Մեկ ժամ Ժակ Լը Գոֆֆի հետ
Այս «նոր պատմագիտությունը» առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերում մենտալիտետների պատմության նկատմամբ: Մենտալիտետների պատմությունը ասպարեզ է եկել ավելի ուշ, որպես նրա առանձին և կատարելապես ինքնուրույն մի ճյուղը: Նշանակալից է, որ անգլոսաքսոնական տարածքում այն անվանվում է «Մշակույթի պատմություն»: Այն իր առջև խնդիր է դրել հետազոտել անցյալի մարդկանց մտավոր աշխարհը, մշակութային գործունեությունը, վարքագիծը, արժեքները, երևակայական աշխարհը, զգացումները: «…Տնտեսական և սոցիալական պատմությունը այնպես, ինչպես կիրառում էին (pratiquer) «Տարեգրությունները» սկզբնական շրջանում, նոր պատմագիտության առաջապահ ճակատը չէ այլևս. մարդաբանությունը, որը, ի տարբերություն տնտեսագիտությանը, սոցիոլոգիային և աշխարհագրությանը մեծ կշիռ չուներ «Տարեգրությունների» առաջին քայլերում, դարձել է նրա գերադասելի զրուցակիցը… Մենտալիտետների և պատկերացումների (représentations) պատմությունը` հազիվ ուրվագծված «Տարեգրությունների» առաջին փուլում, այսօր նրա հիմնական ուժագծերից է:» – գրում է Լը Գոֆը:
70-ական թվականներից ի վեր Տարեգրությունների դպրոցի հիմնադիրների այս միջգիտական նախագիծը շարունակում են այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Ժորժ Դյուբին, Էմմանյուել Լըրուա Լադյուրին, Ֆրանսուա Ֆյուրեն և մեր զրուցակիցը:
«Նոր պատմագիտությունը» անտարբեր չի թողել նաև ռուս պատմագիտությանը, որը ծավալել է թարգմանական հզոր գործունեություն` նպատակ ունենալով յուրացնել արևմտյան մտքի անժխտելի նվաճումները: Եվ Լը Գոֆֆի «Միջնադարյան Արևմուտքի քաղաքակրթությունը» աշխատանքը եղել է առաջին գործերից, որ թարգմանվել է անվանի պատմաբան Ա. Յ. Գուրևիչի աջակցությամբ: Ռուս գիտնականը չափազանց բարձր է գնահատել հիշյալ աշխատությունը` շեշտելով նրա հեղինակի մեթոդների և մոտեցումների յուրատիպությունը, կարևորելով «Տարեգրության» դպրոցի բերած «կոպեռնիկյան հեղաշրջումը» պատմագիտության մեջ:
Ի տարբերություն պատմողական-նկարագրողական պատմագիտության, որը պատմական տեքստերին կուրորեն հետևելով փորձում է վերականգնել պատմական իրադարձությունների ընթացքը, Ֆևրը և Բլոկը առաջ քաշեցին «պատմությունը խնդիր է» սկզբունքը: Պատմաբանը ձևակերպում է խնդիրը և ըստ այդմ ընտրում այն հուշարձանները, որոնց վերլուծությունը կարող է լույս սփռել խնդրի վրա: Պատմական խնդիրները թելադրվում են ուսումնասիրողին արդիականության կողմից. պատմաբանն անցյալին է առաջադրում հարցեր, որոնք էական են նաև այսօր: Այդպիսով, պատմության հետազոտման ուղին գնում է ոչ թե անցյալից դեպի ներկա, այլ, ընդհակառակը` ներկայից դեպի անցյալ, և այդկերպ կարևորվում է հետազոտողի ստեղծագործական ակտիվությունը:
Այժմեականությունը չպետք է «իր տակ ճզմի» պատմությունը, ընդգծում են Բլոկը և Ֆևրը, անցյալի մարդուն հարց ուղղած գիտնականը ոչ մի դեպքում չպետք է պատասխաններ պարտադրի նրան, այլ պարտավոր է ականջալուր լինել նրա ձայնին և փորձել վերակառուցել նրա սոցիալական ու հոգևոր աշխարհը: Պատմության ուսումնասիրությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ արդիականության և անցյալի երկխոսություն, երկխոսություն, որով պատմաբանը դիմում է ուսումնասիրության ենթակա հուշարձանի` լինի դա ժամանակագրություն, պոեմ, իրավաբանական փաստաթուղթ, թե աշխատանքային գործիք, հեղինակին: Պատմական աղբյուրի ասելիքում բովանդակված միտքը հասկանալու համար, ասել է թե նրա հեղինակի ուղերձը ճիշտ վերծանելու համար, հարկավոր է ելնել ոչ թե այն գաղափարից, որ մարդիկ միշտ, պատմության ողջ ընթացքում միատեսակ են մտածել և զգացել, այնպես, ինչպես զգում և մտածում ենք մենք, այլ անհամեմատ ավելի արդյունավետ է այն հիպոթեզը, ըստ որի պատմական աղբյուրում դրոշմված է այլ գիտակցություն, որ մեր առջև «ուրիշ մարդ» է:
Ինչպիսի՞ն է եղել միջնադարի մարդը, ինչու՞մ է նրա ինքնատիպությունը, ինչո՞վ է նա տարբերվում մեզանից, ովքե՞ր են եղել մեր նախնիները: (Հարց, որն, ի դեպ, առանձնակի շեշտադրումով ենք առաջադրում ինքներս մեզ, քանզի պատասխանից ակնկալում ենք օգնություն` ինքնաճանաչման, ինքնաներման և կայացման համար, որը գուցեև կկարողանար լույս սփռել հայ ոգու առեղծվածի վրա. այդ ի՞նչ արարչագործ զորություն էր կենսագործել նրա մեջ միջնադար հորջորջվող միստիկ ժամանակաշրջանում, գոհարներ վառելով համամարդկային մշակույթի երկնակամարին, ուղեցույց ջահեր` այսօ՛ր չմոլորվելու համար: Ինչու՞ հայի ունկն այսօր անկարող է անսալ Աստծո ձայնին, թե՞ այդ խլությունը թվացյալ է: Ո՞վ կլինի վաղվա հայը, ի՞նչ արժեքներ կառաջնորդեն նրան: Իսկ ի՞նչ ջահեր ենք մե՛նք վառում նրա համար: Ինձ համար միանշանակ պարզ է, թե ինչու՞ այդքան անմատչելի համարվող այս գիտնականն առանց երկմտելու, դեռ կարող եմ ասել, մեծագույն հոժարությամբ ընդունեց մեզ, և ես ստեպ-ստեպ որսում էի մարդաբանի հետաքրքրություն արտահայտող նրա հայացքը: Ինքնին հասկանալի է, որ մեր անձն այստեղ ամենևին դեր չուներ, բայց մենք ներկայացուցիչներն էինք հնագույն մի ազգի, որն իր միջնադարյան աստվածահաղորդ արարչագործությամբ ցայսօր ապրելու իրավունք է նվաճել` ի հեճուկս ամեն տրամաբանության, զինված լինելով սոսկ «թղթե գդալով», գլխատված և հաշմված եղեռնով:) Ահա խնդիրը, որի ուսումնասիրությանն է նվիրված Ժաք Լը Գոֆֆի «Միջնադարյան Արևմուտքի քաղաքակրթությունը» աշխատությունը:
– Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1964թ. բազմաթիվ նկարազարդումներով և դրանց հանգամանալից մեկնություններով: 1984թ. այն հրատարակվում է երկրորդ անգամ` վերանայված և նորացված, բայց` առանց պատկերների:
Այս գիրքը պատասխանում է «Մեծ քաղաքակրթություններ» շարքի և պատմության` մասնավորապես քաղաքակրթության պատմության իմ կոնցեպցիայի խնդիրներին: Գրքում ես հետևում եմ Արևմուտքի V-XV դարերի միջև ապրած էվոլյուցիայի (քանզի պատմությունը շարժում է և փոփոխություն) հիմնական գծերին` առանձնացնելով հետևյալ էական պահերը. բարբարոսական և հռոմեական մշակույթների սինթեզից ծնունդ առած նոր թագավորությունների առաջացումը, նոր կազմակերպություն` կարոլինգյան աշխարհ ստեղծելու գերմանացիների փորձը, որ Եվրոպան միավորելու վաղաժամ մի փորձ էր, և, վերջապես, միասնական ու բազմադեմ քրիստոնյա Եվրոպայի ձևավորումը. դա արտաքին և ներքին վերելքի ժամանակաշրջան էր X – XIII դարերի միջև, երբ տնտեսական, կրոնական, մտավոր և գեղարվեստական առաջընթացն ինձ ներկայանում է առավել կարևոր, քան քաղաքական կյանքի շրջադարձային փոփոխությունները` պապերի և կայսրների միջև մղվող անընդմեջ պայքարով, որը քողարկում էր ամենամեծ քաղաքական նորույթը` ժամանակակից պետությունների կայացումը, որոնք, դուրս գալով ֆեոդալական սիստեմից, գոյակցում են նրա հետ`առանց ոչնչացնելու այն (ինչպես հակված է կարծել ավանդական պատմագիտությունը):
Եվ վերջում ես կանգ եմ առնում XIV – XVդարերի ճգնաժամի վրա, որը, ինչպես հաճախ պատահում է պատմության մեջ, իրենից ներկայացնում է ավելի շուտ որակափոխություն կամ կերպափոխություն, քան անկում: («Ամենից շատ ցանկացել եմ պատկերել միջնադարյան քաղաքակրթության տարբեր ասպեկտները` երևան հանելով մտածողությունը, հույզերը, վարք ու բարքը, որոնք ամենևին էլ պատմության մակերեսային կամ ավելորդ «զարդարանքը» չեն, քանզի հենց դրանք են հաղորդում նրան իր ողջ գունագեղությունը, ինքնատիպությունն ու խորությունը. սիմվոլիկ մտածողությունը, անվստահության (անապահովության) զգացողությունը կամ հավատն առ հրաշքները ավելի շատ են պատմում միջին դարերի մասին, քան ճարտարորեն կառուցված դոգմաները և գաղափարախոսական անախրոնիկ վերացարկումները» – գրում է հեղինակը գրքի նախաբանում:) Համոզված եմ, որ գիրքն ասելիք կունենա հայ ընթերցողին և առաջին հերթին` հայ պատմաբաններին: