Ռուբիկոն

Հայրենիք կոչվող վերապրումից

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Միայն մեկն այդ շերտերից (և հարցն էլ այն է, թե որքան կարևոր է այն մեզ համար մյուսների համեմատ) մենք Հայրենիք ենք կոչում: Սովորաբար դրա տակ հասկանում ենք այն երկիրը, որտեղ ապրում է ժողովուրդը, որին պատկանում ենք մենք: Աստիճանաբար, բառի ժամանակակից իմաստով ազգերի կազմավորումով, սեփական պետության ձեռքբերումով և ժամանակակից ազգային պետությունների գոյացումով, «Հայրենիք» հասկացության տակ ակնհայտորեն, ավելի պարզորոշ կերպով սեփական ազգային պետությունն է հասկացվում, իսկ «հայրենասիրություն» («պատրիոտիզմ») հասկացության տակ՝ զգացական կապվածությունը ինչպես սեփական ժողովրդի և նրանով բնակեցված երկրի, այնպես էլ առավելապես այն պետության հետ, որ կառուցում, պաշտպանում կամ որի համար պայքարում է այդ ժողովուրդը:

Ես կարծում եմ, որ այսօր «Հայրենիք» ասելիս շատերը դրա հետ կապում են հենց այս վերջին նշանակությունը: Այլ կերպ ասած՝ նրանք Հայրենիքը տեսնում են որպես գործնականորեն փակ, ամրակայված, ճշգրտորեն որոշարկելի մի կառուցվածք, որն այլ մտորումների տեղիք չի տալիս. յուրաքանչյուր ոք թերևս գիտի, թե ինչպես է չեխը տարբերվում գերմանացուց և որտեղ է վերջանում Չեխիայի Հանրապետությունը ու սկսվում Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը:

Հայրենիքի նկատմամբ նման դիրքորոշումն արդյո՞ք միակ հնարավոր, ճիշտ ու ապագայի կողմնորոշում ունեցող կեցվածքն է: Տեղին չէ՞ արդյոք «Հայրենիք» երևույթը գոնե մեկ անգամ ևս հետազոտել և հարց տալ, թե այժմ ո՞ր ուղին է բաց մեր առջև. մենք պետք է հայրենիքի պրոբլեմացման ամրությունը, ավարտվածությունն ու անհնարինությունը պարզապես իբրև փաստ ընդունենք և այսուհետ ամրացնենք միայն այդ ըմբռնու՞մը, թե՞ կարելի է նաև այլ կերպ վարվել:

«Heimat» («հայրենիք»). շատ հաճախ օգտագործվող և ամենադիպուկ գերմաներեն բառն է այն բանի, ինչը չեխերենում «vlast» է կոչվում, ծագում է նախագերմանական «haima»-ից, որը բնորոշում է ոչ միայն մեր մոտակա և մտերիմ աշխարհն ու տիեզերքն իրենց ամբողջության մեջ, այսինքն՝ Ունիվերսումը: Նմանապես հին իսլանդական «heimspekja» բառը նշանակում է տան և հայրենիքի մասին խոսել, բայց նաև խորհել տիեզերքի մասին, այսինքն փիլիսոփայել: Ի՞նչ է թաքնված հայրենիք (Heimat) բառի այս նախնական երկիմաստության ետևում:

Բացատրությունը պարզ է. ակներևաբար Հայրենիքը ժամանակին համարվում էր աշխարհի պատկերացում (Vergegenwärtigung), դրա պատճենը կամ դրան ուղղված հայացքը, կարծես այն, ինչը մտերմիկ ծանոթ է, այն, ինչը շրջապատում է մեզ, ուր մենք ինչ-որ չափով կողմնորոշվում ենք, ինչը մենք անմիջականորեն վերապրում ու զգում ենք, բյուրեղի միայն մի նիստն է, որն անդրադարձնում է ողջ տիեզերքը: Հայրենիքն ու օջախը, – այս իմաստով հասկացված, – մեզ չեն տարանջատում տիեզերքից, ընդհակառակը, դրանք կապում են մեզ նրա հետ:

Իր նախնականության մեջ «Հայրենիք» (Heimat) բառն այսպիսով նշանակում է ոչ թե փակ կառուցվածք, այլ դրա հակառակը՝ կառուցվածք, որը բացում է, կամուրջ՝ մարդու և տիեզերքի միջև, ուղեցույց, որը ծանոթից տանում է դեպի անծանոթը, տեսանելիից՝ դեպի անտեսանելին, հասկանալիից՝ դեպի առեղծվածայինը, կոնկրետից՝ դեպի համընդհանուրը: Դա ամուր հողն է ոտքերի տակ, որի վրա մարդը կանգնում է դեպի երկինք ուղղվելիս:

Ամենահեշտը, բնականաբար, «Հայրենիք» հասկացության մասին շատ չխորհելն է և ավանդական նշանակությունը ընդունելը կամ շարունակել հայրենիքի ըմբռնումը որպես փակ մի կառուցվածք ամրացնելն ու խորացնելը: Այս ուղին ոչ միայն բարդ չէ, այլև հասարակության որոշակի շերտերի, և այս իսկ պատճառով որոշակի քաղաքական գործիչների համար նաև բավականին գրավիչ: Այն չի դնում ինտելեկտուալ կամ բարոյական ոչ մի հատուկ պահանջ, այլ յուրաքանչյուրին առաջարկում է հայտնի իրողությունների (Realien) հարմարավետ քնաբարձ ծանոթ հանրության գրկում: Պատկանելիությունն այդ հանրությանը որպես բարձրագույն արժեք, հանում է անհատական պատասխանատվությունը ու վեր է ածվում հեշտորեն ճանաչելի հուսալիության անհուսալի մի աշխարհում: «Ես չեխ եմ, գերմանացի կամ ֆրանսիացի. չեխերը, գերմանացիները կամ ֆրանսիացիները լավագույններն են. չեխերը, գերմանացիները կամ ֆրանսիացիները միշտ իրավացի են. ով չեխ, գերմանացի կամ ֆրանսիացի չէ, կասկածելի է. ես կանեմ այն, ինչ բոլոր չեխերը, գերմանացիները կամ ֆրանսիացիներն են անում. ես կտարրալուծվեմ ցեղի կոլեկտիվ կամքում և կճախրեմ կյանքով որպես նրա պասսիվ բաղադրամաս. ես հասել եմ իմ նպատակին»: Սա մի մտածելակերպ է, որին մարդկանց կարող է տանել կամ դրդել, որպես փակ կառուցվածք, հայրենիքի ըմբռնումը: Իսկ հետո կարող է պատահել, որ այն իր ծայրահեղ ձևում ի վերջո կծնի ոչ այլ ինչ, քան շովինիզմ, գավառականություն, խմբային էգոիզմ, օտարատյացություն և ռասիզմ: Մենք բոլորս բավականին լավ գիտենք, թե ուր են տանում նման կոլեկտիվ հոգեվիճակները, երբ հմտորեն խթանվում են ազգայնամոլ առաջնորդների կողմից. բռնության, էթնիկական զտումների, պատերազմների և համակենտրոնացման ճամբարների:

Հայրենիքի ըմբռնումը, որպես փակ կառուցվածք, իր մեջ վտանգ է պարունակում. այստեղ հայրենիքը մարդկային զարգացման ցատկահարթակի փոխարեն, ավելի շուտ որպես չօդափոխված խուլանցք (Loch) է դիտվում, մի քարանձավ, որ պաշտպանում է մարդուն աշխարհից, քան նրա հետ իր կոնտակտի տարածություն, ավելի շուտ որպես մի մարդուն մյուսից մեկուսացնելու գործիք, քան դեպի ուրիշը բացվող ուղու դարպաս:

Այդ ըմբռնման մեջ, հատկապես դրա այլասերված ձևերի, ես գտնում եմ շատ ձևականություն. դրանում հայրենիքը ավելի ու ավելի պարզորոշ կերպով կորցնում է ամենայն ոգեղեն չափողություն կամ ամենայն ոգեղեն բովանդակություն, այն ավելի ու ավելի քիչ է ներկայացնում զգայված կամ միասին ընդունված արժեքների ամբողջություն կամ սեփական ոգեղեն ժառանգություն, ինչպես որ ընբռնվում է, ու դառնում է իր արտաքին, բովանդակազուրկ ատրիբուտների՝ տարազների, դրոշների, կոչերի կամ անվերջ կրկնվող մեղեդիների սոսկ մեռած մի փաթեթ:

Ես կարծում եմ, որ արդի աշխարհը ժամանակի ընթացքում իր ետևում կթողնի ազգային պետության ավանդական ըմբռնումը որպես ազգային գոյության գագաթնակետ, ինչը de facto նշում է պատմության վերջը: Այդ ըմբռնման մեջ այն փաստը, որ ժողովուրդն իր պետությունն ուներ, ավելի կարևոր էր այն հարցից, թե ինչ պետություն էր դա և ինչ արժեքների վրա էր դա հիմնված: Իր ավանդական ըմբռնումով ազգային պետության հետզհետե հաղթահարման միջոցով, ըստ իս, կարող է նաև Հայրենիք հասկացության նոր ռեֆլեքսիա ներմուծվել: Մենք պետք է սովորենք հայրենիքը (ինչպես հավանաբար ժամանակին էր) նորից զգալ որպես «ամբողջության մեջ աշխարհի» մեր մասը, այսինքն՝ իբրև մի բան, ինչը մեզ տեղ է հատկացնում աշխարհում, աշխարհից անջատելու փոխարեն:

Դուք ինձ հարկավ կհավատաք, որ ես ոչ մի մարդու խորհուրդ չեմ տալիս հրաժարվել իր Հայրենիքից: Կարծում եմ միայն, որ հասունացել է ժամանակը թերևս ավելի զգայական, քան վերբալ նոր սահմանումի: Մեր կողմից որպես մեր Հայրենիքի ակներև հատկանիշ զգայված ու սիրված բնապատկերը մենք պետք է ավելի ու ավելի հստակորեն ընկալենք որպես բնության ողջ հրաշքի ակներև բաղադրիչ ու օրինակ, նույնքան անշփոթելի, որքան բազմաթիվ այլ բնապատկերներն են անշփոթելի: Անտառային որևէ արահետի եզրին խաչելության հուշասյունը մեզ համար պետք է իրենից ներկայացնի ոչ միայն մեր բնապատկերի ավանդական զարդարանք, որ հայտնի է հայրենի հին օրացույցներից, այլև մեր նախնիների ոգեղենության առարկայական արտահայտություն:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Հայ. ընկոյզ բառի տոհմածառը Վահան Սարգսյան Ի տարբերություն այլ լեզուների, հայերենում «ընկույզ» իմաստը նշանակելու համար գոյություն ունեն զգալի քանակությամբ հոմանիշ ձևեր, գրական և բարբառային զանազան տարբերակներ՝ ընկոյզ, կաղին, կակալ, պոպոկ, ճղոպուր, նուշ և այլն: Նույնիմաստ բառերի նման… Մշակութաբանություն Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը Գրիգոր Բրուտեան Հայոց պատմութեան հնագոյն շրջանը ներկայումս հարուստ է տակաւին չլուսաբանուած շատ հարցերով: Այս շրջանին վերաբերող բազմաթիւ հարցեր այսօր կամ բնաւ պատասխան չունեն, եւ կամ էլ ունեն իրար հակասող՝ մէկից աւելի պատասխաններ: Այս կարգի հարցերի թուում են… Մշակութաբանություն Ռուբիկոնն անցնելու դրաման Արա Գուրզադյան Էպիկենտրոն ընկնելու դիալեկտիկան պայմանավորված է Ռուբիկոնն անցնելու դրամայով: Արձանագրված պատմական հիշողությունը վկայում է, որ գրեթե 2050 տարի առաջ, մ.թ.ա. 49 թվականին Հուլիոս Կեսարն անցնելով Հռոմեական հանրապետության սահման հանդիսացող Ռուբիկոն…