Ռուբիկոն

Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը և Պատմության գոյավորության առանձնահատկությունները1

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Ռոմիկ Քոչարյան

«Եւ հասարակաց յոյսն մի շահ է. զի առաջինքն ուրախ լինին ի վերջնոցն բարեգործութիւնս. եւ վերջինքս հաստատին յառաջնոցն կատարելութիւն յուսոյն: Եւ առաքինութիւնք առաջնոցն ժառանգութիւն առնի վերջնոցս. զի մնացուածք բարի գործոց առաջնոցն առնու լրումն՝ ի վերջնոց աստի»:

Ս. Գրիգոր Լուսավորիչ «Յաճախապատում»

«… Իւրին գիտաստ լինելով՝ Հայը պիտի զինքն ճանաչէ եւ այդ գիտաստութեամբ է՝ որ Հայը պիտի կարենայ հայի նմանիլ՝ որպէս ամենքի ինքնաճանաչութեան հետևանք բաղձանքն է: Այդ գիտաստութեան աղբիւրն է Հայոց պատմութիւնն, որ ոչ թե պատահարների, այլ Հայ ազգի պատմութիւնն է»:

/Արշակ Տեր-Միքելեան «Հայաստանեայց Եկեղեցին եւ Բիւզանդական ժողովոց պարագայք»

  1. Մ. Խորենացու «Պատմութիւն Հայոց» աշխատությունը նպատակաբանական (թելեոլոգիական) պատմություն է, և նրան հատուկ է դիտավորությունների մի համակարգ` ի մի բերված ու կարգավորված միասնություն: Նրա հիմնական դիտավորությունն է` պատմել իմաստություն, որը նշանակալի է մարդու, անհատի, ազգի, սոցիումի համար` կարգելու նրա գոյությունը, այն է` ուղղելու, առաջնորդելու և հաստատելու իփրկություն:

«Պատմություն Հայոց»-ում պատմվում է ճշմարտությունն (տեսականը) ու բարին (գործնականը)2, որոնք այդպիսի դիտավորության տեսադաշտում նշանակալի են մարդկային, անհատական ու ազգային կեցողության համար: Խորենացին ունի էական մի մտահոգություն-խնդիր` պատմելով համապատասխան իմաստություն, մասնակցաբար օժանդակել կարգ հաստատելու այն ամենում և հենց բարեկարգելու բոլորը, ինչն ունի դրա կարիքը3: Այս տեսակետից նրա պատմությունը սոսկ անցյալում կատարվածի` եղելությունների ու գործերի նկարագրական հաղորդում չէ:

«Անցյալ» և «պատմություն» հասկացություններն այստեղ էապես տարբեր են: «Անցյալ» հասկացությունը մի վերագրություն է, որը կատարվում է սոսկեղածի վերաբերմամբ: «Անցյալ» հասկացությունը որպես անցած բնորոշելով մինչ տվյալ «այժմյան» ներկայում պատահած բոլոր դեպքերը, ըստ էության տարանջատում է դրանք ներկայից: Իսկ ՙպատմություն՚ հասկացությունը, ընդհակառակը, ուղղված է այդ տարանջատության վերացմանը: Պատմության յուրաքանչյուր ընթերցող «այժմյան» ներկայի մեջ ներմուծում է «եղած» այն բոլորը, ինչը պատմում է, ուստի և այն, ի տարբերություն «անցյալի», իրագործում է պատմվող որոշակի եղածի «միացում» տվյալ ներկային: Ինչպե՞ս և ի՞նչ պատճառով է այդ տեղի ունենում:

«Պատմություն» հասկացությամբ ըմբռնվող ֆենոմենի այդ ի՞նչ առանձնահատկության շնորհիվ է, որ պատմությամբ իրագործվում է որոշակիորեն կազմակերպված միասնականություն: Սկզբունքային հարցն այսպիսով ՙպատմություն՚ գոյավորի վերաբերյալ հարցն է:

Ըստ Ս. Արևշատյանի, Խորենացու «աշխատության կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ նրանում պատմական շարադրանքը ենթարկված է որոշակի հայեցակարգի»4: Իսկ ինչպիսի՞ն է այդ հայեցակարգը, ո՞րն է նրան բնորոշ առանձնահատկությունը: Նրա «Պատմութիւն Հայոց» աշխատությունում առկա է քրիստոնեական կուռ պատմա-փիլիսոփայական հայեցակարգ: Նրա պատմությունն իրագործում է անցյալի` ի կարգ հաստատում: Սակայն Խորենացու համար խնդիրը սոսկ անցյալը չէ որպես ինքնին նպատակ, այլ, ընդհանրապես, ըստ հոգևոր հիմնադիր սկզբունքի` ուղիղ հայեցվածքով անցյալը ներկայացնել որպես ներքուստ կարգավոր կառուցվածքով ի մի բերված, այսինքն, ըստ էության պատմել նրա հոգևորությունը` հղելով5 այն ներկային ու ապագային: Ինչու՞ էր շեշտվել առաքինի հոգևորություն պատմելու խնդիրը: Դա պայմանավորված էր Խորենացու ժամանակաշրջանին բնորոշ` հոգևորության համատարած անկմամբ: Այս իրավիճակը առաջնային պլան էր մղում հայ քրիստոնեական իմաստասիրության` հոգևորության վերականգնմանն ուղղված մտակողմնորոշումը:

«Միտքը տեսականացնում էր անցյալը և ներկան`փորձելով մոդելավորել ցանկալի ապագան»6: Սակայն հոգևորության անկումը մասնավոր, սոսկ տվյալ կոնկրետ ժամանակաշրջանին բնորոշ իրավիճակ չէր: «Հոգևոր կարիքը», որի ճանաչումն է տալիս Խորենացին իր «Ողբ»-ում, առավել ունիվերսալ է, այս կամ այն չափով, բայց և սկզբունքորեն բնորոշ է բոլոր ժամանակաշրջաններին:

Մասնավոր, միմիայն իր ժամանակաշրջանին վերաբերող խնդրի լուծմանը չէ, որին հետամուտ է սուրբ հայրը` գրելով իր պատմությունը: Խորենացու համար խնդիրը ունիվերսալ է. ըստ որոշակի նպատակադրող ու հիմնարար հոգևոր սկզբունքի` նկատել տալ ինչպես անցյալի հոգևորությունը, այնպես էլ նրա ամենաէական նշանակալիությունը ներկայի ու ապագայի կարիքի համար, և այս կերպով կարգել արդեն ոչ միայն անցյալը, այլև սկզբունքորեն ժամանակը` Անցյալը, Ներկան ու Ապագան` ի հայտ ցուցելով նաև նրանց միաբանությունը, ըստ այդ միավորող հոգևոր սկզբունքի: Նրա պատմությունը ի Մի է կարգում ժամանակները որպես մի ֆենոմեն, որն ընդգրկված է եզակի թվով արտահայտված «ժամանակ» հասկացությամբ: Ժամանակն այստեղ սոսկ տևողություն ու քանակականություն արտահայտող և մարդկային գոյության նկատմամբ չեզոք հասկացություն չէ: Ժամանակն անմիջականորեն առնչված է մարդկային գոյության ֆենոմենին: Խորենացու պատմությունում ժամանակներն ի մի են հյուսվում որպես նպատակային խնդիր ունենալով մարդու (մարդկանց)` նախնիների, ապրողների, սերունդների «հոգևոր ներկայության» հաստատումը (ըստ էության` Եկեղեցի և Աստծո ժողովուրդ):

2.         Մ.Խորենացու պատմությունը հյուսված է ոչ որպես անցյալի բոլոր եղելությունների ու կատարված գործերի, այլ որպես նշանակալի անցյալիպատմություն: «Հեղինակը, գրում է Ստեփանյանը, անցյալի հոսքից, որպես կանոն, ընտրում է նշանակալի իրադարձությունները7»: Ոչ միայն Խորենացու, այլ ընդհանրապես միջնադարյան հայրական գրականությունը և յուրաքանչյուր աշխատություն հասկանալու համար առանձնահատուկ կարևորություն ունի պարզել, թե ինչն է որպես «նշանակալի» նրանց (հայրերի) համար:

3.         Մ.Խորենացու աշխատությունում պատմական նյութի ընդգրկումը սկզբունքորեն իրագործվել է որոշակի ընտրողական մոտեցմամբ: Ընտրության սկզբունքը առնչված ու ենթակարգված է պատմության դիտավորությանը, ինչը կնշանակի, որ կատարվել է ուղղորդված որոնում: Նրա պատմությունը ունեցել է պատմական նյութի ընտրության նախապատրաստական փուլ: Նախապես հավաքվել է բազում մատյաններում պատմվածից ու բանավոր ավանդություններից պատմելիք նյութը: Խորենացին Մար Աբաս Կատինայի մատյանում պատմվածից իր պատմությունում որոշակի նյութ ընդգրկելու կապակցությամբ ասում է. «Բազում ինչ զկնի այսորիկ պատմի ի մատենին. այլ մեք` որ ինչ պիտոյն մերոյ հաւաքմանս է շարեսցուք8»: Այս միտքը հասկանալու համար դեռ պետք է նախապատրաստվել, սակայն արդեն իսկ նկատելի է, որ նա պատմությունն ըմբռնում է որպես որոշակիորեն ընտրված հավաքում: Այն, որ պատմությունը, ըստ էության «հավաքում» է, նա նշում է նաև այլ տեղում, երբ ի ցույց է դնում մեզ, թե ինչպիսի իմաստուն այրերի ու նրանց պատմածի նմանությամբ և որպես աղբյուր ունենալով է գրել իր պատմությունը. «յորոց մեք արդարապէս ջանացաք հաւաքել զհնագրութիւնս9»:

Կարդալ նաև

Պատմություն Պատմության մեկնողականությունը եվ Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» աշխատության իմաստասիրող առանձնահատկությունը1 Ռոմիկ Քոչարյան «Ճշմարտութիւն հաւատոյ լոյս է աչաց մտացն, շարժմանցն խորհրդոց, յիշատակացն զգացեալ զլոյսն գիտութեան եւ զիմաստութեան շնորհաց Հոգւոյն Սրբոյ»: /Ս. Գրիգոր Լուսավորիչ «Յաճախապատում»/ «Պատմական անցեալն իւրաքանչիւր ազգի վեհագոյն հարստութիւնն է, իսկ… Պատմություն ՈՒԽՏԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, կամ կոլեկտիվ ներկայության պարադոքսները Աշոտ Ոսկանյան Ներածություն. ՄԵԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «Հայերին Լեոն է հնարել: Մինչև Լեոն, սուտ է, հայեր չեն եղել: …Մերանը Լեոն գցեց: Մածունը ոնց են սարքում, կաթի մեջ մերան են գցում, դառնում է մածուն, Լեոն հայերին այդպես է հնարել:» «Թուրքերն եկան, ասում էր ձիապանը:… Պատմություն Մեկ ժամ Ժակ Լը Գոֆֆի հետ Շուշան Մակարյան – Բարև Ձեզ, պարոն Լը Գոֆֆ: – Բարև ձեզ, տիկնայք: Համեցե՛ք: Եթե դեմ չեք, կզրուցենք իմ աշխատասենյակում: Գրքեր, ամենուր գրքեր. պատերին` հատակից մինչև առաստաղ, սեղանին, սեղանի տակ, պատուհանի գոգին, անկյուններում, անկանոն, խիտ շարքերով կամ իրար վրա…