Սոնետների պսակ
Ու համրացած տանջանքի հետքերն ես դեռ
պահպանում` Նշանները հակամետ – որպես սառույց ու կրակ:
Մեծ «Այո»-ի ու «Ոչ»-ի մրրկասյուներն են փլվել:
Տեսանումի Լճերից մինչև ծովը Փոթորկուն,
Ցնորական ձգտումից` առ բևեռներն աստղահուն,
Ուր մայր մտնող արևի վերջին շողը չի հալվել,
Մինչ կրկեսները մթին Maro Tenebrarum7-ի –
Դու քար կտրած խոյացում ու պոռթկում ես ցասումի:
Երկնասլաց մի տապար քո Լուսնային Ալպերին
Խորունկ մի սպի է թողել` դաժանորեն կարծրացած:
Դու գանգամաշկը հանած նույն երկիրն ես, որ վերից
Սառը սարսափ է սփռում ոլորտներում համրացած:
12
Սառը սարսափ է սփռում ոլորտներում համրացած
Տեսքդ` այնկողմ սահմանից ժամանակի ու հուշի:
Քիմեռների շիրմատուն` անմեկնելի, անհաշիվ,
Փշուր եկած Սկիհի բեկոր ես մի քարացած:
Հրեշտակային կաճառի երգչախմբից անթերի
Ոլորտների Արարիչ Աստըծո դեմ հառնեց վեր,
Ըմբոստացավ դարերում Լուսաստըղը-Լյուցիֆեր`
Խռեվարար իշխանը Զենիթի ու Նադիրի:
Մահ քանդակեց մեզ տրված արձաններին մարմնեղեն,
Բեկորները կեցության կերտեց «Ես»-ով հրեղեն,
Գերեվարված մեր մտքին թռիչք տվեց ու թևեր,
Սակայն ինքը տապալվեց դեպի անդունդ, դեպի ցած:
Տիեզերքի արարման կմախք դարձար կարևեր –
Դու` կարոտի աղաղակ – որպես սառույց թանձրացած:
13
Դու` կարոտի աղաղակ – որպես սառույց թանձրացած,
Միահյուսվածք ցասումի, հպարտության, զրկանքի,
Թևաբախումն ես անթև, բայց անսահման քո կամքի,
Ջղակծկված մարմինըդ մաշվող աստղ է խունացած:
Ոգիներին հագցրած զսպաշապիկ ու պատյան,
Դու` Պայքարի Գրաալ8 – հաղորդությամբ դառն աղի,
Հոգիների Գողգոթա պիտի մնաս դառնաղի,
Քանի դեռ ժամը երկրի չի լրացել հավիտյան:
Ով մեռյալներ, Դժոխքի խորին խոսքը ճանաչեք.
«Դանդաղ գործող թույնի պես կքայքայեմ մահաբեկ
Մարմինը ձեր հողի մեջ, լուսնի վրա` ձեր հոգին»:
Դու երկրի շուրջ պտտվող այն մութ չղջիկն ես միակ,
Որ խմում է երազում հոսանքները մեր կյանքի,–
Վաղուց մերժված աշխարհի դեռ ընչաքաղց մի դիակ:
14
Վաղուց մերժված աշխարհի դեռ ընչաքաղց մի դիակ,
Ճակատագրով գամված ես երկրագնդին կենդանի.
Խռովարար մեր հոգուն տրվում է միշտ անհունից
Գինու հետ աղ, մոխրի հետ` չարչարանաց
պարունակ:
Դատաստանի օրը մեծ իբրև վերին մի համբույր
Մեզ կծածկի ծիրանին` ճորտ լինենք թե վեհապետ:
Գերեվարված արևներ ցրիվ կգան առհավետ
Հեսու Բեն-Փանդիրայի9 ոտքերի տակ խնկաբույր:
Բայց պսակի մատանին նեղ է գալիս մեզ համար.
Մեզ թողնելով հայացքիդ ոգորումները խավար–
Հեռուներին ես նայում կերպարանքով անծանոթ:
Եվ քո առաջ` քո լույսի, քո Գաղտնիքի խորության–
Խոնարհվում եմ ահա ես ակնածանքով վարանոտ,
Ոլորտներում երկնային դու` մարգարիտ լռության:
15
Ոլորտներում երկնային դու` մարգարիտ լռության,
Բեղմնավորման տիրուհի ու կանթեղ ես երազի,
Զոհասեղան` գիշերվա հմայության ու լույսի,
Ալիքների թագուհի` ջրերի մեջ մենության,
Ի˜նչ թախիծով մեր խոնավ անդունդներից մթամած
Քեզ են աճում խաչերի մշուշներով ակաթե,
Դեպի գունատ Դիանան, ցասումնալից
Հեկատեն Օձագալար երազներ – սկսած ու չավարտված:
Ե՛վ անսփոփ է այնպես, և՛ դառնորեն ցանկալի
Ադամանդյա ցնորքը կնճիռներիդ ծալքերի:
Փայլարը քո ծովերի բոցկլտում է միայնակ,
Սառը սարսափ է սփռում ոլորտներում համրացած:
Դու` կարոտի աղաղակ – որպես սառույց թանձրացած,
Վաղուց մերժված աշխարհի դեռ ընչաքաղց մի դիակ:
Ծանոթագրություններ
- LUNARIA – Լուսնային (լատ.):
- Էմպուզ կամ Էմպուսա – Հադեսի անդրշիրիմյան թագավորությունում ավանակի ոտքերով արնախում ուրվական (հուն. դից.):
- Իո – Գեղեցկուհի, որին սիրում է Զևսը` աստվածների արքան, և իր կնոջ` Հերայի ցասումից թաքցնելու համար նրան կով է դարձնում: Բայց Հերան մի հրեշավոր բոռ է ուղարկում նրա հետևից: Բոռն իր խայթով երկրե-երկիր է քշում ձյունաճերմակ կով դարձած թշվառին:
- Դեպի գունատ Դիանան, ցասումնալից Հեկատեն – Դիանան Զևսի դուստրն է, լուսնի աստվածուհին: Եռամարմին ու եռագլուխ Հեկատեն նույնպես դիցաբանության մեջ հասկացվել է որպես լուսնի աստվածություն:
- «Կլինեք քանց աստվածներ» – նկատի ունի Հին Կտակարանի լեգենդը Ադամի ու Եվայի մասին. նրանց գայթակղում է օձը և հրամցնում «Բարու և Չարի իմացության» ծառի պտուղը:
- ”Volva” – պտտվող (լատ.):
- Maro Tenebrarum – ծով մթամած (լատ.):
- Գրաալ – Այն անոթը, որի մեջ արյուն է հեղվել Հիսուսի`գեղարդից խոցված կողից:
- Հեսու Բեն Փանդիրա – հոգևոր գործիչ նախաքրիստոնեական Հրեաստանում:
Ռուսերենից թարգմանությունը` Հրաչյա Բեյլերյանի