Ռուբիկոն

Ռուդոլֆ Կասսներ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Ոչ միշտ է հեշտ նման առարկություններից պաշտպանվել. երևի թե դրա անհրաժեշտությունն այնքան էլ չկա: Կասսների բուն հակառակորդների ես չեմ հանդիպել. ո՞վ կարող էր համարձակվել նրա ոլորտում դեմ դուրս գալ նրան: Նա իհարկե գիտակցում էր իր հակադրությունը իր դարաշրջանի շատ երևույթների, հայեցողությունների և անձերի հանդեպ; մի տեղ նա խոսում է իր հարյուր իդիոսինկրազիաների մասին, և մենք կարող ենք ասել, որ դրանք նրա արժեքը կազմում են համատեղ: Դարվինահավատ և մոնիստական ժամանակ` «Պանթեիզմն այսօր իրոք դարձել է գրողների սնոտիապաշտություն…Այն կարծես փոխհամաձայնության առարկա լինի գրողների շրջանում». որոշ համաշխարհային առեղծվածներ Կասսներն ավելի է ընկալել և ավելի խորը տեղերում, քան առաջատար լուսավորիչներն ու առաջընթացի մասնագետները, որոնք կարգը կորցրել են հօգուտ համակարգի, բացարձակը` հօգուտ մաթեմատիկական անվերջի, և վերջապես հոգին` հօգուտ հոգեբանության: Արդեն իսկ դարասկզբին նա տեսավ «ինդիսկրետ մարդու», չկարգավորված մարդու հայտնվելը, որի մասին նա ասում է. «Ինդիսկրետ մարդը ցրված է ներսից դուրս… Նա անկարող է ներկայանալ և միշտ կոտրվում է»: Առաջնթացի ներսում, որին «անգաղափար» է անվանում, նա պաշտպանում էր դարձի գաղափարը միանգամայն անձնական իմաստով. «Քրիստոնյան պետք է դարձի գա` իմանալու համար բանը», դարձի գա դեպի ուժեղագույն լարվածության վայրը, նոր կյանք ձեռք բերելու համար` դեպի խաչը: Կարգը, որ տեղ չունի սրբերի և սրբության համար, նրա համար ոչինչ է. պակասության նման զգացողություն նա հայտնաբերեց Պասկալի, Կիրկեգորի և հատկապես Դոստոյևսկու մոտ և հնդկական սրբի տեսակն ու դիրքը հետաքննելու փորձ ձեռնարկեց («Հնդկական միտքը»):

Կարգ, ինդիսկրետություն, դարձ` երեք կարևոր հասկացություններ Կասսների մոտ, սակայն դրանց պետք է ուրիշ հասկացությունների մի կատալոգ էլ ավելացնել, որոնք համաորոշարկում են նրա երկերը դիմագիտորեն` երևակայություն, չափ, փոխակերպություն, սահման, նույնականության աշխարհ (Identitätswelt), ռիթմ, հայելի, խորություն, կենտրոն, իմաստ, մարմնավորում և այլն: Դրանք նրա երկերի dramatis personae-ն են, և դրանք նույնքան քիչ է հնարավոր հստակ ուրվագծել, որքան մարդու էությունը: Դրանց խնդիրն է` նշանակել, առանց բացատրվելու: «Ես սահմանելու ո՛չ շնորհ ունեմ, ո՛չ էլ ցանկություն», գրում է մեր հեղինակը` ենթադրելով, թե գերմաներեն իմացողը կսովորի հասկանալ նաև կասսներերեն: Բանն այն է, որ նրա առանցքային բառերը անձնական լուսապսակ են ստեղծում իրենց նշանակության միջուկի շուրջ. մի տեղ, գրեթե իմիջիայլոց, հաղորդվում է, որ դարձ հասկացությունը կիրառելի է Պողոսի իմաստով, որն իհարկե դրան ծանրություն և խավարից ու կայծակի պայծառությունից գոյացած ետին պլան է շնորհում:

Կասսների հասկացությունները թարգմանելուց առաջ պետք է տեղափոխվել դրանց մոտ, մտնել դրանց հասարակության մեջ, որտեղ մեկը մյուսին օգնում է ունենալ գոյություն, իսկ բոլորը իրար` կարգավորություն: Գործելով` նրանք լարում են* իրար:

Նրանց ծագումը, սակայն, մենության մեջ է: Այդ մենությունը, Կասսների բացատրությամբ, ժամանակակից մարդու համար նույնն է, ինչ հին նկարիչների ոսկի ֆոնը եղել է սրբերի համար: Նրան, ով մենակ է, բացվում է աշխարհի և նրա իրերի համամիասնությունը, բայց ոչ թե, որ նա մի սկզբունքից ելնելով է դա ըմբռնում: «Ես չեմ կարող ասել, որ սկզբունք չունեմ, ավելի շուտ պետք է ասեմ, որ երբեք որևէ սկզբունքի չեմ հասնում*, դրանում նմանվելով այն սիրահարներին, որոնք նույնպես սոսկ ճանապարհին են: Ես ուրիշ ոչինչ չեմ կարող տեսնելուց բացի, այդ իսկ պատճառով դժվար եմ ըմբռնում, երբ ինչ-որ մեկն իր սկզբունքը այլ տեղում է փնտրում, քան գոյության մեջ» («Երաժշտության բարոյականությունը»): Անձնական գոյության մեջ փորձառելի համամիասնությունը բացահայտվում է մտածողությանը որպես բոլոր իրերի իմաստային կապ. դրա համար էլ Կասսները կարողանում է այդքան չմիացված բան միասին տեսնել:

Ըստ միստիկայի մի ուսմունքի` դրախտում մի իրը արտացոլում է մյուսին, ծառը` մարդուն, մարդը` կենդանուն և այլն. այսինքն` հավերժական փոխանակում և աստվածային հավասարակշռում է տեղի ունենում էակների միջև: Խոսել մեկի մասին, նշանակում է ակնարկել մյուսներին: Մեր աշխարհը Կասսները տեսնում է այդ դրախտի հետ անալոգիայի մեջ, միայն թե դրանում նա պետք է դիվային ուժերին զիջի նրանց զորության դաշտը. սակայն ամեն ինչ մատնանշում է ամեն ինչ` ժամանակը` իմաստ, էթիկականը` էսթետիկական, արդարը` սրբին, տիկնիկի զգեստը` դրա գաղափարը, քիմեռը` աստվածամարդուն և այլն: Իսկ մեր մարդկային երևակայությունը` աշխարհարարման երևակայությունը:

Այդ հասկացությունը նրա մոտ կենտրոնական նշանակություն ունի, նա նշում է էմանացիան

գաղափարից դեպի ձև, որը ուժ, ոգի ու պատկեր է մտցնում հոսող կյանքի մեջ և որը ժամանակայնորեն առաջ է բերում հավերժության մեջ կատարվող փոխակերպում: Օրը կանհետանար առանց դրա:

Ինչպես որ գլխավոր հասկացությունները կազմում են ընկերակցություն, այնպես էլ Կասսների երկերը` արշիպելագ, որի կղզիներն աչքի են ընկնում ինչպես իրենց նմանությամբ, այնպես էլ տարբերությամբ: Իրար մեջ դրանք ավելի փոխհարազատ են, քան շատ հեղինակների երկեր: Կասսները համակարգի չի ձգտել, ինչպես դրան չեն ձգտել նաև Պասկալը, Նիցշեն, Կիրկեգորը, առանց որոնց նա չէր լինի այնպիսին, ինչպիսին է. երկերի կապը նա գիտակցում է անձի առնչությամբ, այլ ոչ թե սոսկ բանականության, որն այդչափ ամբողջություն չի ներկայացնում, ինչպես այն: Նա քմծիծաղի է տալիս բանականության հավատքը պատերազմներից առաջ ընկած ժամանակներում, քանի որ այն զարգացման պատմությունը մեկնաբանում է անխզում ընթացքով, իրադարձությունների տրամաբանությամբ, natura facit saltus-ով, օրենքի և ներդաշնակության ձգտելով այն դեպքում, երբ նա մեծ ռուսների նման էքստրեմալը, դրաման, ինչպես Կիրկեգորը թռիչքը (ցատկը), պարադոքսը, դիտում է որպես աշխարհի բացահայտված խորք` միակը, օրինակազուրկը և անկրկնելին:

Հյուստոն Շտյուարտ Չեմբեռլենի (Houston Stewart Chamberlain) «XX-րդ դարի հիմքերում», այն օրերի մշակութափիլիսոփայական շլյագերում, մեկը սահուն բխում է մյուսից ըստ ամբողջ թվերի օրենքի: Կասսները մատնանշում է անվերջ կոտորակների աշխարհը, որոնց բզկտվածությունը ներդաշնակեցնելի չէ:

«Ներդաշնակությունն իրոք սահմանափակի կատարելությունն է»: Դա ոչ հունական է, միանգամայն գիտակցված, քանզի քրիստոնյա մարդը նրան թվում է չափից զուրկ, ծնված ոչ թե մշտականության, այլ աճի համար: Մոգական, դիցաբանական, քրիստոնեական աստիճանների համաշխարհային պատմության իր պարզ բաժանումից Կասսները հանգում է այդքան շատ կտրուկ տիպականացման: Հատուկի հանդեպ կամքը չի գալիս սխեմայի հակադրությունից. մոգական մարդը, տիեզերական մարդը, նույնականության աշխարհը, փոխակերպության աշխարհը սխեմաներ են, որոնց ներքո բզկտվածը, վրդովվածը, ֆանատիկը, էգոիստը, փառասերը շարժվում են ստվերների պես, աբստրակտ արվեստագետի տեսիլքների համաձայն: Վերջինս տրվում է դրանց և խուսափում դրանցից, դրանց դեմ դուրս գալիս կայծկըլտացող այժմեականության ձևակերպումներով, այնպես, կարծես իր կողմից այդքան հաճախ և հաճախ անուժ նկարագրված երևակայությունը հանկարծ սրտի մի հարվածով հաղթական սահմանում է. «Այն կատարելության կենդանի մարմինն է»: – «Որքան մարդն ի վիճակի է զոհաբերել, այնքան խորն է նա»: – «Բրաունինգի գեղեցկագույն բանաստեղծությունները երազի և ջանքերի ցողն ունեն, շունչն ու քրտինքը օլիմպիական վազորդների ճակատին ու անդամներին»: – «Իրերը երաժշտություն են այնքանով, որքանով մենք չենք կարողանում օրինակ գտնել դրանց համար»:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Մուշի բանալի Արա Գուրզադյան …բանալի ու բանալիություն է փնտրում… Ի՞նչ ես փակել և ի՞նչ ես բացել դու, երբ Հայրենիքի մարմինը դեռ կաթվածահար չէր իր ոգեզարկերակը արձանագրող վանքերում: Երբ Երկինքը դեռ մուտք ուներ Երկիր մարդիրեղենության բոլոր մանրուքներում: Քեզ վստահված դռան… Մշակութաբանություն Բերկրանքի հայտնությունը Վլադիմիր Մալյավին Արդի քաղաքակրթությամբ սնված մարդը այնչափ երկար էր տարված աշխարհին տիրելու իր պայքարով, որ թվում է, գրեթե տարավարժվել է կյանքով զվարճանալուց: Եվ ովքե՞ր են Արևմուտքի հերոսները: Իր անհեռատես բարյացակամության համար պատժված Պրոմեթև՞սը: Սեփական… Մշակութաբանություն Վալտեր Օնգը և մեդիումի տեսությունը Հրաչ Բայադյան Իր աշխատությունը Վ. Օնգը խիստ ընդհանուր և համառոտ ձևով բնութագրում է այսպես. «Այս գրքի առարկան բանավորության և գրագիտության միջև եղած տարբերությունն է»*: Այս խնդրի նկատմամբ ուշադրության առաջացումը և հետազոտական ավանդության ձևավորումը տևական…