Ռուբիկոն

Ռուդոլֆ Կասսներ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Մաքս Ռյուխներ

«Երկրորդ ուղևորությունը» ինքնակենսագրական հատորում Ռուդոլֆ Կասսները նկարագրում է Մորավիայում իր մանկությունը` ընդգծելով, սակայն, որ ընտանիքը ներգաղթել է Շլեզիայից: Նշանակալի է այն, որ նա Սիլեզիացի է (Silesius), – Յակոբ Բյոմեն էլ էր իրականում շլեզիացի, – և մեծացել է այն հողի վրա, որում բոհեմիական կամ մորավիական Եղբայրները ձեռնարկեցին կյանքը խիստ քրիստոնեական ոգով հիմնովին կարգավորելու գործը, երկրային իրողությունը փոխակերպելու և ճշմարտության մեջ դրան նոր սկիզբ տալու կամքով:

Միստիկայի հին հայրենական հողում Կասսները հասավ նրա ուշ հարյուրամյակին. մշտապես մտահոգ երեխային հողն ու մարդիկ արդեն իսկ հառնում էին խուժող զգայառատության զեփյուռում, և նա սկզբում կողմորոշվում էր զեփյուռի շնչով: Այնուհետև նա նորից զգաց դա անգլիացի բանաստեղծների` Շելլիի, Քիթսի, Ռոզեթթիի, Բրաունինգի մեջ, և նրանց վերաբերող նրա առաջին գիրքը կոչվեց «Միստիկան, արվեստագետներն ու կյանքը»:

Արվեստագետն ու կյանքը. դա այն ժամանակ, իննսունական թվականների գրականության մեջ ճոխ հակաթեզ էր: Նոր էին դեռ ստեղծագործողներն ունեցել իրենց գիտակցության գեղեցկագույն ձևերը, Ֆլոբերը, Բոդլերը, Նիցշեն, Ուայլդն ապրել ու տառապել: Արևմուտքի բոլոր գրասեղանները ճակատամարտի դաշտեր էին, որոնցում արձակի կարգավորված կուտակումները պրոբլեմին ձեռնամուխ էին լինում հոգեբանական, սոցիոլոգիական, պատմական եղանակով ու ձևով. միստիկա հասկացությունը դրա հետ կապելը պահանջում էր մտքի անկախություն, որ տեսնում էր ժամանակակից հայեցողությունների պայմանականությունը: Շելլիի մասին Կասսները գրում էր. «Քանի դեռ չենք ճանաչել, որ Շելլին երևույթները վերցրել է իրենց վերջին, բարձրագույն, միստիկական կատարելության մեջ, մենք նրան չենք հասկանա»:

Այնուհետև` «Պլատոնն ու Դանթեն Շելլիին թողել են իրենց գեղեցկագույն մտքերը, և դրանք նրա մեջ երգում էին երբևէ չլսված ներդաշնակությամբ: Նրանց ողջ տառապանքն ու ուսուցչությունը հետամուտ էր հոգու ազատագրմանը, և ահա, նրանց վերջին թոռան մեջ հոգին ազատ է ինչպես էլֆի մեջ: Այն թռչում է ազատ, բայց նրան պակասում է օծումը: Այն կարծես բնության ուժերի գեղեցիկ խաղն է, երջանիկ ակնթարթների վերջին երգը»:

Ինչ գեղեցկություն է ընկած ժառանգական այդպիսի բարձր կարգին ուղղված կենդանի հայացքում: Ըստ լարվածության աստիճանների այսօր այլևս գրեթե անչափելի է, թե ինչ է նշանակում Դարվինի ժամանակներում պլատոնական, Նիցշեի ժամանակներում քրիստոնյա, Մարքսի ժամանակներում անհատ մնալը, հակառակ պատմության հավաքարարների: Կասսներն իր դիմագիտական հայացքը մարզել էր պատմական կերպարների և իրադարձությունների աստիճանավորման վրա, որ ենթակա են ոչ թե միևնույն անցողիկությանը, այլ` դրա տարբեր աստիճաններին. նրա մոտ առկա է հավերժականն ու պարզապես օրվա մեջ անհետացողը, և ամեն ինչ` այդ արանքում. դրա համար նա ասում է նաև` ձևն ու ձևազուրկը: Գրեթե Շելլիին հակառակ, որը մասնակցություն էր ունեցել մեծ, տևական կարգերին, Հեբբելը նրան երևում էր որպես «զուտ անհատականություն առանց տեսակի. անհատականություն ասեղի ծայրին, մի բան, որը պատկանում է միայն 19-րդ դարին իր անկրոնականությամբ, համակարգերի հանդեպ տածած իր հավատով, իր անարխիզմով»:

Միստիկական հարաբերակցությունն է կապում Կասսներին ձևերի հետ: Այն, ինչ նա անվանում է «աշխարհի դիմագիտական պատկեր», ոգեհայեցողության ակտի կառույց է, որում բռնկվում է ձևի և գաղափարի միասնությունը: Ձևի և բովանդակության, արտաքինի և ներքինի տարբերությունն այդպիսի սիմվոլիկ տեսողության ժամանակ հայտնվում է այնտեղ, ուր ամեն բան` մտքերը, բանաստեղծությունը, տեսիլքը, մարդու վարքը, զուգամիտում են անվերջության և այդ իսկ պատճառով նշանակալից են: Եվ այսպես, չկան դիմակներ, չկա ետևինը. որպես ձև բացահայտվում է էությունը: Աչքը միստիկական օրգան է` երանելիորեն կուրացած իբրև կերպար երևութացող իմաստից: Մարդկային դեմքի նկատմամբ դիմագիտության կիրառումը սոսկ հատուկ դեպք է. այստեղ հնարավոր է դառնում «մարդու դրաման ընթերցել մարդու դեմքից», – ներքնագույն մի պրոցես, և ոչ թե կայուն ընդունելի հատկություններ, որ Լաֆատերն էր փնտրում: Թե որքան խորն է հարաբերված յուրաքանչյուր մակերևույթ իսկապես տեսնողի համար, բխում է Կասսների սոսկ պարադոքսալ թվացող բանաձևից` «Զգեստը տիկնիկի գաղափարն է»:

Կասսները ելել է բանաստեղծական ձևերի աշխարհից, սակայն հետագայում նրա համար նշանակալից էր այն ամենը, ինչ պատկանում էր աշխարհին: Նրան կրթել են Եվրոպայի մայրաքաղաքները` Վիեննան, Բեռլինը, Լոնդոնն ու Փարիզը: Նա ճամփորդել է Ռուսաստանում և Հնդկաստանում; մանկական կաթվածից թուլացած նրա ոտքերը չեն խոչընդոտել աշխարհով ճամփորդելու նրա ձգտմանը: Բոլոր առումներով նա շատ է ճամփորդել, մարդկանց մեջ և միայնակ: (Մենության մեջ նրան բացվել է աշխարհի համամիասնությունը, որի հիմնական զգացողությունն իշխում է նրա գրական գործերում:)

«Երկրորդ ուղևորությունում» նա պատմում է, թե ինչպես երեխա ժամանակ մասնակցել է իր ընկերների լողային նախաձեռնությանը. նրանցից երկու ժամ առաջ ճամփա է ընկել` ամեն ձեռքին մի ձեռնափայտ, նրանց հետ միաժամանակ գետի մոտ լինելու համար. ճամփին, սակայն, ուրախ խումբն հասնում ու անցնում է նրան, իսկ երբ տեղ է հասնում, մյուսներն արդեն լողացել էին ու պատրաստվում էին ետ դառնալ. նա կարող էր միայն նրանց թողած մի քանի սալորը արագ կուլ տալ ու նորից ետ դառնալ այն երկար ճամփով, որն ի դեպ, նրա համար բոլորովին այլ էր, քան մնացած արագավազների: Միշտ ուրիշների ուղին պիտի իր սեփականը դառնար, ուր էլ որ գնար, ուր էլ որ մտածեր: Եվ յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր նախադասություն նրա մեջ ծնում էր կամք, որը տեղի չէր տալիս դժվարություններին, և ուժ, որ ծարավի էր դժվարությունների, ու հաճախ դժվար ձևով հաղթահարում էր դրանք:

Այս կետում որոշ ընթերցողներ, նաև նրանք, ովքեր սիրով բարի կամքի տեր կլինեին, առարկություններ ունեն Կասսների դեմ առարկայի անհստակություն հակառակը վերջնականորեն պնդելու դեպքում. հասկացություններ կազմելու կամ վերակազմելու կամայականություն, մի հասկացությունից մյուսին անկաշկանդ անցում և զուգորդում:

«Ես տարբերակում եմ աշխարհը և կյանքը…» Ինչու՞ բարձրաձայն արտասանել մի բան, որը լեզուն վաղուց ի վեր տարբերակել է, և ինչո՞ւ այդքան անձնական բառային որոշարկումներ անել, ինչպես օրինակ` «Միստիկան ինձ համար նշանակում է կյանքի և երազի միասնության արտահայտություն, որպիսին մենք հայտնաբերում ենք պրիմիտիվ ժողովուրդների միֆերում, իբրև հոգու և ճակատագրի, հոգու և ոգու, հոգու և լեզվի միասնության արտահայտություն». և ինչո՞ւ նմանատիպ բաներ, երբ որ նա գիտի միստիկա բառի նախնական, կրոնի և փիլիսոփայության կողմից ի վերջո ամրագրված նշանակությունը ու դրանից էլ օգտվում է իր գործողություններում. բառերի և հասկացությունների այդպիսի շեղումը համառություն է, և ինչպե՞ս վարվել մի նախադասության հետ, ինչպիսին հետևյալն է. «Ասենք նաև, որ շրջադարձը որպես ազատության աղբյուր իմաստ ունի միայն այն դեպքում, երբ մենք ելնում ենք ձևից, կերպավորման հրաշքից և ոչ թե իրադարձությունից, դրա ընթացքից»… Շրջադարձ, ազատություն, իմաստ, ձև, հրաշք, կերպավորում, իրադարձություն. և սա երեք տողում, նեղ սենյակում յոթ շեփորանոց մի ֆորտիսիմո. ամեն ինչ ցրիվ է գալիս:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Մուշի բանալի Արա Գուրզադյան …բանալի ու բանալիություն է փնտրում… Ի՞նչ ես փակել և ի՞նչ ես բացել դու, երբ Հայրենիքի մարմինը դեռ կաթվածահար չէր իր ոգեզարկերակը արձանագրող վանքերում: Երբ Երկինքը դեռ մուտք ուներ Երկիր մարդիրեղենության բոլոր մանրուքներում: Քեզ վստահված դռան… Մշակութաբանություն Բերկրանքի հայտնությունը Վլադիմիր Մալյավին Արդի քաղաքակրթությամբ սնված մարդը այնչափ երկար էր տարված աշխարհին տիրելու իր պայքարով, որ թվում է, գրեթե տարավարժվել է կյանքով զվարճանալուց: Եվ ովքե՞ր են Արևմուտքի հերոսները: Իր անհեռատես բարյացակամության համար պատժված Պրոմեթև՞սը: Սեփական… Մշակութաբանություն Վալտեր Օնգը և մեդիումի տեսությունը Հրաչ Բայադյան Իր աշխատությունը Վ. Օնգը խիստ ընդհանուր և համառոտ ձևով բնութագրում է այսպես. «Այս գրքի առարկան բանավորության և գրագիտության միջև եղած տարբերությունն է»*: Այս խնդրի նկատմամբ ուշադրության առաջացումը և հետազոտական ավանդության ձևավորումը տևական…