Ռուդոլֆ Կասսներ
Ոչ թե համակարգ, այլ կապ. ինչպես որ երեխայի ընկրկումը, երիտասարդի զարմանալը, վարպետի իրեն գիտակցող երևակայությունն են կապված իրար հետ նույն ծագումով: Կասսները ծագումնամետ մտածող է, որը ձևերից (գաղափարներից, արվեստի ստեղծագործություններից, բնության գոյացություններից) է ելնում, բայց դրանք ոչ թե ինքնաբավ ընդունելով, այլ որպես նոր ձևի ակունքներ հայտնագործող իր ասույթի համաձայն` «Աշխարհն առանց այլևայլության բանական կերպով կամ բանական հետևություններով բացահայտելի չէ: Եթե այդպես լիներ, ես կյանքում ոչ մի տող գրի չէի առնի և չէի փորձի չձևավորվածը դրանով իսկ ձևավորել»: Չձևավորվածից, այսպիսով, նրան նույնքան համառորեն կոչ է արվում, որքան ընկալված կերպարից, որին նա ուզում է նրա և իր ակունքում ըմբռնել:
Նա հանդես է բերում ոչ թե հաշվարկով դիմադրություն, որ այդքան զգալիորեն է գրելով հաղթահարում, քմծիծաղ տալով նրանց, ովքեր «անվահետքերով», այսինքն` կանխամտածված հետքերով են գրոտում: Լեզուն կապ է աշխարհի սկզբի ու արարչի բառի և ժամանակների վերջում ասված վերջին վանկի հետ. այստեղ ինչպես՞ պիտի նախադասություններ գրվեին, եթե չկորզվեին միստիկայից` ելնելով ի դիմադրություն համաձայնությունների աշխարհի:
Աշխարհայտնագործող իր ուժերի հանդեպ անսովոր մի վստահություն է շարժում համարձակ այդ արձակին, որն իր ուղին է հարթում դրանով գնալով, իսկ գնալիս ընդունում է ամեն մի անսպասելի միտք ու շրջանցում: Որքան հաճախ է ասվում. «Ահա ես գլխի ընկա…» Մետեորիտների անձրև են կազմում այդպիսի գլխիընկնումները, որոնք շեղում են, դրանով իսկ թերևս շարունակում ուղին այնտեղ, ուր ուղիներն այլևս երկրաչափորեն գտնելի չեն:
Նա թողնում է, որ այդ շեղումները կատարվեն իր աշխարհի մութ տարածքում, ինչպես Լոուրենս Սթեռնը, որին նա իր մեծ նախնիների շարքն է դասում, նման լուսահետքեր իր աշխարհում է թողնում կատարվել: Խավարում ձգված` նա վերցնում է առաջնորդությունը, որը տանում և նրան բարձրագույն լարվածության երկայնքով, որ արքայական իր ուղին է լեզվի միջով: Բացօթյա վայրերում մտածում է «ճամբարելով», – ասում է նա մի տեղում. անթաքույց, այսինքն` լարվածության դաշտերում, որոնք դրված են ներկայիս մարդկանց ու բառերի հնարավոր իմաստի հետ: Բոլոր գրքերում նա խոսում է այն ամենի մասին, ինչ խոսում է իր հետ. երկրները, որոնցով ճամփորդել է ինքը, իր հիշելի կյանքի տարիները, մարդիկ, որոնց հանդիպել է, գրքերը, որ կարդացել է, բոլորը նրա համար ունեն հատուկ առաքելություն, որոնք համաստեղվել են մի առաքելության համար, որը մեզ հասցնելը բացառապես տրված էր նրան ի վերուստ: Էսսէ, զրույց, տրակտատ, պատմվածք, անեկդոտ, – այդ ժանրերը հարազատ ու տնօրինելի են նրան, ապա նաև արական քնարական արձակ, երբեմն մտածված նկարագրությամբ, որտեղ տեսնվածը փոխակերպվում է հնչյունի մաքուր լարվածության:
Նա միշտ լարված է լինում, երբ մեկը ծայրահեղ պահերին ձեռնարկում է հավասարակշռել մնացյալ աշխարհը. դա կարող է միայն նա, ում հավատը աստվածայինի մարմնավորման հանդեպ մշտապես կոչված է ինքնապացույցի, և այդ կոչին է պարտական այն ամենով, ինչ հաջողվեց նրան մտածել և ինչ արգելված մնաց նրան: Դրա համար էլ Ռուդոլֆ Կասսների համար չկան ամփոփելի բանաձևեր: Նրա մտածողությունը երկարաձիգ կյանքի ընթացքում առանց աշխարհից թաքցնելու իր վրա վերցրեց այն ոլորտի ուղղության վրա մնալու կուրսը, որը բնորոշվում է Մայստեր Էքհարտի խոսքերով` «Աստված հրեշտակների համար առկա է որպես բանականություն»:
* Երաժշտական գործիքը լարելու իմաստով (ծ. թ.):
Գերմաներենից թարգմանությունը`Արա Գուրզադյանի
Rudolf Kasnner «Geistige Welten»