Ռուբիկոն

Սոնետների պսակ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Մաքսիմիլիան Վոլոշին

LUNARIA1

1

Ոլորտներում երկնային դու` մարգարիտ լռության–

Բքահարված աստղերի ծովախորշում հեռավոր,

Քո լույսի տակ` գունաթափ, պաղ դեմքերը բոլոր,

Ծաղիկներն են կլանում քո շողերը թմրության.

Ով թմրաբեր ծաղիկներ, ձեր ցողունով են հոսում

Նրա շողերն` անձկությամբ թերթեր փակող ու բացող–

Ծաղկաթերթեր, որ անցյալ լուսիններ են ծփացող

Երազների նախշերին հավերժորեն ներհյուսում:

Քո խոնավ լույսն ու աղոտ ստվերները շեղակի

Տանիքներից կախվում են պատերին ու հատակին:

Սոսիները լույսիդ տակ դեպի աստղերն են ձգվում,

Ու տերևներն են ծփում երանգներով փիրուզի,

Տնկաշիվերը մատղաշ այնպես հեշտին են ճկվում…

Բեղմնավորման տիրուհի ու կանթեղ ես երազի:

2

Բեղմնավորման տիրուհի ու կանթեղ ես երազի,

Անրջանքի գաղտնարան, հոգիների աշտանակ,

Հարափոփոխ, կաշկանդիչ, և՛ կարեկից, և՛ անհագ,

Կնքամոմերն ես հալում անմեղության տարազի:

Համբույրի ու շոյանքի քաղցր դող ես ներշնչում,

Գեղեցկության գիտակցմամբ հյուծում ես դու

մարմիններ,

Առաքում ես պատանուն թմբիր բերող մի նվեր–

Քղամիդով փաթաթված լուսնաքարե մի թռչուն:

Քո հպումից ծովերի մառախուղն է համբարձվում,

Հավերժական լռության աստվածություն մշուշոտ,

Որ կրում է ոսկեձույլ օրորոցներ ու կարոտ:

Որովայնում մայրերի դու ջրեր ես արծարծում,

Շրջազգեստի գոտիներն արձակում ես մեկուսի–

Զոհասեղան` գիշերվա հմայության ու լույսի:

3

Զոհասեղան` գիշերվա հմայության ու լույսի,

Բյուրեղափայլ բանալի շեփորաձայն ոլորտում,

Երբ նվազում ես, մթին այրերից դուրս են հորդում

Մեկը մեկից ահռելի, բիրտ, թավամազ ու անսիրտ

Էմպուզների2 նախիրներ. անեծք-սաղմոս են երգում

Ու շներին են խեղդում, արյուն քամում ավազին:

Կատուների աչքերն ու պիսակները հովազի

Ձգվում են ու փայլփլում գիշերվա խոր ընդերքում:

Տեսիլների մարմինը նուրբ հյուսվածքն է շողերիդ,

Աղյուսի սիրտն ես մաշում, պարանոցը քարերի.

Նոխազը, ձին և շունը, որ քո կողմն է կլանչում –

Եթե սև են, ապա քեզ ընծայված են էությամբ.

Թափառելով մեղքի հետ` ննջում ես սև կակաչում,

Ալիքների թագուհի` ջրերի մեջ մենության:

4

Ալիքների թագուհի` ջրերի մեջ մենության,

Վտարանդի, գիշերվա ադամանդյա փառք ու թագ,

Ծաղկաց ծաղիկ, Իոյի3 դու երկնային կրկնակ,

Կանայք քեզնով են հղի, սիրո անոթ ու պատյան:

Երբ քեզ կանչում ենք ու քո շողերի տակ երազում,

Մեդուզաներն են հյուծվում ընդերքների մեջ պղտոր,

Օվկիանոսի փրփրապատ նժույգները քրտնաթոր

Սլանում են դեպի ափ, գլաքարերն են լիզում:

Գաղտնախորհուրդ գոյությամբ շարժումները անթերի

Փրփուրի մեջ գրոհող ու նահանջող ջրերի

Իմ մեջ քեզնով է միայն, որ կրկնվում են կամաց:

Քեզ են աճում երկրային մթին ցավի մարջաններ,

Ջրիմուռները կամքի քեզ են ձգվում` վեր ու վեր–

Ի˜նչ թախիծով մեր խոնավ անդունդներից մթամած:

5

Ի˜նչ թախիծով մեր խոնավ անդունդներից մթամած

Այն, ինչ բույր է տարածում մոլեխինդի հյութի պես,

Ինչ սողում է շարավի ծորացող թույնը որպես,

Այն ամենն ինչ հիվանդ է, մահապարտ է ու հոգնած,

Որպես հաշիշ, որ անհուն պատրանքներով է հարուստ,

Այնպես, ինչպես քմահաճ, փոփոխական են կանայք,

Ինչ մութ է, բիրտ է, մռայլ, ինչ բերում է չարչարանք,

Դատապարտված է ինչին մարդու մարմինն ի վերուստ,–

Կույր ցավը, երբ գութանն է ճեղքում խոպան հող ու խիճ,

Գոլորշացումն արյունի, գոլորշացումն հեղձուցիչ,

Գերեվարված ծովը, որ մեր մեջ արյուն է դառել,

Տիղմը հոգու, ուր միայն ջրահեղձներ եմ գտել,

Եվ այն, ինչով ապրել եմ, բայց ինչ դեռ չեմ սպառել–

Քեզ են աճում խաչերի մշուշներով ակաթե–

6

Քեզ են աճում խաչերի մշուշներով ակաթե

Ծաղիկները ընդերկրյա: Դու ես կիրքը ջերմացնում

Բագիններում սրբազան` մարմինների:

Ու դարձնում Ոգիդ` ցնորք մարմնական: Եվ քույր-եղբոր կապն եթե

Խզվեց, ապա քեզանով նրանք բանակ են երկու

Թշնամական: Քո ընծան ընդունում եմ շող առ շող,

Օ, ինձ էլ թույլ տուր ընկնել քո ոտքերին միգասքող:

Որքան ուժեղ է ոգին, խորունկ է ցավը հոգու…

Նորալուսինը հպվում ու կորանում է ժայռին,

Ցած է կախվում, դառնում ալ, դառնում բոսոր ու վայրի…

Երկնաեղջյուր, Աֆեյա, Եռամեծար, Եռադեմ:

Դամբանատան քարերից` երեք ուղու հանգույցում,

Սև զոհերի ծուխն ելնում մայրամուտներ է հունցում –

Դեպի գունատ Դիանան, ցասումնալից Հեկատեն4:

7

Դեպի գունատ Դիանան, ցասումնալից Հեկատեն

Աղերսանքներ եմ հղում զույգ ձեռքերս պարզած քեզ,

Զայրույթից ու պայքարից, նայիր, հոգնել եմ այնպես,

Թող դիմակը մեռյալի, ցույց տուր դեմքդ ակաթե,

Շարժվիր բոսոր ամպրոպի անդրերկրյա շնչով լի

Ոլորտներում: Ոտքերիդ տակ թող դագաղներ ճռնչան…

Եռագլուխ, որ ունես ձեռքերիդ մեջ երկու ջահ,

Ունես կնիք, մոմ, դաշույն, ճակատագրի բանալի,

Հառնում է քո աչքերից մահը` խավար մի թռչուն,

Քառուղիներն են խաչվում ու շներն են կլանչում,

Ու ճրագներ են մխում դամբաններից, որպես հուշ:

Իր ընդերքներն է բացում լիճը հատված առ հատված`

Գիշերվա մեջ սփռելով ծիրանեգույն թույն ու մուժ,

Օձագալար երազներ – սկսված ու չավարտված:

8

Օձագալար երազներ – սկսված ու չավարտված

Մեզ հետևում են որպես ճակատագրի հարվածներ:

Բայց Վիշապի խոսքերով. «Կլինեք, քանց

աստվածներ»5 –

Ինչպես լույսով` առհավետ մարդկանց սրտերն են

լցված:

Շեմին հսկող թևավոր պահապանը մեղքի դեմ

Խարանել է մեզ մի օր իր կնիքով դառնաղի:

Ու մնացել ենք – այսպես – թափառողներ անուղի.

Հետևում է վերևից մեզ մի դրոշմ լուսնադեմ:

Մեզ դարերով ձգել է դեպի ոլորտն իր` կամաց–

Խավար ու կիրք սերմանող մոլորակի միգամած

Մարմինը, որ քաղված է ադամանդե պսակից:

Սակայն լույսը նրա պաղ սպիների, վերքերի,

Դեմքը, որ մեզ է նայում գիշերների հատակից,

Ե՛վ անսփոփ է այնպես, և՛ դառնորեն ցանկալի:

9

Ե՛վ անսփոփ է այնպես, և՛ դառնորեն ցանկալի

Խելացնոր երազը հովիտների հորանջող:

Ես բազալտե կիրճերի անդունդների մեջ կանչող

Խորթացել եմ երկնքին` անսահման ու ահալի:

Երբ ավարտվեց գահավեժ այգեկութը աստղերի,

Սկավառակն արևի, մտնելով իր հունի մեջ,

Բոցավառ ու ձյունապատ գագաթների վրա պերճ

Փայլատակեց` թևավոր, փողփողուն ու ահռելի:

Ո՛չ աղջամուղջ իրիկվա, ո՛չ օդ, ո՛չ ջուր կենարար–

Լոկ փայլփլոց ագաթի, հանքաքարի, ընդերքի:

Մայրամուտի հովհարներն ու քղանցքները ծեգի

Լուսավորել չեն կարող երկնակամարը խավար:

Խելահեղ է ու պոռթկուն, աններդաշնակ ու թերի

Ադամանդյա ցնորքը կնճիռներիդ ծալքերի:

10

Ադամանդյա ցնորքը կնճիռներիդ ծալքերի

Այրում է ու չարչարում: Բիրտ են տեսքով ու անգութ

Ելուստները ճայռերի, գրանիտի փայլը մութ,

Շինվածքը քո սյուների, կամարների, հարկերի,

Հյուսվածքները հանքերի` օձերի պես գունավոր,

Մեղրամոմե լավայիդ հոսքերը` գորշ տարածված,

Հովիտներդ, որ կարծես գանգատուփեր են բացված…

Քո կեսօրը եռօրյա – մղձավանջ է ահավոր:

Ծաղկասպիները չեչոտ, բշտիկավոր կրակի

Պսակների մեջ օրվա շողշողում են մոլեգին:

Հսկում է աստղը ”Volva”6 – պսակաշարժ, ոսկեքող –

Գիշերները Հիպարքոս լեռան վրա որպես թագ:

Երանգներով մոխրագույն, մշուշներով փարատող

Փայլարը քո ծովերի բոցկլտում է միայնակ:

11

Փայլարը քո ծովերի բոցկլտում է միայնակ.

Խելակորույս զայրույթի, որ պայքարի է հանում,

Կարդալ նաև

Գրականություն Ինքնակենսագրություն Մաքսիմիլիան Վոլոշին (1925թ.) 49 տարեկան եմ դառնում: Կյանքիս յոթերորդ յոթնամյակն եմ ապրում, որ ճշգրիտ տրոհվում է հետևյալ փուլերի. 1-ին յոթնամյակ. ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ (1877-1884) Կիրիենկո-Վոլոշինները Զապորոժյեի կազակներ էին. մայրական կողմից` գերմանացիներ, ռուսացած`… Գրականություն Մաքսիմիլիան Վոլոշինի տուն-թանգարանը Անդրեյ Բելի Այցելելով տունը, որտեղ երկար տարիներ ապրել, աշխատել, մտածել և ստեղծագործել է Մ.Ա. Վոլոշինը, ես լեցուն էի պայծառ տրտմության միջից շողարձակող բերկրալի տպավորություններով. տրտում` այն բանից, որ հեռացել է շատ մեծ մարդու նշանակալից կյանքը. սակայն այդ… Գրականություն Հուշեր Մաքսիմիլիան Վոլոշին Հիշում եմ 1919-1920թ.թ. ձմեռը (գրառված է 18.04.1932թ.): Հիշողություններ Մանդելշտամի մասին: Երբ նա ժամանեց Կոկտեբել, ես Ռուսաստանում չէի, Փարիզում էի և հիշում եմ մորս նամակը. «Հիմա քո սենյակում ապրում է երիտասարդ պոետ Մանդելշտամը: Դու…