Ռուբիկոն

Վարիացիա ըստ մի «Մտքի»*

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Պոլ Վալերի

Անհուն տարածությունների

հավիտենական լռությունը

սարսափեցնում է ինձ:

– Ի՜նչ մեղմանուշ ու զորեղ հնչյուններ, – դիմում է Էվստաթիոսը Պյութագորասին, – և արտասովոր մաքրության ի~նչ ներդաշնակություն, որ ականջիս է կարծես հասնում մեզ շրջապատող գիշերվա խորքերից: Հոգիս` համակ լսողություն, զարմանքով է ընկալում հեռու-հեռավոր ելևէջները: Այն ձգվում է հույսի նման մինչև զգայությանս սահմանները` որսալու համար ինձ հիացնող այս բյուրեղյա սարսուռներն ու վեհաշուք դանդաղությամբ ծավալվող այս մրմունջը: Արդ, ի՞նչն է այսօրինակ վայելքների խորհրդավոր գործիքը:

– Երկինքն ինքը, – պատասխանեց Պյութագորասը: – Դու ընկալում ես այն, ինչ հմայում է աստվածներին: Տիեզերքում բնավ լռություն չկա: Հավիտենական ձայների մի համանվագ անբաժանելի է երկնային մարմինների շարժումից: Շարժվող աստղերից յուրաքանչյուրը թրթռացնում է եթերը ըստ իր արագության, տարածությանը հաղորդում իր թվին բնորոշ հնչյունը: Խիստ հեռավոր աստղերը, որ անպայմանորեն ամենից արագընթացն են, միասնաբար առաջ են բերում ամենասուր հնչերանգները: Ծանրակշիռներն ամենից դանդաղապտույտն են և մեզ ամենամոտիկը, իսկ անշարժ երկիրը համր է ու լուռ: Եվ քանի որ ոլորտները ենթարկվում են մեկ օրենքի, նրանց ծնունդ տված հնչյունները բաղակցվում են այն քաղցր ու մեղմափոխ ներդաշնությամբ, որ առկա է երկինքների միջև: Մաքուր տիեզերակարգը գերում է քո ականջները: Բանականությունը, արդարությունը, սերը և մյուս կատարելությունները, որ իշխում են տիեզերքի նուրբ ոլորտում, դառնում են զգայելի: Եվ այդ հոգեզմայլանքը, որ ունենում ես դու, արդյունք է nաստվածային ու խիստ համանմանության…

Ահա թե ինչ էր վերագրում գիշերվա խորություններին հին հույների ներհուն բաղձանքը:

Ինչ վերաբերում է հրեաներին, նրանք խոսում են միայն երկինքներից և տարփողում դրանց պերճագեղությունը: Բիբլիական գիշերները ներբողներ են հնչեցնում առ Տեր: Աստղերն այնտեղ երբեմն երևան են գալիս Աստծո որդիներին` հրեշտակներին միախառնված, և ոգիների ու լուսատուների այս անհամար դասը արար աշխարհով սփռում է անհուն ցնծության ղողանջները:

«Երկինք պատմեն զփառս Աստուծոյ, եւ զարարածս ձեռաց նորա պատմէ հաստատութիւն» **: Սաղմոսների հեղինակը չի գտնում շատ ազդեցիկ բառեր` արտահայտելու համար այդ արտասովոր ձայնի բովանդակ ուժգնությունը. «Օրաւուր բղխէ զբան, եւ գիշեր գիշերի ցուցանէ զգիտութիւնս: Ոչ են բանք եւ ոչ են խօսք, որոց ոչ լսին ձայն նոցա: Ընդ ամենայն երկիր եւ բարբառ նոցա, մինչև ի ծագս աշխարհի են խօսք նոցա» ***:

Non sunt loquelae, neque sermones quorem non audianim voces eorum. In omnem terram exivit sonus eorum et in fines orbis terrae verba eorum.

Եհովան ինքն է ասում Հոբին. «Երգէին ի միասին աստեղք առաւօտուն»****:

Պասկալն անհուն տարածություններն ընկալում է լոկ իբրև լռություն: Ինչպես ինքն է ասում` «սարսափեցնող»: Նա դառնորեն դժգոհում է աշխարհում լքված լինելու համար: Չի հայտնաբերում Նրան, Ով հայտարարում էր Երեմիայի շուրթերով. «Calum et terram ego impleo»: Եվ այս տարօրինակ քրիստոնյան իր Հորը չի գտնում երկնքում… Այլ ընդհակառակը, «տեսնելով ողջ տիեզերքը մունջ` նա սարսափի է մատնվում, – ինչպես ինքն է ասում, – այն մարդու նման, որին քնած ժամանակ տեղափոխել են ամայի ու ահավոր մի կղզի…»: Սարսափ, սարսափահար, սարսափելի. հավիտենական լռություն, մունջ տիեզերք, – այսպես է ներկայացնում իրեն շրջապատող ամեն բան երբևէ երևան եկած ամենազորեղ մտքերից մեկը:

Նա զգում է, պատկերում իրեն և հեծեծում հալածյալ կենդանու նման, ավելին, հալածում է ինքն իրեն և բորբոքում իր մեջ իսկ առկա վիթխարի կարողությունները` զորեղ տրամաբանությունը, լեզվի սքանչելի հատկությունները` կործանելու համար ամենայն երևութականը, որը, սակայն, հուսահատեցնող չէ: Նա իրեն տեսնում է դյուրագայթ վիճակում, ամբողջովին սպառնալիքի ներքո, վտանգներով ու մենությամբ պաշարված, ահաբեկվածության ու վհատության բոլոր պատճառներին ենթակա: Նա չի հանդուրժում այն միտքը, թե կարող է ընկնել ժամանակի, թվերի ու ծավալների ցանցի մեջ կամ հայտնվել տիեզերական համակարգի թակարդում: Չկա արարյալ ինչ-որ բան, որ նրան չհիշեցնի իր սոսկալի վիճակը. կան նրան վիրավորող բաներ, և կան խաբուսիկ երևույթներ. ամեն ինչ սարսափեցնում է նրան այն աստիճան, որ մտահայեցումն իսկույն ևեթ ստիպում է նրան մահու չափ ոռնալ: Սա ինձ անկասելիորեն մտածել է տալիս այն հաչոցի մասին, որ շներն են ուղղում լուսնին: Բայց այս հուսահատը, որ ընդունակ է տեսություն ստեղծելու լուսնի մասին, իր մռնչյունն է արձակում նաև ընդդեմ իր հաշվարկների: Նրան վրդովեցնում ու ինքնատելությամբ են լցնում ոչ միայն երկնային երևույթները, այլև ամեն բան, ոչ միայն ամեն բան, այլև մինչև իսկ իրերի անմեղ պատկերումը. «Ինչպիսի~ ունայնություն, որ գեղանկարչությունը հիացմունք է ծնում իրերի նմանության հանդեպ, որոնց բնօրինակով ամենևին չենք հիանում»: Նա պատկերների համար, որոնց հետամուտ են արվեստները, առաջ է բերում է մի տեսակ կրկնակի քամահրանք:

Ես չեմ կարող ետ կանգնել այն մտքից, թե կատարելապես տխուր այդ պահվածքի և բացարձակ խորշանքի մեջ համակարգ ու տքնություն չկա: Լավ համաձայնեցված մի նախադասությունն անգամ բացառում է լիակատար ինքնահրաժարումը: Տրտմությունը, որ գրիչ է շարժում հրաշալիորեն, դեռ այնքան վերջնական չէ, որ խորտակումից չփրկի մտքի ինչ-որ ազատություն, թվի որոշ զգացողություն, ինչ-ինչ տրամաբանություն ու խորհրդանշականություն, որոնք հակասում են իրենց իսկ ասածին: Կա նաև շփոթ ու դյուրին ինչոր բան ողբերգական պատճառ ու աղդեցիկ թեմա տեսնելու թուլության մեջ: Մենք ի՞նչ ենք ուսուցանում մյուս մարդկանց` շարունակ կրկնելով, թե նրանք ոչինչ են, թե կյանքն ունայն է, բնությունը` թշնամական, ճանաչողությունը` պատրանքային: Ի՞նչ միտք ունի նրանց հոգին հանել իրենց ոչնչությամբ կամ անընդմեջ երկրորդել իրենց գիտեցածը:

Ես ինձ կաշկանդված եմ զգում արվեստականության ու բնության այս խառնուրդի առջև: Երբ տեսնում եմ գրողին, որ բռնում-փչացնում է մարդկային իսկական զգացումը, այնտեղ հավելում հազվագյուտ ուժեր և այնուհանդերձ կամենում, որ իր այդ հնարամտությունը դնեն հույզի տեղ, դա համարում եմ անմաքրություն ու երկդիմիություն: Ճշմարտի ու կեղծի այդ խառնուրդը ստեղծագործության մեջ դառնում է խիստ ցնցող, երբ մենք կասկածում ենք, որ այն ձգտում է խարխլել մեր համոզմունքը կամ մեզ ինչ-որ միտվածություն ներշնչել: Եթե դու ուզում ես ինձ գայթակղել կամ զարմացնել, այնպես արա, որ ես առավել հստակորեն տեսնեմ ոչ թե քո ձեռքը, այլ այն, ինչ պատկերում է նա: Պասկալի ձեռքը չափից դուրս է աչքիս զարնում:

Ընդսմին, մտադրություններն այնուամենայնիվ կարող են ազնիվ լինել. գրելու միակ հոգսը և այդ մասին հոգածությունը նույն բնական ազդեցությունն են գործում, ինչ հետին միտքը: Անխուսափելի է, որ չափավորը չծայրահեղացվի, անոսրը չխտացվի, մասնատվածը չամբողջացվի և սոսկ աշխույժով համակվածը չպաթետիկացվի… Կեղծ պատուհանները հայտնվում են ինքնին:

Արվեստագետն այլ բան չի կարող անել, քան ուժգնացնել իր դիտարկած ներգործությունը: Նա իրար է համապատասխանեցնում իր նախնական գաղափարի զարգացումները գրեթե այնպես, ինչպես նյարդային համակարգն է ընդհրանրացնում և ողջ արարածի վրա տարածում տեղային որոշ փոփոխություններ: Սա առարկություն չէ արվեստագետի դեմ, այլ նախազգուշացում` գործ ստեղծած իսկական մարդուն երբեք չշփոթելու այն մարդու հետ, որ գործն է ենթադրել տալիս:

Այս շփոթությունը կանոն է դարձել Պասկալի պարագայում: Նրա մասին այնքան է գրվել, այնքան է տուրք տրվել երևակայությանը, և նա այնքան կրքոտությամբ է ուսումնասիրվել, որ վերածվել է ողբերգության հերոսի, բացառիկ մի դերասանի և գրեթե ճանաչողության կատակերգության «դերակատարի»: Ոմանք Պասկալ են խաղում: Սովորույթը նրան դարձրել է մի տեսակ ֆրանսիացի Համլետ և յանսենական, որ ծանրութեթև է անում սեփական գանգը` մեծ մաթեմատիկոսի գանգը, և որը սարսռում է ու խորհրդածում տիեզերքին հակադիր մի տարածքում: Նրան տիրել է անսահմանության դժնդակ քամին, և նա խոսում է ինքն իր հետ անգոյության եզրին, ճիշտ ինչպես բեմահարթակի ծայրին, ու դատողություններ է անում իր իսկ ուրվականի հետ բոլորի առջև կանգնած:

Եվ սակայն, շատ թե քիչ նշանակալի փաստ է այն, որ կրոնների մեծամասնությունը ծայր բարձրակետում է տեղադրում Ամենակարողի նստավայրը, քանզի այդ կրոնները գտել են Նրա գոյության վկայությունն ու ապացույցները աստղային այդ կարգում, որը, մյուս կողմից, մարդկանց տվել է բնական օրենքների գաղափարը, նախնական մոդելը և առաջին ճշգրտումները:

Ձեռքերը միշտ պարզվում են երկինք. նրա մեջ են պատսպարվում կամ սուզվում հայացքները, նրան է մատնացույց անում մարգարեն կամ մխիթարիչը, նրա բարձունքից են սփռվել ինչ-ինչ խոսքեր և այդ բարձունքից են լսելի դառնալու շեփորականչերը:

Անտարակույս, ո՛չ Նախապատճառը, ո՛չ Զուտ գործողությունը, ո՛չ Ոգին չունեն տեղադրություն, ոչ էլ կերպարանք կամ մասեր, և, սակայն, թերևս մեր ուղղահայաց կառուցվածքով պայմանավորված բնազդը, հեռու-հեռավոր երևույթներից մեր ճակատագրի ու երկրային ողջ կյանքի կախյալության զգացումը տագնապահույզ ու վշտալից կամ իրենց իսկ մոլորեցուցիչ հարցերից տանջահար մարդկանց հայացքը անխուսափելիորեն դարձնում են դեպի տիրույթի զենիթը, դեպի բարձունքը: Exhausser-ն ( վեր բարձրացնել) ու exaucer-ն (իղձը կատարել) նույն բառն են:

Կանտն ինքը տեղի տալով նաիվ միստիկականության գաղտնի մղմանը` միացրել է տիեզերական բարոյական օրենքից եկած այդ մի տեսակ ներշնչանքը աստղազարդ երկնքի դիտումից առաջացած զգացողությանը:

Մի ժամանակ ինքս էլ փորձել եմ իմ մեջ քննել, ընդհուպ մինչև հասկացություններ կազմելը, այն խորհրդավոր ազդեցությունը, որ մարդկանց վրա առհասարակ թողնում են մաքրամաքուր երկինքն ու լուսատուների ներկայությունը:

Ահա և մենք ընկալում ենք միայն իրերը, որոնք գործ չունեն մարմնի հետ: Տարօրինակ կերպով մենք պարզեցված ենք: Անտեսանելի է մերձագույնը, անշոշափելի` զգայելին: Մենք լողում ենք մեզնից դուրս: Մեր հայացքն անձնատուր է լինում տեսիլքին լուսեղեն երևույթների դաշտում և անկարող է դրանք ինքնաբուխ մղումով չմիացնել իրար, – ասես այդ երևույթները միևնույն ժամանակի մեջ են, – քաշելով գծեր, կազմելով պատկերներ, որոնք այդ հայացքի արդյունքն են և պարտադրվում են մեզ` ներքաշելով իսկական տեսարանի մեջ:

Սակայն այդ բոլոր կետերի տեղաբաշխվածությունը վրիպում է մեր աչքից: Նմանօրինակ անհամար առկայծումներից մենք մեզ զգում ենք ճնշված, քարկոծված, միաձուլված ու անտեսված: Մենք կարող ենք հաշվել այդ աստղերը, մենք, որ չենք կարող հավատալ, թե գոյություն ունենք նրանց աչքին: Ոչ մի փոխկապվածություն չկա նրանց ու մեր միջև:

Մենք զգում ենք ինչ-որ բան, որ մեզնից խոսք է պահանջում, և մեկ այլ բան, որ մերժում է այդ խոսքը:

Այն, ինչ տեսնում ենք երկնքում և հայտնաբերում մեր էության խորքում, որ հավասարապես ձերբազատված է մեր ներգործությունից, – և մեկը կայծկլտում է մեր մտահղացումներից այն կողմ, մյուսը` ապրում մեր արտահայտությունների այս կողմում, – մի տեսակ կապ է ստեղծում հեռուհեռավորի հանդեպ ցուցաբերած ուշադրության և մեր ներքին ուշադրության միջև: Դրանք ասես մեր սպասման ծայրակետերն են` միմյանց համապատասխանող և միմյանց նմանվող` ինչ-որ բախտորոշ նորույթի հույսով, որ գտնելու ենք երկնքում կամ սրտում:

Մեր աչքին աստղերի այս զարմանահրաշ քանակությունը մարդկային էությանը հակադրում է ինքնության, բացառիկության, բայց և միայնակության զգացում: Ես համայն եմ և անկատար: Ես ամբողջ եմ և մաս:

Մեզ շրջապատող խավարը մեզ դարձնում է միանգամայն մերկ հոգի:

Այդ խավարն ամբողջովին ցանցնված է անհասանելի լույսերով: Մենք դժվարությամբ ենք ետ կանգնում այն հանգրվանների շուրջ խորհելու ցանկությունից, ուր արթուն են: Մենք տարտամորեն լցնում ենք խավարը լուսեղեն ու անճանաչելի գոյավորներով:

Այդ նույն խավարը, որ վերացնում է մեր մարմնի դաշտը, հետևաբար և իջեցնում է մեր ձայնի հնչեղությունը և այն վերածում ներքին խոսքի, քանզի մենք իսկապես հակված ենք խոսելու միայն ոչ շատ հեռու էակների հետ:

Մենք զգում ենք յուրօրինակ անդորր ու տագնապ:

Ես-ի և ոչ ես-ի միջև այլևս անցում չկա: Լիակատար լույսի մեջ մեր գործողություններով կապ էր գոյանում մեր մտքերի և իրերի միջև: Մենք զգացումները փոխանակում էինք մտքերի հետ, մտքերը` զգացումների: Մեր գործողությունները միջնորդ էին ծառայում, մեր ժամանակը` փող: Իսկ հիմա այլևս չկա փոխանակություն, չկա գործուն մարդը, որ իրերի չափանիշն է: Կա սոսկ երկու առանձին ներկայություն, երկու անչափելի բնություն: Կա միայն երկու հակառակորդ, որ զննում ու չեն հասկանում իրար: Մեր հեռանկարների անսահման ընդլայնումն ու մեր կարողության նեղացումը բախվում են իրար: Որոշ ժամանակ մենք կորցնում ենք մեր այն սովորական պատրանքը, թե իրերը համապատասխանում են մեզ: Ապակու միջով անցնել չկարողացող ճանճը մեր պատկերն է: Մենք չենք կարող մնալ այդ մեռյալ կետում: Զգայունությունը հավասարակշռություն չի ճանաչում: Այն կարելի է բնորոշել իբրև ֆունկցիա, որի դերն է ապրողների մեջ խախտել իրենց ուժերի ամեն հավասարակշռություն: Հարկ է, որ մեր ոգին բորբոքվի ինքնին, դուրս գա թմբիրից և վերականգնի այն հանդիսավոր ու անխախտ զարմանքը, որ նրան պատճառում են համայն լինելու զգացումը և ոչինչ չլինելու ակնհայտությունը:

Այնժամ ականատեսն ենք էությամբ մենավորի, մտածողի, որ պաշտպանում է իրեն իր մտքերով: Մեր մարմինը պաշտպանվում է աշխարհից իր ռեֆլեքսների ու զանազան արտազատումների միջոցով. այն մերթ դրանք առաջ է բերում ասես պատահաբար, հապճեպ ինչ-որ բան անելու համար, մերթ դրանք տեղին մղումներ են, արդյունավոր տրամադրություններ, որ նա ճշգրտորեն հակադրում է այն ամենին, ինչ ճնշում է իրեն կամ զայրացնում: Հոգին այլ կերպ չի գործում գիշերվա անմարդկայնության դեմ: Նա պաշտպանվում է իր արարումներով, որոնցից մի քանիսը պարզունակ են ու անդիմադրելի, ինչպես ռեֆլեքսները, մյուսները մտածված, հապաղած, համադրված, շաղկապված ու հարմարված ճանաչողությանը, որ նա կարող է ունենալ մեր կացության մասին:

Արդ, մենք մեր մեջ գտնում ենք երկու տեսակ պատասխան վերոհիշյալ զգացողությանը. այն, որ ունենում ենք երկնքին նայելիս, և այն, որ մեզ է տալիս տիեզերքի մեր պատկերացումը: Առաջինը կլինի ինքնաբուխ, մյուսը` մշակված: Դրանք խիստ տարբեր են, թեև կարող են միախառնվել և համադրվել միևնույն գլխում: Սակայն բնորոշելու համար հարկ է դրանք տարանջատել: Հաճախ դրանք տարբերում են` առաջինը վերագրելով սրտին, երկրորդը` մտքին: Այս բառերը բավական հարմար են:

Աշխարհի սարսափեցնող պատկերի դեմ մղող պայքարը սիրտը գրեթե միշտ ավարտում է ցանկությամբ արթնացրած բավականաչափ զորեղ ինչ-որ Էակի գաղափարով` բովանդակելու, կառուցած լինելու կամ հաղորդելու համար այն վիթխարի տարածությունն ու շողարձակումը, որ պարփակում, սպառնում, հիացնում, գայթակղում ու հոշոտում է մեզ: Եվ այդ Էակը նույնիսկ կլինի Անձ, այսինքն` Նրա և մեր միջև ի հայտ կգա որոշ նմանություն և ով գիտե անմեկնելի փոխըմբռնման ինչ հույս: Ահա թե ինչ է գտնում սիրտը: Նա ձգտում է իր իսկ հարցադրմանը պատասխանել Աստծո միջոցով: Ընդսմին, սիրո փորձառությամբ քաջ հայտնի է, որ միակը կարիք ունի միակի, և ապրողը ձգտում է ապրողի:

Այժմ տեսնենք, թե այլ կարգի ինչ մտքեր կարող են ծագել մեր գլխում, եթե մենք առանձնացնում ենք մեր զգացմունքները և փորձում բոլոր իրերի ահավոր ճնշմանը հակադրել անսահման համբերությունը և անհուն հետաքրքրությունը: Միտքը որոնում է:

Միտքը չի աճապարի պատկերացնելու այն, ինչ անհրաժեշտ է տիեզերքի դիտարկումը շարունակելու համար: Նա կքննի առանց հաշվի առնելու ո՛չ ժամանակը, ո՛չ անհատական կյանքի տևողությունը: Նշանակալի հակադրություն կա ՙսրտի՚ շտապողականության, անհամբերության, անհանգըստության և քննադատությունից ու հույսից ծնված դանդաղության միջև: Այդ հապաղումը, որ կարող է սահմանափակվել, իբրև հետևանք վերափոխում է խնդիրը: Իսկ վերափոխված խնդիրը կվերափոխի նաև հարցատուին:

Մենք կնկատենք, որ չենք կարողանում մտածել մեր տիեզերքի մասին` այն սոսկ ըմբռնելով իբրև մեզնից հստակորեն զատված և մեր գիտակցությանը որոշակիորեն հակադրված առարկա: Այս դեպքում մենք այն կարող ենք համեմատել փոքր համակարգերի հետ, որոնք ի վիճակի ենք նկարագրել, բնորոշել, չափարկել ու փորձել: Մենք կդիտենք ամբողջն իբրև մաս: Կառաջնորդվենք այն բանով, որ մի տրամաբանություն կհարմարեցնենք նրան, և այդ տրամաբանության աշխատանքը մեզ թույլ կտա կանխատեսել նրա փոփոխությունները կամ սահմանափակել դրանց ոլորտը:

(Մենք կհամեմատենք, օրինակ, աստղերի խումբը գազային ամպի հետ, աստղաբույլի համար կկիրառենք այն բնորոշումներն ու օրենքները, որ հայտնաբերել ենք լաբորատորիայում գազերն ուսումնասիրելիս: Մենք կկազմենք ՙտիեզերքի մասին վիճակագրական՚ պատկերացում, կխորհենք նրա «ներքին էներգիայի», «ջերմության» շուրջ, և այլն:) Ի վերջո, մեր աշխատանքի նպատակն է մերձեցնել այդ խիստ զարմանալին ու հուզիչը այն ամենին, ինչը հարազատ է մեր զգայարաններին, հասանելի` մեր ազդեցությանը և շատ թե քիչ հարմարվում է մեր դատողություններին:

Սակայն այդ սահմանափակ աշխատանքից հետևում է, – պիտի որ անպայմանորեն հետևի, – սովորականի, հնարավորի, բանականի (արդեն նկատելի) որոշ վարիացիա, որոնք ամեն վայրկյան կազմում են մեզ խաղաղեցնող պայմանները: Քանի որ մարդիկ ընդունել են հակոտնյաները, կարող են վարժվել «տիեզերքի կորությանը» և շատ ու շատ այլ տարօրինակ երևույթների: Անհնարին չէ, – նույնիսկ բավական հավանական է, – որ այդ վարժվողականությունը աստիճանաբար ձևափոխի ոչ միայն մեր գաղափարները, այլև մեր անմիջական որոշ ռեակցիաները:

Այն, ինչ կարելի է անվանել «պասկալյան ռեակցիա», կարող է դառնալ հազվադեպ երևույթ և հոգեբանների հետաքրքրության առարկա: Պասկալը «գտել» էր, բայց անտարակույս այն պատճառով, որ այլևս չէր որոնում: Որոնումները դադարեցնելը և դադարեցման կերպը կարող են առաջացնել գտնելու զգացում:

Բայց նա երբեք հավատ չի ընծայել որոնմանը, քանի որ այդ հավատը ակնկալել է անսպասելիից: Նա իր հոգուց է վերցրել հավիտենական լռությունը, ինչը թե՛ ճշմարիտ կրոնասերները, թե՛ իսկական խորագիտակները երբեք չեն տեսել տիեզերքում:

Նա ահավոր և կոպիտ կերպով չափազանցել է ճանաչողության ու փրկության հակադրությունը, քանզի այդ նույն դարում կային գիտնականներ, որոնք պակաս հաջողությամբ չէին իրականացնում իրենց փրկությունը, քան, – կարծում եմ, – նա` իրենը, բայց այնպես, որ դրանից չէին տուժում գիտությունները: Կար Կավալիերին, որ իր ուժերն էր փորձում անբաժանելիների բնագավառում, կար Սակկերին, որ կասկածի տակ էր առնում, առանց դա իրեն խոստովանելու, ամենայն պայմանականը էվկլիդյան տեսության մեջ և կիսով չափ բացում երկրաչափության դուռը ապագա շատ համարձակ քայլերի առջև: Թեև ճշմարիտ է, նրանք սոսկ ճիզվիտ էին:

 * Սույն հոդվածն առաջին անգամ լույս է տեսել Revue hebdomadaire, 14 juillet 1923, pp. 33-42, որից և կատարված է թարգմանությունը:

**Սաղմոս, ԺԸ, 2

***Սաղմոս, ԺԸ, 4-5

****Յոբ, ԼԸ, 7

Ֆրանսերենից թարգմանությունը` Արուս Բոյաջյանի

Կարդալ նաև

Գրականություն Հիշողություններ Ռայներ Մարիա Ռիլկեի մասին (1926) Ռուդոլֆ Կասսներ Հունիս 1914: Մենք երկուսով հյուր էինք Դուինոյում, Ադրիատիկ ծովի ափին գտնվող այն ամրոցում, որտեղ Ռիլկեն երեք տարի առաջ գրել էր իր առաջին «Դուինյան էլեգիաները»: Այդ ընթացքում ամրոցն ավերվել էր իտալական նռնակներից և նորից վերակառուցվել… Գրականություն Ռայներ Մարիա Ռիլկե, Նրա ծննդյան վաթսունամյակի կապակցությամբ, 4.XII.1935 Ռուդոլֆ Կասսներ Մի քանի շաբաթից կլրանա ինը տարին, երբ ես նրա մահվան անմիջական ազդեցության տակ հրապարակեցի իմ հիշողությունները նրա մասին, որոնցում փորձ էր արվում նաև, նման պարագաներում հնարավոր հակիրճությամբ, վեր հանել նրա անձնավորության և ստեղծագործության… Գրականություն Հայկական հակաժողովրդական հեքիաթներ Գրիգոր Բաբայան Ինչո՞ւ «հակաժողովրդական», քանզի նորիցնոր պիտի ասենք. «Ափսոս էս ազգը, որ էս ժողովրդի ձեռքն է ընկել»: Հայ Ազգագրության և բանահյուսության նախշակար հանդերձանքի ծոպերից կառչած` շատերը մոռանում են, որ աշխարհիկի և հոգևորի մոտավոր ու կցկտուր կապը…