Ռուբիկոն

Հայաստանի ճարտարապետության պատմության շուրջ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Սա չպետք է համարել պարապ բան և մի կողմ դնել: Չէ՞ որ նույնպես փաստ է, որ առաքյալներից երեքը քարոզել են Հայաստանում: Որքան գիտեմ, նույն բանը չի կարելի ասել և ոչ մի ուրիշ երկրի մասին, Պետրոսի և Պողոսի գործունեությունից բացի: Հայաստանում քրիստոնեությունը ջանացել են տարածել Թադեոսը, Բարդուղիմեոսը և Հուդա Սիմոնը, և ոչ թե Իսկարիովտացին: Դա բոլոր առանձին փաստերում ունի զարմանալի և հազվադեպ ուշադրության առնված հարակից պատմություն և նախապատմություն: Այն կարելի է կարդալ զանազան տեղերում: Ի դեպ, նաև Հակոբ Վորագինացու մոտ` նրա կենսագրական ժողովածուում եղած Legenda Aurea-ում: Հայաստանը քրիստոնեական ժամանակներում շատ ավելի մեծ էր, քան այսօր, այն սահմանակցում էր Կապադովկիային, տարածվում գրեթե Տիգրիսի և Եփրատի ակունքների շրջաններով մինչև Կասպից ծովը: Որպես տարածման ոլորտներ տարածքները կարելի է բաժանել Հարավային, Կենտրոնական և Հյուսիսային Հայաստանի, ինչն, իհարկե, ընդամենը քիչ բան կտա, քանի որ այդ այրերը միմյանց օգնության էին գալիս և ուժ տալիս: Այդկերպ նրանք ընդարձակ երկիրը ողողեցին իրենց ապրումի և իմացության ուժերով և փորձեցին, գոնե ըստ ծրագրի, վերափոխել այն: Թե այդ հզոր գործընթացը որքան էր լուրջ, վկայվում է հենց Հայաստանի ցնցող պատմությամբ: Քանզի այս մարդկանց անդադրում հղկել և ձևավորել են ամենածանր ու ամենաանըմբռնելի ճակատագրերը և, ինչու չէ, ասենք, ակնածանք պահանջող հետևողականությամբ պահպանել օծման վիճակում: Եւ դա մինչ ի մեր ժամանակները, ասես այդ ժողովրդի ծիսախորհուրդների համար ոչ վերջ կարող է լինել, ոչ դադար, ոչ էլ թուլացում: Միայն պատկառանքի սարսուռով կարելի է զբաղվել հայերի ճակատագրերով: Եւ այդ ժողովուրդն է, որ, ինչպես այսօր հիշատակվել ցանկացող և ոչ մի այլ ժողովուրդ, արթնացնում է ինքնաբուխ և տևական սիրո ու կապվածության զգացումներ: Քրիստոսի էության և նրա իմպուլսի հզոր խորհրդից այդ բազմաչարչար ժողովրդի մեջ անցել է ինչ-որ բան, ինչպես այսօր և այսուհետ որևէ մեկ այլ ժողովրդի մասին չի կարելի ասել: Միգուցե ոմանք կասկածներ ունենան և հիշատակեն ռուս ժողովրդին: Դա միանգամայն հասկանալի է, բայց ռուս ժողովուրդն ունեցել է անդորրի զորեղ ժամանակներ և զարգացման հարյուրամյակներ, որ պետք է նաև հաշվի առնել: Հայերի պարագայում դա նույն ծավալով չես կարող ներկայացնել: Ե՞րբ չի թափվել նրանց արյունը:

Մի ամբողջ ժողովրդի շարունակական օծմամբ տարված հոգիների և մշտապես իրականացող օծման այդ անասելի ծանր վիճակը, եթե այդ ժողովուրդն ընդհանրապես կարող է վերապրել, այն ճառագումն է, որ վերերկրյա մաքրագործմամբ հանգչում է եկեղեցիների ավերակների վրա: Դա այն խորհուրդն է, որ գալիս է ավերված կառույցներից, բայց երկնային ծաղկունքի պես առկայծում է պատկառանքի արժանի պարիսպների և դրանց մնացորդների վրա: Այնտեղ մարդկային ամենախորին խորհուրդը ինչ-որ մնայուն բան է դարձել: Կարելի է տեսնել, թե ինչպես այստեղ վաղ քրիստոնեական ուժերը պտուղ ու պատյան են ստացել, որոնք նաև դրվագի տեսքով արտացոլում են ընդամենը նոր-նոր ի հայտ եկող քրիստոնեության պատանեկան իմպուլսի ուժը:

Որպեսզի մեր ճանաչողական գիտակցությունը կարողանա ընկալել այդ տարրը, – ահա դրա համար են աշխատում հնագետները, անգամ եթե իրենք դա նույն կերպ չեն ձևակերպում: Իսկ բոլոր ճարտարապետական մանրամասները ենթարկված են նշված իմպուլսին: Այդ իմպուլսային կազմավորումներին է միահյուսված նաև ստատիկայի յուրօրինակությունը, որ գործածվել է Եվրոպայից անկախ: Այն լուրջ և առանձին ուսումնասիրության կարիք ունի: Այս ուրվագծի համար նախատեսված հակիրճության պատճառով նմանօրինակ ուսումնասիրությունը կարող է այս պահին թվալ դուրս մնացած: Այն հատուկ կտրվի և կլրացվի առաջին իսկ հնարավորության դեպքում: Կտեսնենք, որ ստատիկ հատկությունները հետևողականորեն ուղեկցում են հիշատակված մեծ առնչությանը և օժանդակելով հանգեցնում խիստ գեղեցիկ արտահայտության:  

Այստեղ բավարարվենք` մշակելով այն ելակետը, որի վրա հիմնվելու են Հայաստանի ճարտարապետության պատմության հետագա դիտարկումները: Ելակետն ինքնին կընդլայնվի հարազատ սուբստանցիայի ելակետների շնորհիվ: Եւ այդկերպ այն ուժերը, որոնց մասին է լինելու խոսքը, շարունակ ավելի առատորեն են ներկայանալու ազատ ճանաչողությանը:

Սա է իմ փափագը և սրանով խոնարհվում եմ այդ մարդկանց մեծ պատմության և ներկայի առջև, ում համար մեզանից յուրաքանչյուրն, անշուշտ, աղերսում է ողորմած ապագայի լռին օրհնությունը: Այս բնաբանի ներքո այսօր և այստեղ վերստին միավորենք մեր բոլորի զգացումները և ողջունենք և ըմբռնենք մեզ որպես միասնական պարփակ մարդկության անդամներ:

Գերմաներենից թարգմանությունը`Հրաչյա Ստեփանյանի

“Zur Architekturgeschichte Armeniens”

Կարդալ նաև

Արվեստ Մաքս Պիկարդ . Ատոմականացումը ժամանակակից արվեստում Մաքս Պիկարդ Այդ պատճառով էլ զանազան Մուսաների և այլ պաշտոնների բարձրացրած աղմուկը օբյեկտիվության հասնելու համար զուր է և անօգուտ` բարձունքներ նվաճելու առումով, քանզի օբյեկտիվությանը միայն օբյեկտներն են պատկանում, վերջիններս, սակայն, նոր ժամանակներին մասամբ… Արվեստ Հատվածներ «Գրվածքներ և նամակներ» գրքից Ալբրեխտ Դյուրեր … Թող Աստված զորացնի մեզ մեր բարի գործերում և թող լուսավորի մեր հակառակորդներին, խեղճուկրակ կույր մարդկանց, որ չկործանվեն իրենց կուրության մեջ: Ապավինենք Աստծուն: Եվ ով իր փնտրտուքի մեջ իմ օգնությանը դիմել ցանկանա, նշանակում է այս արվեստի… Արվեստ Սա ծխամորճ չէ Միշել Ֆուկո Ահա երկու ծխամորճ Առաջին տարբերակը` կարծեմ 1926 թվականինը, խնամքով նկարված ծխամորճ է, իսկ ներքևում (գրված կանոնավոր, փութաջան, արհեստական ձեռագրով` աշակերտական ձեռագրով, որի նմանը կարելի է գտնել որպես նմուշ, դպրոցական տետրերի վերևում, կամ էլ`…