Վարիացիա ըստ մի «Մտքի»*
Պոլ Վալերի
Անհուն տարածությունների
հավիտենական լռությունը
սարսափեցնում է ինձ:
– Ի՜նչ մեղմանուշ ու զորեղ հնչյուններ, – դիմում է Էվստաթիոսը Պյութագորասին, – և արտասովոր մաքրության ի~նչ ներդաշնակություն, որ ականջիս է կարծես հասնում մեզ շրջապատող գիշերվա խորքերից: Հոգիս` համակ լսողություն, զարմանքով է ընկալում հեռու-հեռավոր ելևէջները: Այն ձգվում է հույսի նման մինչև զգայությանս սահմանները` որսալու համար ինձ հիացնող այս բյուրեղյա սարսուռներն ու վեհաշուք դանդաղությամբ ծավալվող այս մրմունջը: Արդ, ի՞նչն է այսօրինակ վայելքների խորհրդավոր գործիքը:
– Երկինքն ինքը, – պատասխանեց Պյութագորասը: – Դու ընկալում ես այն, ինչ հմայում է աստվածներին: Տիեզերքում բնավ լռություն չկա: Հավիտենական ձայների մի համանվագ անբաժանելի է երկնային մարմինների շարժումից: Շարժվող աստղերից յուրաքանչյուրը թրթռացնում է եթերը ըստ իր արագության, տարածությանը հաղորդում իր թվին բնորոշ հնչյունը: Խիստ հեռավոր աստղերը, որ անպայմանորեն ամենից արագընթացն են, միասնաբար առաջ են բերում ամենասուր հնչերանգները: Ծանրակշիռներն ամենից դանդաղապտույտն են և մեզ ամենամոտիկը, իսկ անշարժ երկիրը համր է ու լուռ: Եվ քանի որ ոլորտները ենթարկվում են մեկ օրենքի, նրանց ծնունդ տված հնչյունները բաղակցվում են այն քաղցր ու մեղմափոխ ներդաշնությամբ, որ առկա է երկինքների միջև: Մաքուր տիեզերակարգը գերում է քո ականջները: Բանականությունը, արդարությունը, սերը և մյուս կատարելությունները, որ իշխում են տիեզերքի նուրբ ոլորտում, դառնում են զգայելի: Եվ այդ հոգեզմայլանքը, որ ունենում ես դու, արդյունք է nաստվածային ու խիստ համանմանության…
Ահա թե ինչ էր վերագրում գիշերվա խորություններին հին հույների ներհուն բաղձանքը:
Ինչ վերաբերում է հրեաներին, նրանք խոսում են միայն երկինքներից և տարփողում դրանց պերճագեղությունը: Բիբլիական գիշերները ներբողներ են հնչեցնում առ Տեր: Աստղերն այնտեղ երբեմն երևան են գալիս Աստծո որդիներին` հրեշտակներին միախառնված, և ոգիների ու լուսատուների այս անհամար դասը արար աշխարհով սփռում է անհուն ցնծության ղողանջները:
«Երկինք պատմեն զփառս Աստուծոյ, եւ զարարածս ձեռաց նորա պատմէ հաստատութիւն» **: Սաղմոսների հեղինակը չի գտնում շատ ազդեցիկ բառեր` արտահայտելու համար այդ արտասովոր ձայնի բովանդակ ուժգնությունը. «Օրաւուր բղխէ զբան, եւ գիշեր գիշերի ցուցանէ զգիտութիւնս: Ոչ են բանք եւ ոչ են խօսք, որոց ոչ լսին ձայն նոցա: Ընդ ամենայն երկիր եւ բարբառ նոցա, մինչև ի ծագս աշխարհի են խօսք նոցա» ***:
Non sunt loquelae, neque sermones quorem non audianim voces eorum. In omnem terram exivit sonus eorum et in fines orbis terrae verba eorum.
Եհովան ինքն է ասում Հոբին. «Երգէին ի միասին աստեղք առաւօտուն»****:
Պասկալն անհուն տարածություններն ընկալում է լոկ իբրև լռություն: Ինչպես ինքն է ասում` «սարսափեցնող»: Նա դառնորեն դժգոհում է աշխարհում լքված լինելու համար: Չի հայտնաբերում Նրան, Ով հայտարարում էր Երեմիայի շուրթերով. «Calum et terram ego impleo»: Եվ այս տարօրինակ քրիստոնյան իր Հորը չի գտնում երկնքում… Այլ ընդհակառակը, «տեսնելով ողջ տիեզերքը մունջ` նա սարսափի է մատնվում, – ինչպես ինքն է ասում, – այն մարդու նման, որին քնած ժամանակ տեղափոխել են ամայի ու ահավոր մի կղզի…»: Սարսափ, սարսափահար, սարսափելի. հավիտենական լռություն, մունջ տիեզերք, – այսպես է ներկայացնում իրեն շրջապատող ամեն բան երբևէ երևան եկած ամենազորեղ մտքերից մեկը:
Նա զգում է, պատկերում իրեն և հեծեծում հալածյալ կենդանու նման, ավելին, հալածում է ինքն իրեն և բորբոքում իր մեջ իսկ առկա վիթխարի կարողությունները` զորեղ տրամաբանությունը, լեզվի սքանչելի հատկությունները` կործանելու համար ամենայն երևութականը, որը, սակայն, հուսահատեցնող չէ: Նա իրեն տեսնում է դյուրագայթ վիճակում, ամբողջովին սպառնալիքի ներքո, վտանգներով ու մենությամբ պաշարված, ահաբեկվածության ու վհատության բոլոր պատճառներին ենթակա: Նա չի հանդուրժում այն միտքը, թե կարող է ընկնել ժամանակի, թվերի ու ծավալների ցանցի մեջ կամ հայտնվել տիեզերական համակարգի թակարդում: Չկա արարյալ ինչ-որ բան, որ նրան չհիշեցնի իր սոսկալի վիճակը. կան նրան վիրավորող բաներ, և կան խաբուսիկ երևույթներ. ամեն ինչ սարսափեցնում է նրան այն աստիճան, որ մտահայեցումն իսկույն ևեթ ստիպում է նրան մահու չափ ոռնալ: Սա ինձ անկասելիորեն մտածել է տալիս այն հաչոցի մասին, որ շներն են ուղղում լուսնին: Բայց այս հուսահատը, որ ընդունակ է տեսություն ստեղծելու լուսնի մասին, իր մռնչյունն է արձակում նաև ընդդեմ իր հաշվարկների: Նրան վրդովեցնում ու ինքնատելությամբ են լցնում ոչ միայն երկնային երևույթները, այլև ամեն բան, ոչ միայն ամեն բան, այլև մինչև իսկ իրերի անմեղ պատկերումը. «Ինչպիսի~ ունայնություն, որ գեղանկարչությունը հիացմունք է ծնում իրերի նմանության հանդեպ, որոնց բնօրինակով ամենևին չենք հիանում»: Նա պատկերների համար, որոնց հետամուտ են արվեստները, առաջ է բերում է մի տեսակ կրկնակի քամահրանք:
Ես չեմ կարող ետ կանգնել այն մտքից, թե կատարելապես տխուր այդ պահվածքի և բացարձակ խորշանքի մեջ համակարգ ու տքնություն չկա: Լավ համաձայնեցված մի նախադասությունն անգամ բացառում է լիակատար ինքնահրաժարումը: Տրտմությունը, որ գրիչ է շարժում հրաշալիորեն, դեռ այնքան վերջնական չէ, որ խորտակումից չփրկի մտքի ինչ-որ ազատություն, թվի որոշ զգացողություն, ինչ-ինչ տրամաբանություն ու խորհրդանշականություն, որոնք հակասում են իրենց իսկ ասածին: Կա նաև շփոթ ու դյուրին ինչոր բան ողբերգական պատճառ ու աղդեցիկ թեմա տեսնելու թուլության մեջ: Մենք ի՞նչ ենք ուսուցանում մյուս մարդկանց` շարունակ կրկնելով, թե նրանք ոչինչ են, թե կյանքն ունայն է, բնությունը` թշնամական, ճանաչողությունը` պատրանքային: Ի՞նչ միտք ունի նրանց հոգին հանել իրենց ոչնչությամբ կամ անընդմեջ երկրորդել իրենց գիտեցածը:
Ես ինձ կաշկանդված եմ զգում արվեստականության ու բնության այս խառնուրդի առջև: Երբ տեսնում եմ գրողին, որ բռնում-փչացնում է մարդկային իսկական զգացումը, այնտեղ հավելում հազվագյուտ ուժեր և այնուհանդերձ կամենում, որ իր այդ հնարամտությունը դնեն հույզի տեղ, դա համարում եմ անմաքրություն ու երկդիմիություն: Ճշմարտի ու կեղծի այդ խառնուրդը ստեղծագործության մեջ դառնում է խիստ ցնցող, երբ մենք կասկածում ենք, որ այն ձգտում է խարխլել մեր համոզմունքը կամ մեզ ինչ-որ միտվածություն ներշնչել: Եթե դու ուզում ես ինձ գայթակղել կամ զարմացնել, այնպես արա, որ ես առավել հստակորեն տեսնեմ ոչ թե քո ձեռքը, այլ այն, ինչ պատկերում է նա: Պասկալի ձեռքը չափից դուրս է աչքիս զարնում:
Ընդսմին, մտադրություններն այնուամենայնիվ կարող են ազնիվ լինել. գրելու միակ հոգսը և այդ մասին հոգածությունը նույն բնական ազդեցությունն են գործում, ինչ հետին միտքը: Անխուսափելի է, որ չափավորը չծայրահեղացվի, անոսրը չխտացվի, մասնատվածը չամբողջացվի և սոսկ աշխույժով համակվածը չպաթետիկացվի… Կեղծ պատուհանները հայտնվում են ինքնին: