Հարցազրույց Ջեքսոն Պոլոքի հետ
Ուիլլիամ Ռայթ
Սփրինգս, Լոնգ Այլնդ, Նյու Յորք, 1950թ. վերջ: Ռադիո հաղորդում «Ուերի ռադիոալիքով, Ուեսթերլի, Ռոդ Այլնդ, 1951թ.:
ՈՒ.Ր. Պրն. Պոլլոք, Ձեր կարծիքով, ի՞նչ է ժամանակակից արվեստը:
Ջ.Պ. Ըստ իս, ժամանակակից արվեստը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր դարաշրջանի արդիական նպատակների դրսևորում:
ՈՒ.Ր. Դասական արվեստագետներն ունեցե՞լ են իրենց դարաշրջանն արտացոլելու միջոցներ:
Ջ. Պ. Այո, նրանք դա լավ էին անում: Բոլոր մշակույթներն էլ ունեցել են միջոցներ ու տեխնիկա իրենց անմիջական նպատակներն արտահայտելու համար. չինականը, Վերածնունդը… բոլորը: Ինձ համար հետաքրքրական է այն, որ այսօր նկարիչները իրենցից դուրս թեմա փնտրելու կարիք չունեն: Արդի շատ նկարիչներ ստեղծագործում են` օգտվելով մի յուրօրինակ աղբյուրից. նրանք ստեղծում են ներաշխարհից:
ՈՒ.Ր. Այսինքն` ներկայիս արվեստագետը քիչ թե շատ տարանջատում է այն որակը, որով արժևորվում էին արվեստի դասական գործերը և որը նա տարանջատում ու կիրառում է առավել մաքուր կերպո՞վ:
Ջ.Պ. Ահ, լավ է ասված, այո:
ՈՒ.Ր. Պրն. Պոլլոք, Ձեր գեղանկարչական մեթոդի վերաբերյալ եղել են բազում բանավեճեր և շատ մեկնաբանություններ: Կա՞ ինչ-որ բան, որ կուզենայիք մեզ ասել:
Ջ.Պ. Իմ կարծիքով, նոր պահանջները կարիք ունեն նոր տեխնիկաների: Եվ ներկայիս արվեստագետները գտել են նոր ձևեր ու արտահայտչամիջոցներ: Ինձ թվում է, որ արդի նկարիչը չի կարող արտացոլել այս դարաշրջանը, օդանավը, ատոմային ռումբը, ռադիոն Վերածննդի կամ նախկին այլ մշակույթների հին ձևերով: Ամեն դարաշրջան գտնում է իր տեխնիկան:
ՈՒ.Ր. Դա նշանակում է նաև, որ աշխարհիկ մարդը և քննադատը նույնպես պետք է զարգացնեն նոր տեխնիկաները մեկնելու իրենց կարողությունը:
Ջ.Պ. Այո, այսպես թե այնպես, դա միշտ էլ զուգորդվում է: Նկատի ունեմ` արտասովորությունը կանցնի, ու մենք կհայտնաբերենք արդի արվեստի առավել խորը գաղափարները:
ՈՒ.Ր. Ենթադրում եմ` ամեն անգամ, երբ աշխարհիկ մարդիկ մոտենում են Ձեզ, հարցնում են, թե ինչպես պետք է դիտեն Պոլլոքի նկարչությունը կամ որևէ այլ արդի նկարչություն, թե ինչ են
փնտրելու և ինչպես պետք է սովորեն գնահատել արդի արվեստը:
Ջ.Պ. Ըստ իս` չպետք է փնտրեն, ընդհակառակը` պետք է պասսիվ դիտեն ու փորձեն ստանալ այն, ինչ նկարն է առաջարկում, և ոչ թե փաստարկ կամ կանխակալ մտքեր ունենան, թե ինչ են փնտրելու:
ՈՒ.Ր. Ճիշտ կլինի՞ ասել, թե արվեստագետը նկարում է` ելնելով ենթագիտակցականից, և կտավը պետք է գործի ինչպես դիտողի ենթագիտակցականը:
Ջ.Պ. Ենթագիտակցականն արդի արվեստի կարևոր կողմն է, և կարծում եմ` ենթագիտակցական մղումներն իրոք շատ էական են նկարները դիտելիս:
ՈՒ.Ր. Ուրեմն, աբստրակտ նկարում որևէ ծանոթ իմաստի կամ օբյեկտի գիտակցական որոնումն ուղղակի կշեղի՞ այն ինչպես հարկն է գնահատելուց:
Ջ.Պ. Կարծում եմ` նկարը պետք է վայելել, ինչպես վայելում են երաժշտությունը: Հետո միայն կարող եք սիրել կամ չսիրել այն: Բայց… սա շատ անլուրջ է թվում: Ես սիրում եմ որոշ ծաղիկներ, իսկ մյուսները չեմ սիրում: Կարծում եմ` գոնե պետք է տրվի… պետք է հնարավորություն ընձեռվի:
ՈՒ.Ր. Լավ, ենթադրում եմ` Դուք, անշուշտ, տալիս եք նմանատիպ հնարավորություն: Մարդը չի ծնվում լավ երաժշտություն սիրելու համար, անտարակույս, նա ունկնդրում է այն և հետզհետե զարգացնում դրա ըմբռնողությունը կամ ճաշակը:
Եթե արդի նկարչությունն աշխատի նույնկերպ, ժամանակի ընթացքում մարդը կվարժվի դրան այնպես, որ ի վիճակի կլինի գնահատելու այն:
Ջ.Պ. Իմ կարծիքով, դա անկասկած կարող էր նպաստել:
ՈՒ.Ր. Պրն. Պոլլոք, դասական արվեստագետները ներկայացնելու աշխարհ ունեին և անում էին դա` օբյեկտները պատկերելով այդ աշխարհում: Ինչո՞ւ արդի արվեստագետը այդպես չի վարվում:
Ջ.Պ. Հը¯մմ… Արդի արվեստագետն ապրում է մեքենայական դարաշրջանում, և մենք ունենք օբյեկտները պատկերելու մեքենայական միջոցներ. այնպես, ինչպես լուսանկարչական ապարատն ու լուսանկարը: Արդի արվեստագետը, ինձ թվում է, աշխատում ու ներկայացնում է յուրահատուկ ներաշխարհ, այլ կերպ ասած` արտահայտում է էներգիան, շարժումը և այլ ներքին ուժեր:
ՈՒ.Ր. Ճիշտ կլինի՞ ասել, թե դասական արվեստագետը բացահայտում էր իր աշխարհը օբյեկտներ պատկերելով, մինչդեռ արդի արվեստագետն արտահայտում է իր աշխարհը` կերպավորելով օբյեկտների ներգործությունն իր վրա:
Ջ.Պ. Այո, արդի արվեստագետն աշխատում է ժամանակի ու տարածության հետ և ավելի շուտ արտահայտում է իր զգացմունքները, քան լոկ պատկերազարդում է:
ՈՒ.Ր. Լավ, պրն. Պոլլոք, կարո՞ղ եք մեզ ասել, թե ինչպես ծնվեց ժամանակակից արվեստը:
Ջ.Պ. Այն երկնքից չընկավ. այն երկարատև ավանդույթի մի մասն է, որ սկզբնավորվել է Սեզանից, շարունակվել կուբիստների, պոստկուբիստների կողմից մինչև այն նկարչությունը, որը գոյություն ունի այսօր:
ՈՒ.Ր. Ուրեմն, արդի արվեստը պարզապես էվոլյուցիայի արդյո՞ւնք է:
Ջ.Պ. Այո:
ՈՒ.Ր. Կարո՞ղ ենք վերադառնալ մեթոդին վերաբերող հարցին, որ շատերն այսօր կարևոր են համարում: Կարո՞ղ եք ասել, թե ինչպես զարգացրիք նկարելու Ձեր մեթոդը և ինչո՞ւ եք հենց այդպես նկարում:
Ջ.Պ. Լավ: Մեթոդը, ինձ թվում է, անհրաժեշտությունից բխող բնական աճ է, և անհրաժեշտությունից դրդված է արդի արվեստագետը գտնում իր աշխարհը պատկերելու նոր կերպեր: Ինձ հաջողվել է գտնել նկարչության ավանդական տեխնիկաներից տարբերվող ձևեր, որոնք այս պահին փոքր-ինչ արտառոց են թվում, բայց չեմ կարծում, թե շատ են տարբերվում: Ես նկարում եմ հատակին, և դա արտասովոր չէ. արևելցիներն էլ էին անում դա:
ՈՒ.Ր. Ինչպե՞ս եք նկարը ստանում կտավի վրա: Լսել եմ` չեք օգտվում վրձիններից կամ նմանատիպ պարագաներից, այնպես չէ՞:
Ջ.Պ. Հիմնականում կիրառում եմ ջրային, հոսուն ներկեր: Օգտագործածս վրձիններն առավելապես ծառայում են որպես ձողիկներ. վրձինը չի դիպչում կտավի մակերևույթին, այն մնում է վերևում:
ՈՒ.Ր. Կբացատրեի՞ք արդյոք, թե կտավի վրա աշխատելիս որն է ներկոտ, ջրաներկոտ ձողիկի առավելությունը վրձնից:
Ջ. Պ. Լավ, ձողիկով ես առավել անկաշկանդ եմ, ունեմ ավելի մեծ ազատություն և թեթևությամբ եմ շարժվում կտավով մեկ:
ՈՒ.Ր. Բարի, այն ավելի դժվար չէ՞ կառավարել, քան վրձինը: Նկատի ունեմ, հավանականությունը մեծ չէ՞, որ ներկը շատ կլինի կամ կկաթի, կամ նմանատիպ այլ բաներ: Վրձնով աշխատելիս ներկը քսում ես այնտեղ, որտեղ ուզում ես և հստակորեն գիտես, թե ինչի է նմանվելու:
Ջ.Պ. Ոչ, այդպես չեմ կարծում: Ես չեմ… հը¯մմ… փորձառությամբ, թերևս, հնարավոր է մեծ մասամբ կառավարել ներկի հոսքը, և ես չեմ անում… պատահական ոչինչ չեմ անում, որովհետև բացառում եմ դա:
ՈՒ.Ր. Կարծեմ Ֆրոյդն է ասել, թե պատահական ոչինչ չկա: Դուք դա՞ նկատի ունեք:
Ջ.Պ. Հենց դա:
ՈՒ.Ր. Փաստորեն, ձեր մտքում Դուք չունե՞ք կտավի նախապատկերը:
Ջ.Պ. Ոչ բոլորովին… ոչ… որովհետև այն դեռ չի ստեղծվել, հասկանում եք: Ինչ-որ նոր բան է ստացվում. այն բավականին փոխվում է աշխատելիս, ասենք, նատյուրմորտի վրա, որտեղ տեղակայում ես օբյեկտներն ու վերարտադրում դրանք: Ես իսկապես ընդհանուր պատկերացում ունեմ, թե ինչ եմ անում, և արդյունքն ինչ է լինելու: