Ռուբիկոն

Եվրոպական մայրցամաքի մշակութա–պատմական ողբերգության մասին

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Յոզեֆ Բոյս, Յանիս Կունելիս, Անսելմ Կիֆեր, Էնցո Կուչի

Սույն քննարկումը նշում է արդի արվեստաբանական տեսության այն շարքի շարունակությունը, որն ի սկզբանե փորձել է ռադիկալ արվեստը մոտեցնել ռադիկալ քաղակականությանը, սակայն առանց ենթագումարելու արվեստը քաղաքականությանը: Այս պրոյեկտը տարբեր ձևեր ընդունեց, բայց ուտոպիականությունը եղավ նրա մշտական բնութագրումներից մեկը, իսկ մյուսը` գիտակցությունն ու զգացմունքը շեշտելու միտումը, որպես նյութի փոփոխության նախադրյալ (և ոչ նյութի փոփոխությունը որպես նախադրյալ գիտակցությունը փոխելու փոխարեն): Քննարկումը տեղի է ունեցել 1985–ին Ցյուրիխում, Parkett հրատարակչության աջակցությամբ:

Անսելմ Կիֆեր – Ըստ իս` միշտ էլ կան մարդիկ, որոնք տգետ են, մի մասը` պակաս տգետ, իսկ մի մասն էլ` այնուամենայնիվ շատ խելացի:

Յոզեֆ Բոյս – Դա անհատականության հարց է, անձնական ճակատագրի հարց: Մշտապես կլինեն ունակությունների տարբեր մակարդակներ: Սակայն ապագայում բոլոր ունակությունները տեղի կտան, մակարդակը կբարձրանա:

Յանիս Կունելիս – Այո, բայց Քյոլնի Մայր տաճարի կոթողի պես այն ցուցանշում է համակենտրոնացում, պարփակում է մշակույթ և մատնանշում ապագա զարգացման ուղին: Առանց նման նշանների մենք վտանգված ենք դառնալու քոչվորներ:

Բոյս – Քյոլնի Մայր տաճարը վատ քանդակ է: Լավ գնացքի կայարան կլիներ: Շարտրը ավելի լավն է: Բայց այն, ինչ Կունելիսն ասում է Մայր տաճարի մասին գեղեցիկ, պատկեր է: Հին Մայր տաճարները կառուցվել են աշխարհում, որը դեռ կլոր էր, բայց միևնույն ժամանակ մատերիալիզմով սեղմված: Ներքին անհրաժեշտություն կար նեղացնելու այն, մինչև որ մարդկային գիտակցությունը այդկերպ դարձավ սուր, հատկապես վերլուծական ֆունկցիաներում: Հիմա մենք պետք է համադրենք մեր բոլոր ուժերը և կառուցենք նոր Մայր տաճար:

Կիֆեր – Սարսափելի տհաճություն եմ զգում այն մտքից, որ Բոյսը նկատի ունի, թե մարդկությունը կփոխվի, եթե փոխվի կոնցեպտը: Միշտ էլ գոյություն ունեն տարբեր տեսակներ:

Բոյս – Դա ինքստինքյան հասկանալի է: Խնդրի էությունը ամեն բնագավառում մակարդակը բարձրացնելն է: Համաձայնենք, որ բավական է տեսնել, թե պատմության ընթացքում ինչպես են մարդիկ կահավորում իրենց բնակարանները: Երբեք այսքան դեգրադացված չեն ապրել: Միևնույն ժամանակ մարդու ապրելակերպը նրա գեղարվեստական զգացման կարևոր և տարրական արտահայտությունն է: Պատմության մեջ գեղագիտական զգացումը երբևէ չի խաթարվել այնքան, որքան այսօր: Ուրեմն եկեք կառուցենք Մայր տաճարը:

Կունելիս – Ճիշտ է: Ծայրահեղ քոչվորությունը և մշակույթի մերժումը ստեղծում է աբսուրդ իրավիճակ:

Կիֆեր – Մակարդակի անկումը ակնհայտ է: Բայց վերջապես հարցնենք ինքներս մեզ, թե ինչու միամիտ պրիմիտիվ ցեղերը, պլաստիկե բաժակ ձեռք բերելով, իրենցը իսկույն դեն են նետում:

Բոյս – Նրանք դարձել են շատ ազդվող, որովհետև այսօր հին ցեղային մշակույթները այլևս ընդունելի չեն: Ավելի լավ կլիներ, որ այդ ժողովուրդները կարողանային զարգացնել իրենց: Բայց, իհարկե, նրանք հպատակված են կապիտալիզմին և սովորաբար կործանվում են դրա պատճառով: Սա կարող ենք բավականին լավ տեսնել բասկերի խնդրի պարագայում: Բասկերը իրականում ինչ-որ քոչվոր ժողովրդի լքված մնացորդներ են: Կան հազարավոր տեսություններ, որ նրանք եկել են Ասիայից` գուցե պատժված իրենց առաջնորդների կողմից, և մոռացվել են: Այժմ նրանք այստեղ են և մշտապես փորձում են պահպանել իրենց հին ցեղային մշակույթը: Բայց նրանք չզարգացրին իրենց ուրույն գրականությունը, ամեն ինչ շարունակվեց համաձայն բանավոր ավանդույթի: Այժմ նրանք բարի նկատառումներով առաջ են քաշում շատ յուրահատուկ պահանջներ:

Ժան Քրիստոֆ Ամման – Ինչո՞ւ մատնանշեցիք բասկերի օրինակը:

Բոյս – Որովհետև Եվրոպական տնտեսական միության համատեքստը, որտեղ հայտնվել են նաև բասկերը, համապատասխանում է Արևմտյան դրամատնտեսական համակարգի մեքենայություններին, այն է` Իսպանիայի կառավարությունը բասկերին որևէ ինքնավարություն չտվեց, և հետևաբար առաջ եկավ պրոբլեմ, որը տեսնում ենք նաև Հյուսիսային Իռլանդիայում: Ես կառաջարկեի, որ Իսպանիայում բասկերին լիարժեք ինքնավարություն տրվեր: Իսպանիան պնդում է, որ բասկերը հետագայում կայլասերվեն, որովհետև նրանք չունեն բնածին մշակույթ: Բայց դրա փոխարեն ես ասում եմ, որ նրանք անկասկած ունեն իրենց ուրույն մշակույթը, և դրա ապացույցը հենց այն փաստն է, որ ցանկանում են ինքնորոշվել: Նույնիսկ կարելի է, որ այս սեղանի մոտ նստածներս կազմենք մի կոնցեպցիա նրանց տնտեսության համար, որը կարող է օրինակելի լինել շատերի դեպքում: Եթե բասկերին ինքնորոշում տրվեր, անտարակույս ամեն բան այլ կերպ կլիներ: Այն լավ հնարավորություն կապահովեր զարգացնելու մի օրինակ, որը կընկալվեր որպես արվեստի գործ: Հետո, հնարավորության դեպքում, մենք կարող էինք նստել և նրանց հետ միասին զարգացնել օրինակ ամբողջ աշխարհի համար:

Էնցո Կուչի – Հետաքրքրական է բասկերի մեթոդը`ահաբեկչությունը, բայց որը հայտնի չէ, թե ուր կհասցնի:

Բոյս – Ահաբեկչությունը հարցի լուծման չի բերի: Այն կառաջնորդի դեպի կատարելապես տաղտկալի պահպանողական սոցիալական համակարգ:

Կուչի – Ես դա նկատի չունեի: Ես ուղղակի զարմանում եմ, թե որ զգացմունքներն են հատուկ այսօրվա ահաբեկչությանը, ի՞նչ ձև է այն ընդունում: Թե՛ բասկերը, թե՛ հյուսիսային իռլանդացիները օգտագործում են այս կոդը:

Կունելիս – Եվրոպայում կան շատ ժողովուրդներ, որոնք ցանկանում են անկախ լինել, օրինակ սիցիլիացիները, սարդինացիները, կորսիկացիները և այլք:

Բոյս – Դա շատ լավ է:

Կունելիս – Այո, բայց լավ է նաև խոսել ոչ միայն նրանց մասին, ովքեր ցանկանում են անջատվել, այլև Քյոլնի Մայր տաճարի:

Բոյս – Շարտրի Մայր տաճարը դրական է, երբ տեսնում ես, որ անկախացման նման փորձերը տանում են դեպի այլ համակարգ, այնպես որ կորսիկացիները, սարդինացիները և բասկերը, իռլանդացիները և շոտլանդացիները կարող են տաճար կառուցել: Ես հավաստիացնում եմ, որ բասկերը ճիշտ են անում: Ես վստահ չեմ շոտլանդացիների համար: Իրականում պետք է սկսել փոքր խմբերով և տարբեր սկզբունքների հետ ծանոթացնել հեշտ ընկալունակ միությանը: Մայր տաճարի գաղափարը նշանակում է մշակույթի, արտադրության, հոգու, տնտեսության և մնացյալի ըմբռնում: Եթե իսպանացիները բասկերին ինքնավարություն տային, ես անմիջապես կգնայի այնտեղ և բասկերն ինձ կասեին. ՙՄենք ոչ մի բանի կարիք չունենք ավելի հուսահատորեն, քան նման զրույցների, քանի որ ամեն ինչ պիտի բարձրացվի նոր հիմքերից: Մենք չենք ուզում տալ ամեն ինչին նոր հիմք, արվեստի հիմք՚: Նրանք ուզում են, որ հասարակության մարմինը լինի արվեստի գործի նման: Բայց ահաբեկչությունը խանգարում է այդ փորձերին, քանի որ այն մեծ երկրներին և ուժերին մատակարարում է նոր փաստարկներ շարունակելու ոստիկանական ուժի կիրառությունը, դառնալու ռազմական պետություն:

Կարդալ նաև

Արվեստ Սիմվոլների բնանկար Քեննեթ Քլարկ Հատված «Բնանկարն արվեստում» գրքից Անգլիացի խոշորագույն արվեստի տեսաբան և քննադատ Քեննեթ Քլարկը (1903-1983) ծնվել է Լոնդոնում. արվեստաբանություն է ուսումնասիրել Օքսֆորդի Թրինիթի քոլեջում: Առաջին գիրքը` «Գոթական վերածննունդ», գրել է 22 տարեկան… Արվեստ Միքելանջելո Էժեն Դելակրուա «Տխրության մեջ լինելով՝ ունեմ գեթ այն երջանկությունը, որ ոչ ոք դեմքիս վրա չի կարդում ո՛չ իմ ցավերը, ո՛չ իմ իղձերը: Այլևս չեմ երկնչում նախանձից, ինչպես և չեմ ընդունում տգետ ամբոխի սին գովեստները… և միայնակ քայլում եմ անհարթ ճամփաներով»:… Արվեստ Արվեստ և կյանք Հատված Վ. Ս. Փրիթչետի, Գրեհեմ Սադերլենդի, սըր Քեննեթ Քլարկի և Հենրի Մուրի քննարկումից Վ. Ս. Փրիթչետ – Այս շարքի1 վերջին քննարկման մեջ կա մի կետ, որն ինձ բավական մտածել է տալիս: Բելը կարծես ձգտում է երևալ մի արվեստագետ, որ պատկերում է օդային ռմբակոծության…