Ռուբիկոն

Չարենց

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Ալբերտ Կոստանյան

Ամենաիմաստավոր հարյուրամյակն է անցյալ դարը մեր հավաքական գոյության վերջին կես-հազարամյակի մղձավանջից հետո ու նախորդ դարերից՝ ամենաաղետաբերը։ Երբ դարաեզրի մեր բանա­ստեղծության պայծառ ու շողշողուն համաստեղու­թյան ներկայացուցիչներից մեկն արդեն ասել էր այն, ինչ կարող էր ասել ու պետք է ասեր, եկավ նա, որ իրեն ախորժում է կոչել հազարադեմ ու բյուրանուն։ Եկավ՝ «աղոթքի պես հեզ», «պոռնիկի պես ընկած», «հանձնված ամոթին ու ստին», «աստղային ծիրից» հանկարծ արձակված «հրավարս հրթիռ», «կարմիր արյունի» «կարմիր կարոտով», «երեքգույն ծիածանի» լուսախաղով, «կապուտաչյա սիրուհու» հետ ամուսնանալու համար, «ահաբեկիչի խելագար խանդով» սրընթաց նժույգին հեծած՝ «պատմության քառուղիներով» սլանալու, «շփոթ երգերով ու աղ­մուկներով» աստվածակերպ մուսային դավաճանե­լու որոգայթից ազատվող, «կայուն գիտության գրա­նիտյա գետին» ստեղծող իր անձով, գործով ու հան­ճարեղությամբ։

Բարին հարաբերական է, գեղեցիկը՝ բացարձակ։ Երբ բանաստեղծը իր համար անուն էր ընտրում՝ քմահաճություն էր բանեցնում, թե հայեցակետ, միևնույն է, անդրադառնալու էր դրա իմաստին, հնարավոր արձագանքին ու մանավանդ սեփական վերաբերմունքին՝ այս երկրի չարին ու բարուն։ Եվ իհարկե, զարմանալի է, որ այդ անվան հիմքում ընկած բառը, դրանով բովանդակավորած հասկա­ցությունը ճակատագրական դարձավ նրա համար, իսկ նա կրեց դա որպես իր խաչը՝ արժանապատ­վությամբ, վերին շնորհով օժտված լինելու հավա­տով և աշխարհի գեղեցկությունը շատացնելու վստահությամբ։

«Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝ …» տո­ղով սկսվող «Մահվան տեսիլը»՝ մահվան տեսիլ­ներից առաջինը, իր թվագրությամբ ևս հատ­կանշականը (6.10.1920), պարզ վկայություն է այն բանի, որ Եղիշե Չարենցը՝ որպես բանաստեղծներից ոչ-ոք, ունի իր կոչման գիտակցությունը, կամավորա­պես է ընտրել իր ուղին ու պատրաստ է անմնացորդ նվիրումով ու իր հանճարի շռինդով հնչեցնել իր ահազանգը. «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, …»:

Սա չի նշանակում, թե դրանից հետո ասված ամեն մի խոսք խստիվ համապատասխանում է սույն ազդարարությանը, ամենևին ոչ. եղել են և վհատության պահեր, և հրճվանքի վայրկյաններ, եղել է ոչ միայն մահվան հաճախանք, այլև կյանքի բերկրանք, թու­լություն, անկում, գռեհկություն, համընդհանուր հա­մերաշխության կարոտ ու կոմունիստական ծա­մածռություններ։ Այս ամենը եղել է անմիջապես հե­տո և եղել է նրա հետ, որ մեր բանաստեղծներից ամենակազմակերպվածն էր ու ամենատարերայինը միաժամանակ։

Իսկ դրանից առաջ նույն պատեպատ զարկվողն էր, որ համատեղում էր իր մեջ ամբոխների երթի ու պայքարի շարքերում իր համեստագույն դերը օծյալ, առանձնաշնորհյալ և ի սկզբանե պայծառափայլ երգչի տողերի հետ. «էլի գարուն կգա, կբացվի վարդը, …»: Բայց ինչո՞ւ դու համեստագույն անվա­նեցիր նրա դերը ամբոխների երթի ու պայքարի շարքերում։ Որովհետև ես նկատի ունեի նրա անձնա­կան մասնակցությունը, և ոչ թե նրանց երթի ու պայ­քարի տրուբադուր լինելը, մի հատկություն, որով միշտ հպարտ էր ու որպես հանդիմանություն երբեմն հիշեցնում էր սուտ գաղափարակրության չնչին աս­պետներին բռնկումի ու բարկության մոլեգին վայրկյաններին. «Եվ միթե՞ ես չերգեցի ձեր կռիվը, կար­միր ընկերներ…»։

Երգել է, այո՛, դա նրա ընտրությունն էր, բայց ով կա­րող է մեզ զրկել մեր ընտրության իրավունքից։ Բա­նաստեղծի ապրումը և այդ ապրումը կրող գեղակերտությունը ոչ կրոնական բարեփոխիչի ուսմունք է, ոչ իշխանավորի քաղաքական հրահանգ, և նույնիսկ նույնանալիս, մնում է ու շահագրգռում է արվեստայինի շրջանակներում, որպես անհատական վկայու­թյուն, անկախ թեմայից, որ կարող են լինել փողոցա­յին պչրուհին, հեղափոխական զանգվածները կամ անցյալ ու ապառնի հետաքրքրությունների տվայտանքը։

Կարմիրը մի փոխաբերություն է, որ ուղեկցում է մեր բանաստեղծին սկզբից մինչև վերջ, եռագույն ծիա­ծանի կարմիրից մինչև կարմիր սոնետ՝ «Իմաստուն է օրերի վայրագ նահանջը հիմա» (1921)։ Ապա և այն ամենը, ինչ այսօր կուզենայինք, որ եղած չլիներ։ Ի՜նչ փույթ, եթե մեր գործը ընտրելն է՝ առանձնաց­նելով նրա ժառանգությունից այն, ինչ բացարձակ արժեք է ներկայացնում, մնացածը թողնելով ժա­մանակի ծալքերի մեջ ու փոշու դեզի տակ, ի խրա­խույս բանասերների և հետաքրքրասեր ուրիշների։ Չմոռանանք, այն, ինչին հասավ մեր ժամանակի մտայնությունը դարավերջին, բանաստեղծը հասել է իր ընդհատված ժամանակի նախօրեին, երբ վճռա­կան դարձ է կատարում դեպի իր ակունքը, այնպես, ինչպես սկսել էր, այնպես, ինչպես պատկերանում էր ինքն իրեն՝ կամավոր ճորտությունից ձերբազատ­ված, «միակ սրբազան» բանի՜ «հանուն ձևի ու խոս­քի» նվիրյալ. «Եվ սերմնացան աննինջ՝ դժնի ժա­մանակի»։ Իր լերան կատարին հասածի աղոթքն է, աղոթքներից ամենաանողոքը. «Իմ լերան աղոթքը» (մարտ, 1937) և վերջին տարիների մյուս երկերը՝ «Զվարթ գիտություն» պայմանական, աշխատան­քային վերնագրով, անգոյությունից փրկված ու ավա՜ղ, կարոտ հմուտ ու վարժ տեքստաբանների տևական տքնության։

Իսկ այն պստլիկ գաղտնիքը, որն այսօր հայտնի է դարձել որպես ասված ճշմարտություն, նրա տառա­պալից ապրումների արգասիքն է՝ ձրի ընծայաբեր­ված նրանից հետո ու ձեզանից առաջ եկածներին, նա արարիչն ու զոհն է փորձարկման ենթարկված խորհուրդի, որ չգործեց արվեստայինից դուրս պատ­ճառներով։ Բանաստեղծի երազը տարբեր է իշխա­նության ձգտողների տենչանքից, իշխանավորը տերն է կյանքի, որ անցողիկ է, իսկ հետո նրան վի­ճակված է բանաստեղծի լուսանցագրության մի անկյունը՝ որպես պարսավ կամ գովք, միևնույն է, որովհետև թե գովքը, թե պարսավը հետագայում ընթերցվելու է հասարակ տեղիք դարձած այն պարզ ճշմարտության տեսանկյունից, որ մի ժամանակ գաղտնիք էր ու այժմ ցուցադրվում է իր ողջ մեր­կությամբ։ Հիրավի անողոք կյանք, որ չի խնայում ոչ իշխանությամբ պսակվածին, ոչ հանճարով շնորհ­վածին, բայց փրկում է ստեղծված գեղեցիկը՝ ապրե­լու ու մտածելու լավագույն մխիթարությունը։

Ստալինի մահվանից հետո տեղի ունեցած նրա պսակազերծումը դյուրամիտ Խրուշչովի քմահա­ճույքը չէր, այլ պահանջը ահագնացող հանրային մտքի, որի ձևավորմանը այս կամ այն չափով նպաս­տել են միլիոնավորների թափած արյան հիշատակի կրողները և իրենք՝ ողջակիզվածները սխրալից ահազանգումների իրենց կտակով։

 Եղիշե Չարենց. դարի մունետիկը, որի աստեղային ժամը շառագունեց ծիածանի բոլոր երանգներով, մեր կյանքին վիճակված ամեհի դղրդյունների ազդարարությամբ, մարդկային հոգիների սպիտակա­փառ տվայտանքի ցոլքերով, ի գիտություն, ի պահ և ի վայելումն ապրողների, որ կան և որ լինելու են՝ նրա խոսքով արբեցած ու նրա փորձով հասունա­ցած։

Միակը, անկրկնելին, բացառիկը, մեր բանաստեղ­ծության նոր դարաշրջանը, նորահաստատ սկիզբը, սկզբնավորելու բերկրանքը, բերկրանքներից ամենաերջանիկը։

Ինչքան անիմաստ կլիներ քսաներորդ դարը, եթե ծնված չլիներ Եղիշե Չարենցը։ Նրա ներկայությունը վսեմ ողբերգականության շունչ է հաղորդում ծաղրածուների, հտպիտների ու խեղկատակների մեր դարին, որի ճակատի վրա բազմած անունները՝ Մուսոլինիից ու Լենինից մինչև Տրոցկի ու Հիտլեր, և դեռ անհամար Կասյաններ, իրենց գաճաճ աճպարա­րությամբ հեղեղեցին ասպարեզը ու չքացան, մարդ­կանց թողնելով ամոթի ու հիասթափության, զավեշ­տական մորմոքի ու կատաղի անզորության քմահաճույքին. «Ես մեղսավոր քերթողս աստվածարյալ դարի»։

Կարդալ նաև

Գրականություն Ռընե Շառ Ժամանակագրություն (ըստ ժան Ռուդոյի) 1907թ. հունիսի 14-ին ծնվում է Ռընե Շառը, Իլ-սյուը– լա-Սորգում, Նեոնի կալվածքում։ 1918թ. հունվարի 15-ին վախճանվում է պոետի հայրը՝ էմիլ Շառը։ Ուսանում է Ավինյոնի լիցեյում։ 1924թ. Կարդում է Վիյոն, Ռասին, Վինյի, Ներվալ, Բոդլեր։… Գրականություն Եղիշե Չարենց Ձերբակալվածի անկետա Ազգանուն — Չարենց Անուն, հայրանուն — Եղիշե Աբգարի Ծննդյան թվականը, թիվը… ամիսը — 1897 թիվ Ծննդավայրը— Կարս Բնակության վայրը (հասցեն) — Երևան, Սունդուկյան, 6 Զբաղմունքը, մասնագիտությունը – գրող Ծառայության վայրը և պարտականությունը կամ… Գրականություն Հայդեգգերը Շառի երկրում ժան Բոֆրե «Պոեզիայի կենտրոնում մի ընդդիմախոս է քեզ սպա­սում։ Նա քո տիրակալն է։ Կռվի ել նրա դեմ ազնվորեն»։ Այսպես է ասում այն բանաստեղծը, որն այսօր, ինչ­պես առաջին օրը, հանդես է գալիս «Ռեմբոյի» հատ­վածում այնպես, ինչպես համարձակվում է նրան «դիտարկել … պոեզիայի…