Հայրենիք կոչվող վերապրումից
Եթե մեր Հայրենիքում առավելապես չեխերեն կամ գերմաներեն է խոսվում, դա բնավ չի նշանակում, որ ուրիշ մայրենի լեզու ունեցող անձը չի կարող զգալ ու վերապրել մեր երկիրը կամ մեր պետությունը որպես իր Հայրենիք: Մեր ժողովրդական պատումներն ու երգերը, մեր ազգային մշակույթը կամ մեր մայրենի լեզուն մենք պետք է նախ և առաջ դիտենք որպես մարդկության ողջ ունեցվածքի անհատական բաղադրամաս, որն իր կերպով է վկայում աշխարհի, ուր մարդն ապրում է, հասկացման և ըմբռնման մարդկային տենչը: Մեր սեփական պետությունը մենք պարզապես պետք է դիտենք իբրև մարդկային հանրության, մարդկանց հնարավորին չափ բանական և արդար համակեցությանն աջակցելու բազմաթիվ փորձերից մեկը: Որոշակի առումով սա կարող է ավելի թերի լինել այն բանից, ինչը հարյուր տարի առաջ մեր նախնիների համար նշանակում էր Հայրենիք: Այն այլևս աստվածացման առարկա չէ: Մյուս կողմից էլ՝ անվերջ ավելին է. Հայրենիքը, որպես բաց կառուցվածք, թերևս տիեզերքի հետ մեզ կապող օղակներից մեկն է և այս աշխարհում իմաստալից գոյության բազմաթիվ կոնկրետ ջանքերից մեկը:
Ես կասեի, որ մակերեսն այն բանի, ինչը Հայրենիքը Հայրենիք է դարձնում, պակաս կարևոր է, քան նման բաների իմաստը: Խաչելության հուշասյան դեպքում էլ Քրիստոսի ճակատագիրը հիշեցնելու փաստը թերևս ավելի կարևոր է այն փաստից, որ դա մեր, ասենք, հարավբոհեմական հուշասյունն է: Կարելի է իրավամբ ասել, որ այն Քրիստոսի տառապանքների ըմբռնման հարավբոհեմական տեսակն է պատկերում: Լավ չէր լինի սակայն մտածել, թե դա մարմնավորված հարավբոհեմականությունն է:
Այս ամենը նշանակում է, որ ավելի ու ավելի հստակորեն շեշտվում է արժեքների աշխարհը, որն իր կերպով է ներկայացնում մեզ մեր հայրենիքը կամ որպես պետություն ձգտում է կամ պետք է ձգտի դա ներկայացնել, և ոչ թե իր արտաքին նշաններով, ինչպես օրինակ՝ գենետիկ ծագումով, լեզվով, իր բնակիչների մաշկի գույնով կամ հուշարձանների, սովորույթների և ավանդույթների իրենց բնորոշ ձևով (Gestalt) իմաստավորվող աշխարհը:
Տիկնայք և պարոնայք, եվրոպական միավորման զարմանալի պրոցեսը այսօր կենտրոնանում է ինստիտուցիոնալ, տնտեսական, օրենսդրական և քաղաքական միավորման վրա: Բոլոր այս մակարդակներում այն հազիվ թե կարողանա հաջողակ լինել, եթե սիստեմատիկորեն չուղեկցվի զգացողության և մտածողության ոլորտում միավորող մոտիվների փնտրտուքով: Այլ կերպ ասած՝ վաղ թե ուշ եվրոպացիները Եվրոպան ևս պետք է ընկալեն որպես իրենց հայրենիք, չնայած հատուկ տեսակի, կամ որպես իրենց Հայրենիքների ընդհանուր Հայրենիք:
Սա պատկերացնելի է միայն այն դեպքում, երբ նրանք Հայրենիքը դիտեն որպես բաց կառուցվածք, բաց՝ ոչ միայն այն իմաստով, որ մինչ այժմ ազգային պետությանը նվիրված զգացմունքների մի մասը կարող է տրվել որևէ տարածաշրջանի կամ մի ամբողջ մայրցամաքի, այլ գլխավորապես առավել խոր այն իմաստով, որի մասին ես այստեղ խոսեցի:
Եվրոպան պետք է շատ ավելի հստակորեն դառնա մեր ընդհանուր արժեքների Հայրենիքը, ինչպես որ դրանք բխում են մեր լավագույն ոգեղեն ավանդույթներից և ձեռք բերված պատմական փորձից: Մենք բոլորս գիտենք, թե ինչ արժեքների մասին է խոսքը՝ հարգանք մարդու իրավունքների, իրավական պետության, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, շուկայական տնտեսության հանդեպ, սոցիալական արդարության զգայնություն, բնության ու մեր շրջապատի հանդեպ զգոնություն: Եվ մենք բոլորս կանխազգում ենք թերևս, եթե անգամ քիչ ենք խոսում այդ մասին, թե ինչ-որ տեղ, ներքին խորը ոլորտում ինչ է թաքնված այս հայտնի արժեքների ետևում: Դա մարդու պատասխանատվությունն է աշխարհի հանդեպ, բարոյական կարգը մեզանում՝ մեր գլխավերևում աստղային երկնքի կանտյան այդ համարժեքը: Եվ բնականաբար՝ ոչ միայն սա. դա նաև անհատական այն դեմքն է, որ այդ արժեքներին ու դրանց մետաֆիզիկական ծագմանը տրվել է մեր մայրցամաքի ոգեկան պատմությամբ:
Տիկնայք և պարոնայք պատգամավորներ, սիրելի բարեկամներ, ես չեմ կարող ավարտել այլ կերպ, քան այն պնդումով, որ մեր երկու պետությունների առջև մի մեծ խնդիր է ծառացած. մենք պետք է միասին և փոխադարձ վստահությամբ առլեցուն աջակցենք եվրոպական միավորման մեծ գործին և մեր սեփական, ոգեկան հարուստ ավանդույթներից ելնելով՝ դրանում համատեղ ամրապնդենք այն, ինչը կարող է ներկայացնել եվրոպական պետությունների և ազգերի ուժեղագույն կապը, այն է՝ գիտակցությունը, որ մենք միասին մտքերի, արժեքների և իդեալների ընդհանուր մի հայրենիք ենք կիսում:
Գերմաներենից թարգմանեց՝ Արա Գուրզադյանը
“Das Goetheanum” No 8/9 1997 շաբաթաթերթից