Ռուբիկոն

Հայրենիք կոչվող վերապրումից

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Վացլավ Հավել

ՆԵՐԱԾԱԿԱՆ

«Ազատությունը, բառիս ամենախորը իմաստով, թերևս նշանակում է ավելին, քան առանց այլևայլության իմ մտածածն ասելը: Ազատություն նշանակում է նաև տեսնել ուրիշին, կարողանալ լինել նրա վիճակում, ներզգայել նրա փորձը, ներհայել նրա հոգին և ի վիճակի լինել զանազան բաների զգայունակ ըմբռնումով ընդլայնել իմ ազատությունը: Քանզի ի՞նչ է փոխադարձ ըմբռնումը, եթե ոչ ազատության ընդլայնում և ճշմարտության խորացում»:

Այսպիսի մարդկային և էապես քրիստոնեական մտքեր լսելը որևէ պետության ղեկավարից իհարկե չափազանց ուրախալի և հուսադրող երևույթ է, սակայն է՛լ ավելի ուրախալի կլինի տեսնել այդ մտքերի կայացման ուղին մի ժամանակաշրջանում, երբ քողարկված ստի և կիսաճշմարտությունների համաճարակը դարձել է արդի քաղաքականության այբուբենը, իսկ ազգային, պետական և անհատական իրավունքները դեռ դաժան փորձություն են անցնում դարվինիզմը որդեգրած քաղաքական պայքարի հորձանուտում:

Եվրոպայի միասնականացման գործընթացի բաղադրիչներից են չեխ-գերմանական հարաբերությունները իրենց կնճռոտ պատմական ժառանգության կոնտեքստում: Այդ հարաբերությունների հստակեցման ճանապարհին կարևոր դեր ուներ 1997-ի փետրվարին ընդունված «Փոխադարձ կապերի և դրանց ապագա զարգացման մասին» չեխ-գերմանական հռչակագիրը, որից երկու ամիս անց, 1997-ի ապրիլի 24-ին, Չեխիայի Հանրապետության պրեզիդենտ Վացլավ Հավելը ելույթ ունեցավ Գերմանիայի Բունդեսթագի առջև Բոննում, իսկ ապրիլի 29-ին Գերմանիայի պրեզիդենտ Ռոման Հերցոգը՝ Չեխիայի պառլամենտի առջև Պրագայում: Ստորև բերում ենք մի հատված Վացլավ Հավելի ճառից, որում շոշափվող «Հայրենիք» հասկացության ըմբռնումը լինելով եվրոպական հումանիստական լավագույն ավանդույթների անհատական հայեցողության արդյունք պետական-քաղաքական մարմնավորում ստանալու պարագայում կբազմապատկի այդ ավանդույթների ակտուալությունն ու կաջակցի ազգային-պետական փոխըմբռնումների հետագա առողջացմանը հօգուտ համամարդկային արժեքների փոխհավասարակշռված զարգացման: Կաջակցի ճշմարտության խորացմանը ազատության ընդլայնման առումով:

Արա Գուրզադյան

ՎԱՑԼԱՎ ՀԱՎԵԼ

ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՉՎՈՂ ՎԵՐԱՊՐՈՒՄԻՑ

Ուրիշին տեսնելու ազատության մասին

… Ընդունված «Հայտարարագրի» նշանակությունը, – առնվազն այնպես, ինչպես ինձ է թվում, – գլխավորապես այն է, որ ազատագրում է մեզ: Վստահելով պատմական անկանխակալ հետազոտության պատմությանը՝ մենք ամենից առաջ հենց պատմաբաններին ենք ազատագրում: Հարկ չկա, որ նրանք խուսափեն տհաճ փաստերից սոսկ այն բանի համար, որ դրանց նկարագրումը կարող է քաղաքական վատ հետևանքներ ունենալ: Պատմաբաններին ազատագրելով, սակայն, մենք շատ ավելին ենք անում. դրանով նպաստում ենք մեր բոլոր համաքաղաքացիների ազատությանը, քանզի միայն սեփական պատմության ճշմարտությունը ճանաչել կարողացող և ունակ հանրությունն է փաստորեն ազատ: Միայն փաստացիորեն ազատ հասարակության մեջ (շրջանն այստեղ փակվում է) կարող են քաղաքական գործիչներն էլ փաստացիորեն ազատ դրսևորվել: Համենայն դեպս անձամբ ես այդպես եմ զգում: Մի փոքրիկ օրինակ. երբ ես, – շատ լավ գիտենալով, թե ինչու, – երկու տարի առաջ միայն ասացի, որ մեր երկրից սերող գերմանացիները ողջունելի են մեզ մոտ որպես հյուրեր, ապա այսօր առանց տագնապի կարող եմ նաև ավելացնել ինչ այն ժամանակ չեմ ասել. որ նրանք ողջունելի են ոչ միայն որպես հյուրեր, այլև իբրև մեր երբեմնի համաքաղաքացիներ կամ նրանց ժառանգներ, որոնք մեզանում դարավոր արմատներ ունեն և իրավունքն այն բանի, որ մենք ընկալենք և ուշադրության արժանացնենք մեր երկրի հետ նրանց այդ կապը:

Ազատությունը, բառիս ամենախորը իմաստով, թերևս նշանակում է ավելին, քան առանց այլևայլության իմ մտածածն ասելը: Ազատություն նշանակում է նաև տեսնել ուրիշին, կարողանալ լինել նրա վիճակում, ներզգայել նրա փորձը, ներհայել նրա հոգին և ի վիճակի լինել զանազան բաների զգայունակ ըմբռնումով ընդլայնել իմ ազատությունը: Քանզի ի՞նչ է փոխադարձ ըմբռնումը, եթե ոչ ազատության ընդլայնում և ճշմարտության խորացում: Դա կոնկրետ նշանակում է նաև, որ մենք ապագայում պետք է խուսափենք այն հասկացություններից կամ կարգախոսներից, որոնք ի թիվս այլոց, շնորհիվ իրենց բանաստեղծական մշուշայնության, ուրիշի պատմական գիտակցության մեջ այլ նշանակություն ունեն, քան մեզ մոտ, հաճախ նույնիսկ շատ բացասական նշանակություն: Դուք գիտեք թերևս, որ ես խոսում եմ այնպիսի բառակապակցությունների մասին, ինչպիսին է, օրինակ, “Schlußstrich”-ը (վերջ դնել ինչ-որ բանի), Գերմանիայում հասկացվող որպես չար բաները մոռանալու փորձի արտահայտություն, կամ “Recht auf Heimat”-ը (հայրենիքի իրավունք), ինչը մեզ մոտ դիտվում է որպես հանդիսավոր բնորոշում հասարակ տարածքային հավակնության համար:

Կարճ ասած՝ Չեխ-Գերմանական հռչակագիրը ազատագրելով մեզ բոլորիս ճշմարտության առջև ունեցած վախից՝ չափազանց բարենպաստ կլիմա է ստեղծում ինչպես մեր դրացիական համակեցության զարգացման, այնպես էլ եվրոպական բեմահարթակում մեր համատեղ աշխատանքի համար: Բանն այն է, որ մենք արագորեն և հնարավորին չափ լավ օգտվենք այդ կլիմայից և անհապաղ ցանենք ու նպատակաուղղված խնամենք այն ամենը, ինչ կարող է ծաղկել դրանում: Որոշ հնարավորություններ տրված են հենց հռչակագրում: Մնացածները ընձեռվում են կամ կընձեռվեն այնքանով, որքանով դրանք կբխեն քաղաքացիների, ինքնակառավարման գերատեսչությունների և այլ հաստատությունների նախաձեռնությունից: Սա հիրավի պատմական մի շանս է, որը չպետք է աչքաթող արվի: Այդ իսկ պատճառով բոլոր ժողովրդավար քաղաքագետները պետք է երկուստեք գիտակցեն իրենց պատասխանատվության մեծությունը (Größe)՝ նախապատվությունը միարժեքորեն տալով երկարատև շահերին (Interesse), ինչը մեր ժողովուրդների հիմնավոր, ամուր, տևական և բոլոր մասնակիցներին հարստացնող համակեցության մեջ է, ընտրողների այս կամ այն տոկոսի շահումի տեսքով կարճատև շահերին (Interesse)  նպաստելու  փոխարեն,  նույնիսկ  եթե այդ ընտրողները միանգամայն անուղղելի մարդիկ են:

Տիկնայք և պարոնայք, մարդը, ինչպես հայտնի է, ինքնին երևույթ չէ, որի ինքնությունը (Identität) կապ չունենա իր միջավայրի հետ և դրանից լիովին անկախ լինի: Ընդհակառակը, մեր ինքնությունը ձևավորվում է այն բանի բազմաթիվ շերտերով կամ շրջաններով, ինչը ընդհանուր առմամբ կարող է բնորոշվել իբրև մեր օջախ (Zuhause): Մեր ընտանիքը, մեր ընկերների կամ հավատակիցների շրջանը, տունը, որտեղ ապրում ենք մենք, մեր համայնքը կամ շրջանը, ներառյալ բնանկարը, որ հետք է թողնում այդ օջախի վրա, մեր ֆիրման կամ մասնագիտությունը, միությունը, որում մենք գործում ենք, ժողովրդի մեր խումբը կամ մեր ազգը, պետությունը, որի քաղաքացիներն ենք մենք, բայց նաև քաղաքակրթության այն ավելի լայն շրջանը, որին մեր պատկանելիությունն ենք զգում մեր արմատներով և պատմությամբ, և, ի վերջո, նաև մեր մոլորակային քաղաքացիությունը, այս բոլորը մեր օջախի (Zuhause) տարբեր շերտերն են: Այս բոլոր շերտերին մենք այս կամ այն կերպ խարսխված ենք, այս բոլորից մենք ինչ-որ կերպ ներգործվում ենք կամ ուղղակի որոշարկվում, բոլորին դավանում ենք այս կամ այն չափով, և բոլոր այս ամենը մասնակից են մեր Ես-ի ձևավորմանն ու երկրային գոյությանը:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Հայ. ընկոյզ բառի տոհմածառը Վահան Սարգսյան Ի տարբերություն այլ լեզուների, հայերենում «ընկույզ» իմաստը նշանակելու համար գոյություն ունեն զգալի քանակությամբ հոմանիշ ձևեր, գրական և բարբառային զանազան տարբերակներ՝ ընկոյզ, կաղին, կակալ, պոպոկ, ճղոպուր, նուշ և այլն: Նույնիմաստ բառերի նման… Մշակութաբանություն Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը Գրիգոր Բրուտեան Հայոց պատմութեան հնագոյն շրջանը ներկայումս հարուստ է տակաւին չլուսաբանուած շատ հարցերով: Այս շրջանին վերաբերող բազմաթիւ հարցեր այսօր կամ բնաւ պատասխան չունեն, եւ կամ էլ ունեն իրար հակասող՝ մէկից աւելի պատասխաններ: Այս կարգի հարցերի թուում են… Մշակութաբանություն Ռուբիկոնն անցնելու դրաման Արա Գուրզադյան Էպիկենտրոն ընկնելու դիալեկտիկան պայմանավորված է Ռուբիկոնն անցնելու դրամայով: Արձանագրված պատմական հիշողությունը վկայում է, որ գրեթե 2050 տարի առաջ, մ.թ.ա. 49 թվականին Հուլիոս Կեսարն անցնելով Հռոմեական հանրապետության սահման հանդիսացող Ռուբիկոն…