Հայաստանի ճարտարապետության պատմության շուրջ
Թե կառույցներից ինչ կարող է առաջանալ, որոնց ձևը դեռևս շինարարների ներսում է թաքնված` դրա հայեցակարգն ստանալու համար, որպես օրինակ նախադրենք զատկի ապրումը: Զատիկը բարեպաշտի համար բաժանվում է իր օրերի հերթականությամբ. սկսվում է ավագ հինգշաբթիով և այստեղ ներօծված խորհրդավոր ընթրիքով. այնուհետև գալիս է ավագ ուրբաթը` Գողգոթայի միստերիայի խաչելությամբ իրագործումը. սակայն այդ իրագործումն իր մեջ ներառում է շաբաթի հանգստյան օրը, որն այստեղ խստագույնս պահպանվում է. այն անցնում է շաբաթվա առաջին օրվան, այդ օրը միանշանակորեն այդպես է կոչվում, դա այն օրն է, որ մենք կիրակի ենք անվանում. խոսքը հարության առավոտվա մասին է: Այդ օրով Գողգոթայի միստերիան հասնում է նախնական եզրափակման, որի ավարտն այնուհետև քառասունքից հետո բերում է համբարձման և ևս 10 օր հետո` հոգեգալստի: Կարելի է ասել միայն հիմա է Գողգոթայի միստերիան ամբողջական: Բայց այդ հերթականություններից առաջին օրերը, որ այդպես խիստ սեղմված են, իրենց ապրումներով ընկած են ռոմանական եկեղեցական ճարտարապետության հիմքում:
Արևմուտքի մեծ տաճարները հեղեղված են գերեզմանի ապրումով և չարչարանաց ուրբաթի վճռորոշ սարսուռներով: Ճարտարապետական ձևերի լեզուն լիովին հագեցած է գերեզմանային օդով: Այլ է բանը հունական եկեղեցիների պարագայում, որոնք միանգամայն կենտրոնացած են էվխարիստիայի հանդիսության վրա: Այստեղ ավագ հինգշաբթվա խորհրդավոր ընթրիքի ապրումն իր ազդեցությունն է թողնում ճարտարապետների վրա և որոշարկում Աստծո տաճարներն իրենց չափերում: Բուն զատկի գիշերը շարունակում է մնալ իր հայտնության վիճակում ռուս քրիստոնյաների մոտ: Վերջիններիս հատուկ է ճարտարապետական մի ձև, որը դուրս է մնում ռոմանական ոճական կազմավորումներից: Բայց այս հանգամանքը պետք է հաշվի առնել որպես այնպիսին, որը դեռ շարունակում է բաց մնալ զատկի գիշերվա հայտնության համար, դեռ շարունակում է մնալ ներշնչանքի վիճակում և չի կարող համարվել ավարտուն: Դրանց բոլորից առանձնանում է հայկական ճարտարապետական արվեստը որպես մեկը, որը հանգում է զատկի առավոտվա իբրև ներշնչանքի աղբյուրի, որ ցայտում է այստեղ: Քանզի կարճաթև եկեղեցիների քառակուսահիմք գմբեթներից կենտրոնական հուժկու լույսը գալարումով խուժում է տարածք:
Հայաստանում վանական եկեղեցիներ, իհարկե, կան: Դրանք հավատացյալների համար երկայնական տարածքներ ունեցող եկեղեցիներն են: Քանզի այստեղ, միանգամից պետք է տեղավորվեն այսպես ասած, երկու համայնք` վանականների հանրույթը և տեղի համայնքը: Բայց այդ երկայնական կառույցները սակավաթիվ են. արմատավորվել և իր հաստատումն է գտել մյուս հատակագծային հայեցակարգը: Ժողովրդական ավանդությունն ինքն է տալիս վճռորոշ մատնանշումը. հաղորդվում է, թե ինչպես է Գրիգոր Լուսավորիչը տեսիլքում Համբարձվածից ստացել Հայաստանյան եկեղեցու հատակագիծը: Այս հանգամանքը միգուցե միայն բառացի չպետք է հասկանալ: Սակայն եկեղեցական ճարտարապետության ծագման և ակունքի մասին մատնանշումը անշփոթելիորեն զուտ ոգեղեն է: Եւ ինձ թվում է, թե մեծագույն նշանակություն ունի այն հանգամանքը, որ այդ ժողովուրդը վճռական նշանակություն է տալիս այդ գերագույն ատյանից ոգեշնչված լինելուն, ինչը գրեթե հնարավոր չէ համեմատել ճարտարապետության առումով որևէ նման բանի հետ: Այդպես խոհեմ հաստատունությամբ սկսվում է զակտի ոգեշնչանքը: Ամբողջական և անարատ կենտրոնից հորդում է լույսը` անսահմանափակորեն գերիշխելով միջնակետում: Եթե ներշնչանքն այդպես ուժգին գիտակցում է ինքն իրեն, ապա չի հապաղի անշեղորեն տեղավորվել կենտրոնում և այդ տեղից ամեն ինչ ճառագայթավորել: Այլ կերպ հնարավոր էլ չէ, քանի որ այդ ուղղորդիչ ուժն ամբողջովին իր դրոշմն է թողնում կառույցի վրա, որն իրականացում է ստանում: Եւ կենտրոնից դեպի կառույցի ծայրամասերը մղվելու այդ կերպը անխոչ շարունակվում է: Այս պարագան մյուս ռոմանական եկեղեցական զարգացումներում այդպիսի միանշանակությամբ և պարզությամբ չի հանդիպում: Իհարկե, ամենուրեք կարելի է հանդիպել ձևերի հարուստ լեզվի և ոչ մի տեղ չի կարելի ասել, թե հայկականը հանդիպում է միայն Հայաստանում: Անշուշտ, այլուր էլ է հանդիպում: Դրանից պետք զանազանել Հայաստանի համար բնութագրականը որպես նրան յուրահատուկը, ինչպես նաև տարբեր լանդշաֆտները, ինքնին հասկանալի է, որ ունեն իրենց սեփական ներշնչանքի նյութը, ամենևին էլ դրանք չվիճարկելով: Ոչ մի խելացի մարդ չէր կամենա կամ կարողանա Շարտրից ինչ-որ բան փրցնել, և, բացի այդ, ՙհազիվ թե՚ հետաքրքիր լինի, թե արդյոք Շարտրի ձևերն այլուր հայտնվում են և համեմատության են կոչում: Այդ ամենը հնարավոր է, բայց առաջնային չէ:
Գիտականորեն մտածող հոգին, թերևս, առանց տարակույսի չընդունի Գրիգոր Լուսավորչի ներշնչանքի ավանդությունը: Ժամանակակից կրթություն ստացածի համար դա միանգամայն և լիովին հասկանալի է: Քանզի ծագում է այն հարցը, թե ինչպես կարելի է ինչ-որ բան որպես ներշնչանք նշել իբրև հասկանալի կամ նույնիսկ անհրաժեշտ, եթե դրա տարրերն իրենք ներկայանում են գրեթե լիովին իրագործված, ասես ներշնչանքի ավանդույթի կարիքն այլևս չկա: Այդ դեպքում պետք է մտածել և գիտակցել, թե ինչպես ներշնչանքի պարագաներն ընդհանրապես և ընդհանուր առմամբ այն ուղղությամբ են ընթանում, ինչն առանց այդ էլ նշանառված է: Ներշնչանքները շատ հազվադեպ են ներկայանում որպես պահեր, որոնք առկա զարգացմանը տալիս են կամ կոչված են տալու միանգամայն այլ ուղղություն, քան այն, ինչն առանց այդ էլ առաջ է շարժվում: Որպես ուղղության լիովին փոփոխության օրինակ պետք է ընկալել Օռլեանի կույսի ներշնչանքը: Այն ժամանակ կատարվեց շրջադարձ, որից կախված էր ամեն բան: Գրիգոր Լուսավորչի պարագայում կարևորը բռնած ուղու վառ և ուղղորդիչ, պահպանիչ հաստատումն էր: Իսկ այդ հաստատումը բազմաչարչար հայ ժողովրդի համար ունեցավ եզակի ահավոր մի բանի նշանակություն: Ինչու՞: Որովհետև այդ վերերկրային ուղղորդիչ հաստատումն իր հետ բերեց հետևյալը. ոճի կազմավորման ընթացքը լիովին պահել հնարավորությունների կենտրոնում և մերժել բոլոր այն ազդեցությունները, որոնք դուրս կտանեին այդ կենտրոնից: Քանզի ներշնչանքի հետևանքը մի բան էր, որն, օրինակ, Փոքր Ասիայում` Եփեսոսում, որտեղ բնակվում էր Հովհաննես Ղազարոսը, օրգանական դրսևորում ստացավ և ծաղկում ապրեց: Այնտեղ, առաքյալների կենտրոնական կերպարների շրջանում, որտեղ նաև Հիսուսի մայրն էր, առաջացավ ճարտարապետական մի հիմնաֆիգուր, որը հետզհետե բարձրացվեց քրիստոնեական ճարտարապետության ուղղակի կանոնիկ ելակետի աստիճանի: Իսկ հայկական Ճարտարապետությունը եղավ այդ կոնֆի գուրացիայի անմիջական հետևողը, թերևս, կարելի է ասել, առանց ակնհայտորեն ապացուցելի ժառանգականության, առանց այս կամ այն բանի պատվաստման, հիրավի Գրիգոր Լուսավորչի նշված ներշնչանքի բովանդակության շնորհիվ: Արտաքին կամուրջը բացակայում է, ներքին կամուրջը, սակայն, միանշանակ և շեշտված առկայություն ունի: Հարկ է աչքի տակ ունենալ այնպիսի հեռահար ազդեցություն թողած այրերի, ինչպիսին էր եկեղեցու հայր Բարսեղ Մեծը, որպեսզի ըմբռնենք, որ առաջատար անհատականությունների ներքին կշիռներն էին, որ օգնում էին տարածելու քրիստոնեության էական սուբստանցները: Բարսեղի կողքին հանդես էին գալիս Գրիգոր Նազիանզացին և Գրիգոր Նյուսացին. նրանք խորացրին արդեն ամուր բռնած ուղղությունը, որ նման էր հզոր երգեհոնի, որի հնչյունային կազմավորումները, սակայն, մարդկային ասպարեզում հանգիստ են առնում այնտեղ, որտեղ ծվարել են ինտուիցիաները: Գոյություն ուներ մարդկայինի` բնական և ինքնին հասկանալի կերպով գործող կանոնի պես մի բան: Այդ կանոնը լռելյայն և առանց որևէ հարցադրման կողմնորոշված էր հենց Հիսուս Նազովրեցու կերպարին: Այնուհետև` նրա աշակերտներին և առաքյալների մեջ` առաջին հերթին Հովհաննես Ղազարոսին, ում մասին Ավետարանում ասված է, որ Տերը սիրում էր նրան, որ նա այդպիսով ընտրյալ և առանձնահատուկ դիրք ունեցող աշակերտ էր: Շուտով Եփեսոսում գտնվող նրա գերեզմանի շուրջ փոքր տան պես խմբվեց ամպհովանակերպ սյուների մի համալիր. ուզում ես ասել, եկեղեցու կամարված տարածության բուրմունքի մեջ տեղադրված տպավորիչ մտերմիկության մի casula: Դա գերեզմանի վրա վեր խոյացող en miniature գերեզմանակամարն էր` հավատացյալների սրահի մեջտեղում: Կարելի է մոտենալ բոլոր կողմերից և ամեն ինչ ազատորեն շրջահայել: Ոչ թե` ինչ-որ փոքրիկ եկեղեցի եկեղեցում, ինչպես Ասսիզիի սյունասրահը, այլ շատ ավելի ժուժկալ` երկնքի պես մի բան շիրիմի վրա, որպեսզի վախճանվածի հոգին լավ ապահովության մեջ լինի: Այդտեղ դեռևս կար մահվան պրոցեսի ոգեղեն կողմի հայումն ու ապրումը իր ողջ անարատությամբ: Եւ քրիստոնյաների բարեպաշտությունը մշտապես դրան էր վերաբերված: Դրանով Գողգոթայի գերեզմանը դառնում էր մշտապես թարմորեն ներկայական` ստիպված չլինելով բռնելու Երուսաղեմի ճամփան: Ահա հայերի մոտ տարածության մեջ այդ տեղանքի վրա խոյանում էր, Գրիգոր Լուսավորչի ներշնչանքին համապատասխան, գմբեթը որպես հենց վեր բարձրացրած ամպհովանի` վերերկրյա լույսը բռնելով և ներքև արձակելով և ներքևում ցրելով: Իրականում վաղ հայկական հատակագծերի յուրահատկությունն այլ բան չէ, քան գերեզմանի վրա հարության ընդարձակված պանծացումներ: Այդ ներքին խոկանքի ուժը տալիս էր ընդհանուր տարածականի չափերը: Կենտրոնի հետ կապը պահպանվում է, իսկ ներքին լարումը կենդանացնում էր կառույցը անմիջականորեն հայտնակերպվող հաղորդման պես, որ անթոշնելի է: Դա պետք է տեսնել: Դա Հովհաննես Ղազարոսի մոտիվն է հայերի մոտ: