Ռուբիկոն

Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը և Պատմության գոյավորության առանձնահատկությունները1

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

«Հավաքելու» ֆենոմենը դիտվում է ոչ միայն պատմության տեքստում, այլ նաև նախապատրաստական փուլում, որպես պատմելիքի առանձնացում. ինչը իրականացնում է Պատմահայրը քննությամբ և ընտրողությամբ` այլ մատյաններում ու բանավոր ավանդությունում պատմված նյութից: Իրոք, այն, ինչ անվանում են պատմություն` անցյալի եղելությունների ու գործերի սոսկ կուտակություն չէ` պատահական ու անկազմակերպ, այլ նրանում ի մի են բերվում և միմյանց ու տեքստի ամբողջության նկատմամբ կարգավոր հարաբերությամբ դասավորված ներկայանում են այն բոլորը, ինչը իմաստալի է դիտվում մատենագրել ու պատմել սերունդներին:

Իսկ քրիստոնյա հայրերը ունեին այն ամբողջական ուսմունքը, հանձին քրիստոնեության, որը առաջնորդում, լույս ու տեսադաշտ էր ապահովում բոլոր եղելությունների ու գործերի քննության և իմաստավորման համար: Եվ մեր խնդիրն է` պարզել, թե ինչպես է այդ ուսմունքը կոնկրետանում Մ. Խորենացու հայացքներում, որպես քրիստոնեական պատմաբանություն:

4.         Անցյալի գործերից պատմելիքի ընտրությունը նա կատարում է որոշակի սկզբունքներով առաջնորդվելով: Հարցը հետևյալն է. ինչպիսի՞ն է պատմական գոյավորը, ինչը անցյալի եղելություններից և գործերից առանձնացվում է որպես պատմելիք: Որպես պատմելիք նյութ է առանձնացվել և ի մի հավաքվել այն բոլորը, ինչը համարվել է արժանի հիշատակության. «արժանի գրոյ յիշատակի»10: Էական է այստեղ նկատել, որ ՙարժանացումը՚ չի իրագործվում սոսկ էպիստեմոլոգիական մակարդակում, այլ` ունի նաև գոյաբանական հիմնադրություն: Որպես պատմելիք ընտրված «իրը» և «գործը» չպետք է դիտել ապագային ուղղված նշանակալիությունից զատ, որպես չեզոք եղելություն:

Անցյալում կատարվածը անմասն չէ մեզ հղվածությունից, ընդհակառակը, այն այնքանով է որպես «կատարված» կամ «պատահած» որևէ «իր», որքանով ասելիք ունի և հղվածություն «զկնեացն»: Իրողությունների և գործերի նշանակալիությունն ու հղվածությունը առ ի՞նչն ուղղվածությամբ են տեսանելիություն ընձեռում բնորոշելու դրանք որպես այդպիսին: Այս հարցի նկատմամբ նախնական ու հիմնարար է մեկ այլ հարց, որը թերևս վերականգնելով Հայդեգերի` «գոյավորի» ինչությունից անջատ և իբրև նախնական` «գոյության» հարցմամբ կտրված-կորցրածը, նաև որոշակի էական վերաիմաստավորմամբ վերադառնալով Պլատոնի` գոյության անթաքչությունը հենց իդեային առնչվածությամբ միայն որպես այդպիսին (անթաքչություն), ապաև ճշմար(ի)տություն բացահայտող տեսակետին, կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. առ ի՞նչն առնչված գոյությամբ են այդ իրողությունները իրենց, զորությամբ էացած, (գոյության) անթաքչությունում և հենց բանականության խոհեմությանն ու լույսին տեսանելի դառնում որպես նշանակալի ու հղվածությամբ օժտված: Հիմնային այս հարցին, նկատի ունենալով նրա դժվարությունն ու հանգամանորեն անդրադառնալու անհրաժեշտությունը, այս հոդվածների շրջանակում բացահայտ քննության չի առնվի, թերևս միայն անուղղակի մասնակիորեն և «խնդրի բերումով»: Առայժմ անհրաժեշտ է միայն ասել, որ այդ իրողություններն ու գործերը վերաբերողական հնարավորության իրենց բացվածքում նշանակալիություն են ցուցաբերում ինքնության` խորհրդով, բանիվ և գործով ի մի, գոյության ճշմարտության նկատմամբ: Այդպիսին է նաև պատմությունը, որը «զբանս իրաց և գործոց» հյուսելով իր պատմումի մեջ, այլևս, ինչպես և բնաբանում է ասված, սոսկ պատահարները չէ, որ պատմում է, այլ ազգի հոգևոր, մտավոր և մարմնավոր` որպես առաքինի կարգավոր լինելության համար նշանակալի իրողություններն ու գործերը, ուսանելի նշանակալին, կրթական նշանակություն ունեցող հիշմանն արժանին, և այսկերպ է այն «հիշողություն» և «մենք» կազմակերպում: Ահա այսպիսի պատմությունն է, որ իրոք ընկալվում է և իսկությամբ` է որպես «հայ ազգի պատմություն», ինչպես և այն անվանում է Արշակ Տեր-Միքելյանը և հենց այդ որպիսությամբ է Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը` «ազգաբանություն», ինչպես և անվանում է մեր սուրբ Պատմահայրը:

Իսկ ո՞րն է արժանի դիտվում պատմել կամ ընդգրկել պատմությունում: «Թողելով զոչ կարևորագոյնսն ի բանից ասասցուք որ ինչ հարկավորն է»11: Մեկ այլ տեղում ևս Խորենացին, պատճառաբանելով Սահակ իշխանի հապճեպությունը և նշելով Իլիականին ու Մակեդոնացուն առնչվող նշանակալի դեպքերն իր պատմությունում ընդգրկելու և ըստ պատշաճի խոսելու հնարավորության սահմանափակության մասին, ասում է. «զայնոսիկ այժմ ուրեմն զկնի հեղուսելով բանս, զկարևորսն և մերոյս արժանի շարագրութեանս (ընդգծումը` Ռ.Ք.)»12: Պատմական նյութի ընտրության ու պատմելիքի ի մի հավաքման նրա նախապատրաստումի մեջ կա դասակարգում: «Կարևորագոյնսն» ու «հարկաւորն» են արժանի հիշատակության, և արդյունքում պատմությունից դուրս է թողնվում անցյալի եղելություններից ու գործերից ոչ այդպիսիները: Նկատելի է դառնում, որ որոշակի մի պրոցեդուրայով (կամ կառուցվածքով) է անցյալում կատարված կամ ներկայում կատարվող ամբողջի մի մասը` էականն ու նախընտրելին պատմության մեջ մուտք գործում և որպես «պատկանաւոր»13 կարգվում: «Կարևորագույն» և «հարկաւոր» հասկացությունները որպես պատմական գոյավորության բնորոշում` արժևորող վերագրություններ են: Իսկ այդ նշմարելի է դարձնում կատարված որևէ բան որպես պատմական գոյավոր կարգող հիմնարար գործոնն ու սկզբունքը: Ի՞նչ սկզբունք է դա:

5.         Գոյություն ունի սկզբունք, ըստ որի կատարվում է արժևորումը: Խորենացին և մյուս հայրերը այդ սկզբունքն արտահայտում են «Պիտո» հասկացությամբ: Պատմությունը որպես գոյավոր կարող է լինել միմիայն մարդու համար ու առավել ևս վերոնշյալ արժևորումով, որպես այդպիսին, բնորոշվել կարող է նրա կամ նրա կարիքի նկատմամբ: Պատմությունը մարդու համար է և որևէ բան կարևորագույն կամ հարկավոր է նկատվում մարդու գոյության համար այլ գոյավորի բացվածքն ու էականությունը որոշող սկզբունքի տեսանկյունից: Մարդու կարգավոր գոյության համար որևէ բանի էականության չափը սահմանող սկզբունքը քրիստոնյա հայրերի ուսուցման մեջ կարևոր տեղ գրավող «պիտո»-ի ըմբռնումն է: Պիտոն է հիմնական չափանիշը եղելությունների և գործերի` որպես կարևորագույն ու հարկավոր բնորոշման և ի պատմումն առանձնացման: Պիտոյականությաննայդ սկզբունքի մասին Պատմահայրը նշում է բազմաթիվ անգամներ: Վերոբերյալ հատվածում, խոսելով Մար Աբաս Կատինայի մատյանից իր պատմելիք նյութի առանձնացման մասին, նա բացահայտում է ՙհաւաքման՚ սկզբունքը` գրելով. «Բազում ինչ զկնի այսորիկ պատմի ի մատենին. այլ մեք` որ ինչ պիտոյն (ընդգծումը` Ռ. Ք.) մերոյ հաւաքմանս է, շարեսցուք»14: Իսկ ինչպե՞ս հասկանալ պիտոն: Այն առնչված է մարդու գոյությանը: Մարդու կարգավորված լինելիությունը, այն է` «առ ի լինել պատկեր Աստուծոյ»15 գոյավորությունն ու աստվածանմանության ուղղվածությունը ունենալով որպես դիտավորություն, Խորենացին, իբրև պատմական է կարգում «կատարվածից» այն, ինչը ըստ այդպիսի դիտավորության «պիտոյ» է մեզ: Որպես պատմելիք է ժողովվում պիտանացուն, այն, ինչը իբրև օգտակար է ճանաչվում վերոհիշյալ կարգավոր լինելիությանը, ինչպես ընդհանրապես մարդու համար, այնպես էլ` հայի, ժամանակակցի, սերունդների` «զկնեացն»: Խորենացու պատմության «ազգաբանություն»16 լինելը և, այս առումով «ի հայս» ազգային պատմություն հիմնելը ունի կոնկրետացման` հային վերաբերելու և նրա լինելիությունը ի կարգ հաստատելու դիտավորություն, ուստի պիտանավորը իր բովանդակությունում ունի ինչպես համամարդկային, այնպես էլ անհատական ու ազգային կոնկրետայնություն: Իր պատմման մեջ հիշատակելու համար նշանակալին ժողովելու առնչությամբ նա մեջ է բերում Կեփաղիովի խոսքը, թե ինչն է իմաստալից գրել «ի ազգաբանություն»: «Այլ առաք հրաման ի թագավորաց զաննշանից և զվատաց արանց ի հնոյն զյիշատակն և գրել միայն զքաջս և զիմաստունս և զաշխարհակալս նախնիս, և մի յանպետս զժամանակս մեր ծախել»17: Այս տեսակետը նախընտրելի է Խորենացու համար: Ցուցանելով Կեփաղիով պատմիչի վերաբերմունքը պատմական նյութի նկատմամբ, թե որը պիտանավոր է և իմաստավոր` ընդգրկել շարադրանքում, նա ի ցույց է դնում, որ այդպիսին է նաև իր տեսակետը, երբ վստահություն ցուցաբերելով այդ չափանիշի նկատմամբ` իր պատմության մեջ է վերապատմում Բելի մասին խոսվածը: Այսպիսով, Խորենացու համար պատմակազմման սկզբունք է անցյալի եղելություններից և տարբեր մատյաններից նրանց մասին մեզ հաղորդված տեղեկություններից իր «Պատմության» համար պատմական նյութի «կացուցանումը»` այն կազմակերպող ընտրողականությամբ, զտողական հավաքմամբ: Պատմական նյութի «կացուցանումն» իրագործվում է երկակիորեն` և՛ նյութի պատմողականության կազմակերպմամբ և՛ արդեն իսկ բավարար չափով պատմողականություն ցուցաբերող նյութի ընտրությամբ:

Կարդալ նաև

Պատմություն Պատմության մեկնողականությունը եվ Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» աշխատության իմաստասիրող առանձնահատկությունը1 Ռոմիկ Քոչարյան «Ճշմարտութիւն հաւատոյ լոյս է աչաց մտացն, շարժմանցն խորհրդոց, յիշատակացն զգացեալ զլոյսն գիտութեան եւ զիմաստութեան շնորհաց Հոգւոյն Սրբոյ»: /Ս. Գրիգոր Լուսավորիչ «Յաճախապատում»/ «Պատմական անցեալն իւրաքանչիւր ազգի վեհագոյն հարստութիւնն է, իսկ… Պատմություն ՈՒԽՏԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, կամ կոլեկտիվ ներկայության պարադոքսները Աշոտ Ոսկանյան Ներածություն. ՄԵԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «Հայերին Լեոն է հնարել: Մինչև Լեոն, սուտ է, հայեր չեն եղել: …Մերանը Լեոն գցեց: Մածունը ոնց են սարքում, կաթի մեջ մերան են գցում, դառնում է մածուն, Լեոն հայերին այդպես է հնարել:» «Թուրքերն եկան, ասում էր ձիապանը:… Պատմություն Մեկ ժամ Ժակ Լը Գոֆֆի հետ Շուշան Մակարյան – Բարև Ձեզ, պարոն Լը Գոֆֆ: – Բարև ձեզ, տիկնայք: Համեցե՛ք: Եթե դեմ չեք, կզրուցենք իմ աշխատասենյակում: Գրքեր, ամենուր գրքեր. պատերին` հատակից մինչև առաստաղ, սեղանին, սեղանի տակ, պատուհանի գոգին, անկյուններում, անկանոն, խիտ շարքերով կամ իրար վրա…