Ռուբիկոն

Հայ. ընկոյզ բառի տոհմածառը

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Վահան Սարգսյան

Ի տարբերություն այլ լեզուների, հայերենում «ընկույզ» իմաստը նշանակելու համար գոյություն ունեն զգալի քանակությամբ  հոմանիշ  ձևեր,  գրական  և  բարբառային  զանազան տարբերակներ՝ ընկոյզ, կաղին, կակալ, պոպոկ, ճղոպուր, նուշ և այլն: Նույնիմաստ բառերի նման առատությունը պատահական չի կարող լինել և, անտարակույս,  արդյունք է այն բանի, որ դեռևս անհիշելի ժամանակներից հայերն ունեցել են բնությունից իրենց տրված ընկույզի մշակույթ, որի լեզվական դրսևորումներն էլ հասել են մինչև մեր օրերը:

Ցավոք սրտի, դեռևս գոյություն չունի «ընկույզ» իմաստով հայերեն բառերի ամբողջական մի քննություն, իսկ առկա մի քանի մեկնություններն էլ թերի են և կողմնորոշված բացառապես դեպի արտաքին աշխարհը:

Սույն հոդվածը մի փորձ է լրացնելու այդ բացը, լեզվաբանության նորագույն մեթոդների կիրառմամբ լուսաբանելու հայ. ընկոյզ բառի, հայոց ընկոյզ աշխարհի ընդերքն ու եզերքը:

Ընկոյզ Սա հայոց լեզվում ընկույզի ընհանրական անվանումն է, որի բարբառային տարբերակները, ըստ Հ. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանի», բավականին շատ են՝ ընկուզ, ունղայզ, ունգուզ, անգուզ, ինգօզ, գուզ, գիւզ, ունգուս և այլն: Բացի այդ, Աճառյանը բերում է նաև ընգոյզ և անկոյզ  գրավոր  ավանդված  ձևերը:  Խոսելով  հայ. ընկոյզ բառի ծագման և արտաքին կապերի մասին, Հ. Աճառյանն արտահայտում է մի շարք նկատառումներ, որոնք, ելնելով մեր  հետագա  շարադրանքի  շահերից,  նպատակահարմար ենք գտնում մեջբերել ամբողջությամբ:

«= Բառս գտնվում է Առաջավոր Ասիայի շատ լեզուների մեջ. հմմտ.  պրս.  goz,  gavz,  քրդ.  guz,  guiz,  goviz,  չաղաթայ., արաբ. javz, թրք. jeviz, եբր. egoz, ասոր. gauza, օսս. angoza, anguz, իմերել. և վրաց. նիգոզի, մինգր. նէջի, չերքեզ. desvi, բոշայ. անքօռ (Կովկաս), անքոտ (Ակն. տես Ճանիկեան, Հնութ. Ակնայ, էջ 62): Բայց այս ձևերից ոչ մեկը չի կարող հայերենի մայր համարվել: Ընդհակառակը շատերը կարող են բացատրվել հայերենով: Ձայնական օրենքների համաձայն՝ հյ. ընկոյզ ձևը գալիս է նախավոր *ինկոյզ ձևից և այս էլ թերևս *engouz ձևից, որին առանձնապես նման են կովկասյանները (օսս., իմերել., վրաց.): Սեմական ձևերը սեմագետ- ների կողմից բնիկ չեն համարվում. արդեն սեմական gauz ձևը  չի  կարող  տալ  հայ.  ընկոյզ.  հավանաբար  հին  հայ. *engouz տվել է սեմ. *eggouz, որից եբր. egoz, նախաձայնի կրճատմամբ էլ՝ մյուս բոլոր ձևերը: Արդեն ըստ Hehn, Kulturpflanzen, էջ 390, ընկոյզը, նուշը և շագանակը Փոքր Ասիո հյուսիսային կողմերից են գալիս և Հայաստանը՝ որ ընկույզի արտադրության կողմից նշանավոր երկիր է, կարող էր իր բառը դեպի հարավ և դեպի արևելք տարածած լինել: Հավանաբար հյ. ընկոյզ հին խալդիական լեզվից մնացած բառ է»:

Արդ՝ կարելի՞ է արդյոք զուտ լեզվաբանական նյութի հիման վրա  ապացուցել  հայ.  ընկոյզ  բառի՝  այլ  լեզուներ ներթափանցած  լինելու  հանգամանքը:  Այս  հարցին  մենք տալիս ենք   դրական  պատասխան՝  սոսկ  այն  վերապահումով, որ դրա համար հարկ կլինի ցույց տալ, որ ընկոյզ բառն ունի հենց հայկական կազմություն, և որ այդ կազմությունը գալիս է ընկույզի ֆիզիկական հատկություններից:

Ամենից առաջ ասենք, որ վիճելի է Աճառյանի կարծիքն այն մասին, թե հայ. ընկոյզ բառը, ձայնական օրենքների համաձայն, գալիս է նախավոր *ինկոյզ կազմությունից. սա հնարավոր մի շարք տարբերակներից մեկն է միայն: Ինչպես հայտնիէ, հայերենում ը-ձայնավորը կարող է ծագել ոչ միայն նախա- վոր ի-ից, այլև ու-ից, ինչպես որ ունենք մուտք-մտնել և միտք-մտածել և այլն: Ասվածից հետևում է, որ հայ. ընկոյզ բառի համար կարելի է վերականգնել ոչ միայն *ինկոյզ, այլ նաև *ունկոյզ նախաձևը, որը հաստատվում է բարբառային ունգուզ, ունգուս տարբերակների գոյությամբ:

Այսպիսով, իբրև ելակետային լեզվաբանական տվյալներ, մենք ստացանք հայ. ընկոյզ բառի առաջին բաղադրիչի վերականգնման երկու տարբերակ *ին- և *ուն-, սակայն, մինչ դրանց հանգամանալից քննությունը, մեզ հարկ է զբաղվել ընկոյզ բառի կոյզ բաղադրիչով:

Ինչպես ցույց են տվել վերջին տարիների մեր ուսումնասիրությունները, հայերենում ոյ երկբարբառը կարող է ծագել նախավոր *որ-ից, այսինքն՝ հայերենում գործում է որ > ոյ > ու հնչյունափոխության օրենքը: Եվ եթե փորձենք այդ օրենքով վերականգնել մեզ հետաքրքրող կոյզ տարրի նախաձևը, ապա կստանանք *կորզ կազմությունը՝ կոյզ < կորզ: Ստացված կորզ բառն աստղանիշ չի կրում, քանի որ նույնանում է հայ. կորզ արմատի հետ, որից ունենք կորզել «քաշել, հանել, խլել, փրցնել» բայը, որը Հ. Աճառյանը դրել է անհայտ ծագման բառերի շարքը: Սակայն անզեն աչքով էլ տեսանելի է կապը կորիզ բառի հետ: Այլ կերպ ասած, մենք կարծում ենք, որ հայ. կորզել բառը ծագում է նախավոր *կորիզել կազմությունից և հնում նշանակել է պարզապես «կորիզը հանել»:

Այն, որ ընկոյզ բառի կոյզ բաղադրիչը ծագմամբ նույնն է կորիզ բառի հետ, ունի իր օգտին խոսող մի կռվան ևս. հայերենում այդ երկու բառերն էլ պատկանում են -ո հոլովման՝ ընկոյզ-ընկուզո և կորիզ-կորիզո:

Այսպիսով, մենք պարզեցինք, որ հայ. ընկոյզ բառի կոյզ տարրը ոչ այլ ինչ է, քան կորիզ բառի հնչյունափոխված տարբերակը: Մի փոքր ավելի խորացված քննությունը մեզ հնարավորություն կտա վեր հանել մի ամբողջ շարք ձևաիմաստային այլ զուգահեռներ, որոնց կապը խնդրո առարկա հոմանիշների հետ արտաքուստ թվում է միանգամայն անտեսանելի:

Հայերենում կորիզ բառի բացարձակ զուգահեռն է կուտ, և եթե  փորձենք  այն  դիտարկել  վերը  նշված  որ  >  ոյ  >  ու զարգացման   տեսանկյունից,   ապա   կստանանք մոտավորապես հետևյալ պատկերը. կուտ > կոյտ > կորտ: Այս վերականգնումից հետևում է, որ *կորտ նախաձևի կոր արմատը նույնն է կորիզ հոմանիշի կոր արմատի հետ, այսինքն՝ հայերենում կորիզ և կուտ  բառերը նույնն են ոչ միայն իմաստով, այլև ծագմամբ, իսկ կառուցվածքային մասնակի տարբերությունները ներկայացնում են միևնույն հնչյունական օրենքի զարգացման տարբեր փուլերը:

Այս վերլուծությամբ մենք մոտենում ենք հնարավոր իմաստային խառնաշփոթի վտանգավոր սահմանագծին, քանի որ կորիզ իմաստը կարող է ծագել ինչպես կառուցվածքային հատկանիշներից՝  «կլոր,  կոր,  ուռուցիկ,  գնդաձև»  և  այլն, այնպես էլ բովանդակային չափանիշներից՝ «կոշտ, պինդ, կարծր, ամուր» և այլն: Անշուշտ, չի կարելի բացառել նաև այս երկու իմաստային դաշտերի միախառնումը, քանի որ պտուղների մի մասում՝ ծիրան, դեղձ, սալոր և այլն, կորիզը կոշտ է, իսկ այլ խմբում՝ ընկույզ, կաղին, նուշ և այլն, ընդհակառակը՝ փափուկ և ուտելի: Անտարակույս, կարելի է ամեն մի դեպքի համար առաջարկել ինչ-ինչ բացատրություններ, բերել  զանազան  փաստեր  ու  ապացույցներ,  սակայն  այդ ամենը մեզ շատ կհեռացնի մեր բուն նյութից: Վերը բերված վերականգնումները մեզ բավարարում են այնքանով, որ ցույց են տալիս հայ. ընկոյզ բառի կապը կորիզ բառի հետ, իսկ կորիզ և կուտ հոմանիշների ծագման և նախնական իմաստի հետ կապված հարցերը թեև շատ կարևոր են, բայց ներկա հոդվածի շրջանակներում չենք կարող դրանց բավա- կանաչափ տեղ և ուշադրություն հատկացնել:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը Գրիգոր Բրուտեան Հայոց պատմութեան հնագոյն շրջանը ներկայումս հարուստ է տակաւին չլուսաբանուած շատ հարցերով: Այս շրջանին վերաբերող բազմաթիւ հարցեր այսօր կամ բնաւ պատասխան չունեն, եւ կամ էլ ունեն իրար հակասող՝ մէկից աւելի պատասխաններ: Այս կարգի հարցերի թուում են… Մշակութաբանություն Հայրենիք կոչվող վերապրումից Վացլավ Հավել ՆԵՐԱԾԱԿԱՆ «Ազատությունը, բառիս ամենախորը իմաստով, թերևս նշանակում է ավելին, քան առանց այլևայլության իմ մտածածն ասելը: Ազատություն նշանակում է նաև տեսնել ուրիշին, կարողանալ լինել նրա վիճակում, ներզգայել նրա փորձը, ներհայել նրա հոգին և ի վիճակի… Մշակութաբանություն Ռուբիկոնն անցնելու դրաման Արա Գուրզադյան Էպիկենտրոն ընկնելու դիալեկտիկան պայմանավորված է Ռուբիկոնն անցնելու դրամայով: Արձանագրված պատմական հիշողությունը վկայում է, որ գրեթե 2050 տարի առաջ, մ.թ.ա. 49 թվականին Հուլիոս Կեսարն անցնելով Հռոմեական հանրապետության սահման հանդիսացող Ռուբիկոն…