Հիշողություններ Ռայներ Մարիա Ռիլկեի մասին (1926)
Ռուդոլֆ Կասսներ
Հունիս 1914: Մենք երկուսով հյուր էինք Դուինոյում, Ադրիատիկ ծովի ափին գտնվող այն ամրոցում, որտեղ Ռիլկեն երեք տարի առաջ գրել էր իր առաջին «Դուինյան էլեգիաները»: Այդ ընթացքում ամրոցն ավերվել էր իտալական նռնակներից և նորից վերակառուցվել սեփականատիրոջ կողմից: Մի օր կեսօրից հետո այսպես կոչված կենդանաբանական այգում` շատ հին կաղնիների և դափնեթփերի պարսպապատ հողակտորում, որոնց սաղարթից ժամանակ առ ժամանակ վայրի աղավնի էր թռչում, մեր զրույցը հանգեց Քրիստոսին: Ավելի շուտ Քրիստոսի կերպարին իբրև մարդաստծո և միջնորդի, քան ավետարանների տառապյալ հերոսի: Ինչ որ կիսեց ինձ հետ Ռիլկեն այդ ժամանակ նշանակալից թվաց նաև իրեն: Նա կարծում էր, թե միջնորդի կարիք բոլորովին չունի իր և Աստծո միջև, այդպիսինին նա ոչ մի կերպ չի կարող նույնիսկ ըմբռնել. միջնորդը միայն կխոչնդոտեր իրեն մոտենալ ու տրվել Աստծուն, Քրիստոսը փակում էր նրա ուղին…
Նրա բանաստեղծություններից մեկը առնչվում է Հիսուս Քրիստոսին` «Ձիթենու այգին» («Նոր բանաստեղծություններում»)
Մարդկային ողջ վշտին դեմ հանդիման,
Այն Քեզնով թեթևացնել են ես փորձում,
Դու, որ չկաս: Օ~, ամոթ անասելի…
Այո, նա ի վիճակի էր սիրել «փոշեծածկ ճակատով» հուսախաբ ու ընկրկող Հիսուսին, բայց ոչ նրան, որին առաքյալը «կյանքի արքա» է կոչում, որը Տեր, Չափ ու Վարպետ է դառնում զոհաբերման շնորհիվ:
Ռիլկեն ուզում էր միայն Հորը: Ռիլկեի հայրենիքը բոլոր առումներով Հոր աշխարհն էր, երեխաների, տղաների ու աղջիկների մեղքի աշխարհն էր: Չկար այլ մեղք սրանից բացի`
Ու երբեմն տղաներն էին պոկվում մանկության լեռներից,
Վայր ընկնում երկչոտ
Եվ իրերով խաղում հատակին,
Մինչև որ զառիթափը կկլաներ զգացմունքը նրանց…
Եվ այսպես Ռիլկեի քնարերգությունը (ընդհուպ «Դուինյան էլեգիաները») մանկության և պատանեկության աշխարհից ելնող մի խոստովանություն էր` ուղղված Հոր արքայությանը: Նրա ամենավաղ շրջանի գործերի շարքում թերևս կա նաև մի դրամա, սակայն Ռիլկեն բացարձակապես դրամատուրգ չէր և հետագայում ևս երբեք չի փորձել դրամա գրել հանուն ձևի: Գլխավոր պատճառը, սակայն, հետևյալն էր` նա պետք է ինչ-որ կերպ առնչվեր այդտեղ Որդու աշխարհի հետ, մեղքի, պատասխանատվության, ազատության աշխարհի հետ:
Երբ մեկ անգամ մի բանաստեղծության առիթով ես հանդիմանեցի նրա ներողամտությունը, նա շատ վրդովված ասաց, որ չի ցանկանում առհասարակ քննադատել և բնավ հակված չէ դրան: Եվ իրոք, նա չուներ այդ տղամարդկային, տղամարդուն հատուկ երկատվածությունը դատողության և զգացմունքի միջև: Օ~, նա ընդհանրապես չէր ըմբռնում տղամարդուն:
Ռիլկեի աշխարհում տղամարդը մնում էր բռնարար, այդ աշխարհում տեղ ունեին միայն երեխաները, կանայք ու ծերերը: Իսկ երեխաների, կանանց ու ծերերի աշխարհում, Հոր արքայությունում, այդ կոնֆլիկտն իհարկե անիմաստ է:
Որդու արքայությունում լոկ մեկն է հաղթահարել այդ կոնֆլիկտը` միստիկը:
Թերևս իրավացի է Հերման ֆոն Քայզերլինգը, երբ գրում է, որ Ռիլկեն բնավ միստիկ չէ:
Փարիզում էր, 1910 թվականի աշնանը: Այդ ժամանակ ես գրում էի իմ «Մարդկային վեհության տարրերը», ուր առաջին անգամ համարձակվեցի պատշաճ ձևով խոսել Քրիստոսի մասին: Ռիլկեն և ես գրեթե ամեն օր երեկոյան հինգից մինչև ուշ գիշեր միասին էինք: Մեկ անգամ նրա և իր ստեղծագործության մասին զրույցից հետո ես հյուրանոց վերադառնալուն պես իմ ծոցատետրում գրի առա հետևյալ նախադասությունը.
«Սրտաբացությունից դեպի վեհություն կա միայն մի ուղի` զոհաբերությունը»: Երբ Ռիլկեն հետագայում կարդաց այն «Յոգի դրույթներում», գրեց ինձ` մեջբերելով այդ տողերը. «Այս նախադասությունը ես դուրս գրեցի ինձ համար: Ինչ-որ առումով այն նաև թե՛ իմ կողմից է, թե՛ դեմ է ինձ»: Նա զոհաբերություն չէր ուզում. ավելի շուտ թերևս ուզում էր Հին միության (Band) զոհաբերությունը (դաշտերի պտուղները, գառնուկ կամ առհասարակ մարդուն սիրելի իրերից ինչ-որ բան), և ոչ թե Նորի: Նա չէր ուզում, որ չափը մենք ձեռք բերեինք լոկ զոհաբերությունից դարձի միջոցով: Պետք է կարդալ նրա ութերորդ «Դուինյան Էլեգիան»: Այն նվիրված է ինձ և ուղղված է դարձի հասկացության դեմ, որ հանդիպել է նա իմ գրքերում: Կենդանին ենթակա չէ դարձի, նա ապրում է Հոր աշխարհում: Հայրաշխարհի վեհությունը դեռ ամբողջապես կեցության մեջ է, դա իրոք այդպես է: Որդու հետ վեհությունն անջատվում է կեցությունից: Վեհ է Որդին, իսկ Հայրը է: Ռիլկեն անվերապահորեն Որդու դեմ էր: Դրա ապացույցն են «Նոր բանաստեղծությունների» երկրորդ հատորից որոշ բանաստեղծություններ:
Տեսակի և մտածելակերպի միջև պայքարում, որը նաև Որդու պայքարն է, Ռիլկեն տեսակի կողմն էր: Գերմանիայի նշանավոր բանաստեղծներից ոչ ոք բյուրգերականությունից զերծ չէր այդքան, որքան նա: Եվ լոկ այնքանով, որքանով գերմանական ոգին բոլոր առումներով Եվրոպայի ամենաբյուրգերական ոգին է, Ռիլկեն գերմանացի չէր: Անվերապահորեն այդպես էր: Նա սիրում էր Ֆրանսիան, որովհետև նրանում տեսնում էր բարձրագույն տեսակը: Միանգամայն սխալ կլիներ Ֆրանսիայի հանդեպ Ռիլկեի սիրո մեջ տեսնել լոկ գերմանական սեր օտարի հանդեպ: Օրինակ, նրա համար միշտ օտար մնաց անգլիական տեսակը, անգլերեն լեզուն, և ոչինչ նրան չմղեց Լոնդոն գնալ: Ամերիկացին նրան հրեշավոր էր երևում. իտալացին ըստ էության` ոչ ամբողջապես թափանցիկ, այդ իսկ պատճառով էլ ոչ այդքան կարևոր: Մտածելակերպը երբեք չէր կարող նրա համար փոխարինել բացակայող տեսակին: Տեսակը մտածելակերպից առաջնային էր:
Ոմանք Ռիլկեին հակադրել են Ռիխարդ Դեմելին: Սակայն յուրաքանչյուր հակադրության հիմքը համարժեքությունն է: Ռիխարդ Դեմելի չափազանց գերագնահատված ստեղծագործությունը լի է մտածելակերպով, լի, թերևս, տիտանական մտածելակերպով, սակայն առանց տեսակի:
Որդին զուր չի հայտնվել, մենք չենք կարող չառնչվել նրա հետ: Աշխարհն առանց վեհության, որքան էլ որ սքանչելի եղած չլինի նրա սկիզբը, այնուհանդերձ ի վերջո դառնում է մեկուսիի, միայնակի (երիտասարդ Մալթեի իմաստով), տարօրինակի համակվածություն (հոգու) ունեցող մարդկանց ասպարեզ: Կա երկու տեսակի հումոր. Սթեռնի, Ժան Պոլի, Կիրկեգորի, այսինքն` հոգևոր մարդու: Այն տեսնում է իրերի երկու կողմը: Այդպես տեսնողները չնայած ամեն ինչի ապրում են Որդու աշխարհում: Ռիլկեի շատ որոշակի հումորը այլ կարգի էր. Հոր աշխարհից: Իրերն այդտեղ համակվածություն են ձեռք բերում, դառնում են մի փոքր ծիծաղելի` կարծես ծերանալով: Նրանք խեղաթյուրվում են: Չափազանց շատ կամ չափազանց քիչ ըմբոշխնելուց: Ըմբոշխնումի միայնակությունից ելնելով: Քանզի խզում է առաջանում կեցության, երեխայության և բավականության միջև: Ռիլկեի ասկետությունը Ոգու աշխարհինը չէր, այն ևս պետք է բավականություն լիներ: Դա հոգին էր, հայրաշխարհը, մայրաշխարհը:
Շատ տարիներ առաջ նա սովորություն էր դարձրել ոտաբոբիկ քայլելը: Տևական սովորություն էր եղել դա: Ես կարծում եմ, պատմում էր նա, որ հրաշալին բաց ներբանների հետ հողի շփումից դրանց վրա կարծես նոր զգայարանի գոյանալն էր: