Մեկ ժամ Ժակ Լը Գոֆֆի հետ
Շուշան Մակարյան
– Բարև Ձեզ, պարոն Լը Գոֆֆ:
– Բարև ձեզ, տիկնայք: Համեցե՛ք: Եթե դեմ չեք, կզրուցենք իմ աշխատասենյակում:
Գրքեր, ամենուր գրքեր. պատերին` հատակից մինչև առաստաղ, սեղանին, սեղանի տակ, պատուհանի գոգին, անկյուններում, անկանոն, խիտ շարքերով կամ իրար վրա կիտված:
Ես և գործընկերուհիս` Սուսաննա Խաչատրյանը, ում հետ կիսում էի փարիզյան գործուղման բերկրանքն ու դժվարությունները, այդ օրը` հուլիսի 11-ին, հանդիպում ունեցանք ֆրանսիական պատմագիտության հեղինակավոր ուղղություններից մեկի`
«Նոր պատմագիտության» («La Nouvelle Histoire») ականավոր ներկայացուցիչ Ժակ Լը Գոֆֆի հետ: Այդ հանդիպումը ծրագրվել էր դեռ երկու տարի առաջ, երբ Սարգիս Խաչենց հրատարակչության տնօրեն պարոն Ս. Խաչիկօղլյանն ինձ վստահեց ճանաչված գիտնականի «Միջնադարյան Արևմուտքի քաղաքակրթությունը» աշխատության թարգմանությունը` կարծես ի միջի այլոց ուրվագծելով իմ առաջիկա հանդիպումը պատմաբանի հետ: Լը Գոֆֆի վերոհիշյալ աշխատության հայերեն հրատարակությունը առաջին անգամ հնարավորություն կընձեռի հայ ընթերցողին հասու դառնալու ֆրանսիական պատմագիտական մտքի փայլուն նվաճումներից մեկին` ի դեմս այդ հզոր «դպրոցի», որը, չնայած իր անվանը, բոլորել է գործունեության վաթսուներորդ տարին: Ահա այս փաստարկներն էին, որ միտք հղացրին հանդիպել հեղինակին և խնդրել նրան մի առաջաբանով իր խոսքն ուղղել հայ ընթերցողին. նշանավոր միջնադարագետն ասելիք պիտի՛ ունենար, անշուշտ, բազմադարյան պատմություն և միջնադարյան չքնաղ մշակույթ ունեցող հայ ժողովրդին: Այս ծրագրի իրագործումը հնարավոր դարձավ Ֆրանսիայի մշակույթի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան օժանդակությամբ, իսկ պատմաբանի հետ հանդիպում կազմակերպելու համար երախտապարտ ենք մեր հայրենակից, Փարիզի Մարդու ինստիտուտի (Maison des Sciences de l’Homme) աշխատակից Գեղամ Գևոնյանին: Ի դեպ, հանդիպումից մի քանի օր առաջ, երբ պարոն Գևոնյանը հեռախոսով տեղեկացրեց պատմաբանի օգնականուհուն, որ Հայաստանից երկու թարգմանչուհիներ մեծ ցանկություն ունեն զրուցել նրա հետ իր գործերից մեկի թարգմանության առնչությամբ, վերջինս առանց այլևայլության համաձայնեց ընդունել մեզ` նշանակելով հանդիպման օրն ու ժամը: «Այս հեղինակության ու դիրքի տեր մարդիկ շրջապատված են, ասես, անանցանելի պարսպով, և նրանց մերձենալն այնքան էլ դյուրին բան չէ:», – նախքան հեռաձայնելը, փորձելով արդարացնել հնարավոր մերժումը` բացատրում էր մեզ Գևոնյանը: Բայց հայ ընթերցողին առաջին անգամ հայերենով ներկայանալու հեռանկարը, ըստ երևույթին, անտարբեր չթողեց պատմաբանին:
– Տիկնա՛յք, ուրախ եմ ձեզ ընդունել իմ հարկի տակ:
Քաղաքավարի-սպասողական և քաջալերող հայացք:
– Պարոն Լը Գոֆֆ, թույլ տվեք մեր հրատարակչության անունից շնորհակալություն հայտնել Ձեզ այս սիրալիր ընդունելության համար և մեր խորին հարգանքն արտահայտել Ձեր և Ձեր գործի նկատմամբ: Մեզ համար իրոք մեծ պատիվ է գտնվել այսօր Ձեր հյուրընկալ հարկի ներքո:
Մեծանուն գիտնականի հետ առաջիկա հանդիպումը դեռ մի քանի վայրկյան առաջ ինձ պատկերանում էր որպես սառը և լարված (թերևս` իմ անփորձության պատճառով) հարց ու պատասխան: Բայց, ի զարմանք և հուրախություն մեզ, նրա ողջ կեցվածքից և դժվարությամբ արտաբերվող խոսքից (յոթանասունութամյա վատառողջ գիտնականից խոսելը, իրոք, բավական ջանքեր էր պահանջում) ճառագում էր մտերմիկ ջերմություն`անբռնազբոս աշխուժություն հաղորդելով մթնոլորտին:
– Գաղտնիք չէ, թե ինչպիսի հռչակ եք Դուք վայելում Ֆրանսիայում և նրա սահմաններից դուրս: (Այս տողերը գրելիս ժպիտով մտաբերում եմ պատմաբանի հետ հանդիպումից մեկ շաբաթ անց գնացքում ինձ հետ զրույցի բռնված ֆրանսուհի ուսանողուհու ապշահար դեմքը և զարմանքից կլորացած աչքերը, երբ վերջինս իմացավ, որ ես Լը Գոֆֆի հետ մեկ ժամ տևողությամբ հանդիպում եմ ունեցել: «– Ինչպե՞ս… բայց…բայց… Դուք գիտե՞ք, թե նա ինչ հեղինակություն ունի Եվրոպայում: Դուք… Դուք ուղղակի չեք պատկերացնում, թե ինչքան կուզեի Ձեր տեղը լինել: Ես վեց տարի պատմություն եմ ուսումնասիրել համալսարանում, և իմ ու ընկերներիս մեծագույն ցանկությունն է եղել գոնե հինգ րոպե զրուցել նրա հետ: Նախանձու՛մ եմ: Իսկ ինչպիսի՞ն է նա, համակրելի՞ է…»): Այսօր Ձեր անունը հայտնի է նաև Հայաստանում, Ճիշտ է` ռուսական հրատարակությունների շնորհիվ: Մեր հրատարակչությունը պատիվ կունենա շուտով հայ ընթերցողին ներկայացնել Ձեր «Միջնադարյան Արևմուտքի քաղաքակրթությունը» աշխատությունը` առաջին անգամ հայերեն թարգմանությամբ:
– Այդ ի՛նձ համար է մեծ պատիվ ներկայանալ հայ ընթերցողին իր մայրենի լեզվով, ինչի համար երախտապարտ եմ ձեր հրատարակչությանը: Ես վաղեմի և անկեղծ համակրանք եմ տածում հայ ժողովրդի, նրա պատմության, մշակույթի և լեզվի նկատմամբ:
Ի դեպ, զրույցի ժամանակ Սուսաննայի հետ փոխանակած մի քանի հայերեն բառը նկատելիորեն աշխուժացրեց նրան. դեմքը կենտրոնացավ, հայացքը լարվեց:
– Ինձ համար անչափ հետաքրքիր է, թե ինչպես է հնչում Ձեր լեզուն, – կարծես արդարանալով բացատրեց նա:
– Պարոն Լը Գոֆֆ, մեզ հայտնի է պատմաբանի Ձեր դիրքորոշումը մեր ժողովրդի պատմության անցյալ դարասկզբի եղերական իրադարձությունների նկատմամբ:
– Այո, 1915 թ. ցավալի անցքերը ես որոշակիորեն որակել եմ ոչ թե ջարդեր, կամ կոտորած, այլ, տուրք տալով ճշմարտությանը, ցեղասպանություն: Ես գտնում եմ, որ պատմությունը պարտավոր է այսօր ճիշտ գնահատական տալ այդ արյունոտ ոճրին:
– Պարոն Լը Գոֆֆ, Ձեր աշխատության ընտրությունը մեր հրատարակչի կողմից պատահական չէ. մենք մտադիր ենք հրատարակել «Nouvelle histoire»-ի պատմաբանների և առաջին հերթին հիմնադիրների (Մարկ Բլոկ, Լյուսիեն Ֆևր, Ֆերնան Բրոդել, և այլն) գործերը` հայերեն լեզվով:
Ասելն անգամ ավելորդ է, թե խորհրդային պատմագիտությունը ժառանգած մեր երկրի համար որքան արդիական է այսօր այս ծրագրի իրագործումը, որը, հայալեզու դարձնելով եվրոպական պատմագիտության նվաճումները, թույլ կտա նորովի տեսնել և վերարժևորել մեր անցյալը, հասկանալ այսօրը, ներհայել ապագան:
– Այո, կարծում եմ աշխատությունը հետաքրքրություն կառաջացնի հայ պատմագետների մոտ: Ես, իհարկե, հավակնություն չունեմ այն լավագույնը համարելու այդ կարգի գործերի մեջ, կան շատ ավելի արժեքավոր աշխատություններ, բայց սա, իրոք, բավական ուշագրավ է արևմտյան միջնադարի պատմությունն ուսումնասիրելու իր մեթոդոլոգիայով, հարցադրումներով, մոտեցումներով, որոնք սկզբունքորեն նոր են և նորովի են փորձում լուսաբանել պատմությունը:
Պատմությունը նորովի քննելու, գրելու և, հատկապես, շատ գիտությունների (իրավունք, տնտեսագիտություն, լեզվաբանություն, աշխարհագրություն և այլն) հետ սերտ համագործակցության այս նորահայտ ձևերի ասպարեզ գալու հիմնական նախաշարժիչը (ազդակը) 1929 թվին Մարկ Բլոկի և Լյուսիեն Ֆևրի հիմնած, այնուհետև` 1956-ից 1969 թիվը Ֆերնան Բրոդելի գլխավորած ֆրանսիական «Տարեգրություններ» («Annales») ամսագիրն էր: Սկզբնապես` «Տնտեսության և հասարակության պատմության տարեգրություն» («Annales d’histoire ռconomique et sociale»), հետագայում, Բլոկի հերոսական մահից հետո (Մարկ Բլոկը կտտանքների է ենթարկվել և գնդակահարվել գեստապոյի կողմից 1944 թվի հունիսի 16-ին հիսունյոթ տարեկանում` Դիմադրության շարժմանը մասնակցելու համար:), 1946 թվին «Տարեգրություն. Տնտեսություններ: Հասարակություններ: Քաղաքակրթություններ» («Annales: Economies – Sociétés-Civilisations») ամսագիրը, նորացնելով պատմագիտական մեթոդները, հսկայական ազդեցություն ունեցավ պատմագիտական մտքի վրա սկզբում Ֆրանսիայում, այնուհետև այլ երկրներում: Հենց նա էլ սկզբնավորեց «Նոր պատմագիտությունը», որը հաճախ անվանում են նաև «Տարեգրության» դպրոց (école des Annales): Այն ժողովեց պատմաբանների մի խումբ, որոնք, մի կողմ թողնելով ավանդական պատմագիտությունը, նախապատվությունը տվեցին ժամանակի առավել մեծ կտրվածքներին և ձգտեցին բացվել մյուս հումանիտար գիտությունների առջև: Մինչև նախորդ դարասկիզբ ավանդական պատմագիտությունը կենտրոնանում էր «մեծ մարդկանց»` լեգենդների հերոսներ դարձած քաղաքական ու ռազմական երևելիների գործերի և ժեստերի վրա: Այդ բացառիկ անհատներն էլ կազմում էին պատմության սանդղակը, և նրանց մահն էր հաճախ ազդարարում էպոխայի վերջը: Նոր պատմագիտությունը, սակայն, փոխում է իր խնդիրը, քանզի փոխում է ժամանակայնությունը (temporalité). իրադարձության փութանցիկ ժամանակին փոխարինելու է գալիս նյութեղեն կյանքի ռիթմերի երկայնաձիգ ժամանակը: Հեռանկարի (perspective) նման փոփոխությունը ստիպում է պատմաբանին վերանայել պատմությունը և նրա տարածաժամանակայնությունը, ներգրավել սոցիալական գիտությունները, փորձել գտնել իրենց միջավայրի հետ հարաբերակից մարդկային խմբերի, հասարակություններ ձևավորող կառույցների, թեկուզ առևտրական մեծ ուղիների կամ մենտալիտետների առավել դանդաղընթաց պատմությունը: Պատմության առաջին պլան են դուրս գալիս գյուղացիները, արհեստավորները, բանվորները, նաև` կանայք ու փոքրամասնությունները (սոցիալական, մշակութային, էթնիկական):