Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը և Պատմության գոյավորության առանձնահատկությունները1
Պատմական նյութն ընտրված է հավաքման նախապես առաջադրված սկզբունքով` պիտոյով: Անցյալից այս պիտանավորն էր ներկայություն ստանում մեզ համար: Իրոք, պատմությունը մեզ ի ներկայություն հղված պիտանացու անցյալն է և այսպես է` փորձառություն:
6. Ի տարբերություն այլ ռեալ գոյավորների, այդ թվում նաև անցյալում կատարված գործերի, պատմության մեջ պատմվածի գոյության կարգը էապես փոխված և յուրահատուկ է: Պատմվածությամբ նրանց կերպավորվածությունը, ուստի և որպես պիտանացու նախընտրվածությունը նկատել է տալիս, որ նրանք կան որպես իմաստավորված:
Իսկ որպես ի՞նչ է պատմվողը (պատմական գոյավորը) իմաստավորված: Պատմված բովանդակության գոյավորությունը իմաստավոր է որպես պիտանավոր ներկայություն, ինչը իբրև այդպիսին` «ասելիք» (noema) ունի մեզ: Պատմմամբ սերունդներին են ավանդված այս ասուն գործերը: Պատմությունը որպես իմաստավոր կացուցանելով իրերն ու գործերը, տեսադրում է նրանց այդպիսի լինելիությունը, պիտանավոր էականությամբ «յանդիման կացուցանում» և ուղիղ դրվածքով դարձնում դեպի մեզ` ընկալելու և փորձառելու:
Ռեալ գոյավորը դեպի «պատմական գոյավորի» կարգը ընտրողաբար անցկացնելու համար սկզբնորոշ «պիտո»-յի ըմբռնումը ինչպիսի՞ էականությամբէ այն կանգնեցնում հայեցողության առաջ: Ի՞նչ «դռնով» է բացում մեզ համար պատմական գոյավորը, կամ ի՞նչ հորիզոնում է տեսանել տալիս նրանում միայն տեսադրված պատմելիքի գոյությունը` դեպի այդ տեսածիրն ուղղելով մեր հասողության կարողությունն ու ձգտումը: Աշխարհ և մարդ հարաբերությունում այս հարցն ունի երկու կողմ. նախ` պիտոյականության սկզբունքով բացահայտվում է գոյավորի բուն էությունը, ներկայության մեջ է հաստատվում իսկությունը և, երկրորդ` պիտոյականությունը սահմանված է մարդու` հենց որպես մարդ գոյության նկատմամբ օգտակարությամբ:Պատմական գոյավորը պիտանավոր է մեզ` դեպի ու՞ր ուղղելով, կողմնորոշելով և «ավելացնելով»: Պիտո է այն, ինչը ի բարին և ի բարեկարգություն նշանակալի է մարդուն, և՛ ներկային (Խորենացու ժամանակակցին), և՛ «զկնեացն»: Նաև մեզ է հղված պատմությունում ասվածը` ի ուսանումն պիտոյի, որ պիտանի է մեզ, քանզի և մենք ենք մտնում այն մարդկանց, նկատառյալ այն «բազմաց» մեջ, որոնց համար ի գիր պատմել ՙփոյթ անձին կալաւ՚ Պատմահայրը:
Պիտոն այն է, ինչը մեզ պետք է, անհրաժեշտ և օգտակար է` անկարգությունից ի կարգ հաստատման համար, նշանակալի է հոգու եռամասնյա կազմությանը` որպես բանական, ցասմնական և ցանկական, համապատասխան առաքինություններով զարդարելու համար: Այս սկզբունքով որպես պատմելիք է ընտրվում այն, ինչը որպես խորհուրդ, բան և գործ նշանակալի է բանականին` խոհեմության, ցասմնականին` արիության և ցանկականին` ողջախոհության առաքինություններով զարդարելու և հոգու այսպիսի կարգավորությունը արդարության առաքինությամբ ներդաշնորեն բարեմասնելու և իբրև բարեկարգ հաստատելու համար, ըստ հոգու մասին հայրերի ուսմունքի18:
Անցյալի գործերից Խորենացին որպես «պատմական» նյութ է առանձնացնում սկզբունքային ևս մի չափանիշ, նաև այն բոլորը, ինչը նշանակալի է առաքինության համար: Ի մի է հավաքվում որպես պատմելիք` պատմության կազմություն-բաղադրություն, ինչն ի հայտ է բերում ներկայի և ապագայի նկատմամբ դեպի առաքինի կարգավորություն ուղղելու կարողություն-լիցք կամ նշանակալիություն:
Որպես պիտոյական է ըմբռնվում այն նշանակալիությունը, որ ունեն եղելություններն ու գործերը մարդու հոգևոր լինելիությունն ի կարգն առաքինության հաստատելու համար: Իրենց այդպիսի «իմաստախոս» էականությամբ նրանք սնում են մարդու հոգևորությունը: Այսպիսով, անցյալից որպես պատմելիք է ընտրվում ուսանելին, օրինակելին ու կրթականը: Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ի ամբողջ տեքստը հենց այդ է ցուցանում: Նրանում, որպես արժանի մատենագրության ու հիշատակության, պատմվում է հայոց մեծաց ու նրանց գործերի մասին, և՛ «զուստ»-ը` ծագումնաբանությունը, և՛ «զիարդ»-ը` ինչպես լինելը, այսինքն` գործերը, որոնք լեցուն են խոհեմության և իմաստության, քաջության և այլ առաքինություններով: Նա իր ամբողջ պատմության ընթացքում միշտ շեշտում է, թե ինչպիսի անձանց մասին է որպես նպատակային ու իմաստավոր դիտում գրել. իմաստության օժանդակությունը խորհող, ուստի բոլոր նախորդներից վեհագույն ճանաչվող ու բարձրագույն գովության արժանի19, «աջ և արգասաւոր ոչ միայն ի բանս և պիտանաւոր խոհականություն, այլ և ի բազում գործս արժանափառս»20, «արս քաջս և աղեղնաւորս»21, «արք քաջք և անուանիք»22, «աշխատասէր և հայրենասէր»23 և այլն: Տեքստում նկատելի է նաև, թե ինչպիսի գործերի պատմելն ու ինչպես գործելն է նա նախընտրում և ըստ մարդկային կարողության իրագործում` «զգործս իմաստութեան»24, «գործք քաջության»25 կամ «արութեան»26, «քաջության և ամենայն իմաստութեան հոգ տանելն» ու առաքինի վարքի խրատին անսալը27, մտքի և հասողության կարողության չափով գործելը28: Առաքինությունների առումով «խոսուն» գործերն ու եղելություններն են պիտանի մարդուն և այսպիսի պատմությունն է, որ հարկավոր է գրել:
Դա նկատվում է նրա այն տողում, որտեղ թվարկելով Տիգրանի առաքինությունները և բոլորն ի մի բերելով, ասում է «առաքինություն-պիտանի-լինելիություն-մարդ» հարաբերությունների բարդույթի բացորոշման համար նշանակալի մի միտք. «լինել… յամենայն որ ինչ մարդկութեան պիտանի»29: Նրա պատմությունը սկզբունքորեն մտահղացված ու իրագործված է, որպես մարդու համար պիտոյական նշանակալիություն ունեցող եղելությունների ու գործերի միահյուսություն: Այդ է ի ցույց դնում յուրաքանչյուրին, մեր սուրբ հայրը զարմանալի, իմաստուն, պարզ ու խորագետ իր խոսքում` «սկսայց քեզ… ի Հիւսման պատմութենէ Պիտոյից»30:
Քննողական ընտրությունը, որով «Պատմութիւն Հայոց»-ի համար առանձնացվում և ժողովվում է պատմական նյութը, կազմակերպված է ոչ միայն առաքինության գործոնով ու չափանիշով: Առկա է ևս մեկ էական չափանիշ: Խորենացու պատմությունը ոչ միայն ընտրական է ի առաքինություն, այլև` քննական ի ճշմարտություն:
Պատմության գոյության առանձնահատկությունը կազմակերպված է այդ գոյությունը հիմնադրող դիտավորության կատարումն ապահովող պիտոյականությամբ: Ե՛վ պատմելիքի ընտրությունը (բովանդակությունը), և՛ պատմումը (հյուսման եղանակը) ուղղված են դիտավորության կատարմանը: Պատմության գոյության առանձնահատկության բացահայտումը նախ` հիմնադիր դիտավորության, ապա նաև երկրորդ` պատմելիքի և երրորդ` պատմումի կազմակերպման խնդիրների կարիքով առչնվում է «պատմություն-հավաստիություն-ճշմարտություն» փոխհարաբերությունների բացահայտման խնդրին:
Անցյալի հիշողություններից, գործերի մասին բազում հաղորդվածից ընտրվում է հավաստին: «Զհաւաստին որչափ կարացեալ ի բազմացն ընտրեալ բանից` կարգեցաք»31 (ընդգծումը` Ռ.Ք.): Այս մտքում ակնհայտ երևում է Խորենացու ինչպես ընտրողական մոտեցումը, այնպես էլ հավաստին պատմելու սկզբունքը: Թե ինչքան է կարևոր նրա համար հավաստին` նկատելի է բերված մտքում. արդեն իսկ ընտրվածից է առանձնացվել-ժողովվել հավաստին: Հավաստին, անսուտը գտնելու, համոզվելու և «զազգիս մերոյ կարգել զպատմութիւն ճշդիւ»32 դժվարին ու տքնաջան քննախույզ աշխատանքի վերաբերյալ Խորենացին նշում է բազմիցս33 ինչպես իր, նույնպես և այլ պատմիչների վերաբերյալ, որոնք «իմաստութեան ջանք` փոյթ յանձին կալան ավանդել»34: Եվ հենց «արք անուանիք և իմաստութեան պարապեալք»35, «վարժ ամենայն իմաստութեամբ»36, գովելիք և ամեն առաքինություններով զարդարված37 է համարում բոլոր նրանց, որոնք հաղորդեցին հավաստին ու օգտակարը, ինչպես նաև նրանց (թագավորներին ու իշխաններին), որոնք նպաստեցին, հոգացին ու օժանդակեցին այդ գործին: Նրա բազմաթիվ նշումները աղբյուրներում պարունակվող ստությունների, անունների, պատմվածի և ժամանակի փոփոխությունների առկայության38, նրանցում Սուրբ Գրերից շեղումների, ինչպես նաև բազմաթիվ մատյանների համեմատումը պատմելիքը ժողովելու և իր պատմությունում հյուսելու և շարակարգելու համար, ինչպես նաև դրական վերաբերմունքի, ուրախության արտահայտումը եղելությունների վերաբերյալ հավաստի պատումներ հայտնաբերելիս` ահա այս բոլորից նկատելի է թե որչափ է Խորենացին կարևորում ու անհրաժեշտ համարում` պատմելիքի դասը կարգել միմիայն հավաստին: Իսկ որո՞նք են հավաստիությունը պարզելու նրա միջոցները: Խորենացին ասում է. «Բայց զուգութիւն բարբառոց և հաւասարութիւն թուոյ կարգի պատանեացն` զճշմարտութիւն աշխատասիրութեանս մերոյ ակնարկէ»39: Սրանով նա նշում է պատմումի հավաստիության, ճշմարտության համար օգնական պարագաները: Նա պատմական աղբյուրները քննելիս և նրանցից ճշմարտացի պատմական նյութն անջատելիս, զտելիս դրանք համեմատում է միմյանց հետ: Այլ աղբյուրների հետ համեմատության դեպքում, երբ ի հայտ է բերվում «զուգութիւն բարբառոց» և «հաւասարութիւն թուոյ կարգի պատանեացն», այսինքն` կրկնողություն, երբ մեկ այլ աղբյուր կրկնում է միևնույն իրողության մասին և առկա է ժամանակի (տեղի) մեջ պատահելու վերաբերյալ թվականի հավասարություն` ժամանակագրական համընկնում, ապա այդ արդեն վստահելի տեղեկություն, պատմություն է և ճշմարիտ է: Հարկավոր է այստեղ նկատել, որ այդքանը սկզբունքորեն բավական չէ ճշմարտացիության համար: Սակայն Խորենացու համար խնդիրը միայն ճշմարտացի վերահաղորդելը չէ այն, ինչը ճշմարտացի է, զի վկայված է կրկնակի և ավել, այլ` այն, որ պատմվածը լինի ճշմարտություն մեկ այլ առումով ևս և հենց էականորեն: Նշված երկուսը` տեղեկությունը ստուգող և եղելականությունը հավաստող, լոկ քանակական պարամետրեր են, իսկ այդ բավական չէ տվյալ