Ռուբիկոն

Հայ. ընկոյզ բառի տոհմածառը

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Հետագայում *կարեղ > կայղ > կաղ զարգացման հետևանքով -եղ վերջածանցը ձուլվել է կար արմատին՝ ծնունդ տալով կաղ կազմությանը, որն էլ ընկալվելով իբրև արմատական բառ, ստացել է -ին/ո վերջածանցը՝ կարեղին > կայղին > կաղին/ո:

Ստացվում է, որ հայերը կաղին բառն ստեղծելու համար օգտագործել  են  բառակազմական  նույն  կաղապարը,  որը գտանք ընկոյզ հոմանիշի մեջ. փաստորեն նույնն են կոր և կար արմատները, իսկ «ունենալ» իմաստն արտահայտվում է երկու հոմանիշ ձևերի միջոցով՝ ընկոյզ բառի մեջ ուն «ունենալ», իսկ կաղին (< *կարեղին) հոմանիշում՝ -եղ «առատ ունենալ» ածանցով:

Եվ որպեսզի մեր կատարած վերականգնումները ստանան կողմնակի ապացույցներ, քննենք նույն խմբին պատկանող մեկ այլ հոմանիշ ևս:

Կակալ Բառը տարածված է մի շարք բարբառներում և հանդիսանում է ընկոյզ-ի բացարձակ հոմանիշը: Առաջին հայացքից թվում է, թե կակալ բառը պատկանում է պատկերավոր – նկարագրական կազմությունների թվին, և որ կարող է ծագած լինել մանկական խոսքից: Սակայն այդ տպավորությունը խաբուսիկ է, քանի որ իրականում կակալ բառը պատկանում է հայերենի հնչյունական-իմաստային ներքին համակարգին և անբաժանելի է վերջինիս մնացած բաղադրիչներից:

Հայոց լեզվի բառակազմական առանձնահատկություններից ելնելով, կարող ենք նկատել, որ կակալ բառը ներկայացնում է կրկնավոր կազմություն, այսինքն՝ ձևավորվել է կալ տարրի կրկնությամբ՝ կալ-կալ > կալկալ > կակալ: Ակնհայտ է նաև, որ խնդրո առարկա կալ արմատը նույնն է կաղին բառի կաղ տարրի հետ, ուստի պետք է որ անցած լինի հնչյունական զարգացման նույն ճանապարհը՝ կարել > կայլ > կալ, ընդ որում, կար արմատը այստեղ ևս չունի բավարար իմաստային  հստակություն՝  տատանվելով «կոր, կլոր, գնդաձև» և «կոշտ, պինդ, ամուր» իմաստային դաշտերի միջև: Սրանցից բացի, կա նաև «կեղև» իմաստային դաշտը և հենց կեղեւ բառը, որն, անտարակույս, պատկանում է միևնույն համակարգին:

Կթուն Բարբառային ձև է, որն արտահայտում է «ընկույզի, նուշի կամ բռինչի միջուկ» իմաստը:

Մինչ այժմ դիտարկված օրինակներում մենք գործ ունեինք ընկույզի ամբողջական ընկալման հետ՝ առանց իրարից անջատելու պտուղն ու կեղևը, մինչդեռ կթուն բառի արտահայտած իմաստը ավելի կոնկրետ է: Չնայած դրան, հեշտ չէ վերականգնել հնչյունական և իմաստային զարգացման շղթան, քանի որ տարբեր հոմանիշ ձևերի հետ միախառնվելու վտանգը բավականին մեծ է:

Հայտնի է, որ հայերենում -ուն վերջածանցը արտահայտում է «մի բան ունենալ» իմաստը և, ինչպես վերը նշվել է, ծագմամբ նույնն է ուն «ունենալ» արմատի հետ: Սրանից հետևում է, որ կթուն բառի բուն իմաստն է «կթ ունեցող»՝ կթուն: Իսկ ի՞նչ է թաքնված այդ կթ արմատի ետևում:

Ինչպես գիտենք, գաղտնավանկի ը ձայնավորը կարող է ծագել նախավոր ու կամ ի ձայնավորներից, ուստի հայերենի ներքին օրենքները թույլ են տալիս կթ հնչյունակապակցության համար առաջարկել *կիթ կամ *կութ նախաձևերից որևէ մեկը: Մնացածն արդեն հեշտ է, քանի որ *կիթ նախաձևը իր հերթին կարող է վերականգնվել մեզ ծանոթ *կիթ < կէթ < կայթ < կարթ կաղա-պարով, իսկ *կութ տարրը՝ *կութ < կոյթ < կորթ շղթայով: Առաջին դեպքում կստանանք կար արմատը, որն առկա էր կաղին, կակալ հոմանիշներում, իսկ երկրորդ դեպքում՝ կոր արմատը, որին հանդիպել ենք կորիզ, ընկոյզ բառերում: Ըստ էության, վերականգնված *կութ արմատը նույնանում  է  հայ.  կուտ  բառի  հետ,  սակայն  իմաստային առումով չունի բավարար հստակություն, քանի որ «կուտ ունեցող»  նշանակումը  համապատասխանում  է   ընկույզին ամբողջապես, այլ ոչ թե առանձին վերցված միջուկին: Կարելի է ենթադրել, որ այստեղ միախառնվել են նաև «կոտրել, ջարդել, կտրել» իմաստային խմբին պատկանող այլ բառեր, որոնք իրենց նշանակումով բավականին մոտ են «ընկույզ, կաղին, կակալ» դաշտին:

Պոպոկ / Պոպոք Բարբառներում լայն տարածում գտած բառ է և արտահայտում է «ընկույզ» ընդհանուր իմաստը:

Դժվար չէ նկատել, որ պոպոկ բառն իր կառուցվածքով ընդհանուր ոչինչ չունի նախորդ շարադրանքում բերված հոմանիշների հետ: Սակայն դա ամենևին չի նշանակում, թե տվյալ դեպքում խոսքը վերաբերում է անպայման օտարամուտ տարրի: Արդեն ասվել է, որ հայերն ունեցել են ընկույզի սեփական մշակույթ, և ամենևին պարտադիր չէ, որ հայոց լեզվում այն ներկայացված լիներ միմիայն ընկոյզ խմբով: Հայ. կակալ հոմանիշի նման պոպոկ բառը արտաքուստ հիշեցնում է պատկերավոր-նկարագրական կազմություն, սակայն, կրկին կակալ բառի օրինակով, կարող ենք դիտել իբրև կրկնավոր բարդություն: Այստեղ հիմնական դժվարությունն այն է, թե ինչպես պետք է կատարվի նախկին կառուցվածքի վերականգնումը: Անշուշտ, զուտ մեխանիկական մոտեցումը տվյալ դեպքում արդյունք չի տա, քանի որ պոկ-պոկ տիպի մասնատումը կարող է տանել փակուղի:

Հաշվի առնելով պոպոկ բառի՝ ի հոլովման պատկանելը՝ սեռ. պոպոկի, կարող ենք առանձնացնել -կի ածանցը, որը՝ -ակի ձևով, հայերենում հայտնի է իբրև մակբայակերտ՝ թեթևակի, հաճախակի և այլն: Այս մասնատման արդյունքում մեզ կմնա  պոպո-  տարրը,  որի  համար  կարելի  է  առաջարկել *պոր-պոր նախաձևը՝ հայերենի համար ր ձայնորդի սովորական անկումով: Այս դեպքում հայ. պոպոկ/ի բառի հնչյունական կառուցվածքի վերականգնումը կունենա մոտավորապես հետևյալ պատկերը՝ պոպոկ < պոյպոյկ < պորպորկ/ի: Այս շղթայից *պոր-պոր-կի կազմության բուն իմաստը  կլիներ,  դատելով  -կի  եղանակավորող մասնիկից, «պոր-պոր-ի նման»:

Արդ՝ ո՞րն է այդ *պոր արմատի իմաստը, որը կրկնվելով նույն բառի կազմում, հանգեցրել է «ընկույզ» նշանակմանը:

Այս  ուղղությամբ  մեր  որոնումները  մեզ  հանգեցրին  այն եզրակացությանը, որ խնդրո առարկա *պոր արմատի բուն իմաստն է «գլուխ»: Հայերենում գոյություն ունի պոյր (նաև պուր)  «գլուխ»  բառը,  որը  լիովին  համեմատելի  է  *պոր արմատի հետ: Այս պարզ և հայերենի ներքին օրինաչափություններից բխող վերականգնումը ցույց է տալիս, որ հայ. պոպոկ  բառը  ծագումնաբանորեն  կապված  է  հայ.  պոյր «գլուխ» բառի հետ, ուստի իմաստային առումով էապես տարբերվում է ընկոյզ, կաղին և կակալ հոմանիշներից: Եթե սրանք  հիմնված  էին  ընկույզի  ներքին  բովանդակության ճանաչողության վրա և գալիս էին «կորիզ ունեցող» նշանակումից, ապա պոպոկ բառը ձևավորվել է ընկոյզի արտաքին տեսքի ընկալման վրա՝ նմանեցվելով գլխին՝ *պոր-պոր- կի «գլուխների-գլուխների նման»:

Այս առումով, բացառված չէ, որ պոպոկ բառը լինի շատ ավելի հին կազմություն, քան նախորդ հոմանիշները:

Ճղոպուր Հոմանիշների շարքի վերջին ներկայացուցիչն է, որն առավել տարածված է Ղարաբաղի բարբառում: Միաժամանակ, դիտարկված բոլոր բառերից ամենաերկարը:

Մեր կարծիքով, բառը կարելի է բաժանել երկու մասի՝ ճղո- և պուր: Երկրորդն առանց դժվարության կարելի է նույնացնել հայ. պոյր (կամ պուր) բառի հետ, որն առկա էր նաև պոպոկ հոմանիշում: Ինչ վերաբերում է ճղո- տարրին, ապա դրա հետ կապված կարելի է առաջարկել երկու հնարավոր բացատրություն:

Առաջինը կապված է հայ. ճիւղ բառի հետ և հիմնված է վերջինիս -ո հոլովման պատկանելու վրա՝ սեռ. ճիւղո: Այս համեմատության դեպքում ճղոպուր բառի նախնական իմաստը դառնում է «ճյուղի գլուխ», որը միանգամայն համապատասխանում է ընկույզի արտաքին տեսքին:

Երկրորդ  տարբերակը  ծագումնաբանական  կապ  է  ենթադրում հայ. ճղել, ճողել ձևերի հետ, որի արդյունքում  պոպոկ բառը հնում պետք է որ նշանակելիս լիներ «ծակ գլուխ, ճղած գլուխ»:

Այս երկու հնարավորություններից մենք առավել հակված ենք առաջինի կողմը:

Ընդհանուր եզրակացություններ

Եզրակացություննե՞ր, ընդհանու՞ր: Իսկ միգուցե կարիք չկա՞:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը Գրիգոր Բրուտեան Հայոց պատմութեան հնագոյն շրջանը ներկայումս հարուստ է տակաւին չլուսաբանուած շատ հարցերով: Այս շրջանին վերաբերող բազմաթիւ հարցեր այսօր կամ բնաւ պատասխան չունեն, եւ կամ էլ ունեն իրար հակասող՝ մէկից աւելի պատասխաններ: Այս կարգի հարցերի թուում են… Մշակութաբանություն Հայրենիք կոչվող վերապրումից Վացլավ Հավել ՆԵՐԱԾԱԿԱՆ «Ազատությունը, բառիս ամենախորը իմաստով, թերևս նշանակում է ավելին, քան առանց այլևայլության իմ մտածածն ասելը: Ազատություն նշանակում է նաև տեսնել ուրիշին, կարողանալ լինել նրա վիճակում, ներզգայել նրա փորձը, ներհայել նրա հոգին և ի վիճակի… Մշակութաբանություն Ռուբիկոնն անցնելու դրաման Արա Գուրզադյան Էպիկենտրոն ընկնելու դիալեկտիկան պայմանավորված է Ռուբիկոնն անցնելու դրամայով: Արձանագրված պատմական հիշողությունը վկայում է, որ գրեթե 2050 տարի առաջ, մ.թ.ա. 49 թվականին Հուլիոս Կեսարն անցնելով Հռոմեական հանրապետության սահման հանդիսացող Ռուբիկոն…