Մեկ ժամ Ժակ Լը Գոֆֆի հետ
– Պարոն Լը Գոֆֆ, ի՞նչ խորհուրդ կտայիք թարգմանել հետագայում:
– Սեփական աշխատանքներիցս կարող եմ մատնանշել հետևյալները. «Քավարանի ծնունդը» («La naissance du purgatoire»), որի քննության առարկան քավարանի ծնունդն է` Արևմուտքի հոգևոր և սոցիալական պատմության մեծագույն դրվագներից մեկը: Հարկ եղավ սպասել մինչև XII դարի վերջ` մինչ երևան կգար Քավարան բառը: Քավարանը, փոխելով անդրաշխարհի աշխարհագրությունը, դառնում է նրա երրորդ` միջանկյալ վայրը: Քավարանն ընդգրկվում է մտավոր և սոցիալական հեղաշրջման մեջ, որը դուալիստական համակարգերը փոխարինում է միջնորդի հասկացություն ներմուծած համակարգերով: «Սուրբ Լյուդովիկոս» («Saint Louis»), որը թեմատիկայի առումով կարող է շատ հետաքրքիր ու կարևոր չերևալ հայ պատմագիտությանը, բայց ուշադրության արժանի է իր պրոբլեմատիկայով և մեթոդոլոգիական լուծումներով: Սա Լյուդովիկոս IX-ի` սրբերի կարգը դասված միակ ֆրանսիացի թագավորի կենսագրությունն է: Արդարադատ և բարեպաշտ քրիստոնյա թագավորի լեգենդար կերպարի ետևում փորձել եմ հայտնաբերել անհատին` «իրական» Սուրբ Լյուդովիկոսին` բացելով միաժամանակ հասարակության և ժամանակի խնդիրների մեծ մասը, ջանալով այդկերպ վերականգնել դարաշրջանի ամբողջականությունը: «Մտավորականները միջնադարում» («Les intellectuels au Moyen Age»): Այս գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1957 թ. և վերահրատարակվել 1985թ. առանց որևէ փոփոխության, քանզի, ըստ իս, միջնադարյան դպրոցական և համալսարանական աշխարհի կոնցեպցիան, որ ներկայացված է այստեղ, ամենևին էլ հնացած չէ: Միջնադարի «մտավորականը», որպես սոցիոլոգիական նոր տիպ, աշխատանքի բաժանումը, քաղաքը, համալսարանները, որպես ողջ քրիստոնյա աշխարհի համար ընդհանուր մշակութային տարածք ձևավորող հաստատություններ, արևմուտքում թափ առած թարգմանչական մեծ շարժումը և XII – XIII դարերի շրջադարձում արևմտյան քրիստոնեության նոր մտավոր կերպն իր հիմնական գծերով ներկայացված են սույն գործում: Եվ, իհարկե, անդրադարձել եմ միջնադարյան մտավորականության կարկառուն դեմքերին` Աբելար, Թովմա Աքվինացի և այլն: «Նոր պատմագիտությունը» («La Nouvelle Histoire») աշխատությունը առաջին անգամ լույս է տեսել 1978 թվին և վերահրատարակվել 10 տարի անց` վերանայված ու փոփոխված, այն ներկայացնում է «Նոր պատմագիտության» կոնցեպցիաներն ու հիմնական ուղղությունները: Մարկ Բլոկի գործերից խորհուրդ կտայի թարգմանել «Հրաշագործ թագավորները: Երկ այն գերբնական բնութագրի մասին, որ, մասնավորապես Ֆրանսիայում և Անգլիայում, վերագրվում էր թագավորական իշխանությանը» («Les rois thaumaturges. étude sur le caractère surnaturel attribué à la puissance royale particulièrement en France et en Engleterre») աշխատությունը, որի առաջաբանը գրելու պատիվն ունեմ: Այս աշխատությամբ, ինչպես հակված են կարծել հումանիտար և սոցիալական գիտությունների ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը, մեծ գիտնականը ներկայանում է որպես պատմական մարդաբանության հիմնադիր: («Մարկ Բլոկի պատգամը կոչ է վաղվա օրվա համար` վերադարձ դեպի քաղաքականության պատմություն, բայց նորացվա՛ծ քաղաքականության պատմություն, այն է` պատմաքաղաքական մարդաբանություն, որի առաջին և միշտ երիտասարդ մոդելը կլինեն «Հրաշագործ թագավորները»: – Այս խոսքերով է ամփոփում Լը Գոֆֆը գրքի առաջաբանը:) Ձեր ցանկում խորհուրդ կտայի ընդգրկել նաև Ժան-Կլոդ Շմիդտի գործերից «Մարմինը, ծեսերը, երազները, ժամանակը: Միջնադարյան մարդաբանական էսսեներ» («Le corps, les rites, les rêves, le temps. Essais d’anthropologie médiévale») աշխատանքը: Պատմաբանը պատրաստակամություն հայտնեց իր աշխատության հայերեն թարգմանությանը նվիրել մի առաջաբան-ուղերձ` հայ ընթերցողին և կրկին անգամ ընդունել մեզ խորհրդատվության համար: Հրաժեշտից առաջ գիտնականը սիրով համաձայնեց լուսանկարվել ինձ հետ` ի հիշատակ մեր հանդիպման և նվիրեց իր թվարկած գրքերից երկուսը` «Մտավորականները միջնադարում» և «Հրաշագործ թագավորները»:
Ահա և վերջ: Ահա և կայացավ ցանկալի հանդիպումը: Փարիզյան շենքի վեցերորդ հարկի, կարելի է ասել, գրքերով կահավորված այդ բնակարանից դուրս եկանք մենք` մեզ հետ տանելով հոգեպարար այն ջերմությունը, դրական լիցքերի այն հուզաթրթիռ ալեբախությունը, որ մարդկային կրծքի տակ կենդանանում և հորձանք է տալիս մեծության հետ շփումից: