեցկացնում է. մեկ այլ ոլորտի հետ կապը բարձրացնում է նրանց իրենցից վեր` դեպի գեղեցկություն: Դա մելամաղձոտ գեղեցկություն է, որովհետև Կլեեն ուզում է հասնել ոչ միայն երաժշտականին, այլ նաև հենց աստվածայինին:

Վիլհելմ Հաուզենշտայնը իր շատ պարզաբանող մի աշխատությունում` «Ի՞նչ է նշանակում ժամանակակից արվեստ»-ում, ասում է. այս նկարներից ուրախություն չի փոխանցվում դրանք դիտող մարդուն, ինչպես նախկինում, երբ նկարչությունը ուրախություն և երջանկության զգացում էր ճառագում: Դա այդպես է: Սակայն դա փաստարկ չէ այսօրվա նկարների դեմ: Նկարները կարող են նաև տխրեցնել. Գրյունևալդի զոհասեղանը Կոլմարում տխրություն, նույնիսկ հուսահատություն է բերում դիտողին. սակայն տխրությունը չպետք է մեկուսացված լինի, ինչպես ժամանակակից նկարներում, երբ արդեն մեկուսացված մարդուն այն ավելի է մեկուսացնում. այն պետք է պատկանի մի աշխարհի, որի բաղադրամասն է տխրությունը, ինչպես նաև ուրախությունը. Քրիստոսի տառապանքների և ճգնավորների փորձությունների նկարներում անտեսանելիորեն այլակերպություն և ուրախություն է նկարված:

Նկար և փոխակերպություն

Իսկական նկարը ձգող ուժ ունի, այն ձգում է մարդուն դեպի իրեն, սակայն նկարի և դիտողի միջև միշտ մի հեռակայություն է մնում. նկարի և դիտողի միջև առկա տարածությունը բաժանված է:

Աբստրակտ նկարն ընդհակառակը կարծես ֆիքսված չլինի այն տեղին, շրջանակին, որի մեջ այն երևում է. հայտնվելով և անհետանալով անընդհատ հայտնվելով և անհետանալով մեկ այստեղ, մեկ այնտեղ` այն չի լքում դիտողին, մշտապես շրջապատում է նրան. տարածության բաժանումը հանված է, այն կարծես ամենուրեք է, ոչ միայն դիտողի մոտ: Սա համապատասխանում է այսօրվա մարդու իրավիճակին. մարդն ամենուր է, ինչպես նկարն է ամենուր:

Բայց արդյո՞ք դա իրական մարդն է, որն այդկերպ ամենուր է: Դա նվազեցված մարդն է, որն ընդամենը տարածության ֆունկցիա է, ոչ ավելի: Այս Ամենուր- Լինելը կեղծ-ամենուրեքություն է (Pseudo-Ubiquität), որը տրանսցենդենցիայի կեղծակերպում է. սուրբը ի վիճակի է լինել այստեղ և միաժամանակ մեկ այլ տեղ: Նվազեցված մարդն ու նվազեցված նկարները կարող են դա, որովհետև նրանք այլևս տարածության մեջ չեն` դրան դիմակայելով, այլ տարրալուծվում են նրա մեջ:

Յուրաքանչյուր իսկական նկարից կախարդանք է գալիս, սակայն տևական կախարդանք, այսինքն` ուժ, որ վերափոխում է դիտողին: Նկարն ինքը փոխակերպության շնորհիվ է առաջացել. փոխակերպության միջոցով առարկային ստիպել են հայտնվել նկարի շրջանակի մեջ: Փոխակերպման այդ ուժը միայն նկարով չի սահմանափակվում. ամեն ստեղծագործականում, որքանով որ այն կապված է արարչագործության հետ, փոխակերպող ուժի ավելցուկ կա, և նկարում առկա այդ պլյուսը վերափոխում է նաև դիտողին. նա ներառնվում է նկարի աշխարհ: Իսկական արվեստի ստեղծագործության բնորոշ կողմն էլ հենց դրա կարողությունն է:

Մարդը, որ կանգնած է այսօրվա նկարների առջև, որոնցում առարկան կմախքայնացված է և դեռ առկա է լոկ կմախքի մի մասում, որևէ վերացական շտրիխում կամ շրջանի որևէ հատվածում, այդ մարդը չի կարող նման մի նկարի մեջ մտնել, նա բաժանված է ոչ միայն նկարից և նրա առարկայից, այլ նաև` ինքն իրենից: Սա այն է, ինչ գալիս է նման նկարից` մարդու մեկուսացումը: Առարկային ինքն իրենից հեռացնող, անսիրտ, վերացական շտրիխը, շարունակելով տարանջատումը, ամեն ինչից տարանջատում է նաև դիտողին:

Յուրաքանչյուր իսկական արվեստի ստեղծագործություն «նումինոզ» («numinous») է (Ռուդոլֆ Օտտո), այսինքն` այն միաժամանակ սարսափեցնող է և երջանկացնող, այն թվում է օտար, սակայն հաջորդ ակնթարթին գիտես, որ այն պատկանում է քեզ. այն ապշեցնում է իր միջի բոլորովին այլով, սակայն անմիջապես համաձայնվում ես այդ բոլորովին Այլ-ի հետ. այն ոչնչացում է քեզ, սակայն հաջորդ պահին նորաստեղծ կանգնում ես նրա առջև: Այս նումինոզը բոլորովին բացակայում է այսօրվա ատոմականացված նկարներում: Տարօրինակ գծերը նկարներում թերևս կարող էին կախարդական գծեր լինել ըստ ձևի, սակայն դրանք սոսկ շտրիխներ են, որ միայն ի վիճակի են հասնել մյուս շտրիխներին. դրանք շտրիխներ են առանց կախարդանքի:

Կարդալ նաև

Արվեստ Հայաստանի ճարտարապետության պատմության շուրջ Հայնց Թիրշ Հայկական ճարտարապետական հուշարձանները մեզ են հասել հրաշալի ավարտունությամբ: Նրանց մեծ խտությունը հետազոտողներին գայթակղում է տրվելու ոճահամեմատական վերլուծությունների և մնալու այն գիտակցության, թե դրանով ինչ-որ էական բան է արվել: Պետք է կասկածել,… Արվեստ Հատվածներ «Գրվածքներ և նամակներ» գրքից Ալբրեխտ Դյուրեր … Թող Աստված զորացնի մեզ մեր բարի գործերում և թող լուսավորի մեր հակառակորդներին, խեղճուկրակ կույր մարդկանց, որ չկործանվեն իրենց կուրության մեջ: Ապավինենք Աստծուն: Եվ ով իր փնտրտուքի մեջ իմ օգնությանը դիմել ցանկանա, նշանակում է այս արվեստի… Արվեստ Սա ծխամորճ չէ Միշել Ֆուկո Ահա երկու ծխամորճ Առաջին տարբերակը` կարծեմ 1926 թվականինը, խնամքով նկարված ծխամորճ է, իսկ ներքևում (գրված կանոնավոր, փութաջան, արհեստական ձեռագրով` աշակերտական ձեռագրով, որի նմանը կարելի է գտնել որպես նմուշ, դպրոցական տետրերի վերևում, կամ էլ`…