Վարիացիա ըստ մի «Մտքի»*
Արվեստագետն այլ բան չի կարող անել, քան ուժգնացնել իր դիտարկած ներգործությունը: Նա իրար է համապատասխանեցնում իր նախնական գաղափարի զարգացումները գրեթե այնպես, ինչպես նյարդային համակարգն է ընդհրանրացնում և ողջ արարածի վրա տարածում տեղային որոշ փոփոխություններ: Սա առարկություն չէ արվեստագետի դեմ, այլ նախազգուշացում` գործ ստեղծած իսկական մարդուն երբեք չշփոթելու այն մարդու հետ, որ գործն է ենթադրել տալիս:
Այս շփոթությունը կանոն է դարձել Պասկալի պարագայում: Նրա մասին այնքան է գրվել, այնքան է տուրք տրվել երևակայությանը, և նա այնքան կրքոտությամբ է ուսումնասիրվել, որ վերածվել է ողբերգության հերոսի, բացառիկ մի դերասանի և գրեթե ճանաչողության կատակերգության «դերակատարի»: Ոմանք Պասկալ են խաղում: Սովորույթը նրան դարձրել է մի տեսակ ֆրանսիացի Համլետ և յանսենական, որ ծանրութեթև է անում սեփական գանգը` մեծ մաթեմատիկոսի գանգը, և որը սարսռում է ու խորհրդածում տիեզերքին հակադիր մի տարածքում: Նրան տիրել է անսահմանության դժնդակ քամին, և նա խոսում է ինքն իր հետ անգոյության եզրին, ճիշտ ինչպես բեմահարթակի ծայրին, ու դատողություններ է անում իր իսկ ուրվականի հետ բոլորի առջև կանգնած:
Եվ սակայն, շատ թե քիչ նշանակալի փաստ է այն, որ կրոնների մեծամասնությունը ծայր բարձրակետում է տեղադրում Ամենակարողի նստավայրը, քանզի այդ կրոնները գտել են Նրա գոյության վկայությունն ու ապացույցները աստղային այդ կարգում, որը, մյուս կողմից, մարդկանց տվել է բնական օրենքների գաղափարը, նախնական մոդելը և առաջին ճշգրտումները:
Ձեռքերը միշտ պարզվում են երկինք. նրա մեջ են պատսպարվում կամ սուզվում հայացքները, նրան է մատնացույց անում մարգարեն կամ մխիթարիչը, նրա բարձունքից են սփռվել ինչ-ինչ խոսքեր և այդ բարձունքից են լսելի դառնալու շեփորականչերը:
Անտարակույս, ո՛չ Նախապատճառը, ո՛չ Զուտ գործողությունը, ո՛չ Ոգին չունեն տեղադրություն, ոչ էլ կերպարանք կամ մասեր, և, սակայն, թերևս մեր ուղղահայաց կառուցվածքով պայմանավորված բնազդը, հեռու-հեռավոր երևույթներից մեր ճակատագրի ու երկրային ողջ կյանքի կախյալության զգացումը տագնապահույզ ու վշտալից կամ իրենց իսկ մոլորեցուցիչ հարցերից տանջահար մարդկանց հայացքը անխուսափելիորեն դարձնում են դեպի տիրույթի զենիթը, դեպի բարձունքը: Exhausser-ն ( վեր բարձրացնել) ու exaucer-ն (իղձը կատարել) նույն բառն են:
Կանտն ինքը տեղի տալով նաիվ միստիկականության գաղտնի մղմանը` միացրել է տիեզերական բարոյական օրենքից եկած այդ մի տեսակ ներշնչանքը աստղազարդ երկնքի դիտումից առաջացած զգացողությանը:
Մի ժամանակ ինքս էլ փորձել եմ իմ մեջ քննել, ընդհուպ մինչև հասկացություններ կազմելը, այն խորհրդավոր ազդեցությունը, որ մարդկանց վրա առհասարակ թողնում են մաքրամաքուր երկինքն ու լուսատուների ներկայությունը:
Ահա և մենք ընկալում ենք միայն իրերը, որոնք գործ չունեն մարմնի հետ: Տարօրինակ կերպով մենք պարզեցված ենք: Անտեսանելի է մերձագույնը, անշոշափելի` զգայելին: Մենք լողում ենք մեզնից դուրս: Մեր հայացքն անձնատուր է լինում տեսիլքին լուսեղեն երևույթների դաշտում և անկարող է դրանք ինքնաբուխ մղումով չմիացնել իրար, – ասես այդ երևույթները միևնույն ժամանակի մեջ են, – քաշելով գծեր, կազմելով պատկերներ, որոնք այդ հայացքի արդյունքն են և պարտադրվում են մեզ` ներքաշելով իսկական տեսարանի մեջ:
Սակայն այդ բոլոր կետերի տեղաբաշխվածությունը վրիպում է մեր աչքից: Նմանօրինակ անհամար առկայծումներից մենք մեզ զգում ենք ճնշված, քարկոծված, միաձուլված ու անտեսված: Մենք կարող ենք հաշվել այդ աստղերը, մենք, որ չենք կարող հավատալ, թե գոյություն ունենք նրանց աչքին: Ոչ մի փոխկապվածություն չկա նրանց ու մեր միջև:
Մենք զգում ենք ինչ-որ բան, որ մեզնից խոսք է պահանջում, և մեկ այլ բան, որ մերժում է այդ խոսքը:
Այն, ինչ տեսնում ենք երկնքում և հայտնաբերում մեր էության խորքում, որ հավասարապես ձերբազատված է մեր ներգործությունից, – և մեկը կայծկլտում է մեր մտահղացումներից այն կողմ, մյուսը` ապրում մեր արտահայտությունների այս կողմում, – մի տեսակ կապ է ստեղծում հեռուհեռավորի հանդեպ ցուցաբերած ուշադրության և մեր ներքին ուշադրության միջև: Դրանք ասես մեր սպասման ծայրակետերն են` միմյանց համապատասխանող և միմյանց նմանվող` ինչ-որ բախտորոշ նորույթի հույսով, որ գտնելու ենք երկնքում կամ սրտում:
Մեր աչքին աստղերի այս զարմանահրաշ քանակությունը մարդկային էությանը հակադրում է ինքնության, բացառիկության, բայց և միայնակության զգացում: Ես համայն եմ և անկատար: Ես ամբողջ եմ և մաս:
Մեզ շրջապատող խավարը մեզ դարձնում է միանգամայն մերկ հոգի:
Այդ խավարն ամբողջովին ցանցնված է անհասանելի լույսերով: Մենք դժվարությամբ ենք ետ կանգնում այն հանգրվանների շուրջ խորհելու ցանկությունից, ուր արթուն են: Մենք տարտամորեն լցնում ենք խավարը լուսեղեն ու անճանաչելի գոյավորներով:
Այդ նույն խավարը, որ վերացնում է մեր մարմնի դաշտը, հետևաբար և իջեցնում է մեր ձայնի հնչեղությունը և այն վերածում ներքին խոսքի, քանզի մենք իսկապես հակված ենք խոսելու միայն ոչ շատ հեռու էակների հետ:
Մենք զգում ենք յուրօրինակ անդորր ու տագնապ:
Ես-ի և ոչ ես-ի միջև այլևս անցում չկա: Լիակատար լույսի մեջ մեր գործողություններով կապ էր գոյանում մեր մտքերի և իրերի միջև: Մենք զգացումները փոխանակում էինք մտքերի հետ, մտքերը` զգացումների: Մեր գործողությունները միջնորդ էին ծառայում, մեր ժամանակը` փող: Իսկ հիմա այլևս չկա փոխանակություն, չկա գործուն մարդը, որ իրերի չափանիշն է: Կա սոսկ երկու առանձին ներկայություն, երկու անչափելի բնություն: Կա միայն երկու հակառակորդ, որ զննում ու չեն հասկանում իրար: Մեր հեռանկարների անսահման ընդլայնումն ու մեր կարողության նեղացումը բախվում են իրար: Որոշ ժամանակ մենք կորցնում ենք մեր այն սովորական պատրանքը, թե իրերը համապատասխանում են մեզ: Ապակու միջով անցնել չկարողացող ճանճը մեր պատկերն է: Մենք չենք կարող մնալ այդ մեռյալ կետում: Զգայունությունը հավասարակշռություն չի ճանաչում: Այն կարելի է բնորոշել իբրև ֆունկցիա, որի դերն է ապրողների մեջ խախտել իրենց ուժերի ամեն հավասարակշռություն: Հարկ է, որ մեր ոգին բորբոքվի ինքնին, դուրս գա թմբիրից և վերականգնի այն հանդիսավոր ու անխախտ զարմանքը, որ նրան պատճառում են համայն լինելու զգացումը և ոչինչ չլինելու ակնհայտությունը:
Այնժամ ականատեսն ենք էությամբ մենավորի, մտածողի, որ պաշտպանում է իրեն իր մտքերով: Մեր մարմինը պաշտպանվում է աշխարհից իր ռեֆլեքսների ու զանազան արտազատումների միջոցով. այն մերթ դրանք առաջ է բերում ասես պատահաբար, հապճեպ ինչ-որ բան անելու համար, մերթ դրանք տեղին մղումներ են, արդյունավոր տրամադրություններ, որ նա ճշգրտորեն հակադրում է այն ամենին, ինչ ճնշում է իրեն կամ զայրացնում: Հոգին այլ կերպ չի գործում գիշերվա անմարդկայնության դեմ: Նա պաշտպանվում է իր արարումներով, որոնցից մի քանիսը պարզունակ են ու անդիմադրելի, ինչպես ռեֆլեքսները, մյուսները մտածված, հապաղած, համադրված, շաղկապված ու հարմարված ճանաչողությանը, որ նա կարող է ունենալ մեր կացության մասին: