Ռուբիկոն

Վարիացիա ըստ մի «Մտքի»*

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Պոլ Վալերի

Անհուն տարածությունների

հավիտենական լռությունը

սարսափեցնում է ինձ:

– Ի՜նչ մեղմանուշ ու զորեղ հնչյուններ, – դիմում է Էվստաթիոսը Պյութագորասին, – և արտասովոր մաքրության ի~նչ ներդաշնակություն, որ ականջիս է կարծես հասնում մեզ շրջապատող գիշերվա խորքերից: Հոգիս` համակ լսողություն, զարմանքով է ընկալում հեռու-հեռավոր ելևէջները: Այն ձգվում է հույսի նման մինչև զգայությանս սահմանները` որսալու համար ինձ հիացնող այս բյուրեղյա սարսուռներն ու վեհաշուք դանդաղությամբ ծավալվող այս մրմունջը: Արդ, ի՞նչն է այսօրինակ վայելքների խորհրդավոր գործիքը:

– Երկինքն ինքը, – պատասխանեց Պյութագորասը: – Դու ընկալում ես այն, ինչ հմայում է աստվածներին: Տիեզերքում բնավ լռություն չկա: Հավիտենական ձայների մի համանվագ անբաժանելի է երկնային մարմինների շարժումից: Շարժվող աստղերից յուրաքանչյուրը թրթռացնում է եթերը ըստ իր արագության, տարածությանը հաղորդում իր թվին բնորոշ հնչյունը: Խիստ հեռավոր աստղերը, որ անպայմանորեն ամենից արագընթացն են, միասնաբար առաջ են բերում ամենասուր հնչերանգները: Ծանրակշիռներն ամենից դանդաղապտույտն են և մեզ ամենամոտիկը, իսկ անշարժ երկիրը համր է ու լուռ: Եվ քանի որ ոլորտները ենթարկվում են մեկ օրենքի, նրանց ծնունդ տված հնչյունները բաղակցվում են այն քաղցր ու մեղմափոխ ներդաշնությամբ, որ առկա է երկինքների միջև: Մաքուր տիեզերակարգը գերում է քո ականջները: Բանականությունը, արդարությունը, սերը և մյուս կատարելությունները, որ իշխում են տիեզերքի նուրբ ոլորտում, դառնում են զգայելի: Եվ այդ հոգեզմայլանքը, որ ունենում ես դու, արդյունք է nաստվածային ու խիստ համանմանության…

Ահա թե ինչ էր վերագրում գիշերվա խորություններին հին հույների ներհուն բաղձանքը:

Ինչ վերաբերում է հրեաներին, նրանք խոսում են միայն երկինքներից և տարփողում դրանց պերճագեղությունը: Բիբլիական գիշերները ներբողներ են հնչեցնում առ Տեր: Աստղերն այնտեղ երբեմն երևան են գալիս Աստծո որդիներին` հրեշտակներին միախառնված, և ոգիների ու լուսատուների այս անհամար դասը արար աշխարհով սփռում է անհուն ցնծության ղողանջները:

«Երկինք պատմեն զփառս Աստուծոյ, եւ զարարածս ձեռաց նորա պատմէ հաստատութիւն» **: Սաղմոսների հեղինակը չի գտնում շատ ազդեցիկ բառեր` արտահայտելու համար այդ արտասովոր ձայնի բովանդակ ուժգնությունը. «Օրաւուր բղխէ զբան, եւ գիշեր գիշերի ցուցանէ զգիտութիւնս: Ոչ են բանք եւ ոչ են խօսք, որոց ոչ լսին ձայն նոցա: Ընդ ամենայն երկիր եւ բարբառ նոցա, մինչև ի ծագս աշխարհի են խօսք նոցա» ***:

Non sunt loquelae, neque sermones quorem non audianim voces eorum. In omnem terram exivit sonus eorum et in fines orbis terrae verba eorum.

Եհովան ինքն է ասում Հոբին. «Երգէին ի միասին աստեղք առաւօտուն»****:

Պասկալն անհուն տարածություններն ընկալում է լոկ իբրև լռություն: Ինչպես ինքն է ասում` «սարսափեցնող»: Նա դառնորեն դժգոհում է աշխարհում լքված լինելու համար: Չի հայտնաբերում Նրան, Ով հայտարարում էր Երեմիայի շուրթերով. «Calum et terram ego impleo»: Եվ այս տարօրինակ քրիստոնյան իր Հորը չի գտնում երկնքում… Այլ ընդհակառակը, «տեսնելով ողջ տիեզերքը մունջ` նա սարսափի է մատնվում, – ինչպես ինքն է ասում, – այն մարդու նման, որին քնած ժամանակ տեղափոխել են ամայի ու ահավոր մի կղզի…»: Սարսափ, սարսափահար, սարսափելի. հավիտենական լռություն, մունջ տիեզերք, – այսպես է ներկայացնում իրեն շրջապատող ամեն բան երբևէ երևան եկած ամենազորեղ մտքերից մեկը:

Նա զգում է, պատկերում իրեն և հեծեծում հալածյալ կենդանու նման, ավելին, հալածում է ինքն իրեն և բորբոքում իր մեջ իսկ առկա վիթխարի կարողությունները` զորեղ տրամաբանությունը, լեզվի սքանչելի հատկությունները` կործանելու համար ամենայն երևութականը, որը, սակայն, հուսահատեցնող չէ: Նա իրեն տեսնում է դյուրագայթ վիճակում, ամբողջովին սպառնալիքի ներքո, վտանգներով ու մենությամբ պաշարված, ահաբեկվածության ու վհատության բոլոր պատճառներին ենթակա: Նա չի հանդուրժում այն միտքը, թե կարող է ընկնել ժամանակի, թվերի ու ծավալների ցանցի մեջ կամ հայտնվել տիեզերական համակարգի թակարդում: Չկա արարյալ ինչ-որ բան, որ նրան չհիշեցնի իր սոսկալի վիճակը. կան նրան վիրավորող բաներ, և կան խաբուսիկ երևույթներ. ամեն ինչ սարսափեցնում է նրան այն աստիճան, որ մտահայեցումն իսկույն ևեթ ստիպում է նրան մահու չափ ոռնալ: Սա ինձ անկասելիորեն մտածել է տալիս այն հաչոցի մասին, որ շներն են ուղղում լուսնին: Բայց այս հուսահատը, որ ընդունակ է տեսություն ստեղծելու լուսնի մասին, իր մռնչյունն է արձակում նաև ընդդեմ իր հաշվարկների: Նրան վրդովեցնում ու ինքնատելությամբ են լցնում ոչ միայն երկնային երևույթները, այլև ամեն բան, ոչ միայն ամեն բան, այլև մինչև իսկ իրերի անմեղ պատկերումը. «Ինչպիսի~ ունայնություն, որ գեղանկարչությունը հիացմունք է ծնում իրերի նմանության հանդեպ, որոնց բնօրինակով ամենևին չենք հիանում»: Նա պատկերների համար, որոնց հետամուտ են արվեստները, առաջ է բերում է մի տեսակ կրկնակի քամահրանք:

Ես չեմ կարող ետ կանգնել այն մտքից, թե կատարելապես տխուր այդ պահվածքի և բացարձակ խորշանքի մեջ համակարգ ու տքնություն չկա: Լավ համաձայնեցված մի նախադասությունն անգամ բացառում է լիակատար ինքնահրաժարումը: Տրտմությունը, որ գրիչ է շարժում հրաշալիորեն, դեռ այնքան վերջնական չէ, որ խորտակումից չփրկի մտքի ինչ-որ ազատություն, թվի որոշ զգացողություն, ինչ-ինչ տրամաբանություն ու խորհրդանշականություն, որոնք հակասում են իրենց իսկ ասածին: Կա նաև շփոթ ու դյուրին ինչոր բան ողբերգական պատճառ ու աղդեցիկ թեմա տեսնելու թուլության մեջ: Մենք ի՞նչ ենք ուսուցանում մյուս մարդկանց` շարունակ կրկնելով, թե նրանք ոչինչ են, թե կյանքն ունայն է, բնությունը` թշնամական, ճանաչողությունը` պատրանքային: Ի՞նչ միտք ունի նրանց հոգին հանել իրենց ոչնչությամբ կամ անընդմեջ երկրորդել իրենց գիտեցածը:

Ես ինձ կաշկանդված եմ զգում արվեստականության ու բնության այս խառնուրդի առջև: Երբ տեսնում եմ գրողին, որ բռնում-փչացնում է մարդկային իսկական զգացումը, այնտեղ հավելում հազվագյուտ ուժեր և այնուհանդերձ կամենում, որ իր այդ հնարամտությունը դնեն հույզի տեղ, դա համարում եմ անմաքրություն ու երկդիմիություն: Ճշմարտի ու կեղծի այդ խառնուրդը ստեղծագործության մեջ դառնում է խիստ ցնցող, երբ մենք կասկածում ենք, որ այն ձգտում է խարխլել մեր համոզմունքը կամ մեզ ինչ-որ միտվածություն ներշնչել: Եթե դու ուզում ես ինձ գայթակղել կամ զարմացնել, այնպես արա, որ ես առավել հստակորեն տեսնեմ ոչ թե քո ձեռքը, այլ այն, ինչ պատկերում է նա: Պասկալի ձեռքը չափից դուրս է աչքիս զարնում:

Ընդսմին, մտադրություններն այնուամենայնիվ կարող են ազնիվ լինել. գրելու միակ հոգսը և այդ մասին հոգածությունը նույն բնական ազդեցությունն են գործում, ինչ հետին միտքը: Անխուսափելի է, որ չափավորը չծայրահեղացվի, անոսրը չխտացվի, մասնատվածը չամբողջացվի և սոսկ աշխույժով համակվածը չպաթետիկացվի… Կեղծ պատուհանները հայտնվում են ինքնին:

Կարդալ նաև

Գրականություն Հիշողություններ Ռայներ Մարիա Ռիլկեի մասին (1926) Ռուդոլֆ Կասսներ Հունիս 1914: Մենք երկուսով հյուր էինք Դուինոյում, Ադրիատիկ ծովի ափին գտնվող այն ամրոցում, որտեղ Ռիլկեն երեք տարի առաջ գրել էր իր առաջին «Դուինյան էլեգիաները»: Այդ ընթացքում ամրոցն ավերվել էր իտալական նռնակներից և նորից վերակառուցվել… Գրականություն Ռայներ Մարիա Ռիլկե, Նրա ծննդյան վաթսունամյակի կապակցությամբ, 4.XII.1935 Ռուդոլֆ Կասսներ Մի քանի շաբաթից կլրանա ինը տարին, երբ ես նրա մահվան անմիջական ազդեցության տակ հրապարակեցի իմ հիշողությունները նրա մասին, որոնցում փորձ էր արվում նաև, նման պարագաներում հնարավոր հակիրճությամբ, վեր հանել նրա անձնավորության և ստեղծագործության… Գրականություն Հայկական հակաժողովրդական հեքիաթներ Գրիգոր Բաբայան Ինչո՞ւ «հակաժողովրդական», քանզի նորիցնոր պիտի ասենք. «Ափսոս էս ազգը, որ էս ժողովրդի ձեռքն է ընկել»: Հայ Ազգագրության և բանահյուսության նախշակար հանդերձանքի ծոպերից կառչած` շատերը մոռանում են, որ աշխարհիկի և հոգևորի մոտավոր ու կցկտուր կապը…