Ռուբիկոն

Հայ. ընկոյզ բառի տոհմածառը

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Արդ՝ այսքանով մենք կարող ենք ավարտված համարել հայ. ընկոյզ բառի մեկնության առաջին փուլը՝ կոյզ տարրի ստուգաբանությունը իբրև կորիզ բառի հնչյունափոխված տարատեսակը, ուստի կարող ենք անցնել ին- և ուն- բաղադրիչների բացատրությանը:

Ինչպես վերը նշվեց, հայ. ընկոյզ բառի առաջին վանկը ներկայացված է զանազան ձայնավորումներով՝ ընկոյզ, անկոյզ, ինգօզ, օնգուզ, ունգուզ: Դժվար է ենթադրել, թե տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ձայնավորների լծորդությանը՝ ա > օ, ա > ի, ա > ու և այլն: Մենք հակված ենք այն կարծիքին, որ ձայնավորների այդ տարբերությունները հետևանք են մենաբարբառացման, այսինքն՝ մեզ հետաքրքրող ա, ի, ը, ու, օ ձայնավորները տվյալ դեպքում հանդիսանում են ինչ-որ երկբարբառի տարբեր ժառանգորդները: Եվ, դատելով մենաբարբառացման արդյունք հանդիսացող ա, ի, ը, ու, օ ձայնավորներից, կարելի է խոսել անհետացած երկու երկբարբառի մասին՝ *այն և *ոյն: Սրանցից առաջինը  մենաբարբառացվելով կտար ին-, ան-, օն-, իսկ երկրորդը՝ ուն-. հասկանալի է, որ ըն- ձևը, ինչպես որ ասվել է, կարող էր ծագել հավասարապես և ի-ից և ու-ից՝ ուն > ըն և ին > ըն:

Այս վերականգնումներից ելնելով, մենք կարող ենք ընկոյզ բառի հնչյունական զարգացման շղթան երկարացնել ևս մեկ փուլով՝ ընկոյզ < ունկոյզ < ոյնկոյզ   կամ՝ ընկոյզ < ինկոյզ  < այնկոյզ: Ինչ վերաբերում է անկոյզ և օնգուզ տարբերակներին, ապա կներկայացնեին կիսաձայն յ-ի անկումից գոյացած մենաբարբառներ՝ անկոյզ < այնկոյզ և օնգուզ < ոյնգոյզ:

Մինչ այժմ շարադրված փաստերից կարելի է գալ այն եզրակացության, որ ընկոյզ բառի առավել ամբողջական նախաձևերը կլինեն *ոյնկորիզ և *այնկորիզ: Եվ քանի որ վերջիններիս պարունակած կորիզ բաղադրիչի ինքնությունն արդեն իսկ պարզ է, փորձենք պարզել, թե ինչ է թաքնված մեր կողմից վերականգնված *ոյն և *այն տարրերի ետևում: Այստեղ ևս մեր հիմնական կողմնորոշիչները պետք է լինեն հայերենի հնչյունական օրենքները: Վերջիններս ցույց են տալիս, ինչպես քանիցս առիթ ունեցանք համոզվելու, որ հայերենում ոյ երկբարբառը վերածվում է ու-ի՝ բոյս > բուսական, բոյն > բուն, ընկոյզ > ընկուզենի և այլն: Այս անցումը մեզ հուշում է, որ *ոյնկորիզ նախաձևի ոյն բաղադրիչի հնչյունական զարգացման հաջորդ փուլը պետք է որ լիներ ուն (ոյն > ուն), որը պահպանվել է ունգուզ, ունգուս կազմություններում:

Հայերենում այդ ուն- տարրը հեշտությամբ բացատրվում է ուն- արմատով, որի բուն իմաստն է «բռնել, առնել, ստանալ, ունենալ», որից՝ ունիլ, ունենալ, ունելի, ունեցվածք և այլն:

Այս համեմատությունը մեզ հնարավորություն տվեց ընդհուպ մոտենալու հայ. ընկոյզ բառի առեղծվածի բացահայտմանը. եթե ընկոյզ բառը, ինչպես ցույց է տալիս նրա կառուցվածքի վերլուծությունը, ծագում է ուն «ունենալ» և կոյզ «կորիզ» տարրերի միաձուլումից, ապա վստահաբար կարելի է խոսել «կորիզ ունեցող» նախնական իմաստի մասին, որը լիովին համապատասխանում է ընկույզի ֆիզիկական հատկանիշներին:

Թվում է, թե այս ամենը դժվար է համաձայնեցնել ինգօզ և անգուզ, անկոյզ կառուցվածքների հետ, քանի որ այդ դեպքում ին- և ան- հնչյունակապակցությունները պետք է դիտվեն իբրև ուն «բռնել, առնել, ստանալ, ունենալ» արմատի տարատեսակները:   Սակայն   իրականում այստեղ   ոչ   մի դժվարություն չկա, և հարկ է պարզապես մեկ աստիճանով երկարացնել  հնչյունական  վերականգնման  շղթան՝ ոյ երկ- բարբառը բխեցնելով նախավոր որ-ից՝ ուն < ոյն < որն: Եվ հայ. ուն արմատի համար վերականգնված *որն նախաձևը կլինի առնել «վերցնել, բռնել, ստանալ, ունենալ» բայի կրկնակը: Հետևաբար, հայ. առնել և ունենալ հոմանիշները ծագմամբ  նույնն  են,  ուստի  կարելի  է  ասել,  որ  ինգօզ  և անկոյզ ձևերի ին- և ան- տարրերը առնել բառի մնացորդներն են և որպես այդպիսին, ունիլ բայի հնչյունափոխված տարատեսակները:

Այս ամենը՝ հայերենի ներսում:

Արտաքին  համեմատություններն  ասվածին  շատ  բան  չեն ավելացնում: Արդեն տեղեկացանք, որ սեմական ձևերը սեմագետների  կողմից  բնիկ  չեն  համարվում,  և  պատճառը պարզ    է՝    ընկույզն    անծանոթ է սեմական աշխարհի ավազուտներին, ուստի պատահական չէ, որ Աստվածաշնչում ընկույզի և ընկուզենու հետ կապված դրվագներն աննշան են:

Գալով կովկասյան և մնացած այլ ձևերին, ապա դրանց՝ հայերենից փոխառյալ լինելը ևս որևէ կասկած չպետք է հարուցի, քանի որ ընկոյզ բառի բուն իմաստը՝ «կորիզ ունեցող»,  թելադրված  է  ընկույզի  բնական  հատկանիշներով և արտահայտված զուտ հայկական կազմությամբ՝   ուն «ունենալ» և կոյզ «կորիզ»:

Ըստ էության, հայերենի պարագայում մենք իրավունք ունենք խոսելու, այսպես ասած, գիտակցված անվանադրության մասին, որը լինելով որոշակի հերթականությամբ կատարված գործողությունների արդյունք, արդեն իսկ բացառում է արտաքին ազդեցության գործոնը:

Գուզ Բարբառներում կան սրա զանազան տարբերակները՝ գիւզ, գէօզ, գոզ, որոնք մասամբ հիշեցնում են վերը նշված իրանական ձևերը՝ goz, guiz, goviz և այլն:

Ակնհայտ է, որ մենք գործ ունենք միևնույն կորիզ բառի հնչյունափոխված տարբերակների հետ՝ կորիզ > կոյզ > կուզ > գուզ: Մյուս կողմից՝ ձայնեղությունը կարելի է բացատրել մի  ժամանակ կ-ի  հարևանությամբ  ն-ի  առկայությամբ. այս դեպքում գուզ բառը կարող է բացատրվել իբրև ընկոյզ ձևի աստիճանական կրճատման արդյունք՝ ընկոյզ > ընգոյզ > ընգուզ > նգուզ > գուզ: Նման վարկածի օգտին է խոսում Թբիլիսիի բարբառում գոյություն ունեցող նընգուզ ձևը,  որը փաստորեն նույնն է վերականգնված *նգուզ կառուցվածքի հետ: Կրկնում ենք, սա չի բացառում այն բանի հնարա- վորությունը, որ մեր մի շարք բարբառներում գուզ բառը նշանակեր  պարզապես «կորիզ»՝  գալով  նախավոր «կլոր, գնդաձև» կամ «կոշտ, կարծր, պինդ, ամուր» իմաստներից որևէ մեկից:

Ի դեպ, լատիներենն ունի nux (սեռ. nucis) «ընկույզ» բառը, որը, հայ. գուզ-ի նման, ակներևաբար ծագում է nucleus «միջուկ, կորիզ» բառից, թեև որոշ հետազոտողներ փորձում են կապ տեսնել հայ. նուշ-ի հետ:

Կաղին Կառուցվածքային առումով ներկայացնում է ընկույզի մանր տարատեսակը՝ կոշտ կեղևով և ուտելի միջուկով: Իր «Արմատական բառարանում» Հ. Աճառյանը բերել է մի քանի արտաքին համեմատություններ, որոնք, սակայն, կաղին բառը անջատում են հայերենի ներքին համակարգից: Մենաբարբառացման օրինաչափությանը համապատասխան, հայ. կաղին (սեռ. կաղնո)  բառը  ծագում   է  նախավոր *կայղին ձևից, իսկ վերջինս, ար < այ հնչյունափոխությանը համաձայն՝ *կարղին կամ ավելի ճիշտ՝ *կարեղին կազմությունից: Սրա արմատն է կար, որը պատկանում է կորիզ (կոր-  արմատից)  խմբին:  Ինչ  վերաբերում  է  -եղին բաղադրիչին, ապա կարելի է առաջարկել վերլուծության հետևյալ տարբերակը:

Հայերենում -եղ վերջածանցը ցույց է տալիս «առատ ունենալ» իմաստը՝ հյութ-եղ «առատ հյութ ունեցող», մարմնեղ «մեծ մարմին ունեցող», ձայնեղ «ուժեղ ձայն ունեցող» և այլն: Մենք ենթադրում ենք, որ կաղնի բառի *կարեղին նախաձևի մեջ կարելի է տեսնել -եղ ածանցը, որով կստանանք *կար-եղ «կար ունեցող» կառուցվածքը՝ ճիշտ և ճիշտ ընկոյզ բառի նման՝ «կորիզ ունեցող»:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը Գրիգոր Բրուտեան Հայոց պատմութեան հնագոյն շրջանը ներկայումս հարուստ է տակաւին չլուսաբանուած շատ հարցերով: Այս շրջանին վերաբերող բազմաթիւ հարցեր այսօր կամ բնաւ պատասխան չունեն, եւ կամ էլ ունեն իրար հակասող՝ մէկից աւելի պատասխաններ: Այս կարգի հարցերի թուում են… Մշակութաբանություն Հայրենիք կոչվող վերապրումից Վացլավ Հավել ՆԵՐԱԾԱԿԱՆ «Ազատությունը, բառիս ամենախորը իմաստով, թերևս նշանակում է ավելին, քան առանց այլևայլության իմ մտածածն ասելը: Ազատություն նշանակում է նաև տեսնել ուրիշին, կարողանալ լինել նրա վիճակում, ներզգայել նրա փորձը, ներհայել նրա հոգին և ի վիճակի… Մշակութաբանություն Ռուբիկոնն անցնելու դրաման Արա Գուրզադյան Էպիկենտրոն ընկնելու դիալեկտիկան պայմանավորված է Ռուբիկոնն անցնելու դրամայով: Արձանագրված պատմական հիշողությունը վկայում է, որ գրեթե 2050 տարի առաջ, մ.թ.ա. 49 թվականին Հուլիոս Կեսարն անցնելով Հռոմեական հանրապետության սահման հանդիսացող Ռուբիկոն…